Բիզնես լեդիից՝ տաքսիստ, վաճառողից՝ դիզայներԻնչպես գումար վաստակել կարանտինի պայմաններում Աշխարհում կորոնավիրուսի համավարակի պատճառով սահմանափակումների հետևանքով միլիոնավոր մարդիկ զրկվել են աշխատանքից կամ ժամանակավորապես գործազուրկ դարձել, առավել հաջողակները ստիպված են աշխատել տնից: Բոլոր երկրների տնտեսությունները ճգնաժամի առջև են կանգնած, իսկ փարձագետներն ասում են` համավարակի հետևանքները հաղթահարելու համար դեռ երկար ժամանակ կպահանջվի: 30 ապրիլի 2020 PanARMENIAN.Net - Հայաստանում ևս շատ մարդիկ են զրկվել աշխատանքից, ոմանք՝ եկամուտների մի մասից: Իսկ ի՞նչ անել այդպիսի իրավիճակում՝ նստե՞լ և սպասել, դիմե՞լ պետության, բարեկամների և ծանոթների օգնությանը, հանել «սև օրվա» համար պահած խնայողություննե՞րը: Ոմանք ընտրում են այդ տարբերակները, իսկ մյուսները որոշում ընդունել խաղի նոր կանոններն ու, հարմարվելով ներկա պայմաններին, գտնել եկամտի այլ աղբյուրներ, ձեռք բերել նոր մասնագիտություն, վաստակել գումար հնարավոր թույլատրելի տարբերակներով: PanARMENIAN.Net -ը զրուցել է այն մարդկանց հետ, ովքեր չեն վախեցել փորձել նորը, սկսել զրոյից ու չընկճվել: Երբ տաքսու վարորդն իրոք բիզնես ունի, բայց չի պատմում ուղևորներին դրա մասին. Իկա Միլիտոսյան
«Սիրով» զարդերի խանութների ցանցի հիմնադիր Իկա Միլիտոսյանի բիզնեսն առաջիններից է, որ հայտնվել է հարվածի տակ. զարդերը համավարակի պայմաններում կենսական անհրաժեշտության ապրանքների թվում չեն, ուստի երևանյան թվով 13 խանութը մարտի 14-ից՝ ԱԴ սկզբից փակ են, իսկ մարտի սկզբից՝ ՀՀ-ում առաջին դեպքի գրանցումից ի վեր, աշխատել են 50%-ով: Իկան ստիպված գտել է եկամտի այլ աղբյուր: «Հասկացա, որ եթե հիմա չփորձեմ ինքս օգնել իմ բիզնեսին, վաղը ստիպված կլինեմ աշխատողներին կրճատել: Այս ճգնաժամը խանութների բացվելով չի վերջանա, դեռ երկար ժամանակ է պետք, որպեսզի մարդիկ պատրաստ լինեն գնել ոչ առաջին անհրաժեշտության իրեր: Ուստի արդեն 17 օր է, ինչ տաքսի եմ վարում», - պատմեց Իկան: Նրա խոսքով՝ մինչ այդ դիմել է առաքում իրականացնող որոշ ընկերությունների, սակայն առաքչի աշխատանքի տեղավորվել չի հաջողվել, ասում է՝ գուցե մեքենայի թանկարժեք մակնիշի պատճառով մտածեցին, որ արդարացված չի լինի ծախսը: «Հիմա գերխնդիրս աշխատողներին չկրճատել ու կարողանալ չաշխատած օրերի համար վճարելն է: Աշխատողներս 36-ն են, ու ծախսերը բավականին մեծ են: Իսկ եթե սրան գումարենք նաև տարածքի վարձակալությունն ու հարկերը, սարսափելի մեծ ծախս է դառնում: Առանց կողմնակի միջամտության շատ ավելի դժվար կլինի», - կարծում է «Սիրովի» հիմնադիրը: Ասում է՝ այն վարորդներից է, ով իսկապես կարող է գլուխ գովել սեփական բիզնես ունենալով, սակայն երբեք ուղևորների հետ չի խոսում այդ թեմայով: Վարորդ դարձած բիզնես լեդին չի բողոքում նոր աշխատանքից, ասում է՝ պատվերները շատ են, ընթացքն էլ՝ հետաքրքիր: «Ամեն պատվեր նոր պատմություն է, նոր տեսակետ, նոր կարծիք: Ինձ շատ է դուր գալիս, երբեք այսքան անծանոթ մարդկանց հետ չեմ շփվել: Ամեն պատվերին անհամբեր սպասում եմ, թե ով է լինելու ուղևորս, ինչ երաժշտություն կնախընտրի: Շատերն անձնական համար են խնդրում, երկրորդ, երրորդ անգամ զանգում. արդեն մշտական հաճախորդների բանակ ունեմ», - կատակում է Իկան: Ասում է, որ խանութների վերաբացումից հետո դեռ 1 ամիս էլ հաստատ կաշխատի, իսկ հետագայում գուցե էլի զբաղվի այդ գործով, եթե ժամանակը ների: Ճիշտ ժամանակին կանխատեսելու ու կողմնորոշվելու մասին. Հայկ Մեսսիա
Հայկն արդեն 7 տարուց ավելի է՝ ՏՏ ոլորտում նախագծերի ղեկավարմամբ է զբաղվում: Վերջին շրջանում մի խոշոր ընկերության հավելվածի բիզնես խորհրադատուն էր, սակայն պանդեմիան ազդեց նաև այդ ոլորտի վրա: «Մարտի կեսից սկսեցինք տնից աշխատել, առաջին շաբաթն աղետ էր, հետո սովորեցի, բայց մեկ է՝ երկար չտևեց, դուրս եկա այդտեղից: Իմ մասնագիտությամբ տնից աշխատելն այն չէ, ոնց որ լինես շեֆ խոհարար ու տնից ուտելիք պատրաստես», - ասում է Հայկը: Պատմում է, որ վաղուց էր ուզում մի մասնագիտության տիրապետել, որը թույլ կտար ավելի մոբիլ աշխատել՝ ֆիզիկապես չգտնվելով աշխատավայրում և համատեղելով դա ճամփորդելու հետ: «Դեկտեմբերի վերջում ընկերս պատմեց այս վիրուսի մասին և թե ինչ է կատարվում Չինաստանում: Ու ես կանխազգացում ունեցա, որ դա մեզ էլ կարող է հասնել, սկսեցի մտածել՝ ինչ կարելի է անել, որպեսզի ոչ մեկից կախում չունենամ ու աշխատեմ՝ որտեղից ուզեմ։ Udemy-ով օնլայն կուրսեր անցա ու շատ արագ սովորեցի Wordpress-ի վրա կայքեր հավաքել։ Կողքից կինս էլ հավեսի ընկավ ու միացավ ինձ, հիմա կայքեր ենք պատրաստում», - պատմում է Հայկը: Ասում է, որ պանդեմիայի սկզբից արդեն արել էր բոլոր հաշվարկները, ու իր ընտրած տարբերակն ամենաէֆեկտիվն է: Պլանավորում է հետագայում խորացնել գիտելիքները ու շարունակել նույն ոլորտում: Երբ տուրիստական սեզոնը չի բերում տուրիստ. Սեյրան Յայլախանյան
Սեյրանը 2019-ի ամռանը հոսթել էր բացել քաղաքի կենտրոնում: Առաջին տուրիստական մեծ ալիքից հետո եկավ ձմեռը, որը եկամտաբեր սեզոն չէ, բայց Սեյրանը հույս ուներ, որ գարունն իր հետ կբերի տուրիստներ ու գումար, իսկ գարունը սկսվեց պանդեմիայով ու կարանտինով: «Չնայած ծանր հանգամանքներին, հատկապես ձմռանը, երբ տուրիստական սեզոնն ահավոր պասիվ էր` չփակեցի այն, հույսով, որ գարուն է գալու՝ թեժ է լինելու: Ձմռանը կորստով եմ աշխատել, բայց գարունը եկավ ու «հարամ արեց» ամեն ինչ: Երևի տուրիստական ոլորտն ու հյուրանոցային տնտեսության օբյեկտներն ամենաշատը տուժեցին այս վիրուսից: Հիմա արդեն բոլորիս էլ պարզ է, որ այս տարի տուրիստական սեզոնը կարող ենք դեռ չբացված՝ փակել, որովհետև ոչ ոք չի համարձակվի այլ երկիր մեկնել», - ասում է Սեյրանը: Այդ պայմաններում էլ հենց որոշեց, որ պետք է նոր բիզնես հիմնել: «Ի՞նչ է անում առողջ տղամարդը կարանտինային ազատ ժամանակ: Ճիշտ է՝ մտածում է: Ես էլ մտածեցի մաքրման ծառայություն բացել», - պատմում է նախկին հոսթելիերը: Ըստ նրա՝ մաքրման ոլորտում մրցակցությունը բարձր չէ, ու դեռ ներքին պահանջարկն ամբողջովին բավարարելու խնդիր կա: «Բոլոր ուժերս կենտրոնացրի մաքրման ծառայության մասին ավելի շատ տեղեկանալու վրա: Հիմա արդեն բացել եմ, ու մեր ծառայությունը զբաղվում է բնակարանների, օֆիսային տարածքների ու այլ նշանակության օբյեկտների մաքրմամբ: Հետագայում, եթե արդարացնի, կավելացնեմ նաև քիմմաքրումը», - ասում է Սեյրանը՝ հավելելով, որ անպայման կպահպանի նորաստեղծ ընկերությունը, իսկ հոսթելը կվերաբացի, եթե «աշխատելու գոնե 1% հավանականություն լինի»: Նոր մասնագիտություն կարելի է ձեռք բերել անգամ վարկով. Եվգենյա Սարգսյան
Եվգենյան մինչև կարանտինն աշխատում էր սպորտային խանութում որպես վաճառողուհի: Սակայն մարտի 14-ից հետո զրկվել է եկամտից, թեև չի կորցրել աշխատանքը: «Կարանտինից առաջ գրաֆիկ դիզայնի դասընթացների էի գնում, որպեսզի ծանոթանամ մասնագիտությանը: Մինչ այս պահը մասնագիտություն չեմ ունեցել: Կարանտինի ընթացքում վարկ վերցրեցի ու անցա գրաֆիկ դիզայնի ինտենսիվ դասընթաց, ստացա վկայական, ու հիմա աշխատում եմ: Իհարկե, ոչ ստաբիլ եկամտով ու ոչ խիտ գրաֆիկով, բայց կարանտինի պարագայում, կարծում եմ, սա էլ վատ չէ», - ասում է Եվգենյան: Նրա խոսքով՝ սա ամենահարմար ժամանակն է նոր բան սովորելու: Մինչև կարանտինը շատ դժվար էր աշխատանքի հետ համատեղել նաև դիզայնի դասընթացները: Ասում է, որ դեռ չի հրաժարվի վաճառողուհու աշխատանքից: «Կվերադառնամ, բայց կշարունակեմ համատեղել դիզայնի հետ այնքան, մինչև հմտանամ նոր գործի մեջ ու վերջնական փոխեմ աշխատանքի ոլորտը», - նշում է Եվգենյան: Ի՞նչ անել, եթե ունես տուրիստական ընկերություն, բայց չկա տուրիստ. Վահե Շահվերդյան
ՀՀ ամենախոշոր տուրիստական ընկերություններից մեկի՝ Beauty of Armenia Tour-ի հիմնադիր Վահեն զրկվել է ամեն տեսակի եկամտից: Ոլորտը դեռ երկար ժամանակ կաթվածահար կմնա, իսկ ապրուստի միջոցներ միշտ են պետք: «Աշնանը լիներ այս ամենը, էլի մի կերպ «յոլա կգնայինք», բայց ծանր ձմեռվանից հետո այս ամենն ուղղակի ահավոր է», - ասում է նա: Վահեն պետությունից 35,000 դրամի չափով աջակցություն է ստացել, բայց ասում է՝ հասկանում է ամեն բան, չի բողոքում: «Ծանր ձմեռվանից հետո հայտնվել էի բանկային ուշացումների մեջ: Որոշ վարկային կազմակերպություններ ու բանկեր հաշվի չառան երկրում տիրող իրավիճակը, և այժմ պարտքերի պատճառով հայտնվեցինք «սև ցուցակում»: Իրավիճակից դուրս գալու ու ինչ-որ եկամուտ ստանալու համար թվային մարքեթինգով զբաղվող ընկերություն եմ հիմնել: Դեռ եկամուտ չի բերում, բայց միակ հույսս այժմ դա է», - պատմում է Վահեն: Ասում է՝ 1500-ից ավելի տուրիստական գործակալություն է փակվել, և մեծ մասը դժվար էլ վերաբացվեն. ոլորտն ահռելի կորուստներ է կրում: Հույս է հայտնում, որ գոնե վերաբացումից հետո իր տուրիստականը կկարողանա աշխատել, քանի որ ներքին տուրիզմի առաջատարներից է: «Կարանտինի ավարտը դեռ ոչինչ չի նշանակում: Մարդիկ էլ պետք է գումար ունենան, որ կարողանան օգտվել մեր ծառայություններից: Ինձ նման երիտասարդ գործարարներին ոչինչ պետք չէ, մենակ թե թույլ տան՝ աշխատենք, «սև ցուցակներից» էլ հանեն», - նշում է Վահեն: Հույս ունի, որ նոր հիմնադրած ըներությունը գոնե մեկ ամսից կսկսի եկամուտ բերել: Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net Ամենաընթերցվողը բաժնում Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին Բաժնի այլ նյութերը Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |