Կորոնավիրուս in da house

Կորոնավիրուս in da house

Ինչ անել, երբ շենքում վարակակիր կա

Եթե դեռ մարտին ամեն կողմից կարելի էր լսել «ո՞վ ունի կորոնավիրուսով վարակված ծանոթ» հարցը, ապա այսօր այն այլևս ակտուալ չէ. գրեթե բոլորն ունեն վարակված ծանոթներ, ոմանք՝ նույնիսկ մահացած, իսկ հարցնողներից ու կասկածողներից որոշներն իրենք են վարակվել: Ինչպես ասում են՝ վարակը հասավ բոլորիս տներին:

PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ այսուհետ օրը մի քանի անգամ հրապարակելու է վարակված անձանց հասցեի մասին տեղեկատվություն փողոցի կամ թաղամասի ճշտությամբ, որպեսզի քաղաքացիները ևս մեկ անգամ մտածեն՝ արժե՞ արդյոք առանց դիմակի շփվել հարևանների հետ կամ գնալ որևէ իրենց տանը մոտ տեղ, ինչպես նաև արժե՞ արդյոք առանց կենսական անհրաժեշտության իջնել բակ:

PanARMENIAN.Net ը որոշել է հավաքել մի քանի պարզ և օգտակար խորհուրդ, թե ինչ անել, եթե իմացել եք, որ շենքում վարակակիր կա: Սփոյլեր՝ խուճապի չմատնվել, վարակակրին վառելու կոչեր չանել, բնակարանը չվաճառել՝ տեղափոխվել:

Իհարկե, պետք չէ սպասել, որ նախարարը տեղեկացնի հենց ձեր թաղամասում կամ փողոցում վարակի դեպքի մասին՝ զգույշ լինելու համար, զգոնությունը պետք է պահպանել միշտ, քանի որ կարելի է վարակվել ցանկացած տեղ:

Շքամուտքը դեռ ձեր տունը չէ

Շքամուտք ոտք դնելուն պես պետք չէ «արխայնանալ», հանել դիմակը և շունչ քաշել: Շքամուտքը դեռ ձեր տունը չէ, դիմացեք մի քանի րոպե և հանգիստ շունչ կքաշեք տանը: Իհարկե, եթե ինչ-որ մեկը մի քանի ժամ առաջ փռշտացել է ձեր հարկում, հիմա այդտեղով անցնելիս դժվար վարակվեք, բայց ավելորդ զգուշավորությունը երբեք չի խանգարի:

Վառեք կալորիաները, ոչ թե հոսանքը

Հայաստանյան շենքերի մեծ մասում վերելակներն իրենք իրենցով վտանգ են ներկայացնում, քանի որ դրանցից օգտվողներից տարիքով մեծ են, հաճախ՝ անսարք, և գրեթե երբեք՝ մաքուր: Այժմ այդ ամենին ավելացել է նաև վարակվելու վտանգը: Ինչպես գիտեք՝ կորոնավիրուսը մետաղական մակերեսներին կարող է «ապրել» մինչև 3 օր, իսկ օդում՝ մինչև 3 ժամ: Ուստի վերելակների մշտապես փակ և օդի սահմանափակ շրջանառությամբ տարածքում պետք է միշտ զգույշ լինել, չհանել դիմակը, ոչնչի չդիպչել, սեղմել կոճակները ձեռնոցներով կամ ատամի չոփիկով, և դեն նետել այն: Իսկ լավագույն տարբերակը ոտքով բարձրանալն է, եթե ներում է առողջությունը: Հաշվի առնելով մեկուսացմամբ պայմանավորված ցածր ֆիզիկական ակտիվությունը՝ աստիճաններով բարձրանալը կալորիաներ վառելու լավ տարբերակ է:

Ժավելի՜ սպիրտ

Քաղաքապետարանից հայտնում են, որ պարբերաբար ախտահանում են երևանյան շենքերի մուտքերը, սակայն դա ոչ բոլոր շենքերում է արվում ու ոչ ամեն օր: Եթե մտահոգված եք ձեր շքամուտքի վիճակով, կարող եք դիմել համատիրությանը կամ ինքնուրույն պարբերաբար ախտահանել այն, ինչին դիպչում եք՝ դռները, բռնակները, բազրիքներն ու լիֆտերի կոճակները: Կան հատուկ ախտահանող միջոցներ, կարելի է օգտագործել նաև սպիրտի լուծույթ կամ «հին ու բարի» ժավելի սպիրտը, բայց արեք դա զգուշորեն: Նաև աշխատեք բաց թողնել շքամուտքի դռները, որպեսզի մուտքն օդափոխվի:

«Տեղ գնալու շորեր»

Ունեցեք, այսպես ասած, «տեղ գնալու շորեր». խոսքը ոչ թե լավ առիթի դեպքում պահարանի խորքերից հանվող գեղեցիկ զգեստի մասին է, այլ հարմար հագուստի, որով դուք կգնաք ձեր գործերով, իսկ տուն գալուն պես կհանեք այն, ցանկալի է՝ դեռ միջանցքում, ոչ թե կզբոսնեք ամբողջ տնով և կնստեք բոլոր աթոռներին: Անպայման չէ տուն գալուն պես միանգամից լվանալ այդ օրվա հագուստը, բայց կարելի է, օրինակ, օդափոխել այն և պահել մնացած հագուստից առանձին մինչև լվանալը:

Իսկ ընդհանրապես՝ կորոնավիրուսի դեմ պայքարի մեզ հասու մեթոդները դեռ սահմանափակ են. առանց անհրաժեշտության դուրս մի եկեք, մեկուսացրեք տարեցներին, կրեք դիմակներ, եղեք զգույշ, պահպանեք հիգիենայի կանոնները, մի թուլացրեք ձեր իմունիտետը՝ լավ քնեք, առողջ սնվեք, քիչ հոգնեք: Այս մեթոդները գուցե 100%-ով չպաշտպանեն ձեզ, բայց զգալի կնվազեցնեն վարակվելու ռիսկը:

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
ՔԿ. Տավուշում 7 ձերբակալված կա

ՔԿ. Տավուշում 7 ձերբակալված կա Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---