Մնալ գորգում փաթաթված, թե դուրս գալ

Մնալ գորգում փաթաթված, թե դուրս գալ

«Մարիան»՝ իսկական ֆեմինիզմի ու իրական ավանդույթի մասին

Հայ-ուկրաինական Samuum խմբի «Մարիա» երգը կարճ ժամանակում սիրվեց Հայաստանում, դրան զուգահեռ՝ երգի ու տեսահոլովակի ասելիքը վեճերի ու քննարկումների պատճառ դարձավ։

PanARMENIAN.Net - Խմբի համահիմնադիր, մենակատար Լուսինե Քոչարյանն ասում է՝ տեսահոլովակում գորգի մեջ փաթաթված Մարիան, ով բոլորովին անտարբեր էր իրեն փախցնելու փաստի հանդեպ, խորհուրդ կտար կանանց սեփական կյանքն իրենց ձեռքը վերցնել։ Ու չնայած դրան, «Մարիան» ոչ մի դեպքում արժեքների ու ավանդույթի հերքման մասին չէ։

PanARMENIAN.Net ը Լուսինեի հետ զրույցում փորձել է հասկանալ, թե ինչի մասին է «Մարիան»՝ խոսելով ավանդույթի ուժի, ուժեղ ցանկությունների, մեծ ու փոքր մարտահրավերների, մեր միջի մարիաների, ֆեմինիզմի մասին և ոչ միայն։

Մարիա․ Մեր մեջ կուտակված էներգիա կա

Կարող ես սիրել քո ազգը, այն, ինչ կա՝ երաժշտությունը, ուտեստները, բայց միաժամանակ խոստովանել, որ մենք բավականին շատ ենք սիրում էներգիա կուտակել մեր մեջ, զսպել։ «Մարիա» երգը, մեծ հաշվով, էներգիայի զսպման մասին է, որից, ցավոք, տուժում ենք հենց մենք։ Այսինքն, մեզ համար բարդ է արտահայտվել, մեր ավանդույթները, ցավոք, որոշ իմաստներով, արգելում են արտահայտել ինքդ քեզ, մտքերդ։

Այդ զսպված էներգիան և՛ տղամարդկանց, և՛ կանանց մոտ կա, ուղղակի, քանի որ ես կին եմ, կանանց անունից եմ խոսում, իրենց ավելի պարզ եմ հասկանում։ Որոշ մարդիկ երգը, տեսահոլովակը հասկանում են շատ բառացի, պետք չէ այդքան ուղիղ հասկանալ։ Ցավոք՝ մենք ապրում են մի ժամանակահատվածում, երբ ամեն ինչ պարզեցված է, մետաֆորները հիմա ավելի բարդ են ընկալում։

Մարիա․ Խոսել տեսածի մասին

Մի՞շտ է ավանդույթը կաղապար։ Իհարկե՝ ոչ: Մենք չենք երգում, թե ինչ վատ է ամեն ինչ, ինչքան պետք է ամեն ինչ փոխվի, մենք մեր տեսակետն ենք հայտնում գոյություն ունեցող խնդրի մասին, որին շատերն ուզում են հակասել։ Ես դեմ եմ, որ 20 տարեկան աղջիկն իրեն ճնշված է զգում, որովհետև ծնողներն ուզում են՝ շուտ ամուսնանա։ Կարող եմ այդ ամենի մասին խոսել, եթե անգամ ինքս չեմ անցել դրա միջով։ Ես խոսում եմ տեսածիս մասին։ Մեր երգն ու տեսահոլովակն այն մասին է՝ ինչ կա, ինչ երևում է Հայաստանում, Ուկրաինայում, և ոչ միայն։ Կարծում եմ՝ այսպիսի բաների մասին խոսելը կօգնի շատ կանանց ու աղջիկների ընտրել մի քիչ ավելի ուրիշ ճանապարհ։ Դա չի նշանակում, որ պետք է գնաս հակառակ ուղղությամբ, կամ լրիվ այլ, ոչ ավանդական կերպարում լինես։ Հանգիստ կարելի է սիրող կին լինել, միաժամանակ խոսել այսպիսի բաների մասին, ճիշտ չե՞մ։ Ես ինքս կին եմ, մայր եմ, ու կարող եմ այս մասին խոսել, խնդիր չեմ տեսնում։

Մարիա․ Մենք բոլորս մի քիչ Մարիա ենք

«Ինչո՞ւ Մարիա» հարցին Անդրանիկ Բերբերյանը (ում հետ միասին են ստեղծել խումբը,- խմբ․) շատ լավ է պատասխանել․ «մենք բոլորս մի քիչ Մարիա ենք»։ Ափսոս, որ ֆեմինիզմը սարքել են մի բան, որի իմաստը շատ քիչ մարդ է հասկանում։ Ֆեմինիզմ նշանակում է, որ կանայք նույն իրավունքն ունեն, ինչ տղամարդիկ, իսկ դրա մեջ ոչ մի վատ բան չկա։ Ինձ թվում է՝ շատ կանայք այդ իրավունքը չունեն․ իրենք կախված են իրենց ամուսիններից, առաջ չեն շարժվում, վախեր ունեն ծննդյան օրից։ Ցավոք, նրանց փորձում են արագ ամուսնացնել, որովհետև այդպես է պետք։ Ես չեմ քննադատում, բայց հարցը մանրուքների մեջ է: Կարծում եմ՝ որոշ բազային դեպքերում ինձ մոտ էլ է այնպես եղել, ինչպես շատ հայ աղջիկների կյանքում։ Բայց միայն դա չէ, որ մեզ ձևավորում է. խոսելու ցանկությունը մեր մեջ ավելի շատ շրջապատն է ձևավորում։ Ծնողներս բավականին դրական են արձագանքել իմ աշխատանքին, երաժշտությանը, որը ստեղծում եմ։ Ինձ թույլատրել էին գնալ իմ երազանքի հետևից, ծնողներս ինձ օգնել են դրանում, բայց ես նայում եմ շուրջս ու հասկանում, որ այն աղջկան, այս ընկերուհուս չի կարելի։ Սարսափելի ապշած էի, մոտս հարց էր առաջանում՝ ինչո՞ւ։

Այստեղ մեր հեռախոսազրույցը մի քանի րոպեով ընդհատվեց. Լուսինեն եկավ ու ասաց, որ որդին լաց էր լինում ու հիմա քնած է իր գրկում, ստիպված է շշուկով խոսել։

Մարիա․ Շշուկով՝ մայրության մասին

Կուզեի, որ որդիս դիմացինի հանդեպ հարգանքով լցված մեծանա՝ անկախ տարիքից, սեռից ու ազգությունից։ Կուզեի, որ դրա հետ մեկտեղ նա բավականաչափ համարձակ լինի՝ անկեղծ լինելու համար, և չվախենա քննարկումներից՝ ով ինչ կասի։ Ցավոք, մեր միջավայրում շատ են մարդիկ, ովքեր ամաչում են այս քննարկումներից, կաշկանդվում են։ Սա մեր խնդիրն է, որի մասին պետք է խոսենք, կանայք ու տղամարդիկ պետք է քաջ լինեն, և մի փոքր անկեղծ։ Բայց նրանք իրենց ինչ-որ կարգավիճակի համար են աշխատում ու անում են դա, որ համապատասխանեն բոլորին՝ հարազատներ, ծնողներ, շրջապատ։

Մենք հայերս ունենք հիանալի կողմեր, անսահման գեղեցիկ գծեր, հրաշալի ավանդույթներ, որոնք ուղղակի շատ եմ սիրում։ Մենք չպիտի մեր տղաներին դաստիարակենք «քեզ ամեն ինչ, աղջկան՝ շատ բաներ չի կարելի» սկզբունքով։ Մենք ինքներս ենք դաստիարակում այն տղամարդկանց, որոնք, մեծանալով, կարող են վատ վերաբերվել կնոջը։

Մարիա․ Մի օր դու արթնանում ես

Մի օր դու արթնանում ես ու հասկանում, որ չես անում այն, ինչ ուզում ես։ Տատիկս միշտ ասում էր, որ ուզել է դերասանուհի դառնալ, պարել, բայց եղբայրները թույլ չեն տվել։ Ցավոք՝ այդպես լինում է։ Նա այդ ամենը պատմում էր, ու հիշում եմ՝ ինչ ցավ էի զգում, մտածում էի՝ ինչ անարդար է։ Բայց այդ ամբողջ համակարգն արդեն վաղուց չի աշխատում: Շատ են ընտանքիները, որոնք քանդվում են ընտրություն կատարել չկարողանալու, փոքրուց երեխաների փոխարեն ամեն ինչ որոշելու պատճառով։

Ուզում եմ, որ մարդիկ, որոնք նմանատիպ իրավիճակների զոհեր են եղել, տեսնեն, լսեն ու հասկական, որ իրենք կարող են պայքարել իրենց ցանկության համար։

Կուզեի, որ աղջիկները կարողանան լսել, հասկանալ ու ընդունել իրենց, հակառակ դեպքում, նրանք ստիպված են լինելու երկար տարիներ անել այն, ինչ իրենց դուր չի գալիս: Իսկ այդ հավաքված էներգիան վաղ թե ուշ դուրս է գալու՝ հիվանդության, չարության, հատկապես երիտասարդների հանդեպ չարության տեսքով։ Սա փակ շրջան է։

Լուսինեն ասում է՝ հիանում է նոր սերնդով․ նրանք սիրում են իրենց Հայաստանը, դրա հետ մեկտեղ ստատուսի վրա չեն աշխատում, ավելի պարզ են, պետք չէ նրանց ոսկով զարդարվել՝ ցույց տալու համար, որ հարուստ են։ Ասում է՝ հենց սա է իսկական հայկականությունը։

Անահիտ Հակոբյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---