«Աղետից հետո 2 գիշեր չկարողացա պառկել»

«Աղետից հետո 2 գիշեր չկարողացա պառկել»

Լիբանանը՝ պայթյունից 6 օր անց

Բեյրութի նավահանգստում պայթյունից 6 օր անց Լիբանանը չի հանդարտվում։ Փրկարարները դեռ ուսումնասիրում են փլատակները՝ անհետ կորածներին գտնելու նպատակով, հազարավոր մարդիկ փորձում են ապաքինվել վնասվածքներից, շատերն անտուն են, իսկ երկրում հակակառավարական բողոքի ցույցեր են։

PanARMENIAN.Net - Քաղաքական և տնտեսական ինչ վիճակում է Լիբանանը, ինչ են պահանջում ցուցարարները, որքանով է տուժել հայ համայքը, ճգնաժամից դուրս գալու ինչ տարբերակներ կան․ այս և այլ հարցերի մասին PanARMENIAN.Net ը զրուցել է լիբանանահայ քաղաքական վերլուծաբան Եղիա Թաշճյանի հետ։

«Աղետից հետո երկու գիշեր չկարողացա պառկել»

Թաշճյանը պատմում է՝ օգոստոսի 4-ին երեք պայթյուն է եղել մի քանի վայրկյանում․ առաջին թույլի ժամանակ պատշգամբում են եղել և տեսել են ծուխ, հետո անմիջապես երկրորդ շատ ուժեղ պայթյունն է լսվել։ Մտածել են՝ թաղը ռմբակոծվել է կամ ռումբ է պայթեցվել, հետո երրորդ, ամենահզոր պայթյունն է եղել, որը ցնցել է ամբողջ շենքը։

Քաղաքագետը նշում է՝ հավանաբար չորրորդ պայթյունի դեպքում շենքը կփլվեր․ «Հայրս հիվանդ էր, ես չէի կարող իրեն աստիճաններով իջեցնել, խուճապի մեջ էինք, հոգեբանական տրավման մինչ օրս կա, աղետից հետո երկու գիշեր չկարողացա պառկել, հայրս նույնպես»...

Հայկական թաղամասները քարուքանդ են

Հայ համայնքի վնասները շատ են. կա 13 զոհ, 250-300 վիրավոր, այդ թվում՝ ծանր, անհետ կորածներ։ Թաշճյանի խոսքով՝ մինչ օրս փրկարարական աշխատանքները շարունակվում են, իրենք ականատես են լինում փլատակաների տակից և դիակների, և հրաշքով ողջ մնացածների դուրսբերմանը։

«Հայկական թաղամասերն իսկապես քարուքանդ եղան, կարծես պատերազմ էր: Բեյրութի նավանհանգստի մոտ է Armenia Street-ը, որը քաղաքի ամենաերկար փողոցներից է՝ բազմաթիվ թաղեր ներառող. շատ ծանր վնասներ ունեցանք, երևի միլիարդավոր դոլարների», - մանրամասնում է մեր զրուցակիցը։

Հայկական եկեղեցու և ակումբի դռները բաց են բոլոր անտուն մնացած հայերի համար։

ՀՀ վարչապետի կամ արտգործնախարարի այցը բարոյական աջակցություն կլիներ լիբանանահայերին

Քաղաքագետը փոխանցում է, որ համայնքն ուրախ է Արցախից և Հայաստանից օգնություն ստանալու համար, սակայն, ցավոք, դա լիբանանյան ԶԼՄ-ներով լավ չի լուսաբանվել։

Նշում է՝ հայաստանցի բարեկամներին էլ է փոխանցել, որ ուրախ կլինեին, եթե Հայաստանի վարչապետը կամ գոնե արտգործնախարարը շատ արագ Լիբանան այցելեին և այդպիսով համայնքին բարոյապես աջակցեին։ Լավ է, որ Հայաստանից ներկայացուցիչներ են եկել, սակայն կուզեին, որ նրանք հանդիպեին նաև ժողովրդի հետ, ոչ թե միայն սփյուռքի ներկայացուցիչների։

Սփյուռքի հանձնակատարի գրասենյակից մեզ ասացին, որ հոգևորականության և քաղաքական կուսակցությունների հետ հանդիպումներն ավարտելուց հետո հայկական պատվիրակությունը շրջելու է նաև հայկական թաղամասերով։

30 տարվա կառավարությունը՝ իրավիճակի պատասխանատու

Քաղաքագետը ցույցերն անխուսափելի է համարում․ «Պետություն գոյություն չունի, փողոցում եթե ժողովրդի հետ խոսես, կասեն, որ պետությունն ինքը սպանեց իմ զավակին, ինքը քանդեց իմ տունը․ մենք չենք կարող որևէ մեկին նախատել սրա համար, որովհետև իսկապես պետության գործունեության արդյունք էր այն, ինչ եղավ, ոչ թե միայն այս կառավարության, այլ 30 տարվա։ Նրանք են այսօր ժողովրդին այստեղ հասցրել»։

Ցուցարարները մեկ միասնական պահանջ չունեն, ոմանք պահանջում են համակարգի փոփոխություն, ոմանք՝ կառավարության հրաժարական, մի մասն էլ՝ աշխարհիկ պետություն։ Թաշճյանի խոսքով՝ հայկական միությունները կամ դրանց ղեկավարները որևէ մեկին չեն արգելում մասնակցել ցույցերին, բայց մասնակիցները պետք է զգույշ լինեն և չվնասեն հայ համայնքի շահը՝ հավասարակաշռելով այն Լիբանանի շահի հետ։

Նա կարծում է, որ Լիբանանին նոր շունչ է պետք. գոյություն ունեցող բոլոր քաղաքական ուժերը 30 տարում ձախողել են։ Նրա խոսքով՝ խոսակցություններ կան, որ ֆրանսիական և իրանական կողմը համաձայնություն ունեն նոր կառավարություն ստեղծելու շուրջ։

«Շատ արագ պետք է տեսլական որդեգրվի Լիբանանի ապագայի մասին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ըստ էություն, կփորձի որոշակի համաձայնության գալ Իրանի հետ՝ Հեզբոլլահի վրա որոշ չափով ճնշում բանեցնելու ուղղությամբ»,- ասում է նա՝ հավելելով, որ հուսով են՝ նոր ընկերային համաձայնություն կլինի երկրի կառավարության մասով: Պետական համակարգի փոփոխությունը կարող է երկիրն անդունդի և ներքին բախումների տանել։

Երկրում աղքատություն ու սով է, թղթոսկին արժեք չունի

8 ամիս է՝ երկրում տնտեսական վիճակն ահավոր է, հիմա ամեն ինչ ավելի է սաստակացել, թղթոսկին ավելի կարժեզրկվի։

«Պետությունը չի կարող ներմուծել մեծ քանակով պարեն, որովհետև նավահանգիստը կործանված է, իսկ հարավի նավահանգիստներն ամբողջ ծավալով գործելու դեպքում էլ չեն կարողանա լրացնել դրա ծավալները»,- նշում է նա։

Պայթյուններից Լիբանանը 15-16 մլրդ դոլարի կորուստ է կրել։ Եվ երկիրն այսօր չի կարող հայթայթել անհրաժեշտ գումար, դրա համար պետք է լինեն եվրոպական, ռուսական, ամերիկյան, չինական և թուրքական ներդումներ։ Սակայն, վերլուծաբանի խոսքով՝ ներդրումների դիմաց քաղաքական պահանջներ են ներկայացվելու․ շատերը խոսում են Հեզբոլլահին ապազինելու, ներքին քաղաքական այլ բարեկարգումների մասին։

Մեր զրույցից հետո հայտնի դարձավ, որ Լիբանանի վարչապետը հեռանում է պաշտոնից։ Նրան միացել են նաև այլ նախարարներ։

Նազենիկ Սարոյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին

Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---