Բոլորի աչքից հեռու, բոլորի աչքի առջև

Բոլորի աչքից հեռու, բոլորի աչքի առջև

Մզկիթ դարձած տաճարների Թուրքիան

Ժամանակակից Թուրքիայի՝ Օսմանյան ավանդույթներին վերադառնալու քայլերն ավելի ու ավելի կանխատեսելի են դառնում, ինչի մասին վկայում է մեկը մյուսի հետևից ոչ-մահմեդական սրբավայրերը մզկիթի վերածելու երկրի վճռականությունը։

PanARMENIAN.Net - Բյուզանդական ճարտարապետության գոհարներից Այա Սոֆիայի տաճարը մզկիթ դարձնելուց ընդամենը շաբաթներ անց՝ օգոստոսի 21-ին, Թուրքիան նման որոշում է ընդունել մեկ այլ կոթողի՝ Խորի Սբ Ամենափրկիչ եկեղեցու վերաբերյալ։

PanARMENIAN.Net ը ներկայացնում է վերջին տասնամյակներում Թուրքիայում մզկիթի վերածված հուշարձաններից ու կոթողներից մի քանիսը։

Այնթափի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի/Ազատության մզկիթ

Ներկայիս Գազիանթեփում գտնվող Ազատության մզկիթը դեռ մի դար առաջ հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին էր։ 1892 թվականին կառուցված եկեղեցին նախագծել էր Սարգիս Բալյանը, ով 19-րդ դարում Օսմանյան կայսրության ամենահայտնի ճարտարապետ/քանդակագործներից էր։ Երբ Ցեղասպանության տարիներին Այնթափի հայ բնակչությունն աքսորվեց Դեր Զորի անապատ ու Համա, եկեղեցին նախ վերածվեց բանտի, իսկ արդեն 1980-ականներին՝ մզկիթի։ Այսօր, սակայն, ոչ մի զբոսավար և ուղեցույց այս մասին չի հիշատակում։

Այա Սոֆիայի տաճար, Ստամբուլ

15-րդ դարում Կոստանդնուպոլսի նվաճումից հետո Ստամբուլի բոլոր եկեղեցիները դարձան մզկիթներ՝ բացառությամբ Սուրբ Մարիամ ուղղափառ եկեղեցու, որը մինչ օրս էլ գործում է որպես քրիստոնեական եկեղեցի։ Իսկ հայտնի Այա Սոֆիան, որը 360 թվականին օծման օրվանից մինչև 1453-ը ծառայել էր որպես Կայսերական մայրաքաղաքի ուղղափառ տաճար, վերածվեց մզկիթի ու մնաց այդպիսին մինչև 1931-ը, իսկ 4 տարի անց վերաբացվեց՝ որպես թանգարան։ Արդեն 2020-ի հուլիսին Այա Սոֆիայի թանգարանային կարգավիճակը վերացվեց, ու երբեմնի հայրապետական տաճարը նորից դարձավ մզկիթ։ Եվ քանի որ Իսլամն արգելում է մարդկանց, առավել ևս՝ քրիստոնեության մեջ սուրբ համարվողների պատկերումը, տաճարի որմնանկարները աղոթքների ժամանակ ծածկվում են քողով։ Ի դեպ, հատակին հսկա փիրուզագույն գորգ է փռված։

Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցի/Քյումբեթ մզկիթ

10-րդ դարի կեսերին Կարսում կառուցված հայկական եկեղեցին առաջին անգամ մզկիթի է վերածվել 1579 թվականին։ Չնայած 19-20-րդ դարերում այն նորից ծառայում էր որպես հայկական տաճար, 1993-ին վերջնականապես դարձավ մզկիթ՝ Քյումբեթ անունով։ Թեև 2005 թվականին Կարսի արդեն նախկին քաղաքապետ Նաիֆ Ալիբեյողլուն ասել էր, որ տաճարը վերականգնելու և այն մշակութային կենտրոն կամ թանգարան դարձնելու պլաններ կան, Կարսի եկեղեցին շարունակում է մնալ մահմեդական համալիրի մի մաս։

Այա Սոֆիա, Նիկիա

Նիկիայի Այա Սոֆիան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օրոք մզկիթի վերածված բյուզանդական եկեղեցուց մեկն է։ 6-րդ դարի տաճարն առաջին անգամ մզկիթ դարձավ 1337-ին, հետո 1935-ից շատ այլ մզկիթ դարձած տաճարների նման սկսվեց որպես թանգարան ծառայել, այց 2011-ին Էրդողանի կառավարությունն այն նորից մզկիթ դարձնելու հապճեպ որոշում կայացրեց։ Պատկերացրեք` մարդիկ մի օրը շինությունը տեսնում են «Այա Սոֆիայի թանգարան» վահանակով, հաջորդ օրն արթնանում, պարզում են, որ վերականգնման աշխատանքներ են տարվում տարածքում, իսկ մի քանի շաբաթ անց բացվում է Այա Սոֆիա մզկիթը։

Խորի Սբ Ամենափրկիչ եկեղեցին՝ Խորի մզկիթ

Քրիստոնեական տաճարը մզկիթի վերածելու ամենավերջին դեպքն էլ տեղի ունեցավ օգոստոսի 21-ին, երբ Էրդողանը հատուկ հրամանագրով արդեն 75 տարի որպես թանգարան ծառայող հաստատությունը դարձրեց մզկիթ։ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին կառուցվել է 4-րդ դարում, Օսմանյան նվաճումից հետո դարձել մզկիթ, 1945-ին՝ թանգարան, իսկ 2019-ին Թուրքիայի Պետական խորհուրդը եզրահանգեց, որ 1945-ի որոշումն ապօրինի է եղել։ Այս տաճարում ևս մեծ թվով բացառիկ բյուզանդական որմնանկարներ ու խճանկարներ կան, որոնք աղոթքների ժամանակ, ամենայն հավանականությամբ, կծածկվեն քողով։

Այլ օրինակներից արժե հիշել Անիի Մայր տաճարը։ Թեև այն մզկիթի է վերածվել Սելջուկների օրոք ու հետո նորից կարճ ժամանակ դարձել տաճար, Թուրքիայի կառավարությունը 2010 թվականին թույլատրել է երկրի ծայրահեղ ազգայնական կուսակցությանը մահմեդական կրոնական արարողություն անցկացնել միջնադարյան կարևորագույն հայկական սրբավայրում:

Առհասարակ, Թուրքիայում կան հարյուրավոր ոչ մահմեդական սրբավայրեր, որոնք տարբեր ժամանակներում դարձել են մզկիթներ։

Սրբուհի Մարտիրոսյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
 Ուշադրության կենտրոնում
Ալիև․ Բաքուն համաձայն է, որ Ադրբեջանի և ՀՀ ԱԳ նախարարների հանդիպումը կայանա Ղազախստանում

Ալիև․ Բաքուն համաձայն է, որ Ադրբեջանի և ՀՀ ԱԳ նախարարների հանդիպումը կայանա Ղազախստանում Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը

 Բաժնի այլ նյութերը
Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը «Հայաստանը և Իրանը Ադրբեջանի տարածք են»
Էլ չենք տեսնի Արցախում Պատմամշակութային վայրեր, որոնք անցնում են Ադրբեջանի հսկողության տակ
Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի Ինչպես են Մոսկվայի հայերը վաճառում իրենց գրքերը՝ օգնելու արցախցիներին
---