Մեծ կինոն արդեն մեծ էկրանին է

Մեծ կինոն արդեն մեծ էկրանին է

«ԿինոՊարկը» վերաբացվել է

Այս կես տարում, ինչ համավարակի պատճառով երկրում չեն գործում կինոթատրոնները, բոլորս շատ ենք կարոտել մեծ կինոն, պրեմիերաների դիտումը մեծ էկրանին, ընկերների հետ հարմար դահլիճում ֆիլմը վայելելը, համեղ պոպկորն ուտելն ու ֆիլմերից ստացած էմոցիաները տասնյակ այլ մարդկանց հետ կիսելը:

PanARMENIAN.Net - Բայց այդ շրջանն ավարտվել է, և հուսով ենք՝ այլևս չի վերադառնա. կինոթատրոնները վերաբացվել են, իսկ դա նշանակում է, որ «մեծ կինոն մեծ էկրանին» նորից կհայտնվի մեր կյանքում: PanARMENIAN.Net -ը զրուցել է «ԿինոՊարկի» տնօրեն Արեգ Դանիելյանի հետ՝ պարզելու, թե ինչ դժվարությունների միջով է անցել կինոթատրոնը, ինչ պայմանով է այն վերաբացվել, ինչպես են նստելու դահլիճներում այցելուները և, առհասարակ, ինչ սպասումներ կան:

Թիմն ամենակարևորն է՝ «ԿինոՊարկը» չի կրճատել աշխատակազմը և շարունակել է վճարել աշխատավարձերը

«Մեզ համար այս 6 ամիսը բարդ էին, քանի որ կինոթատրոնն ընդհանրապես չէր գործում, բայց հաղթահարել ենք պատվով. մեր բոլոր աշխատակիցներին պահել ենք, որևէ կրճատում չենք արել: Այդ քաղաքականությունը որդեգրել ենք «Գալաքսի» ընկերությունների խմբից՝ թիմն ամենակարևորն է, բիզնեսից՝ ավելի: Բոլորին վճարել ենք աշխատավարձ այս ընթացքում և փորձել ենք ապահովել նրանց զբաղվածությունը: Մինչև «Երևան մոլի» վերաբացումը մեր աշխատակիցները վճարովի պարապուրդի մեջ էին գտնվում, իսկ դրանից հետո մեր և «Կապիտան Քիդի» աշխատակիցներին ներգրավեցինք մարդկանց ջերմաչափման աշխատանքի մեջ: Նրանք աշխատում էին հերթափոխով», - նշում է Դանիելյանը:

Ըստ նրա՝ շատ կարևոր է, որ աշխատողներն իրենց գնահատված զգան, հատկապես այդպիսի ճգնաժամային իրավիճակներում, քանի որ «բոլորս մեկ նավի մեջ ենք»:

Կրկնակի ջերմաչափում, դիմակներ, հեռավորություն, դահլիճներում՝ առավելագույնը 60 անձ

Մինչև «ԿինոՊարկ» մուտ գործելն այցելուները 2 անգամ ջերմաչափվում են՝ «Երևան մոլի» և անմիջապես կինոթատրոնի մուտքի մոտ: Ամեն տեղ հատակին գծանշումներ են արված, որպեսզի այցելուները կարողանան պահպանել անհրաժեշտ հեռավորությունը թե տոմսարկղերի, թե դահլիճների մուտքերի մոտ: Ամեն տեղ կան ախտահանիչ նյութեր: Եվ, իհարկե՝ ո՞ւր առանց դիմակի: Ոչ մի տեղ: Առանց դիմակի այցելուներին թույլ չեն տա մուտք գործել կինոթատրոնի տարածք, կհորդորեն անպայման կրել դիմակ, իսկ չունեցողներին՝ կտրամադրեն:

«Դահլիճներում ևս դիմակներով են նստում, եթե չեն ուտում կամ խմում այդ պահին: Դահլիճներում առավելագույնը 60 անձ է նստելու: Նստելու են՝ բաց թողնելով մեկ նստատեղ: Զույգերի դեպքում, իհարկե, իրար կողքի ենք նստեցնելու: Կարող են գալ նաև խմբեր՝ առավելագույնը 5 հոգով, բայց առաջին և վերջին նստողների կողքի աթոռները լինելու են դատարկ», - ասում է կինոթատրոնի տնօրենը՝ հավելելով, որ նույնիսկ օնլայն հարթակում հնարավոր չի լինի գնել այդ տեղերը, ծրագիրը ցույց է տալու գնված տեղերն ու ավտոմատ կերպով արգելք է դնելու դրանց կողքի դատարկ աթոռների վաճառքի վրա:

«Առաջ մեկ օրում ունենում էինք 32 սեանս, բայց այժմ դրանց քանակը կկրճատվի, որովհետև ամեն ֆիլմի ցուցադրումից հետո 30 րոպե տրամադրում ենք դահլիճը հատուկ նյութերով ախտահանելուն: Կինոսեանսի ամբողջ ընթացքում գործելու է նաև օդափոխության համակարգը», - ասում է Դանիելյանը:

Ի դեպ, ֆիլմերի ժամանակացույցն այնպես է կազմված, որպեսզի տարբեր սեանսներից դուրս եկած հոսքերը չխաչվեն ընդհանուր սրահում:

Հանդիսատեսը կարոտել էր և սպասում էր կինոթատրոնի բացմանը

«ԿինոՊարկը» վերաբացվել է սեպտեմբերի 17-ից: Առաջին իսկ օրն ունեցել է մոտ 250 այցելու:

«Մեր առջև այժմ խնդիր է դրված հանդիսատեսին հետ բերելու՝ ապացուցելով, որ մեզ մոտ ամեն ինչ անվտանգ է, քանի որ հետևում ենք հակահամաճարակային բոլոր նորմերի պահպանմանը: Եվ հուսով ենք, որ մեր ոլորտը պատճառ չի դառնա վարակի նոր ալիքի տարածման, այլ նույնիսկ հակառակը՝ նորմերի խիստ պահպանմամբ կփորձենք կանխել այն», - նշում է Դանիելյանը՝ հավելելով, որ իրենք շատ մտահոգված են թե իրենց այցելուների, թե աշխատակիցների առողջությամբ:

«Մեր վերաբացման լուրն այցելուները մեծ ոգևորությամբ ընդունեցին, սոցցանցերում մեր էջերին ակտիվորեն գրում էին, հայտնում իրենց ուրախությունը: Երբ փակ էինք, այն ժամանակ էլ էին գրում, հարցնում՝ երբ ենք բացվելու, ասում, որ շատ կարոտել են մեր ֆիլմերը, միջավայրը, պոպկորնը: Բացման օրն առավոտից արդեն իսկ այցելուներ ունեինք, որոնք սպասում էին՝ երբ ենք բացվելու, որ մտնեն ներս: Դա շատ պարտավորեցնող է», - ասում է «ԿինոՊարկի» տնօրենը:

«ԿինոՊարկը» «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում է՝ ի թիվս մեկ տասնյակից ավելի ՏՏ և հեռահաղորդակցության, վաճառքների և սպասարկման, անշարժ գույքի և շինարարության ոլորտում աշխատող ընկերությունների։ «Գալաքսի» ընկերությունների խումբն իր գործունեությունը Հայաստանում սկսել է 1999-ից։ Ընկերությունների խմբում աշխատում է մոտ 3000 աշխատակից, այն ՀՀ խոշոր հարկատուների ցանկում է։

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---