Նոր պատերազմ՝ նոր հարկեր

Նոր պատերազմ՝ նոր հարկեր

Ինչ է սպասում հարկատուներին 2021-ին

Տարեմուտին՝ դեկտեմբերի 31-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց «Հարկային քաղաքականության ճեղքի կրճատմանն ուղղված միջոցառումները հաստատելու մասին» որոշումը։ Այն նախատեսում է հարկման աճ մի շարք ուղղություններով՝ արդեն 2021-ին պետք է ընդունվեն համապատասխան որոշումները։

PanARMENIAN.Net - Կարճ պատմում ենք 11-էջանոց փաստաթղթի հիմնական բովանդակությունը։

Շրջհարկի շեմի իջեցում և դրույքաչափերի բարձրացում․ նախատեսվում է համապատասխան օրենքը մշակել մինչև 2021-ի մայիս։ Հիշեցնենք՝ շրջհարկի շեմը պետք է 115 մլն դրամից մինչև 58․25 մլն դրամ նվազեր 2019-ի հունվարից, սակայն հետհեղափոխական իշխանությունը որոշեց պահպանել գործող շեմը։

Շրջհարկն այժմ չունի միասնական դրույքաչափօրինակ, ռեստորանների համար այն կազմում է 6%, փոքր արտադրողների՝ 3․5%, նոտարների՝ 10%, և այլն։ Հեղինակները կարծում են, որ շրջհարկ վճարողների հարկային բեռը պետք է փոքր-ինչ բարձր լինի հարկման ընդհանուր համակարգից, քանի որ այդ հարկը մուծողներն ավելի հեշտ են վճարում այն, իսկ այժմ գործող մեծ տարբերությունը հօգուտ շրջհարկ վճարողների անհիմն է ու տնտեսավարողներին խթանում է շրջանառությունը թաքցնել և խուսափել հարկերից։

Ֆիզանձանց եկամուտների հայտարարագրում․ սա կառավարության հին, տարիներ ի վեր հայտարարված, սակայն խիստ հակազդեցության հանդիպող ծրագրերից է։ Ենթադրվում է համապատասխան օրենքը ներկայացնել 2021-ի սեպտեմբերին։ Հեղինակները նշում են, որ քննարկելու են «սոցիալական կրեդիտների» ներդնումը, այսինքն՝ եկամուտների համընդհանուր հայտարարագրումից հետո քաղաքացիները հնարավորություն կունենան հարկման բազայից նվազումներ անել, օրինակ, կրթական կամ առողջապահական նպատակներով ծախսերի գծով:

Փաստաթուղթը նաև պարզ նշում է, որ կրճատվելու է ԱԱՀ-ից ազատված ոլորտների ցանկը (ներկայում՝ ՀՕ 64-65 հոդվածներով, այն չեն մուծում տասնյակ ոլորտներ կամ գործարքներ իրականացնողներ՝ կրթությունից ու առողջապահությունից մինչև կրոնական պարագաների վաճառք ու թաղման բյուրոներ)։ Ընդ որում, ծրագրում պարզ ակնարկ կա, որ ԱԱՀ-ն կարող է «սպառնալ» նաև կրթությանն ու առողջապահությանը․ ըստ փաստաթուղթը կազմողների՝ այժմ ԱԱՀ-ից ազատումից օգտվում են թե հարուստ, թե աղքատ խավերը․ սակայն առողջապահությունն ու կրթությունն ԱԱՀ-ով հարկելով թանկացնելու շնորհիվ կարելի է մեծացնել անվճար բուժօգնություն ու կրթություն ստացողների շրջանակը։

Փաստաթղթերի հեղինակները հիշատակում են նաև առևտրի ցանցերի, ռեստորանների ու գյուղարտադրանքի վերամշակողների կողմից գյուղացիներից ապրանք գնելուց ծագող խնդիրը՝ ԱԱՀ հաշվանցման հետ կախված։ Այժմ գյուղատնտեսությունը չի վճարում ԱԱՀ, իսկ այդ 3 խումբն ունի առևտուր անելիս ԱԱՀ-ով նվազումների խնդիր։ Դրա լուծումը ենթադրում է գյուղարտադրանք գնելիս ԱԱՀ հաշվանցումներ կատարելու հնարավորության ստեղծում։ Ինչպես է դա արվելու՝ հեղինակները չեն պարզաբանում:

 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---