Սիրել տալ յաթաղանը

Սիրել տալ յաթաղանը

Ինչպես է Թուրքիան գրավում միլիոնների սրտերը սերիալների օգնությամբ

Սերիալային նախարարություն. Թուրքական ֆիլտրված իրականությունն ու տեսախցիկի ուժը

PanARMENIAN.Net - Միջին Արևելքից մինչև Կենտրոնական Ասիա, Եվրոպայից՝ Լատինական Ամերիկա. թուրքական արտադրության սերիալները գրավում են աշխարհը և սա չափազանցություն չէ:

Ինչպե՞ս ստացվեց, որ թուրք տղամարդու կերպարը դարձավ օտար կանանց «երազանքների ամուսինը», իսկ Ստամբուլն ու Անթալիան՝ համար մեկ ճամփորդական ուղղությունը: Թուրքական սերիալները փոխլրացնում են այդ երկրի արտգործնախարարության, մշակույթի ու զբոսաշրջության նախարարությունների աշխատանքը: Պատմությունը խմբագրելու և մշակույթն արտահանելու համար թուրքական սերիալներն այդ երկրի ամենաստացված ու արդյունավետ գործիքն են դարձել:

Խոսենք թվերով

Այսօր Թուրքիան աշխարհում հեռուստասերիալների երկրորդ ամենամեծ արտահանողն է: Զիջում է միայն Միացյալ Նահանգներին: 140 երկրում 650 միլիոնից ավելի մարդ թուրքական սերիալներով տեսնում ու սովորում է այդ երկրի «պարզաջրված» պատմությունը, սիրահարվում թուրք դերասաններին, կյանքի նվիրական երազանքների ցանկում էլ ավելացնում այցելությունը Թուրքիա: Արդյունքում թուրքական սերիալները soft power-ի ամենաստացված գործիքը դարձած մի զարկով մի քանի նապաստակ են խփում:

Թեմաներն իհարկե, միայն պատմական չեն: Սիրային եռանկյունիներ, սոցիալական տարբեր շերտերում ապրող մարդկանց առօրյա, մաֆիայի պարագլուխներ… մի խոսքով այն ամենը, ինչ սիրով դիտում ու քննարկում են լայն զանգվածները: Երբ այս ամենին գումարվում են ֆինանսական ահռելի ներդրումները, մոդելային արտաքինով դերասաններն ու որակյալ նկարահանումները՝ ստացվում է այն, ինչ ռուս աղջիկներն ինստագրամում անվանում են «թուրքական երազանք»:

Այս ֆենոմենի դեռևս չգերազանցված օրինակն Օսմանյան կայսրության սուլթան Սուլեյման I-ի մասին պատմող «Փառահեղ դար» սերիալն է: Ամբողջ աշխարհում այս սերիալը դիտել է մոտ կես միլիարդ մարդ: Սերիալի նկարահանումների մասշտաբները հասկանալու համար մեկ տվյալն էլ բավարար է: Միայն դերասանների կոստյումների վրա 25 մարդ է աշխատել:

2008-ին թուրքական սերիալների արտահանման եկամուտը 10 միլիոն դոլար էր, 2012-ին՝ 10 անգամ ավելին: 2018-ին այս թիվը հասավ 350 միլիոն դոլարի: Համարձակ կանխատեսումներով 2023-ին եկամուտը կկազմի 1 միլիարդ դոլար: Հիմա ամենաանսպասելին: Ամենամեծ թվով սերիալները Թուրքիայից գնում է Չիլին, ամենաշատը վճարում են Մեքսիկան ու Արգենտինան:

Պետական քաղաքականությունը

Եթե չլիներ պետական աջակցությունն ու ուղղորդված մոտեցումը, թուրքական սերիալների ֆենոմենը դժվար թե հասներ բոլոր մայրցամաքներ: Այս տեսանյութը 2015-ին է նկարվել: Արտասավոր ոչինչ՝ Ռեջեփ Էրդողանը այցելել է Օսմանյան կայսրության հիմնադիր Օսմանի հոր մասին պատմող սերիալի նկարահանման հրապարակ, շփվում է դերասանների հետ, ծանոթանում տաղավարներին: Էրդողանը նույնիսկ սերիալում հնչող երաժշտությունն օգտագործում էր իր նախընտրական քարոզարշավների ընթացքում:

Ամենապարզ ճշմարտությունը, որ պետք է իմանալ թուրքական հեռուստաալիքների մասին այն է, որ դրանք կառավարվում են պետական մակարդակով: Միջինում յուրաքանչյուր էպիզոդի համար ծախսվում է 500-800 հազար դոլար, չհաշված մի քանի միլիոն դոլարի ներդրումը նախնական փուլում: Մասնավոր հեռուստաընկերություններն իհարկե բարդ խնդրի առաջ են կանգնում և օգնության է հասնում ամենակարող պետական ֆինանսավորումը, որի հետ կարող է մրցակցել միայն Netflix-ը կամ HBO-ն: Ի դեպ, երկու հարթակներում էլ թուրքական սերիալներն առնվազն թոփ հարյուրյակում են:

Ինչ-որ բան կիսատ կլիներ, եթե թուրքական սերիալային քարոզչության թիրախում հայերը, Հայաստանն ու Արցախը չհայտնվեին: Պատերազմի օրերին ադրբեջանցի զինվորին հերոսացնելու, Շուշին գրավելու և պատերազմը հաղթելու մասին տեսարանների պակաս թուրքական սերիալներում չկար: Սիրային դրամայի գեղեցկադեմ դերասաններն ուղիղ տեքստով հիշեցնում էին մեկ ազգ, երկու պետություն կոնցեպտի մասին և հաղթանակ էին տոնում: Ու սա միայն սկիզբն էր: Թուրք-ադրբեջանական տանդեմը պատրաստվում է վերջին իրադարձությունների մասին համատեղ սերիալներ նկարահանել ու լվանալ արյունոտ ձեռքերը մի քանի հարյուր միլիոնանոց լսարանի առաջ:

Հատկապես այս ֆոնին բարդ է չհիշել, որ վաղուց արդեն գաղտնիք չէ, որ հայերի շրջանում ևս թուրքական սերիալների երկրպագուներ կան:

Արևելյան հեքիաթի տխուր ավարտը

Վերադառնալով թեմայի ռոմանտիկ կողմին: Թուրք տղամարդու հետ կյանքը արևելյան հեքիաթ պատկերացնողներից շատերը որոշել ու տեղափոխվել են Թուրքիա: Ավելի համարձակները որոշ ժամանակ անց որոշել են պատմել, որ կյանքը Թուքիայում ամենևին էլ ռոմանտիկ ֆիլմ չէ: Այս ռուս աղջիկն օրինակ, կոտրում է կարծրատիպերն ու պատմում է, որ թուրք տղամարդիկ ամենևին էլ աչքի չեն ընկնում ռոմանտիկ ժեստերով: Իսկ այս կանայք, իրենց բնորոշմամբ «իրականացրել են յուրաքանչյուր ռուս կնոջ երազանք» և ամուսնացել են թուրքի հետ: Արդյունքում որոշները դժգոհում են, որ հարաբերությունները փչացել են ամուսնական վկայականը ստանալուց մեկ ժամ հետո:

 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին

Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---