Դեղարտադրողին վալիդոլ տվեք

Դեղարտադրողին վալիդոլ տվեք

Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը

Չափազանցություն չէ, երբ տնտեսագետներն ասում են, որ պատերազմն ու պատժամիջոցներն այս կամ այն կերպ ազդում են բոլոր ոլորտների վրա: Ռուսական տնտեսության կորացած մեջքն էլ սովորաբար նշանակում է, որ հայկական շուկայում ևս տհաճ անակնկալներ են սպասվում:

PanARMENIAN.Net - Պատժամիջոցներ սահմանելիս Արևմուտքը հայտարարեց, որ հակառուսական փաթեթները չեն վերաբերում հումանիտար նշանակություն ունեցող ոլորտներին, օրինակ՝ դեղարտադրությանը: Հիմա պարզվում է, որ ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ: Ռուսական դեղատներում երկար հերթեր են:

Լոգիստիկ խնդիրների և խափանումների պատճառով Ռուսաստանում դեղամիջոց արտադրողները փաստի առաջ են կանգնել: Ներկրվող հումքը կա՛մ տեղ չի հասնում, կա՛մ էլ ուշացնումներով է հասնում: Եվրոպական որոշ ընկերություններ առհասարակ դադարեցրել են մատակարարումը: Ռուսաստան ներկրվող հումքի մոտ 20 տոկոսն է բերվում Եվրոպայից: 80 տոկոսը բաժին է ընկնում Հնդկաստանին և Չինաստանին, բայց այստեղ ևս խնդիրներ կան՝ փոխվել են գործակցության պայմանները, լոգիստիկ շղթան է բարդացել, ուշացումները անխուսափելի են դարձել: Ռուս արտադրողների համար ասիական շուկան կարող է հարմար այլընտրանք դառնալ, բայց այս փուլում սա ևս իրատեսական չէ: Դեղագործությամբ զբաղվող ընկերությունները հայտնում են, որ իրենց ունեցած պաշարները կբավականացնեն մինչև կես տարի, բայց խուճապային գնումները կարող են կրկնակի կրճատել այս ժամանակը:

Արտադրողներն ահազանգում են, որ վերջին օրերին ներմուծվող հումքը թանկացել է շուրջ 30 տոկոսով: Տեխնիկական խնդիրներին զուգահեռ այս իրավիճակում կրակի վրա յուղ է լցնում ռուբլու փոխարժեքի անկումը: Դեղագործական ընկերություններն արդեն բաց տեքստով ասում են, որ այս թանկացումները կազդեն նաև դեղամիջոցների գների վրա, որովհետև ռուսական դեղամիջոցների 80 տոկոսից ավելին ներմուծվող հումքից է պատրաստվում: Միայն 2021-ին Ռուսաստան է ներմուծվել ընդհանուր 195 միլիարդ ռուբլի արժողությամբ շուրջ 16 հազար տոննա դեղագործական հումք: Վերջին օրերին ռուսները մեծ քանակությամբ կենսական անհրաժեշտության դեղորայք են գնում, դեղագործներն էլ հիշեցնում են դեղերի պիտանելիության ժամկետի մասին և հորդորում խուճապային գնումներ չանել:

Ճգնաժամային այս իրավիճակի պատճառով լուրջ խնդիրներ կան նաև բժշկական պարագաներ և սարքավորումներ ներմուծելու հարցում: Բժշկական ծառայությունների արժեքի ամենաակտիվ աճը սպասում են ստացիոնար հատվածում, որն ամենամեծ կախումն ունի ներմուծումներից՝ բժշկական գործիքներ, նյութեր, իմպլանտներ: Ոլորտի մասնագետներն այս խնդիրների մեջ նաև հնարավորություններ են փորձում գտնել: Օրինակ ասում են, որ պատժամիջոցները կխթանեն այլ երկրների, մասնավորապես Չինաստանի հետ բժշկական սարքավորումների մատակարարման ոլորտում համագործակցության ընդլայնմանը:

Պատժամիջոցների պատճառով ծառայությունների կրճատում են կանխատեսում նաև ատամնաբուժարանները: Ատամնաբույժերը ահազանգում են, որ հատկապես թանկարժեք տեխնոլոգիաների վրա հիմնված ատամնաբուժական ծառայությունները կարող են անհասանելի դառնալ և ոլորտի զարգացումը վտանգի տակ է: Որոշ ատամնաբուժարաններ իրենց ծառայություններն արդեն թանկացրել են 10-15 տոկոսով: Ռուսաստանում ատամնաբուժական տարբեր նյութեր, գործիքներ և սարքավորումներ ամբողջությամբ արտասահմանից են ներմուծվում և եթե նույնիսկ ռուսական ընկերությունները հայրենական արտադրություն սկսեն, այդ սարքավորումները միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար որոշ բաղադրիչներ պետք է ներմուծվեն:

Դեղագործական և բժշական ոլորտներում այս տատանումներն անհետևանք չեն մնա նաև Հայաստանի համար: Լոգիստիկ շղթան խափանված է, կայուն մատակարարումները՝ հարցականի տակ, ներմուծվող ապրանքը՝ թանկանալու իրական ռիսկի տակ: Սա վերաբերում է թե՛ բժշկական սարքավորումների, թե՛ դեղորայքի ներմուծմանը: Հայաստանը դեղորայքի 85 տոկոսը արտասաhմանից է ներմուծում, Ռուսաստանը հիմնական մատակարարներից է: Ռուսական շուկայում սահմանափակ պաշարները, ներմուծման արգելքներն ու լոգիստիկ խնդիրները նշանակում են, որ Հայաստան ներկրվող դեղորայքը ոչ միայն կարող է թանկանալ, այլև կարող է էականորեն կրճատվել: Հումքի ներմուծման խնդիրը, հետևաբար նաև գնաճը ևս հնարավոր ռիսկերի ցանկում են: Այս համատեքստում քննարկվում է, թե ինչպես հայ դեղարտադրողները կարող են ճգնաժամային վիճակն օգտագործել որպես հնարավորությունների պատուհան: Հայաստանի միջազգային դեղարտադրողների ասոցիացիայի նախագահի խոսքով Հայաստանում հումքի արտադրությունն այնպիսի ծավալների չէ, որ կարողանա փոխարինել միջազգային կազմակերպություններին, փոխարենը մեր երկիրը կարող է մատակարարման համար կապող օղակ դառնալ:

 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
Վարորդներին ԳԱԶազացրին Ինչ է կատարվում վառելիքի շուկայում
---