1 շապիկ = 2700 լ ջուր

1 շապիկ = 2700 լ ջուր

Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար

Մեր զգեստապահարանի բազմազանությունն ապահովելու համար զեղչերի ժամանակ որոշում ենք 5 հատ տաբատ գնել, բայց արդյունքում հագնում ենք երկուսը: Մեր սիրելի բրենդից 10 հատ բլուզ ենք գնում, բայց հաճախ դրանցից հինգը նվիրաբերում ենք, չորսը՝ դեն նետում: Աշխարհում ամեն վայրկյան մեկ աղբատար մեքենայի չափ հագուստ այրվում է կամ նետվում աղբանոց:

PanARMENIAN.Net - Նորաձևության և հագուստի արտադրության էկոլոգիական հետևանքները քննարկելու համար ներկայացնում ենք մի քանի խոսուն փաստ,ինչպես նաև սարսափազդու թիվ:

Նախ՝ ոլորտի արտադրական պատկերը: Հագուստի արտադրությունը համաշխարհային տնտեսության կարևոր ուղղություններից է: 3 տրիլիոն դոլար արժեքով այս ոլորտն աշխատանքով է ապահովում շուրջ 75 միլիոն մարդու: Վերջին երկու տասնամյակում հագուստի արտադրությունը կրկնապատկվել է: 2014 թվականին օրինակ մարդիկ 60 տոկոսով ավելի շատ հագուստ են գնել, քան 2000-ին: Հակառակ պատկերն է հագուստը հագնելու և պահելու դեպքում: Այս թիվը կիսով չափ կրճատվել է: Միացյալ Նահանգներում օրինակ արտադրված հագուստի 20 տոկոսը երբևէ չեն օգտագործում: Մեծ Բրիտանիայում այս թիվը հասնում է 50 տոկոսի: Աշխարհում արտադրված հագուստի միայն 1 տոկոսն է վերամշակվում: Burberry-ն օրինակ, 2017-ին այրել է 37 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ չվաճառված հագուստ և պայուսակ: Եթե 2000-ականներին նորաձևության ընկերությունները տարեկան 1-2 հավաքածու էին ներկայացնում, հիմա կան ընկերություններ, որոնք տարեկան 10-ից ավելի հավաքածու են ներկայացնում:

Հիմա հասկանանք, թե հագուստի արտադրությունն ինչ հետևանքներ է ունենում շրջակա միջավայրի վրա: Հագուստի արտադրության համար օգտագործվող նյութերի մոտավորապես 60 տոկոսը ստացվում է պլաստիկից: Ու երբ թվում է, թե այս թիվը սարսափելի է, առաջ են գալիս հագուստի գերարտադրության էկոլոգիական հետևանքների մասին փաստող այլ թվեր ևս: Ամենամեծ սպառնալիքը կապվում է ջրային պաշարների հետ: Նորաձևության արդյունաբերությունը տարեկան օգտագործում է մոտ 93 միլիարդ խորանարդ մետր ջուր, որը բավարար է տարեկան հինգ միլիոն մարդու կարիքները հոգալու համար: Սա զգալիորեն նպաստում է որոշ մայրցամաքներում ջրի սակավությանը: Մեկ շապիկ արտադրելու համար ծախսվում է 2700 լիտր ջուր, որը կապահովեր մեկ մարդու խմելու ջրի պաշարը՝ 2.5 տարի:

Տեքստիլ արտադրությունը պատասխանատու է համաշխարհային մաքուր ջրի աղտոտման մոտ 20 տոկոսի համար: Ընդ որում բացասական հետևանքներ կան թե՛ սինթետիկ, թե բամբակյա հագուստի դեպքում: Սինթետիկ հագուստը լվանալու պատճառով տարեկան կես միլիոն տոննա միկրոպլաստիկ է արտանետվում օվկիանոսներ, սա համարժեք է 50 միլիարդ պլաստիկ շշի: Ինչ վերաբերում է բամբակին՝ պատկերը կարելի է հասկանալ նույնիսկ մեկ օրինակով: Մինչև ցամաքելն աշխարհում չորրորդ ամենամեծ լիճը համարվող Արալի ծովն այլ պատճառներին զուգահեռ 50 տարում գրեթե ամբողջությամբ չորացել է նաև բամբակագործության համար սպառվող պաշարների պատճառով: Ջրային պաշարների վերաբերյալ մի վերջին փաստ ևս: Հագուստը ներկելու գործընթացում օգտագործվում է այնքան ջուր, որով հնարավոր կլիներ լցնել տարեկան 2 միլիոն Օլիմպիական չափի լողավազան:

Անցնենք կլիմայի փոփոխությանը և ջերմոցային գազերի արտանետումներին: Հագուստի արտադրությունը պատասխանատու է ածխածնի արտանետումների 8-10%-ի համար: Սա ավելի շատ է, քան բոլոր միջազգային թռիչքներն ու ծովային բեռնափոխադրումները միասին վերցրած։ Եթե ոլորտում փոփոխություններ չլինեն, ապա 2050 թվականին այս թիվը կարող է հասնել 26 տոկոսի: Միայն 2018 թվականին հագուստի արտադրությունը հանգեցրել է ավելի շատ ջերմոցային գազերի արտանետումների, քան Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ածխածնային արտանետումները միասին վերցված: Երբ օնլայն գնումների մշակույթը լայն տարածում գտավ մարդիկ կարծում էին, թե սա կնվազեցնի ածխածնի հետքը: Արդյունքում օնլայն գնումները կտրուկ փոխեցին սպառողների վարքագիծը: Նախ, մարդիկ ավելի շատ հագուստ սկսեցին գնել, հետո՝ հնարավորություն ստացան փորձել հագուստը և հետ ուղարկել՝ եթե չեն հավանում: Արդյունքում ապրանքների վերադարձը կրկնապատկեց տեղափոխման հետևանքով արտանետումների թիվը:

Հագուստի արտադրության սոցիալական հետևանքները քննարկման առանձին թեմա կարող են դառնալ, բայց այստեղ ևս արտադրական գործընթացի հետևանքներն ակներև են: Հագուստի արտադրության մեջ քիմիական նյութերի օգտագործումը լուրջ առողջական մտահոգություններ է առաջացնում հատկապես ոլորտում աշխատողների համար: Ի դեպ, հագուստի արտադրամասերում աշխատող շուրջ 75 միլիոն մարդկանց միայն 2 տոկոսն է ապրելու բավարար միջոցներ վաստակում: Բանգլադեշում օրինակ տեքստիլ գործարաններում աշխատող կանայք ամսական մոտ 96 դոլար են վաստակում, իսկ տարրական կարիքները հոգալու համար 3.5 անգամ ավելի շատ գումար է անհրաժեշտ: Այս աշխատողների 80 տոկոսը 18-24 տարեկան կանայք են: Հատկապես զարգացող երկրներից մտահոգիչ տվյալներ կան ցածր աշխատավարձերի, աշխատանքային վատ պայմանների, աշխատանքային ժամից ավելի երկար հարկադիր աշխատելու մասին:

 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
Լավ ես քշում՝ վատամարդ ես, վատ ես քշում՝ լավամա՞րդ Ինչքան են վաստակում ԱՊՊԱ-ները ՀՀ-ում
---