Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում

Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում

Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ

Մեզ հայտնի ու անհայտ բոլոր հետևանքներից զատ կորոնավիրուսը փոխել է նաև մարդկանց ընկալումներն ու արձագանքն աշխարհում տարածվող կամ հայտնաբերվող նոր վիրուսների ու հիվանդիությունների հանդեպ: Այդ արձագանքները երբեմն գուցե չափազանցված են, բայց հաճախ էլ՝ տեղին ու նախազգուշացնող: Այստեղ մեծ է նաև մեդիայի և սոցցանցերի ազդեցությունը:

PanARMENIAN.Net - Վերջին օրերին առողջապահական թոփ թեման ԱՀԿ-ի նոր հայտարարությունն է: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ահազանգում է՝ հեպատիտի նոր ենթատեսակ է հայտնաբերվել:

Հեպատիտը հայտնաբերվել է 200-ից ավելի երեխայի մոտ՝ աշխարհի արդեն 11 երկրում: Մեկ երեխա մահացել է: Առաջին 5 դեպքը գրանցվել է մարտի 31-ին՝ Շոտլանդիայում: Առաջին դեպքերն արդեն իսկ կասկած են առաջացրել, որովհետև շոտլանդացի բժիշկների պնդմամբ՝ անհայտ հեպատիտով տարեկան առավելագույնը 5 դեպք են ունենում: Մեկ օրում նույնքան դեպքն արդեն մտահոգության առիթ է դարձել: Վիրուսային հեպատիտների 5 տեսակ կա՝ A, B, C, D և E: Սրանցից և ոչ մեկը երեխաների մոտ չի գրանցվել: Միացյալ Թագավորությունում արդեն գրանցվել է հեպատիտի նոր ենթատեսակի 114 դեպք:

Նոր տեսակը հասել է նաև Իսպանիա (13 դեպք), Իսրայել (12 դեպք), Միացյալ Նահանգներ (9 դեպք), մի քանի դեպք գրանցվել է նաև Դանիայում, Իտալիայում, Բելգիայում, Ֆրանսիայում և եվրոպական ևս մի քանի երկրում: Առեղծվածային հիվանդությունը տարածվել է 1 ամսականից մինչև 16 տարեկան երեխաների շրջանում, երեխաների մեծ մասը մինչև 1-10 տարեկան է: Տարբեր երկրների տվյալները հավաքագրելով՝ ԱՀԿ-ն փաստում է, որ երեխաների ճնշող մեծամասնությունն առողջական խնդիրներ նախկինում չեն ունեցել:

Մինչև հեպատիտի ախտանշանների ի հայտ գալը, երեխաները դժգոհել են որովայնի ցավից, մեծ մասն ունեցել է փորլուծություն և սրտխառնոց: Անհայտ ծագման հեպատիտով վարակված երեխաների 10 տոկոսի վիճակն այնքան ծանր է եղել, որ լյարդի փոխպատվաստման կարիք է առաջացել:

Հեպատիտը լյարդային հյուսվածքների բորբոքումն է: Քրոնիկ հեպատիտը կարող է ավարտվել սուր լյարդային անբավարարությամբ: Հիվանդությունը կարող է հանգեցնել նաև լյարդի ցիռոզի և քաղցկեղի: Հետազոտությունները ցույց են տալիս, որ առողջ երեխաների շրջանում հեպատիտի դեպքերը հազվադեպ հանդիպող երևույթ են:

Հիմա պատճառների մասին, ավելի ճիշտ՝ դրանք չգտնելու: Մասնագետների ամենամեծ մտահոգությունն այն է, որ նոր ենթատեսակի պատճառներն ու փոխանցման ուղիներն անհայտ են, հետևաբար պարզ չէ, թե ինչպես կանխել կամ բուժել հիվանդությունը: Քանի որ վերջին շրջանում բոլոր հիվանդություններն ու վիրուսներն այս կամ այն կերպ կապում են քովիդի կամ պատվաստանյութերի հետ, մասնագետներն առաջին հերթին բացառում են հենց այս վարկածը: Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը չէին կարող նոր ենթատեսակի պատճառ դառնալ, որովհետև վարակված երեխաների մեծ մասը տարիքային սահմանափակումների պատճառով պատվաստված չէին կարող լինել:

Այս փուլում հնարավոր ամենատրամաբանական վարկածն ադենովիրուսներն են: Բժիշկները պարզել են, որ առեղծվածային հիվանդության ախտորոշմամբ երեխաների մի մասը վարակված են նույն տեսակի ադենովիրուսով: Մյուս կողմից, դա բավարար չէ հեպատիտի ծանր դեպքեր գրանցելու համար: Կա մեկ այլ՝ անհայտ գործոն, որը ծանրացնում է հիվանդությունը: Հետազոտողների մի խումբ կարծում է, որ վերջին առնվազն երկու տարում լոքդաունների և պաշտպանիչ դիմակների պատճառով երեխաների իմունային համակարգը թուլացել է: Մյուսներն էլ փորձում են կապ գտնել կորոնավիրուսով վարակված դեպքերի և հեպատիտի նոր ենթատեսակի միջև: Սկզբնական այս փուլում անհայտ հեպատիտի տարածման տեմպի, պատճառների և հետևանքների մասին տեղեկությունները թարմանում են ամեն օր:

 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
Վարորդներին ԳԱԶազացրին Ինչ է կատարվում վառելիքի շուկայում
---