Հին վիրուսի նոր բռնկումը

Հին վիրուսի նոր բռնկումը

Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին

Վերջին օրերին միջազգային մամուլի առողջապահական թոփ լուրն աշխարհում անհանգստացնող տեմպերով տարածվող կապիկի ծաղիկ վիրուսն է: Մտահոգված է նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը` 100-ից ավելի դեպք՝ մոտ 12 երկրում:

PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net ը ներկայացնում է վիրուսի ծագման և ընթացքի վերաբերյալ 10 հարց ու 10 պատասխան:

Ինչ է կապիկի ծաղիկը

Եվրոպայում կապիկի ծաղիկի ամենախոշոր բռնկումը խուճապահար տրամադրությունների ալիք է բարձրացրել: Կապիկի ծաղիկը հազվադեպ հանդիպող վիրուսային ծագման հիվանդություն է: Նման է բնական ծաղիկ վիրուսին: Նոր ալիքն արդեն տարածվել է Եվրոպական շուրջ մեկ տասնյակ երկրներում՝ Իտալիա, Իսպանիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և այլն: Եվրոպայից դուրս վարակման դեպքեր են գրանցվել Միացյալ Նահանգներում, Կանադայում, Ավստրալիայում:

Ինչպես է վիրուսը փոխանցվում

Վիրուսը մեծամասամբ փոխանցվում է վայրի կենդանիներից: Վարակված կենդանիների արյան կամ վնասված մաշկի հետ անմիջական շփումը վարակման շանսերը կարող է հասցնել գրեթե հարյուր տոկոսի: Սրանով վտանգը չի ավարտվում: Խիստ վտանգավոր կարող են լինել նաև վարակված կենդանիների վատ եփած մսամթերքի օգտագործումը: ԱՀԿ-ի փոխանցմամբ մարդուց մարդուն կապիկի ծաղիկը կարող է փոխանցվել միայն սերտ շփման պայմաններում: Ամերիկյան CDC-ի ներկայացուցիչ Ջոն Բրուքսը հայտարարել է, որ կապիկի ծաղիկով վարակվելը սեռական կողմնորոշման հետ կապ չունի և կարող են վարակվել բոլորը, բայց այս պահին առկա տվյալները ցույց են տալիս, որ վարակը հիմնականում տարածվում է միասեռական ու բիսեքսուալ տղամարդկանց շրջանում:

Որոնք են ախտանշանները

Վիրուսի սկզբնական ախտանշանները հայտնվում են գաղտնի շրջանի ընթացքում, որը սովորաբար 1-2 շաբաթ է տևում: Այս շրջանում գրիպի և մրսածության ախտանշաններից տարբերելը շատ բարդ է: Հիմնականում դող, ջերմություն, թուլություն, գլխացավ: Գաղտնի փուլին արդեն հաջորդում է ցանավորումը ամբողջ մարմնով:

Որքան վտանգավոր է վիրուսը

Կապիկի ծաղիկը մեծամասամբ թեթև սցենարով է ընթանում, վերականգնման ընթացքն էլ մի քանի շաբաթ է տևում: Չնայած սրան, բարդությունները առավել հաճախակի են այն շրջաններում և երկրներում, որտեղ հիգիենայի տարրական կանոնների պահպանումը բարդ է, իսկ բժշկական ծառայությունները սահմանափակ: Նման դեպքերում բարդացումներն անխուսափելի են, մահվան դեպքեր ևս գրանցվում են: Աֆրիկայում վարակի բռնկման ընթացքում մահացության ցուցանիշը հասնում էր մինչև 15 տոկոսի:

Ինչպես է բուժվում

Գիտական տարբեր աղբյուրներ փաստում են, որ կապիկի ծաղիկ վարակի դեմ պատվաստանյութ չի ստեղծվել, հստակ և համապատասխան բուժում ևս չկա: Փոխարենը, լայնորեն տարածված է, որ բնական ծաղիկ վարակի դեմ ստացված պատվաստումը արդյունավետ է և կանխարգելում է նաև կապիկի ծաղիկը: Տվյալներից մեկով այս պատվաստանյութը կարող է մինչև 85 տոկոս արդյունավետություն ցուցաբերել, քանի որ երկու վիրուսները բավականին նման են իրար:

Որտեղ է վիրուսն առավել տարածված

Եվրոպայում և ԱՄՆ-ում վարակի այս նոր տարածումն ավելի շատ բացառություն է, քան օրինաչափություն: Հիմնականում կապիկի ծաղիկը տարածվում է զարգացող, երրորդ աշխարհի երկրներում: Ցածր եկամուտ ունեցող Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի երկրներն օրինակ բռնկման հիմնական օջախներն են:

Ինչով է տարբերվում վիրուսի նոր ալիքը

Եվրոպայում տարածվող կապիկի ծաղիկի այս տեսակը գիտնականները որակում են որպես անսովոր, աննախադեպ և անկանխատեսելի: Գիտնականները, որոնք մասնագիտացած են այս վիրուսի դեմ պայքարում, փորձում են հասկանալ, թե նոր ալիքը ինչով է տարբերվում նախկինից: Նրանք նախ փաստում են, որ նախկինում կապիկի ծաղիկը կանխատեսելի ընթացք, փոխանցման ուղիներ և հետևանքներ ուներ: Հիմա վարակն այսպես ասած փոխել է իր վարքը: Երկու տարածված կարծիք կա: Առաջինը, որ վիրուսն ամբողջովին փոխվել և մուտացիայի և ենթարկվել: Երկրորդը, որ հին վիրուսը հայտնվել է նոր միջավայրում և ի հայտ են գալիս տարածման նոր դրսևորումներ: Ամենազարմանալին այն է, որ գրանցված դեպքերի մեծ մասն իրար հետ կապ չունեն և դրանց կապող օղակները բացակայում են: Հետևաբար քննարկումների թոփ թեման այս պահին վարակի տարածման ուղիներն են:

Ինչպիսին էր պատկերը նախկինում

1970 թվականից սկսած կապիկի ծաղիկը տարածվել է աֆրիկյան 11 երկրում: Այդ շրջանում 10 վարակվածից մեկը մահանում էր: Հիմա այս ցուցանիշը զգալիորեն նվազել է: 1980-ականներին մարդուց մարդուն վիրուսի փոխանցումը 3-30 տոկոսի միջակայքում էր տարածվում: Աֆրիկյան երկրներում կապիկի ծաղիկն ամենևին էլ չի անհետացել այս ընթացքում: Կոնգոյի Հանրապետությունում տարեկան 6000 դեպք է գրանցվում, Նիգերիայում՝ 3000 դեպք: Հաճախ նաև ավելի սուր բռնկումներ են գրանցվում: Կոնգոյում օրինակ, 2018 թվականին մարդուց մարդուն վիրուսի փոխանցումը հասել էր 73 տոկոսի:

Հայաստանում վարակման դեպքեր կա՞ն

Եվրոպայում կապիկի ծաղիկ վիրուսի տարածման մասին լուրերի ֆոնին հայկական տելեգրամյան որոշ ալիքներ սկսեցին տեղեկություն տարածել, թե մեր երկրում ևս վիրուսի դեպքեր են գրանցվել: Առողջապահության նախարարությունն այս պնդումներն արդեն պաշտոնապես հերքել է: Հայաստանում կապիկի ծաղիկով վարակվածության որևէ դեպք չի գրանցվել։

Ինչ է ասում ԱՀԿ-ն

Առոջապահության համաշխարհային կազմակերպությունն օրեր առաջ արտակարգ նիստ էր հրավիրել՝ բռնկման դեպքերի փոխանցման ուղիները հասկանալու և կանխարգելման տարբերակներ քննարկելու համար: Ամռան ամիսներին զանգվածային միջոցառումներն ու երեկույթները կարող են վիրուսների տարածման պատճառ դառնալ, հետևաբար մասնագետներն առաջին հերթին հորդորում են հետևել հիգիենայի կանոններին և զգուշանալ վարակակիրների հետ հնարավոր սերտ շփումներից:

Նանե Մանուկյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին

Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Ինչպես թուրքական շուկայի վերածել ՆԱՏՕ-ի ընդլայնումը Էրդողանը սկսել է մեծ առևտուրն ԱՄՆ և ՌԴ միջև
---