Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային

Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային

Ամենազգայուն՝ գազի գործոնով

Ադրբեջանի հսկողության տակ անցած Արցախի Քարվաճառում և Բերձորում կա 9-10 հազար մեգավատ էլեկտրաէնեգրիայի պոտենցիալ, հայտարարում է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը՝ բացատրելով, որ Արցախի տարածքների էլեկտրաէներգիան կարող են օգտագործել Ադրբեջանի ներքին պահանջարկը բավարարելու համար, ինչի արդյունքում կխնայեն գազը, որն էլ կարտահանեն Եվրոպա։ Այսպես, փաստացի, փորձում է էներգետիկ ճգնաժամում հայտնված Եվրոպային համոզել, թե Հայաստանի տարածքով թուրքական միջանցքը պետք է նաև եվրոպացիներին:

PanARMENIAN.Net - «Մենք ծրագրում ենք էլեկտրականություն արտահանել Եվրոպա և դրա համար ուզում ենք սկսել Զանգեզուրի միջանցքի գործարկումը: Այն կարող է արտահանման կարևոր ուղի դառնալ ոչ միայն բեռների, այլև էլեկտրաէներգիայի համար», – ասել է Ալիևը։

Մյուս կողմից, Ադրբեջանի նախագահը ստիպված է եվրոպացիներին վստահեցնել, թե իր երկիրն ունի գազի այն հսկայական պաշարը, որն ակնկալում են իրենից։ Որովհետև, ինչպես պարզվում է, այս պահին կան արտահանման խնդիրներ։ Նրա նշած տվյալով՝ 2021-ին Ադրբեջանն արտահանել է 22 մլրդ խ/մ գազ, այս տարեվերջին արտահանված գազի ծավալը 2 միլիարդով ավելի կլինի: Ալիևը վստահեցնում է, թե կարող է ավելին․ «Մեր գազային պոտենցիալը չի սահմանափակվում միայն Շահդենիզ հանքավայրով: Շատ հեռանկարային այլ հանքավայրեր էլ ունենք: Եկող տարի դրանցից մի քանիսում կսկսենք արդյունահանումը»:

«Հատկապես հիմա, երբ ադրբեջանական գազի պահանջարկը հսկայական է, ինչպես երբեք, մենք հաշվի ենք առնում դա և փորձում ենք աջակցել այն երկրներին, որոնք տարբեր պատճառներով բախվել են դժվարությունների», – ասել է Ալիևը։

Խուսափելով ուղիղ նշել՝ նա ակնարկել է, որ ծրագրում է վերցնել Ռուսաստանի տեղը գազային շուկայում, երբ Ուկրաինայում պատերազմի պատճառով Եվրոպան փորձում է հրաժարվել ռուսական գազից՝ նայելով Ադրբեջանին:

Այստեղ սկսվում են բայցերը: Ալիևը հայտարարում է, թե ադրբեջանական գազին նայող եվրոպացիները պետք է հասկանան, որ 1 տարում հնարավոր չէ այդ հսկայական ծավալով գազն արդյունահանել ու հասցնել նրանց․ «Դրա համար մեզ պետք են պայմանագրեր, պետք է արագ բանակցություններ սկսենք, պետք է ընդլայնենք մեր ենթակառուցվածքները, ինչը ծրագրում էինք անել առաջիկա տարիների ընթացքում»:

Այնպես որ, Ադրբեջանի նախագահը պահը հարմար է համարում փող պահանջելու համար՝ հայտարարելով, որ Ադրբեջանը միայնակ չի կարողանա կառուցել՝ գազի անհրաժեշտ ծավալը Եվրոպա հասցնելու ենթակառուցվածքները, պետք են հսկայական ներդրումներ:

Անի Ավետյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին

Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
Ինչպես թուրքական շուկայի վերածել ՆԱՏՕ-ի ընդլայնումը Էրդողանը սկսել է մեծ առևտուրն ԱՄՆ և ՌԴ միջև
---