Համակարգիչների արքան

Համակարգիչների արքան

Ամերիկյան սուպերհամակարգիչը հաղթահարել է էքզաֆլոպսային սահմանը` ի՞նչ է դա նշանակում

Սուպերհամակարգիչների արտադրողականության ռեյթինգը տարեկան երկու անգամ հրապարակող TOP500 նախագիծը ներկայացրել է 2022-ի հունիսի դրությամբ աշխարհի հզորագույն սուպերհամակարգիչների նոր վարկանիշը:

PanARMENIAN.Net - Երկու տարի առաջատարի դիրքը զբաղեցրած ճապոնական Fugaku-ն այս ամառ իր տեղը զիջեց ամերիկյան Frontier-ին: Վերջինս հատկանշական է նրանով, որ պատմության մեջ առաջին հաստատված էքզաֆլոպսային սուպերհամակարգիչն է: PanARMENIAN.Net ը պատմում է, թե ինչ է դա նշանակում:

FLOPS-ը (FLoating-point Operations Per Second) ոչ համակարգային չափման միավոր է, որը ցույց է տալիս, թե տվյալ համակարգիչը լողացող ստորակետով քանի օպերացիա կարող է իրականացնել մեկ վայրկյանում, այսինքն՝ FLOPS-ով չափվում է համակարգչի արտադրողականությունը: Մինչ այժմ հզորագույն սուպերհամակարգիչների արտադրողականությունը կազմում էր տասնյակ ու հարյուրավոր պետաֆլոպսեր (մեկ պետաֆլոպսը հավասար է 1 քվադրիլիոն ֆլոպսի կամ վայրկյանում 1000000000000000 լողացող ստորակետով օպերացիայի): Պետաֆլոպսային սահմանը հատվել էր դեռ 2008թ-ին, երբ IBM-ի Roadrunner-ը ցույց տվեց 1.026 պետաֆլոպս արտադրողականություն:

14 տարի անց սուպերհամակարգիչների արտադրողականությունը երեք կարգով աճել է՝ առաջին անգամ հասնելով էքզաֆլոպսի: Մեկ էքզաֆլոպսը հավասար է 1 քվինտիլիոն ֆլոպսի կամ վայրկյանում 1000000000000000000 լողացող ստորակետով օպերացիայի: Ու եթե ճապոնական Fugaku-ն միայն տեսականորեն կարող էր հատել այդ սահմանը, սակայն փաստը հաստատված չէր, ապա ԱՄՆ էներգետիկայի նախարարության ենթակայության Օք-Ռիջյան ազգային լաբորատորիայի Frontier սուպերհամակարգչի վերջին թարմացումը մեքենային թույլ է տվել HPL թեստավորման ընթացքում հասնել 1,102 էքզաֆլոպս արտադրողականության՝ դառնալով ոչ միայն աշխարհի ամենահզոր սուպերհամակարգիչն, այլև պատմության մեջ առաջին էքզաֆլոպսային մեքենան:

TOP500-ը սուպերհամակարգչի արտադրողականությունը գնահատում է LINPACK բենչմարկի միջոցով: Վերջինս գնահատում է, թե մեքենան որքան արագ է լուծում գծային հավասարումների խիտ համակարգը, ապա համակարգիչները ռեյթինգում սորտավորվում են ըստ բենչմարկում հասած արտադրողականության, որն էլ չափվում է ֆլոպսերով:

Frontier-ը հիմնված է HPE Cray EX235a նորագույն ճարտարապետության վրա ու համալրված է 64 միջուկանոց AMD EPYC 64C 2 ԳՀց պրոցեսորներով ու AMD Instinct MI250X գրաֆիկական արագացուցիչներով, ինչը նույնպես հատկանշական է, քանի որ սուպերհամակարգիչների շուկայում ավանդաբար իշխել է Intel-ը: Համակարգը բաղկացած է 9408 հանգույցից, որոնցից յուրաքանչյուրում մեկ կենտրոնական պրոցեսոր է ու չորս գրաֆիկական արագացուցիչ, ընդհանուր առմամբ՝ 8 մլն 730 հազար 112 միջուկ: Համակարգիչն օգտագործում է 9.2 պետաբայտ (1 պետաբայտը հավասար է 1 քվադրիլիոն բայտի) օպերատիվ ու 753 պետաբայտ մշտական հիշողություն: 2021թ-ին Frontier-ի հավաքման մեկնարկից հետո ու մինչև էքզաֆլոպսային հզորության հասնելը նախագծի վրա ծախսվել է մոտ $600 մլն:

TOP500 ռեյթինգում երկրորդ տեղում մնում է ճապոնական Fugaku-ն՝ 442 պետաֆլոպսով, իսկ երրորդում՝ ֆինլանդական LUMI-ն՝ 151,9 պետաֆլոպսով: Եվս երեք կարգով սուպերհամակարգիչները կհզորանան 2030թ-ից ոչ շուտ: Ամեն դեպքում, նման կարծիք են հայտնում մասնագետները:

Արման Գասպարյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում
Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով
Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները
Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք

Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում

 Բաժնի այլ նյութերը
Revolut-ը՝ ՀՀ-ում Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների
Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները
---