Կոսովոյի անկախությունը կհանգեցնի գլոբալ պատերազմի մետրոպոլիաների դեմ

Կոսովոյի անկախության հռչակումը կարող է նմանատիպ տրամադրություններ բորբոքել Հյուսիսային Կովկասում եւ Արեւմտյան Եվրոպայի ամենաբարգավաճ պետություններում

Եվրոպան մեծ ցնցումների շեմին է: Կոսովոն այնուամենայնիվ որոշեց անկախություն հռչակել` ստանալով ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի որոշ երկրների աջակցությունը: Կոսովոյի անկախության միակողմանի հռչակումը միաժամանակ անխուսափելի է եւ անընդունելի: ԵՄ-ն պառակտվել է` Կիպրոսը, Իսպանիան, Բուլղարիան, Հունաստանը, Սլովակիան եւ Ռումինիան ներքին պատճառներով դեմ են երկրամասի անկախությանը: Ինքնիշխանության հռչակմանը կողմ են Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան եւ Իտալիան, այսինքն այն երկրները, որ ԱՄՆ քաղաքականությունն են վարում Եվրոպայում:
PanARMENIAN.Net - Կոսովոյի անկախության հակառակորդները հիշեցնում են, որ դա հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությանը, 1244 բանաձեւին, որ1999թ. ՆԱՏՕ-ն 80 օր ռմբակոծելուց հետո ներխուժեց Սերբիա, չունենալով ՄԱԿ-ի ԱԽ-ի մանդատը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հերթական անգամ ընդգծեց, որ Ռուսաստանը կտրականապես դեմ է Կոսովոյի անկախության հռչակմանը: «Դա լուրջ վնաս կհասցնի միջազգային իրավունքի ողջ համակարգին եւ բացասական հետեւանքներ կունենա Բալկանների եւ ողջ աշխարհի համար»,-ասել է նա:

Ըստ փորձագետների, Կոսովոյի անկախությունը իրավաբանական նախադեպ է ստեղծում Բոսնիայի եւ Հերցոգովինայի կազմի մեջ գտնվող Սերբական Հանրապետության համար: Այդ տարածքի սերբերը հիմք կստանան Բոսնիայից անջատվելու եւ Սերբիայի հետ միավորվելու իրենց հույսերի իրականացման համար: Կոսովոյին կարող է հետեւել Վրաստանում Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի, Մոլդովայում Մերձդնեստրի, Ռումինիայում Տրանսիլվանիայի ինքնավարությունների շքերթը, դա կարող է նմանատիպ տրամադրություններ բորբոքել Հյուսիսային Կովկասում եւ Արեւմտյան Եվրոպայի ամենաբարգավաճ պետություններում: Կոսովոյի անկախությունը կարող է ոգեւորել Տիրանային Մեծ Ալբանիայի ստեղծմանը: Դա կլինի Վերսալյան խաղաղության վերանայում, որով Ալբանիան տրոհվեց երեք մասի Օսմանյան կայսրության փլուզումից հետո: Էթնիկ ալբանացիները կազմում են Մակեդոնիայի բնակչության քառորդը, լայնորեն ներկայացված են Չերնոգորիայում, բնակվում են Սերբիայի եւ Կոսովոյի հարավային վարչական սահմանին: Անկախության տրամադրումը երկրամասին վերջնականապես կփլուզի Յալթայի-Պոտսդամի արդյունքում ձեւավորված աշխարհակարգը: Եվ, վերջապես, կա դեռեւս Կոսովոյում մնացող սերբական բնակչության հարցը: Սերբերը հավանաբար կլքեն երկրամասի ներքին շրջանները, իսկ Սերբիայի սահմանին մոտ բնակվողները կպահանջեն միավորվել հարազատների հետ: Դրա դեմ նախապես բողոքում է Պրիշտինան` պնդելով, որ երկրամասն անբաժան պետք է մնա:

Ըստ ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Աղաեւի, «Կոսովոյի նախադեպը» ստեղծվում է ԱՄՆ-ի կողմից մեկ նպատակով` տրոհել Վաշինգտոնին անհաճո աշխարհի տարբեր պետությունները: Նրա խոսքերով, «դա իր հերթին բացասական ազդեցություն կունենա Ադրբեջանի վրա, որը դարձել է անջատողականության զոհ»: «Տվյալ դեպքում Ադրբեջանը պետք է հստակ իր վերաբերմունքը հայտնի, քաղաքական գնահատական տա Կոսովոյի վերաբերյալ ամերիկյան նախագծին, գտնում է նա:

Ինչ էլ ասեն եվրոպացի եւ ամերիկացի քաղաքական գործիչները, Կոսովոյի անջատումը Սերբիայից հենց այն նախադեպն է, որից կշտապեն օգտվել աշխարհի շատ տարածաշրջանների չճանաչված պետությունները: Ընդ որում Ռուսաստանին ձգտող կովկասյան հանրապետություններով դա չի սահմանափակվի: Կա նաեւ Հյուսիսային Կիպրոսը, որի մեջքին Թուրքիան է կանգնած, որին վերջերս վերջնականապես մերժեցին ԵՄ-ին անդամակցելու հարցում` «ընդունարանում» գրեթե կես դար սպասելուց հետո: Թուրքիան անպայման կօգտագործի Կոսովոյի նախադեպը իր նպատակների համար: Եվ, ինչպես դա երեւում է Պուտինի խոսքերից, Ռուսաստանը կսատարի նրան: Ավելորդ չէ նկատել, որ Կոսովոյի առնչությամբ «համենայնդեպս» ծրագրեր են նախապատրաստվում աշխարհի տարբեր անկյուններում: Անջատողականությամբ վարակված են ոչ միայն եվրոպական պետությունները, այլ նաեւ Մեծ Մերձավոր Արեւելքը: Իրանում դա Թավրիզի շրջանն է, բնակեցված իրանցի ադրբեջանցիներով, Խուզիստան նահանգը, որտեղ իրանցի արաբներ են բնակվում: Պաղեստինը բաժանվեց երկու մասի: Սկզբունքորեն, փլուզման է պատրաստ նաեւ Իրաքը: Իսկ Թուրքիան հազիվ թե հաշտվի իր սահմանի մոտ անկախ Քրդստանի ստեղծման հետ: Պակիստանից կարող է անջատվել իսլամիստների Հյուսիսային եւ Հարավային Վազիրիստան պետությունը:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---