Վրաստանում շարունակվում է վանդալիզմն ու հայկական եկեղեցիների սեփականացումը

Փաստորեն ստացվում է, որ վրացական կառավարությունը օժանդակում է ՎՈՒԵ-ին` գտնելով, որ հայերը փախչելու տեղ չունեն: Այդ դիրքորոշումը վտանգավոր է եւ ոչ մի արդյունքի չի բերի

Նոյեմբերի 16-ին Վրաց ուղղափառ եկեղեցու սպասավոր հայր Տարիել Սիքինչելաշվիլին բանվորների հետ, բուլդոզերի օգնությամբ սկսել է քանդել Թբիլիսիի Նորաշեն վանքի բակում գտնվող Միխաիլ եւ Լիդիա Թամամշեւների գերեզմանները: Թիֆլիսահայերի վրդովված ամբոխը պահանջել է իրենց տեղը վերադարձնել շիրմաքարերը, լեզվակռիվ է ծավալվել:
PanARMENIAN.Net - Հայր Տարիելը կտրուկ հայտարարություններ է արել հայերի հասցեին` ընդգծելով, թե «հայերը միշտ հակված են յուրացնել այն, ինչ իրենցը չէ», իսկ այն բանից հետո, երբ պատահարի վայր են ժամանել ՀԱԵ տեղի թեմի ներկայացուցիչներն ու Վրաստանի խորհրդարանի հայ պատգամավոր Վան Բայբուրտը, վրացի եկեղեցականը սկսել է արդարանալ, թե ժամանակավորպես տեղափոխում էր քարերը եկեղեցու բակը բարեկարգելու նպատակով, իսկ ավելի ճիշտ «շիրմաքարերի տակ մաքրելու համար...»: Այ հետաքրքիր է` թե ի՞նչն էր պատրաստվում մաքրել այսպես կոչված վանահայրը:

Նորաշենի եկեղեցին կառուցվել է 15 դարի կեսերին: 20-րդ դարի 30-ականներին եկեղեցին, այլ կրոնական կառույցների հետ մեկտեղ, փակվեց կրոնական գործունեության համար եւ օգտագործվում էր որպես գրապահոց: Պետական անկախության վերականգնումից հետո Վրաստանի կառավարությունը չվերադարձրեց եկեղեցին նրա օրինական, պատմական տիրոջը: Ներկայումս վրացական եկեղեցին փորձում է յուրացնել Նորաշենը:

Երկօրյա լռությունից հետո այդ սրբապղծության վերաբերյալ իր կարծիքն է հայտնել Հայ Առաքելական Եկեղեցին (ՀԱԵ): «Մենք խիստ քննադատում ենք վրացի եկեղեցականների գործողությունները Թբիլիսիի Նորաշեն եկեղեցու հանդեպ: Այն, ինչ կատարվում է հայկական Նորաշեն եկեղեցու բակում, հարիր չէ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ բազմադարյա հարաբերությունների ոգուն: Ես համոզված եմ, որ Վրացական ուղղափառ եկեղեցու (ՎՈՒԵ) Սրբազանը կձեռնարկի բոլոր քայլերը, որպեսզի կանխվի քահանա Տարիել Սիքինչելաշվիլիի` քրիստոնեական ոգուն ոչ հարիր գործունեությունը»,- հայտնել է Մայր Աթոռ Սբ.Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար, քահանա Վահրամ Մելիքյանը:

Վահրամ Մելիքյանը նաեւ նշել է, որ ՀԱԵ Վրաց թեմը մինչ օրս չունի պետական կարգավիճակ եւ, փաստորեն, Նորաշեն եկեղեցին նրան չի պատկանում: «Վրաստանի բոլոր հայկական եկեղեցիները պատկանում են պետությանը, եւ նա դրանց հետ անում է ինչ ուզում է, իհարկե, ՎՈՒԵ եկեղեցականների ձեռքերով»,- ասել է Էջմիածնի տեղեկատվական կենտրոնի ղեկավարը:

Մի խոսքով, Վրաստանում շարունակվում է վանդալիզմն ու հայկական եկեղեցիների սեփականացումը, չնայած երկու վարչապետների միջեւ եղած այն պայմանավորվածությանը, որ Նորաշեն եկեղեցուն ձեռք չեն տալու: Բայց դա խնդրի լուծումը չէ: Չգիտես ինչու սինագոգի, կաթոլիկական եկեղեցու կամ մզկիթի առնչությամբ ոչ մի խնդիր չի առաջանում: Արդյո՞ք դա կապված չէ այն բանի հետ, որ Հայաստանը չի կարող վիճել Վրաստանի հետ, որովհետեւ դա միակ ցամաքային ելքն է դեպի արտաքին աշխարհ: Փաստորեն ստացվում է, որ վրացական կառավարությունը օժանդակում է ՎՈՒԵ-ին` գտնելով, որ հայերը փախչելու տեղ չունեն: Այդ դիրքորոշումը վտանգավոր է եւ ոչ մի արդյունքի չի բերի: Կարո՞ղ է Վրաստանը օրինակ է վերցնում Ադրբեջանից, որտեղ հայկական հուշարձանների սեփականացումն ու ոչնչացումը սովորական բան է դարձել: Ամեն ինչ հնարավոր է:

Այդն միջոցին «Կովկաս» թերթը 1850թ. գրում է հայկական գերեզմանատանը նոր կառուցվող եկեղեցու հիմքի օծման մասին: Մեջբերում ենք հաղորդագրության բնօրինակ տեքստը. «Սույն հուլիսի 8-ին, առավոտյան ժամը 8-ին, Մոսկովյան քաղաքամուտքի կողմից դրվել է հայկական եկեղեցու հիմքը, որը, ինչպես ասում են, պետք է հանուն Սբ.Պետրոսի լինի: Տիտղոսավոր Խորհրդական Դավիթ Իվանովիչ Թամամշեւը` այս գովելի գործի մեղավորը, հանձն առավ կառուցել այն` իր ողջ հարդարմամբ, սեփական միջոցներով: Թիֆլիս քաղաքի պատվավոր եւ ոչ պատվավոր անձինք վկայում էին այդ արարողությանը: Աղոթքը կատարում էին տեղական Թեմի Արքեպիսկոպոս Կարապետը, Արքեպիսկոպոս Մինասը եւ մնացյալ հայ հոգեւորականությունը: Նորին Սրբազնությունը, եկեղեցու սովորույթներով կատարելով աղոթքը, լվաց կառույցի քարերը եւ օրհնեց հիմքի բոլոր չորս կողմերը: Սրանից հետո հոգեւորականների երգչախմբի հետ միասին մատուցվեց սուրբ մեռոնը, որով այդ քարերը օծվեցին խաչաձեւ: Այն ոգեւորությունը, որով Նորին Սրբազնությունը կատարում էր ողջ այդ ծեսը, ակամա ներթափանցեց ներկաների հոգիները, համենայնդեպս, ես հուզվել էի հոգուս ողջ խորությամբ: Դրանից հետո, վերցնելով քլունգը, նա հիմքի շուրջը` յուրաքանչյուր կողմում, չորսական փոս փորեց եւ այնտեղ դրեց սավան-կտավի մեջ փաթաթված այն քարերը, որոնք նույնացվում են աղոթքների յուրաքանչյուր Առաքյալին եւ Ավետարանիչին...»:

Մենք չգիտենք, թե Դավիթ Թամամշեւը ինչ ազգակից էր ամուսիններին, որոնք հանգչում էին Նորաշենի բակում: Բայց հստակ է մի բան. Աստված ամենքին ըստ իրենց գործերի է վարձատրում: Եւ վերջում. ահա իսկական վրացու` թբիլիսցի Գելի Վասաձեի կարծիքը. նրան մեկ չէ, թե ինչ է կատարվում իր հայրենիքում: «Տաճարը պետք է հանձնել գրեգորիական եկեղեցուն եւ պետք է հանձնի հենց այն պետությունը, որը հանդիսանում է Վրաստանի բոլոր քաղաքացիերի իրավունքների եւ ազատության երաշխավորը` անկախ ազգությունից եւ դավանանքից: Պետք է հանձնել` անկախ այն բանից, թե արդյոք հայե՞րն են այն կառուցել, թե՞ վրացիները: Դա արդեն ի՞նչ կարեւորություն ունի: Կարեւոր է մեկ այլ բան. այդ քայլն անհրաժեշտ է հենց մեզ` էթնիկական վրացիներիս, որովհետեւ այս Վրաստանում` Թբիլիսիում, Մայդանում առկա բազմազանության մեջ է մեր երկրի ապագան: Դա լինելու է հաղթանակ սեփական անձի եւ բարդույթների նկատմամբ: Վերջերս, երբ Թբիլիսիում էի, ես կրկին հանդիպեցի Վալոդ հորեղբորը (հարեւան Վասաձե` խմբ.) նա բավական նվաղել էր. տարիքից է: Ուրեմն, ես ցանկանում եմ, որպեսզի նա կարողանա ապրել մինչեւ այն օրը, երբ Նորաշենը դառնա գործող եկեղեցի, իսկ ես նայեմ նրա աչքերի մեջ»:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Կոստանյան․ Բաքվին ենք փոխանցել համաձայնագրի 8-րդ խմբագրությունը, սպասում ենք պատասխանի

Կոստանյան․ Բաքվին ենք փոխանցել համաձայնագրի 8-րդ խմբագրությունը, սպասում ենք պատասխանի Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---