Վիկ Դարչինյանը պաշտպանեց իր WBA/ IBF վարկածներով տիտղոսները, իսկ Հայաստանում տեղի ունեցավ սնոուբորդի առաջին առաջնությունը

Մարտի 4-11-ը տեղի ունեցած սպորտային միջոցառումների ամփոփում

Բռնցքամարտ Մարտի 6-ին ԱՄՆ-ի Agua Calente հարթակում աշխարհի մրցումների WBA/IBF մեկնարկի թեթեւքաշային մրցամարտում հայ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը մեծ հաջողությամբ պաշտպանեց իր տիտղոսները մեքսիկացի բռնցքամարտիկ Ռոդրիգո Գուերրերոյի հետ մենամարտելիս: Մենամարտի սկզբում Գուերրերոն հաջողությամբ դիմադրում էր Դարչինյանին, սակայն հայ բռնցքամարտիկի հարվածներն ավելի ու ավելի ուժեղանում էին եւ ավելի դիպուկ էին դառնում: Մենամարտը տեւեց 12 ռաունդ: Երեք դատավորներն էլ հաղթանակը Դարչինյանին տվեցին, եւ նա 118:110, 117:111, 120:108 հաշվով ճանաչվեց հաղթող:

PanARMENIAN.Net - WBA, WIBF եւ WBO վարկածներով գերթեթեւ քաշային կարգում աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը (Գերմանիա) ապրիլի 24-ին Գերմանիայում մրցելու է գերմանացի բռնցքամարտուհի Նադիա Ռաոյի հետ (WIBA վարկածով տիտղոսակիր):

Կենտիկյանը մարտի 9-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ցանկանում է հաղթանակի հասնել նոկաուտով: «Անհամբեր սպասում եմ այս մենամարտին: Այս մարտը նման է լինելու երկու կրակների միջեւ պայքարի, եւ ես պետք է ավելի հզոր լինեմ»,- ասել է Կենտիկյանը:

Հայ սիրողական բռնցքամարտիկները մարտի 9-14-ը մասնակցում են Չեխիայում տեղի ունեցող միջազգային մրցաշարին: Այնտեղ հանդես են գալու 6 բռնցքամարտիկներ` Ազատ Հովհաննիսյանը (57 կգ ք/կ), Արա Պուլուզյանը (60 կգ ք/կ), Հրաչիկ Ջավախյանը (64 կգ ք/կ), Արմեն Եփրեմյանը (69 կգ ք/կ), Անդրանիկ Հակոբյանը (75 կգ ք/կ) եւ Ցոլակ Անանիկյանը (91 կգ ք/կ):

Ձյուդո. Մարտի 7-ին «Դինամո» մարզահամալիրում տեղի է ունեցել ձյուդոյի Հայաստանի առաջնություն: Գավաթին մասնակցում էին մոտ 100 ձյուդոիստներ, որոնցից 15-ը կանայք էին:

Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի սպորտի գծով տնօրեն Հարություն Ամիրխանյանը հայտնեց PanARMENIAN.Net ի թղթակցին, որ տղամարդկանց շարքում գավաթակիրներ են դարձել հետեւյալ ձյուդոիստները. Հովհաննես Դավթյան (60 կգ ք/կ), Տիգրան Վարոսյան (66 կգ ք/կ), Հայկ Համբարձումյան (81 կգ ք/կ), Արմեն Իսպիրյան (90 կգ ք/կ), Հակոբ Առաքելյան (100 կգ ք/կ) եւ Ազատ Աբրահամյան (ք/կ+100):

Ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանի խոսքերով Գավաթն անց է կացել Միջազգային ֆեդերացիայի չափորոշիչներին համապատասխան, եւ առաջին անգամ բոլոր մենամարտերը նկարահանվել են տեսախցիկով:

Հայաստանի գավաթի խաղարկությունից հետո մարտի 15-29-ը ձյուդոիստներն Աբովյանում անցկացնելու են ուսումնամարզական հավաք, որտեղ պատրաստվելու են Եվրոպայի առաջնությանը: Առաջնությունը տեղի է ունենալու ապրիլի 21-ին Վիեննայում (Ավստրիա):

Թենիս. Դեվիսի Գավաթ-2010-ի 1/8 եզրափակչում Արգենտինայի հավաքականը հաղթանակ տարավ Շվեդիայի հավաքականի հանդեպ: Այդպիսով, 1/4 եզրափակչում Արգենտինայի ներկայացուցիչները կհանդիպեն Ռուսաստանի հավաքականի հետ: Ինչպես հաղորդում է gotennis.ru-ն, Արգենտինա-Ռուսաստան հանդիպումը կկայանա Մոսկվայում հուլիսի 9-11-ը:

Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը 1/8 եզրափակչում չորս սեթերում առանց դժվարության 7:5, 6:3, 4:6 եւ 6:4 հաշվով հաղթեց շվեդացի Անդրաս Վինչիգուերրուին:

Հաղթանակից հետո Նալբանդյանը խոստովանեց, որ իրեն կրկին անհանգստացնում էր ոտքի ցավը: «Հանդիպման հենց սկզբից ես ինձ այնքան էլ լավ չէի զգում: Այն բանից հետո, երբ ես հաղթեցի առաջին սեթում, զգացի, որ ոտքս ցավում է, եւ ամեն հաջորդ խաղարկմանը ես գնալով ավելի վատ էի զգում: Բայց ես պարզապես փորձեցի 100%-ով գործի դնել իմ ունակությունները, եւ այսօր դա բավական եղավ: Մենք բոլորս շատ լավ աշխատանք կատարեցինք այս հանգստյան օրերին: Մեր բոլոր մարզիկներն ամենաբարձր մակարդակով խաղացին, եւ ես ցանկանում եմ շնորհավորել նրանց»,- ասաց Նալբանդյանը:

Ծանրամարտ. Ապրիլի 2-11-ը Մինսկում (Բելոռուս) տեղի է ունենալու տղամարդկանց եւ կանանց շարքում Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը:

Հայաստանը Եվրոպայի տղամարդկանց առաջնությունում ներկայացնելու են 7 ծանրորդներ: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Աշոտ Մխիթարյանը հայտնել է PanARMENIAN.Net ի թղթակցին, որ առաջնության մեկնարկից առաջ անցկացվել է 4 ուսումնամարզական հավաք. «Այժմ մենք Ծաղկաձորում ենք, իսկ մարտի 18-ին մեկնելու ենք Մինսկ, որտեղ անցկացնելու ենք վերջին հավաքը»,- ասել է Մխիթարյանը:

Առաջնությանը մասնակցելու են հետեւյալ ծանրորդները. Սմբատ Մարգարյան (6 կգ ք/կ), Առաքել Միրզոյան եւ Տիգրան Մարտիրոսյան (երկուսն էլ 77 կգ ք/կ), Էգդար Գեւորգյան եւ Գեւորգ Պողոսյան (երկուսն էլ 85 կգ ք/կ), Արթուր Բաբայան (105 ք/կ) եւ Ռուբեն Ալեքսանյան (ք/կ+105): Կանացից ելույթ են ունենալու Մելինե Դալուզյանը (69 ք/կ) եւ Հռիփսիմե Խուրշուդյանը (75 ք/կ):

Ֆուտբոլ. Մարտի 10-ին ՖՖԱ կենտրոնակայանում տեղի է ունենալու ՖՖԱ Հանձնաժողովի արտոնագրման նիստը, որի նպատակը «ազգային» արտոնագիր ստանալու արժանի թիմերի բացահայտումն էր:

Հանձնաժողովը որոշում կայացրեց, որի համաձայն արտոնագիր ստանալու են բարձրագույն լիգայի 8 ակումբներ` «Փյունիկ», «Միկա», «Ուլիս», «Բանանց», «Գանձասար», «Շիրակ», «Կիլիկիա» եւ «Էրեբունի-Դիլիջան»:

Հայաստանի մինչեւ 17 տարեկանների ֆուտբոլի հավաքականը ժամանել է Իրան, որտեղ կայանալու է Իրանի մինչեւ 17 տարեկանների ֆուտբոլի հավաքականի հետ 2 ընկերական հանդիպում: Հանդիպումները տեղի են ունենալու մարտի 12-ին եւ 14-ին Թեհրանում:

Հովհաննես Գոհարյանը «ԲԱՏԷ» կազմում դարձել է Բելառուսի Սուպերգավաթի հաղթող: Մարտի 8-ին «ԲԱՏԷ»-ն հանդիպել է «Նավթանուի» հետ եւ հաղթել հետխաղային 11 մետրանոցով:

Շախմատ. Մարտի 5-19-ը խորվաթական Ռիեկ քաղաքում տեղի է ունենում Եվրոպայի շախմատի անհատական առաջնությունը տղամարդկանց եւ կանանց շարքում: Հայաստանը ներկայացնում են 17 շախմատիստներ եւ շախմատիստուհիներ: 5 փուլերից հետո ամենաբարձր արդյունքներն ունեն Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը, կանանցից` Լիլիթ Գալոյանը: 3-ն էլ առաջատարներից ետ են մնում 0,5 միավորով:

Սնուոբորդ. Մարտի 6-ին Ծաղկաձորում կայացավ Հայաստանի սնոուբորդքրոսի առաջին բաց առաջնությունը: Այն կազմակերպել էին ԱՄՆ դեսպանությունն ու Հայաստանի Օլիմպիական կոմիտեն: Չեմպիոն դարձավ Կարեն Միրզոյանը:

Առաջնությանը ներկա էին Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը եւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարար Արթուր Պետրոսյանը:

Մարի Յովանովիչը նշեց, որ ուրախ է Հայաստանում սնոուբորդի առաջին առաջնության կայացման համար: «Հուսով եմ` դա միայն սկիզբն է, եւ որ սնոուբորդը կզարգանա Հայաստանում: Շնորհակալություն Ամբերին ու Էրինին, ովքեր Յուտայից Հայաստան ժամանեցին որպես «սպորտի դեսպաններ»,- ասաց նա:

Հայաստանում ԱՄՆ դեսպանության եւ ՀՀ Օլիմպիական կոմիտեի հրավերով Հայաստանում էին ԱՄՆ-ից ժամանած սնոուբորդիստուհիներ Ամբեր Սթոքհաուսը եւ Էրին Քոմսթոքը: Նրանք Հայաստան էին ժամանել «Սպորտի դեսպաններ» ծրագրի շրջանակներում եւ իրենց ավանդը ներդրել Հայաստանում սնոուբորդի առաջնության անցկացման գործում:

 Ամենաընթերցվողը բաժնում
Մասնագետը՝ առողջ ապրելակերպի մասին
Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ
Լավագույն app-երը՝ առավել զգուշավորների այլընտրանք
Ինչպես են մարզասրահները և մարզվողները «ֆորմի մեջ» մնում
 Ուշադրության կենտրոնում
Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր

Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը

 Բաժնի այլ նյութերը
Easy ֆուտբոլ՝ մեծ էկրանին Դարձիր «12-րդ խաղացող» Անգլիական այգում, երկրպագիր մերոնց մաքուր օդին
Ուղին անվանում է առաջնամագլցողը Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու
Բրազիլական ջիու-ջիցուն Հայաստանում Գետնի վրա մենամարտել իմացողն առավելություն ունի
---