Աշխարհում գները նվազում են, իսկ Հայաստանում` աճում

Պարենային ապրանքի գնաճի բարձր տեմպերը զգալիորեն «կհարվածեն» բնակչության գրպանին

2010թ. մայիսին ապրիլի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.0 տոկոս գնաճ: Ընդ որում, պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գներն աճել են 1.8 տոկսով, ոչ պարենային ապրանքներինը`0.9 տոկոսով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.2 տոկոս նվազում:

PanARMENIAN.Net - Պարենային շուկայում գնաճը հիմնականում պայմանավորված է 10.4-16.7%-ով մրգերի և բանջարեղենի գնաճով: Բացի դրանից, 2010թ. մայիսին 2009թ. մայիսի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 106.3 տոկոս:

Այնուամենայնիվ, Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը գտնում է, որ Հայաստանում գնաճի մակարդակն ավելի բարձր է, քան նշվում է պաշտոնական վիճակագրական տվյալներում, քանի որ իրական գնաճի մասին կարելի է դատել գնահատող տվյալներով կամ ՀՆԱ ինդեքսով, որն ընթացիկ տարվա մայիսին 2009-ի մայիսի համեմատ աճել է 10 տոկոսով, ինչն ըստ էության արտացոլում է գնաճի իրական պատկերը Հայաստանում: Գնաճի տեսակետից 2010 թվականը բավական լարված է, և միայն առաջին 5 ամիսների ընթացքում սպառողական գնաճը կազմել է 5.3%:

Միևնույն ժամանակ ամբողջ աշխարհում պարենային մթերքի գները նվազում են: Չիկագոյի ապրանքահումքային բորսայի տվյալների համաձայն, 2010թ. հունվար-մարտ ամիսներին հացահատիկի գները կրճատվել են 15.6%-ով, նույն ժամանակամիջոցում կրճատվել են նաև բրնձի գները` 7.5%-ով, և շաքարավազի գները` 5%-ով: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին, ապա սա իրական տնտեսական իրադրություն է օլիգարխիկ համակարգ ունեցող երկրում, որտեղ ամեն ինչ որոշում են մենաշնորհները. նրանք անում են ամեն ինչ, որպեսզի փոքր և միջին բիզնեսը չսպառնա նրանց եկամուտներին: Տնտեսության մենաշնորհման ամենավառ օրինակն իրադրությունն է վառելիքի շուկայում, որտեղ 2010 թվականի մայիսին անցյալ տարվա նույն շրջանի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աչել են 31% և 34%-ով համապատասխանաբար, մինչդեռ նավթի միջազգային գները գրեթե անփոփոխ են մնացել:

Սակայն Հայաստանի բնակչությանն ամենից շատ անհանգստացնում են պարենային ապրանքներիի գները, և մասնավորապես` բանջարեղենի մեծ գնաճը: Այդպես, 2010 թվականի մայիսին 2009 թվականի մայիս ամսվա համեմատ բանջարեղենի գներն աճել են 11.1%-ով, իսկ ընթացիկ տարվա ապրիլ ամսվա համեմատ` 10.4%-ով: Միևնույն ժամանակ մայիսին ապրիլի համեմատ կարտոֆիլի գինն աճել է 47.2%, կանաչ պղպեղի գինը` 9.9%, բազուկի գինը` 21.7%, կաղամբի գինը` 33.2%, իսկ գազարի գինը` 73.5%-ով:

Մասնագետների կանխատեսմամբ, կարտոֆիլի գինը Հայաստանում ընթացիկ տարում կբարձրանա 30 տոկոսով, քանի որ ցանքատարածությունները Շիրակի և Գեղարքունիքի մարզերում, ինչպես նաև Արարատյան դաշտավայրում կրճատվել են 30 տոկոսով: Ընթացիկ տարում սերմերը գրեթե չեն նորացվել, հանրապետություն է ներկրվել 800-1000 տոննա սերմ, ինչը պահանջարկի ընդամենը 10 տոկոսն է կազմում:

Հայաստանում պարենային ապրանքի գները միջազգայինից բարձր են, բայց դրա հետ մեկտեղ աշխատավարձն ու թոշակները` մի քանի անգամ ցածր: Հայաստանում ընթացիկ տարվա ապրիլին միջին անվանական աշխատավարձը կազմել է 108 05 դրամ ($274, 204 եվրո կամ 7985 ռուբլի), իսկ միջին թոշակը երկրում կազմում է 26 հազ. դրամ: Վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանում նվազագույն պարենային զամբյուղը կազմում է 27 հազ. դրամ, իսկ 2009 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով նվազագույն սպառողական զամբյուղի ամենամսյա արժեքը (այդ եռամսյակի փաստացի գների համաձայն) կազմում է 37.3 հազ. դրամ: Այդպիսով, պարենային զամբյուղը կազմում է սպառողական զամբյուղի ավելի քան 70%-ը, և պարենային ապրանքի գնաճի նման բարձր տեմպերը զգալիորեն «կհարվածեն» բնակչության գրպանին: Նման հանգամանքներում զարմանալի չէ, որ կրճատվելու փոխարեն երկրում աղքատության մակարդակը միայն աճում է` ներկա պահին կազմելով բնակչության ընդհանուր թվի ավելի քան 25%-ը:

Հռիփսիմե Հայրապետյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---