Լևոն Արոնյանը կխաղա արագ շախմատի ավանդական մրցաշարում

Մայիսի 27-ից հունիսի 3-ը տեղի ունեցած գլխավոր սպորտային իրադարձությունների ամփոփում

Շախմատ. Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների հանդիպումները կայանալու են 2 երկրներում: 4 շախմատիստներ խաղալու են Բաքվում, իսկ մնացած 4-ը, այդ թվում Արոնյանը` մեկ այլ երկրում, որն ավելի ուշ հայտնի կդառնա: Ավելի վաղ Արոնյանը հայտարարել էր, որ չի պատրաստվում հանդես գալ Բաքվում աշխարհի առաջնության եզրափակիչ խաղերի ուղեգիր նվաճելու համար:

PanARMENIAN.Net - Խաղերը մեկնարկում են 2011-ի մարտի 1-ից և անցնելու են նոկաուտ համակարգով: 8 հավակնորդներից հայտնի են 7-ը. Լևոն Արոնյան (Հայաստան), Վեսելին Տոպալով (Բուլղարիա), Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան), Մագնուս Կարլսեն (Նորվեգիա), Գատա Կամսկի (ԱՄՆ), Բորիս Գելֆանդ (Իսրայել) և Թիմուր Ռաջաբով (Ադրբեջան):

Իսկ արդեն հունիսի 4-6-ը Արոնյանն իսպանական Լեոն քաղաքում կմասնակցի արագ շախմատի ավանդական մրցաշարին: Նրա մրցակիցներն են լինելու Բորիս Գելֆանդը, Լենյեր Դոմինգեսը (Կուբա) և Ֆրանսիսկո Վալյեխո Պոնսը:

Բռնցքամարտ. Բրիտանացի բռնցքամարտիկ Կարլ Ֆրոչը պատրաստվում է փոխել իր ոճն Արթուր Աբրահամի հետ մարտում: «Super Six World Boxing Classic» մրցաշարի երրորդ փուլն այդ բռնցքամարտիկների միջև կկայանա, բայց դեռ ոչ ոք չի կարող կոնկրետ ամսաթիվ նշել, քանի որ բռնցքամարտիկները չեն կարողանում որոշել մենամարտի անցկացման վայրը: Ֆրոչն ասել է, որ մանրակրկիտ ուսումնասիրել է Աբրահամ-Անդրե Դիրել (ԱՄՆ) մենամարտը, որում հայ բռնցքամարտիկը որակազրկվեց արգելված հարվածի պատճառով:

Հայ բռնցքամարտիկի փրոմոութեր Կալե Զաուերլանդն առաջարկել է, որպեսզի մենամարտը կայանա Մայորկայում (Իսպանիա), բայց Ֆրոչը և նրա թիմը հրաժարվել են: Պատճառը` շոգ եղանակն է: Ֆրոչը ցանկանում է, որպեսզի մենամարտը կայանա Նոթինգհեմում կամ ԱՄՆ-ում, իսկ Աբրահամի թիմն առաջարկում է մարտն անցկացնել Գերմանիայում կամ Եվրոպայի այլ երկրում:

Աբրահամի և «Զաուերլանդ» թիմի մարզիչ Ուլի Վեգները ստացել է գերմանական Դաշնային խաչ ներդրած ավանդի համար: «Նման պարգև ստանալը մեծ պատիվ է ինձ համար և այն, իրականում, շատ մեծ նշանակություն ունի: Առանց իմ թիմի և իհարկե առանց իմ բռնցքամարտիկների ես չէի կարող հասնել նման հաջողությունների»,- ասել է Վեգները:

Ֆուտբոլ. Մայիսի 29-ին և 30-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն լիգայի 9-րդ տուրը: Առաջին օրը «Ուլիսն» ընդունեց «Գանձասարին» և հաղթեց 1:0 հաշվով: 88-րդ րոպեին գոլ խփեց Արա Հակոբյանը:

«Միկա»-«Փյունիկ» կենտրոնական խաղը «Միկա» մարզադաշտի փոխարեն տեղի ունեցավ Արարատի «Այգ» մարզադաշտում: Առաջին խաղակեսի վերջում սեփական դարպասը գրավեց Հրայր Մկոյանը, իսկ խաղի վերջնական հաշիվը հաստատեց Վահագն Մինասյանը: «Փյունիկը» հաղթել է 2:0 հաշվով: «Բանանցը» հաղթեց «Իմպուլսին» Միգել դա Սիլվայի օգնությամբ: Իսկ «Շիրակը» առաջին հաղթանակը տարավ այս խաղաշրջանում` հաղթելով «Կիլիկիային» 4:1 հաշվով: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Փյունիկը», որն ունի 23 միավոր, 2-րդ տեղում է «Բանանցը» 20 միավորով, իսկ «Ուլիսը» 3-ն է 20 միավորով:

Դոնեցկի «Մետալուրգի» պաշտոնական կայքէջը որոշել է ակումբի 2009-2010թթ. խաղաշրջանի լավագույն կիսապաշտպանին: Քվեարկության արդյունքում առաջին տեղը գրավեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը: Ի օգուտ նրան քվեարկել է 134 երկրպագու` 32 տոկոսը: Սերբ կիսապաշտպան Ջորջ Լազիչը 92 ձայնով ` 22 տոկոս, գրավել է երկրորդ տեղը: Մեկ այլ հայ կիսապաշտպան Արտակ Դաշյանը հավաքել է 10 ձայն` 2 տոկոս, և զբաղեցնում է 7-րդ տեղը: Իսկ Արարատ Առաքելյանը, որը խաղաշրջանի կեսից տեղափոխվեց Երևանի «Բանանց» ակումբը` 8-րդ տեղում է:

Երևան է ժամանել հայազգի ֆուտբոլիստ Արազ Օզիբիլիսը, որը հանդես է գալիս հոլանդական «Այաքս» ակումբում: Նա մարզվում է Երևանի «Փյունիկ» ակումբի հետ, ինչը հնարավորություն կտա Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականների գլխավոր մարզիչներ Վարդան Մինասյանին և Ֆլեմինգ Սերցիլևին ծանոթանալ հարձակվողի հնարավորություններին:

Թենիս. Արգենտինայի թենիսի տղամարդկանց հավաքականի ավագ Մոդեստո Վասկեսը հրապարակեց Արգենտինայի հավաքականի կազմը, որը հուլիսի 9-11-ը Մոսկվայում Դևիսի գավաթի 1/4 եզրափակչում կհանդիպի Ռուսաստանի հավաքականի հետ, հաղորդում է Դավիթ Նալբանդյանի պաշտոնական կայքէջը: Հավաքականի կազմում ընդգրկվել են Դավիթ Նալբանդյանը, Խուան Մոնակոն, Օրասիո Սեբալյոսը, Էդուարդո Շվանկը, Լեոնարդո Մայերը և Ֆեդերիկո Դել Բոնիսը: Խուան Մարտին Դել Պոտրոն բացակայում է, քանի որ շարունակում է բուժել դաստակի վնասվածքը: 1/8 եզրափակչում արգենտինացիները հաղթեցին Շվեդիայի հավաքականին, երբ Դավիթ Նալբանդյանը, որը հասցրել էր վերականգնվել վնասվածքից հետո, հաղթեց որոշիչ` հինգերորդ մենամարտում:

Հոկեյ. Օրերս կայացավ Հոկեյի միջազգային ֆեդերացիայի (IHF) կոմիտեի նիստը, որի ժամանակ որոշում ընդունվեց անորոշ ժամկետով Հայաստանի հավաքականի որակազրկման մասին: Հայաստանի հավաքականը հանդես է գալիս երրորդ (ամենաստորին) դիվիզիոնում: Այս տարի աշխարհի առաջնությանը թիմի կազմում մասնակցում էին մի քանի ամերիկահայ մարզիկներ: Հայաստանի Հոկեյի ֆեդերացիան նրանց մասին ոչ ստույգ տվյալներ էր ներկայացրել: Որակազրկման ժամկետն ավելի ուշ կորոշվի:

Ըմբշամարտ. Մայիսի 29-30-ը «Դինամո» մարզադահլիճում տեղի ունեցավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի անվան միջազգային երիտասարդական մրցաշարը: 9-րդ միջազգային մրցաշարին մասնակցում էին 40 ըմբիշներ Հայաստանից, Ռուսաստանից և Վրաստանից: 8 քաշային կարգերից 6-ում հաղթող են դարձել հայ մարզիկները` Գոռ Ներսիսյանը (55 ք/կ), Դավիթ Խաչատրյանը (60 ք/կ), Գևորգ Սահակյանը (66 ք/կ), Ռուբեն Ղարիբյանը (74 ք/կ), Արթուր Ալեքսանյանը (84 ք/կ), Էդուարդ Սողոմոնյանը (96 ք/կ): 50 և 120 կգ քաշային կարգերում հաղթել են համապատասխանաբար Տորնիկե Մախարաձեն (Վրաստան) և Վրեժ Հարությունյանը (Ռուսաստան): Ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարը Հայաստանում տեղի կունենա հոկտեմբերին, այն կնվիրվի Ստեփան Սարգսյանին:

Օլիմպիադա. Իտալիայում կայացած Նետաձգության Եվրոպայի երիտասարդական գավաթի խաղարկության ժամանակ Վասիլ Շահնազարյանը գրավեց 2-րդ տեղը 87 մասնակիցների թվում, հաղորդում է Հայաստանի Օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքէջը: Եվրոպայի գավաթը վարկանշային է և Շահնազարյանը նվաճեց օգոստոսի 14-26 կայանալիք Սինգապուրի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Ավելի վաղ Սինգապուրի ուղեգիր էր նվաճել յոթ հայ մարզիկ` 2 ծանրորդ և ըմբիշ, ինչպես նաև մեկական ատլետ, ձյուդոիստ և նետաձիգ:

Ատլետիկա. Ստամբուլում կայացել է Սազակիի անվան ատլետիկայի պատանեկան միջազգային մրցաշարը, որին մասնակցել են շուրջ 20 երկրների մարզիկներ:

Հայաստանի հավաքականը նվաճեց մեկ ոսկե և երկու բրոնզե մեդալ: Սաթենիկ Հովհաննիսյանն առաջին տեղը գրավեց հեռացատկում` ցույց տալով 5,43 մետր արդյունքը: Նարեկ Խաչատրյանը (1995-96թթ. ծնված պատանիների շրջանում) և Էրիկ Փորսուղյանը (1993-94թթ. ծնվածների շրջանում) 100 մ վազքում գրավեցին 3-րդ տեղը, PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել Հայաստանի ատլետիկայի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նարինե Շահբազյանը:

Մայիսի 30-ին տեղի ունեցավ ատլետիկայի Հայաստանի առաջնությունը, մասնակցում էին 120 մարզիկներ Երևանից, Արտաշատից, Մասիսից, Կապանից և 12 թիմ Լեռնային Ղարաբաղից: Առաջնության արդյուներով կձևավորվի Հայաստանի հավաքականը, որը հունիսի 19-20 Մարսա քաղաքում (Մալթա) կմասնակցի Եվրոպայի թիմային առաջնությանը:

Հեռացատկի առաջնությունում Արսեն Սարգսյանը ցույց տվեց 7.96 մ արդյունք և նվաճեց Բարսելոնայի միջազգային մրցաշարում հանդես գալու իրավունք, որը տեղի կունենա հունիսին: Բարսելոնայում հանդես կգա նաև Արմեն Անդրեասյանը (100-մետրանոց վազք), որը դեռ 2009-ին միջազգային մրցաշարի ուղեգիր է նվաճել:

Սուսերամարտ. Քութայիսում (Վրաստան) տեղի է ունեցել սուսերամարտի միջազգային մրցաշար: Մասնակցում էին մարզիկներ Հայաստանից, Վրաստանից, Թուրքիայից և Ադրբեջանից: Հայ սուսերամարտիկները հաջող են հանդես եկել և նվաճել են 7 մեդալ:

Տղամարդկանց շարքում «ճկասուսեր» ոճում առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրել են Արմենակ Գասպարյանը և Գևորգ Հարությունյանը: «Խոցասուսերում» հավասարը չուներ Սպարտակ Հարությունյանը, իսկ Ռոբերտ Խաչատրյանը զբաղեցրել է 2-րդ տեղը:

Կանանց թվում «ճկասուսեր» ոճում Սուսաննա Ղազարյանը դարձել է մրցաշարի հաղթող, իսկ Հասմիկ Աղաբաբյանը և Մանիկ Հակոբյանը զբաղեցրել են 3-րդ տեղը:

Ձյուդո. Վրացական Ախմետա քաղաքում ընթանում է ձյուդոյի պատանեկան մրցաշարը` նվիրված օլիմպիական չեմպիոն Զվիադ Զվիադուրիի մարզիչ Գուգուրի Աբրամաշվիլուն: Հայ ձյուդոիստներից Էդգար Միքայելյանը (60 ք/կ) եզրափակիչում պարտվել է և նվաճել արծաթե մեդալ, Արսեն Գևորգյանը (42 ք/կ) և Հարություն Դերմիշյանը (46 ք/կ) բրոնզե մեդալակիրներ են դարձել:

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Օլիմպիական մեդալներն ու կամքի հաղթանակները
Գետնի վրա մենամարտել իմացողն առավելություն ունի
Մասնագետը՝ առողջ ապրելակերպի մասին
Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ
 Ուշադրության կենտրոնում
«Ռոմայում» ուզում են, որ Մխիթարյանը մնա թիմում

«Ռոմայում» ուզում են, որ Մխիթարյանը մնա թիմում Ֆոնսեկան հայտարարել է, որ ակումբը մտադիր է թիմում պահել վարձակալությամբ հանդես եկող Մխիթարյանին և Սմոլինգին

 Բաժնի այլ նյութերը
Ուղին անվանում է առաջնամագլցողը Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու
Ջուրը վերափոխում է պարալիմպիկ լողորդին «Խնդիրս անհետանում է, դառնում եմ ազատ»