// IP Marketing video - START// IP Marketing video - END

Հայաստանում կբացվի «Ինտել» գիտական կենտրոն, իսկ հայկական ներկայացուցչությունը Սիլիկոնային հովտում կներկայացնի Հայաստանի ՏՏ ոլորտը ԱՄՆ-ում

Հունիսի 28-ից մինչեւ հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում հիմնական իրադարձությունների ամփոփում

Հայաստանում 2010 թ. հունվար-մայիս ամիսներին կապի բնագավառում կապի ծառայություններից ստացած դրամական հասույթը կազմել է 66,8 մլրդ դրամ` համեմատական գներով: Այդպիսով, կապի ծառայություններից ստացված հասույթը 10.6%-ով աճել է 2009թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ: Միաժամանակ, Հայաստանում 2010 թվականի հունվարից մայիս ընկած ժամանակահատվածում 599 համակարգիչ է արտադրվել: Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության հաղորդման համաձայն, համակարգիչների արտադրությունն աճել է 6,6%-ով` 2009 թվականի նույն շրջանի (562 համակարգիչ) համեմատ:

PanARMENIAN.Net - Ինտերնետի միջին արագությունը Հայաստանում 2010 թվականի հունիսի դրությամբ կազմել է 303.85 Կբ/վ: Նման եզրակացության են հանգել է www.speedtest.am կայքում զետեղված հետազոտության հեղինակները, որոնց զեկույցում ներկայացված է հունիս ամսվա պատկերը և պարունակում է մանրամասն տեղեկատվություն: Զեկույցի տվյալները ստացվել են www.speedtest.am կայքի հունիս ամսվա ընթացքում` մոտ 37000 այցելուների ավելի քան 89000 չափումների հիման վրա: Ամենաբարձր արագությունն, ըստ զեկույցի, ապահովում են Ucom 636.66 կբ/վ, FastNet 450.99 կբ/վ, Orange 345.43 կբ/վ, Cornet 334.15 կբ/վ և Beeline 332.00 կբ/վ պրովայդերները: Ամենացածր արագությունն ունի Infotech 190.49 կբ/վ պրովայդերը, ասված է զեկույցում:

«Ինտել» գործակալության նախկին ղեկավար Քրեյգ Բարեթը հունիսի 29-ին հանդիպում է ունեցել Հայաստանի նախագահի եւ վարչապետի հետ: Կողմերը քննարկել են համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները մասնավորապես, անդրադարձել են «World Ahead» ծրագրի շրջանակներում ծավալված համագործակցության ընթացքին։ Ծրագրով նախատեսվում է դպրոցների համակարգչային հագեցվածության ապահովում և ուսուցիչների վերապատրաստման ծրագրերի իրականացում։

Տիգրան Սարգսյանն ընդգծել է «Ինտել» գործակալության հետ համատեղ գիտահետազոտական կենտրոնի ստեղծման կարևորությունը, ինչը ողջունել է «Ինտել» գործակալության տնօրենների խորհրդի նախկին նախագահը։ Խոսելով «Արմթեք-2009» համաժողովի շրջանակներում Սիլիկոնային հովիտ կատարած այցի մասին` կառավարության ղեկավարն անդրադարձել է վենչուրային հիմնադրամների գործունեությանը և կարևորել «Ինտել» գործակալության փորձի կիրառումը Հայաստանում վենչուրային հիմնադրամի ստեղծման գործում։

ՀՀ նախագահը հունիսի 28-ին մրցանակ է շնորհել Ինտել գործակալության գլխավոր գործադիր տնօրեն, տնօրենների խորհրդի նախկին նախագահ Քրեյգ Բարեթին` «ՏՏ ոլորտի զարգացման մեջ ունեցած ավանդի համար»: Մրցանակը սահմանվել է 2009 թվականին և Synopsys Armenia-ի նախաձեռնությամբ այն ամեն տարի կշնորհվի ՏՏ ոլորտում եզակի ներդրում ունեցող անձանց:

2010 թվականի աշնանը Սիլիկոնային հովտում կբացվի հայկական ներկայացուցչություն: Այս մասին հայտարարել է Synopsys Armenia գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը: Ըստ նրա, ՀՀ կառավարությունը մտադիր էր ներկայացուցչությունը բացել դեռևս անցայլ տարի, սակայն, որոշ տեխնիկական պատճառներով գրասենյակի բացումը հետաձգվել է:

«Ներկայացուցչության բացումը Սիլիկոնային հովտում թույլ կտա հայկական ընկերություններին առավել լավ ներկայացված լինել ԱՄՆ-ում, ավելի մոտ լինել Սիլիկոնային հովտին, այն գիտակրթական միջավայրին, որը գոյություն ունի: Կարծում եմ, ժամանակի հետ մենք կտեսնենք այդ գործունեության արդյունքները»,-ասել է Հովիկ Մուսայելյանը:

Համակարգչային ցանցը կարող է միավորել Հայաստանի կապի և տրանսպորտի նախարարությունները: Նախարարության մշակած համակարգը կապահովի տեխսպասարկում անցած յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի մասին տեղեկություններ ստանալ: Այդ համակարգերի հետ համագործակցելու թույլտվություն կունենա նաև ՀՀ ճանապարհատրանսպորտային ոստիկանությունը: Նախարարության հաղորդագրության մեջ ասված է, որ համակարգչային ցանցը թույլ կտա ուժեղացնել տեխսպասարկման կայանների գործունեության վրա սահմանված հսկողությունը: Ուշադրության արժանացնելով այն, որ ավտոտրանսպորտային միջոցների պարտադիր տեխսպասարկման իրականացման գործընթացը պետք է պարզեցվի, նախարարությունը մշակել է և շուտով քննարկման կներկայացնի համապատասխան որոշման նախագիծը, որի համաձայն, ավտոտրանսպորտային միջոցների պարտադիր տեխսպասարկումը կիրականացվի անկախ տրանսպորտային միջոցի հաշվառման տեղից, ինչպես նաև որոշվելու է տեխսպասարկման կտրոնի տեղադրման տեղը:

Հայաստանում անհրաժեշտ է կապի տեսչություն ստեղծել: Այս առնչությամբ նախարարը հավելել է, որ կապի տեսչությունը կհետևի, թե ինչ ծառայություններ են տրամադրվում երկրի մարզերում և ինչպես են գործում կապի օպերատորներն ու պրովայդերները: ՀՀ «Տեղեկատվության մասին» օրենքն առավելապես վերաբերում է ոչ թե կառավարման, այլ կարգավորման հարցերին, և այս առումով ֆիզիկական ցանցերի կարգավորման անհրաժեշտություն կա, գտնում է Հայաստանի տրանսպորտի ու կապի նախարար Մանուկ Վարդանյանը:

«Միջգերատեսչական որոշակի վեճ կա, որի արդյունքում, հուսով եմ, ինչ-որ որոշում կկայացվի»,-ասել է նա: Այս նույն ժամանակաընթացքում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) նախազգուշացրել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ին` առաջարկվող ծառայությունների մասին ոչ լիարժեք տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ վարույթի հիման վրա, որը հարուցվել էր հունիսի 30-ին հանձնաժողովի արտահերթ նիստում:Վարույթը հարուցվել էր մամուլի հրապարակման հիման վրա: Այդ հրապարակման համաձայն` բաժանորդը սպասարկման կենտրոնից ձեռք է բերել 1000 դրամանոց լիցքավորման քարտ` գիշերային ժամերին ինտերնետ ծառայությունից օգտվելու նպատակով, և հետագայում պարզել, որ իր հաշվեկշռում ունենալով 360 դրամից պակաս գումար չի կարող օգտվել տվյալ ծառայությունից: Հաշիվը սպառելուց հետո գանձվում է ևս 83 դրամ, ու այդ մասին չեն տեղեկացնում ոչ սպասարկման կենտրոնում և ոչ էլ ընկերության ինտերնետային կայքում:

Բջջային կապի օպերատորի նման գործելաոճը հանձնաժողովը որակել է որպես սպառողին մոլորության մեջ գցելու և անբարեխիղճ մրցակցություն վարելու փորձ: Բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ «ԱրմենՏելը» վերացրել է խախտումը և պատրաստակամություն հայտնել փոխհատուցելու սպառողներին հասցրած վնասը, ընկերության նկատմամբ կիրառվել է մեղմ պատժամիջոց` նախազգուշացում:

Վերջերս Վիկիպեդիայի ռուսալեզու բաժնի իրավարար հանձնաժողովը որոշում է կայացրել «Բաքվի 26 վիկիպեդիաբանների» գործի վերաբերյալ: Divot կեղծանունով ռուս մասնակցի հայցով` ընդդեմ 26 խմբագիրների, մեղադրանքներ է ներկայացվում արտաքին աղբյուրներում ադրբեջանցիների մի շարք խախտումների վերաբերյալ, որոնք դեմ են Վիկիպեդիայի կանոններին: Առավել չարությամբ արտահայտված կանոնախախտներին զրկել են Վիկիպեդիայում գործելու իրավունքից 3-6 ամիս:

Divot-ը հավաստում է, որ փոստային գաղտնի առաքման նյութերի թույլտվություն ստանալով, մասնակիցները մի քանի տարի շարունակ համակարգել են իրենց գործողությունները` Վիկիպեդիայի հոդվածները խմբագրելով, իրենց դուր չեկած մասնակիցներին դուրս թողնելով, որոշ առումով, հնարավոր է, որ ազդեցություն են գործել նաև Վիկիպեդիայի իրավարարների ընտրության վրա:

Մեկ շաբաթվա ընթացքում մի քանի հայկական կայքեր ենթարկվել են ադրբեջանցի հակերների հարձակմանը: Հուլիսի 2-ի երեկոյան կոտրվել են «Հենարան» մամուլի ակումբի Henaran.am և Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի sambo.am կայքերը, որոնց տեղում հայտնվել են ադրբեջանական դրոշն ու հղումներ ադրբեջանական կայքերին: Այս պահի դրությամբ կայքերի աշխատանքը վերականգնվել է: Հունիսի 29-ին հակերները կոտրել են Azdagir.am հայտարարությունների կայքը և տեղադրել Ադրբեջանի դրոշն ու տեղեկություններ 1990 թվականի հունվարի 20-ի Բաքվի իրադարձությունների մասին, իսկ հունիսի 30-ին PanARMENIAN.Net ի խմբագրությունը հաղորդագրություն էր ստացել psyarmenia.com կայքի սեփականատիրոջից, ըստ որի, կոտրվել էր նաև հոգեբանության մասին հայկական կայքէջը, իսկ էջում զետեղվել էր «հայկական ահաբեկչության» մասին պաստառը: Այժմ այդ երկու կայքերը դեռևս չեն գործում:

Ավելի ուշ տեղեկություն ենք ստացել, որ ադրբեջանցի համակարգչահենները հարձակում են գործել մի շարք հայկական կայքերի վրա` avand.am, varker.am, apahovagrum.am, systems.am, beerloga.am, iravunk.am, yere-1.am: Այս կայքերը քաղաքական տեղեկատվություն չեն բովանդակում, բացառությամբ` «Իրավունք» հասարակաքաղաքական թերթի կայքէջի:

Գայանե Միրզոյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀ երկու սուպերուժի՝ տեքստիլի և ՏՏ-ի համադրությունը
Facebook-ի նոր գործիքն ու դրա ազդեցությունը սոցիալական ցանցերի վրա
90-ականների ռետրո-խաղերի մեծ վերադարձը
Ամենախոշոր խաղային ցուցահանդեսի կարևորագույն նորությունները
 Ուշադրության կենտրոնում
ITU. Ադրբեջանում ՏՏ և հաղորդակցության ոլորտն ավելի արագ է զարգանում, քան Հայաստանում

ITU. Ադրբեջանում ՏՏ և հաղորդակցության ոլորտն ավելի արագ է զարգանում, քան Հայաստանում ԵԱՏՄ երկների շարքում առաջատարը Բելառուսն է, այն 32-րդ տեղում է

 Բաժնի այլ նյութերը
Հայկական ՏՏ-ն 10 հավելված, որոնք օգտակար կլինեն ՀՀ-ում ճամփորդելիս
Մեծ տասնյակը 2017-ի գլխավոր նորույթները խաղերի ոլորտում
Փոքրիկ նկարիչների համար Հայկական ստարտափը ստեղծել է գունազարդման մանկական խաղ