ՄԱԿ-ի դատարանն ազգերի ինքնորոշման իրավունքը տարածքային ամբողջականության սկզբունքից վեր դասեց

Շատ շուտով մենք կբախվենք երկակի չափանիշների հերթական կիրառման հետ: Խոսքը գնում է նախկին խորհրդային ինքնավարությունների մասին, որոնք ոգևորվելով դատարանի որոշումից, նույնպես կպահանջեն ճանաչել իրենց անկախությունը

Հուլիսի 22-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հաստատեց, որ Կոսովոյի կողմից անկախության հռչակումը չէր հակասում միջազգային օրենքներին: Եվ թեև դատարանի որոշումը պարտադիր չէ կատարման համար, այն վերջապես վերջակետ դրեց նախկին գաղութների անկախացման իրավունքի հարցում: Միանգամայն հավանական է, որ ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումից հետո շատ պետություններ, որոնք Կոսովոն համարում էին Սերբիայի մասը, ճանաչեն նրա անկախությունը: Կարելի է ասել, որ Կոսովոյի երկամյա պայքարը սեփական իրավունքների համար տրամաբանական ավարտին հասավ:

PanARMENIAN.Net - Սակայն, ամեն ինչ այդքան պարզ չէ, ինչպես թվում է, և շատ շուտով, մենք կբախվենք երկակի չափանիշների հերթական կիրառման հետ: Խոսքը գնում է նախկին խորհրդային ինքնավարությունների մասին, որոնք ոգևորվելով դատարանի որոշումից, նույնպես կպահանջեն ճանաչել իրենց անկախությունը: Դա, առաջին հերթին, Լեռնային Ղարաբաղն է, Հարավային Օսեթիան, Աբխազիան ու Մերձդնեստրը: Ինչ վերաբերում է վրացական ինքնավարություններին, ապա դրանք ճանաչվել են Ռուսաստանի և ևս 2-3 պետությունների կողմից, սակայն չեն ճանաչվել ԱՄՆ-ի ու ԵՄ-ի կողմից: Մերձդնեստրի կարգավիճակն ընդհանրապես մշուշոտ է: Ամենաբարդը Լեռնային Ղարաբաղի դեպքն է, որը անկախություն է հռչակել դեռևս 20 տարի առաջ, սակայն դեռ չի հասել որպես միջազգային իրավունքի անկախ սուբյեկտի ճանաչման: Պարզամտություն կլիներ ակնկալել, որ որևէ մեկը կճանաչի ԼՂՀ անկախությունը, ներառյալ Հայաստանը: Ավելին, Կոսովոյից հետո տարբեր միջազգային հարթակներում սկսեցին խոսել, որ Կոսովոն չի կարող նախադեպ ծառայել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Փաստորեն, այս դեպքում, մենք գործ ունենք երկակի չափանիշների փայլուն դրսևորման հետ, որոնք կոչված են զսպելու Բաքվին: Արևմուտքի տրամաբանությունն այս հարցում պարզ է`«նավթ չճանաչման դիմաց»: Ի դեպ, նման ` «խաղաղություն տարածքների դիմաց» թեզը այդպես էլ չաշխատեց և առավել ևս չի աշխատի Լեռնային Ղարաբաղի դեպքում:

Դատարանի նիստից առաջ Սերբիայի ԱԳ նախարար Վուկ Երեմիչը հայտարարեց, որ եթե Դատարանը որոշում կայացնի ի օգուտ Կոսովոյի, ապա աշխարհում ոչ մի վիճարկվող սահման չի կարող անվտանգ համարվել: «Աշխարհի յուրաքանչյուր ժողովրդավարական կառավարության առաջնահերթ ու կարևորագունյն սկզբունքը սեփական ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանությունն է»,-հայտարարել է Սերբիայի ԱԳՆ ղեկավարը, գրում է BBC-ին:

Դատավճռի քաղաքական հետևանքները կդրսևորվեն ոչ միայն հետխորհրդային տարածքում, այլ նաև Իսպանիայում, Չինաստանում, Բելգիայում, այսինքն դա կհանգեցնի Յալթայի պայմանագրից հետո հաստատված աշխարհի վերաձևմանն, ինչը վաղ թե ուշ պետք է տեղի ունենար: Իրականում այն սկսվեց ԽՍՀՄ փլուզման հետ և շարունակվում է մինչ օրս: Եվ, ցավոք, ոչ ոք չի կարող ասել, թե երբ ու ինչպես կավարտվի սահմանների այդ վերաձևումը և որքանով ժողովուրդները կկարողանան խուսափել արյունահեղությունից:

Մենք արդեն բազմիցս ենք գրել, որ հակամարտությունները հազվադեպ են լուծվում բանակցությունների սեղանի շուրջ: Խաղաղության մասին համաձայնագիրըն ավարտված պատերազմի հետևանք է, իսկ եթե այն չկա, նշանակում է, պատերազմը դեռ ավարտված չէ: Տխուր է, բայց փաստ: Ուղղակի ներկա աշխարհաքաղաքական իրողություններում Ադրբեջանի նման նորաստեղծ պետության համար մի փոքր բարդ է: Վրաստանն արդեն փորձեց ու կորցրեց իր ինքնավարությունները: Նման ավարտ կարող է լինել նաև Ադրբեջանի համար: ճիշտ է, Վրաստանի դեպքում մի փոքր այլ էր` օսերին ու աբխազներն օգնության եկավ Ռուսաստանը: Հայերը ոչ ոքի օգնությունն ակնկալել չեն կարող, պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում մենք պետք է հույսներս մեր վրա դնենք` չհանգստացնելով մեզ, թե գերտերությունները կզսպեն Իլհամ Ալիևին: Կարող են և չզսպել և սպասել, թե ինչով կավարտվի Բաքվի խոստացած «բլից-կրիգը»: Սակայն, մյուս կողմից, ՄԱԿ-ի դատարանի վճիռը, անկասկած, ազգերի ինքնորոշման իրավունքը տարածքային ամբողջականության սկզբունքից վեր դասեց: Եվ դա շատ կարևոր ու խսուն փաստ է: Եվս մեկ կարևոր փաստ է այն, որ ԼՂՀ-ն կարող է դիմել ՄԱԿ-ի Միջազգային դատարան, ինչն էլ, անկասկած, կանի:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին

Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---