Հոլիվուդյան անիմատորները Հայաստանում բացահայտեցին հաջողակ ֆիլմեր ստեղծելու գաղտնիքները

Երիտասարդ հայ հեղինակներին հնարավորություն ընձեռվեց աշխատել Walt Disney-ի, Warner Brothers-ի և DreamWorks-ի վարպետների հետ ապագա ֆիլմի ստեղծման վրա

Գիտե՞ք արդյոք, որ շատերի կողմից սիրված «Շրեք» անիմացիոն ֆիլմն այն տեսքով, ինչ որ դուք գիտեք, կարող էր չլինել, քանի որ հեղինակները չէին կարողանում կապել երկու հիմնական սյուժետային գծերը մեկ ընդհանուր գաղափարով, որը երկար որոնումներից հետո դարձավ «կոտրված հեքիաթի» թեման: Իսկ այն, որ նրա սցենարի ստեղծման աշխատանքները տևեցին ավելի քան 3 տարի և որ 90-րոպեանոց ֆիլմը ստեղծվեց անհետաքրքիր սյուժեով բարալիկ գրքույկի հիման վրա: Այդ և Walt Disney, Warner Brothers և DreamWorks անիմացիոն ստուդիաների այլ գաղտնիքների մասին կարելի էր լսել մարդկանց շուրթերից, որոնք երկար տարիներ զբաղվել են անիմացիոն ֆիլմերի ստեղծմամբ: Նրանք մի շարք սեմինարներ անցկացրեցին Երևանում ReAnimania 2010 միջազգային անիմացիոն փառատոնի շրջանակներում:

PanARMENIAN.Net - Պետք է նշել, որ անիմացիայի այնպիսի վարպեպտների հետ, ինչպիսիք են Մաքս Հովարդը, Ֆրենք Գլեդսթոունը, երազում են աշխատել ԱՄՆ և Եվրոպայի շատ անիմատորներ: Այդ դասախոսությունների և սեմինարների համար նրանք պատրաստ են վճարել հսկայական գումարներ:

Հայաստանում 4 երիտասարդներ երջանկություն ունեցան 4 օրերի ընթացքում բացարձակ անվճար աշխատել այդ մարդկանց հետ՝ ապագա ֆիլմի համար լավ պատմություն գտնելու և արժանի կերպով մատուցելու համար:

Փուլ առ փուլ երիտասարդ անիմատորները սովորում էին, թե ինչպես կարելի է պատմություն գտնել ապագա ֆիլմի համար, ինչպես գրել սեղմ սյուժե և վաճառել նոր նախագիծը: Վարպետության դասերի մասնակիցները ներկայացրեցին իրենց ապագա նախագիծը, հետո, հետևելով մեծանուն անիմատորների խորհուրդներին, անհրաժեշտ փոփոխություններ կատարեցին ինչպես սցենարում, այնպես էլ իրենց խոսքում և վերջին օրը կրկին ներկայացրին իրենց նախագծերը վերջնական տեսքով:

«Որպեսզի ստիպեք պրոդյուսերին վաճառել նոր նախագիծը, դուք պետք է 2-3 րոպեում ներկայացնեք ապագա ֆիլմի սյուժեն և այնպես գրավեք նրա ուշադրությունը, որ նա ցանկանա իմանալ այդ պատմության շարունակությունը»,- ասաց «Առյուծ արքա», «Ջրահարս», «Սպիրիտ. Տափաստանների ոգին» ֆիլմերի ստեղծման վրա աշխատած պրոդյուսեր Մաքս Հովարդը: Խոսքը պետք է տևի ընդամենը 2-3 րոպե, իսկ անիմատորը պետք է իմանա բոլոր հարցերի պատասխանները, որոնք վերաբերվում են հերոսների պատմության զարգացմանը և հերոսների ճակատագրին, ինչպես նաև նրան, թե ինչ լսարանի համար է նախատեսված ֆիլմը, ինչ երկրների համար և այլն: «Եթե դուք չունեք այդ հարցերից գոնե մեկի պատասխանը, ձեր աշխատանքը դեռ անավարտ է և դուք չպետք է նախագիծը ներկայացնեք պրոդյուսերին: «Դա շատ դժվար է բացատրել» արտահայտությունը պետք է բացառել, քանի որ եթե հեղինակը դժվարանում է բացատրել իր ստեղծագործության այս կամ այն մասը, ապա ունկնդիրն առավել ևս չի կարող դա հասկանալ»,- նշեց Ֆրենք Գլեդսթոունը:

«Պետք է միշտ պատրաստ լինել անսպասելի բաների և անսպասելի բաներ կատարել». ահա մեր կարգախոսներից մեկը և մեր ապագա նախագծի հաջողության գաղտնիքներից մեկը»,- ասացին վարպետները:

Մաքս Հովարդի խոսքերով, հաջողակ ֆիլմի ստեղծման երեք կարևորագույն բաղադրիչներից է իրական աշխարհը, որին, չնայած նրան, որ այն հորինված է, կարելի է հավատալ, լավ պատմությունը և հերոսները, որոնք սիրելու են:

«Երբ դուք ներկայացնում եք ձեր պատմությունը, պետք է դերասան դառնաք, որը դա կարող է այնպես պատմել, որ ունկնդիրը մոռանա աշխարհում ամեն ինչի մասին: Երբեմն պատմությունները բանի պետք չեն, բայց պրոդյուսերին դուր է գալիս, թե ինչպես են դա մատուցում: Այդ պահին կարող է վճռվել ապագա ֆիլմի ճակատագիրը: Շատ կարևոր է նաև պահի ճիշտ ընտրությունը. հնարավոր է` դուք այն պատմեք մեկ բաժակ սուրճի ընթացքում, հնարավոր է ` մեծ լսարանի առաջ: Եթե հաշվի առնեք այդ բոլոր նրբությունները և ճիշտ մոտեցում ընտրեք, դուք կհասնեք հաջողության»,- ընդգծեց Գլեդսթոունը:

Հրաժեշտ տալով ուսանողներին` երկու վարպետները նշեցին, որ երիտասարդները շատ բան սովորեցին այս 4 օրում: Նրանք էլ իրենց հերթին շատ բան սովորեցին ուսանողներից: Վերջում նրանք խորհուրդ տվեցին դիտել դասական ֆիլմեր և կինոթատրոն այցելել հատկապես չսիրած ֆիլմերը դիտելու համար, քանի որ դրանց սխալների վրա կարելի է շատ բան սովորել:

«Սա ձեր ստեղծագործական ուղու վերջը չէ, այլ միայն սկիզբը»,- նշեցին անիմատորները` ուսանողներին մաղթելով հաջողություններ: Սեմինարների մասնակիցներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին ուսուցիչներին և մեկ մարդու նման նշեցին, որ իրենց կյանքում իսկական հրաշք էր նման վարպետների մոտ նման դպրոց անցնելը:

«Այնուհետև մենք վերցրեցինք կիթառը և երգեցինք «Առյուծ արքա» մուլտֆիլմի երգը»,- կատակեց Հովարդը: Հենց այսպիսի հումորով նրանք կարողացան սովորեցնել ուսանողներին, թե ինչպես կարելի է լավ պատմություն գտնել և արժանի կերպով մատուցել: Իսկ ֆիլմի վրա աշխատելու համար ուսանողներին շատ օգնեցին այլ սեմինարներ և դասախոսություններ անիմացիայի պատմության և ժամանակակից անիմացիոն ֆիլմի ստեղծման մանրամասն գործընթացի մասին աշխարհի տարբեր երկրներում և Հոլիվուդում: Բայց այդ դասախոսությունների մասին պետք է առանձին խոսել:

Մանե Ամիրջանյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---