Նոր տարին հայ առևտրականներին անբարյացակամ դիմավորեց

Մի կողմից բեռնափոխադրող ընկերությունները որոշեցին բարձրացնել իրենց ծառայությունների գները, մյուս կողմից քաղաքապետարանը ճնշում է գործադրում իր նոր հավակնություններով

Արդեն ամանորից սկսած Հայաստանում դժգոհության ալիք բարձացավ առևտրի ոլորտում: Մի կողմից բեռնափոխադրող ընկերությունները որոշեցին բարձրացնել իրենց ծառայությունների գները, մյուս կողմից քաղաքապետարանը ճնշում է գործադրում իր նոր հավակնություններով:

PanARMENIAN.Net - Հայ առևտրականները դժգոհ են բեռնափոխադրումների սակագների բարձրացումից, մասնավորապես, Թուրքիայից: Նրանցից ոմանք մեղադրում են երկրի մաքսային ծառայությանը, սակայն իրավիճակն այլ է:

Պարզվում է` Թուրքիայի տրանսպորտի և հաղորդակցությունների նախարարությունը խստացրել է այդ երկրից Հայաստան մեքենաներով բեռանփոխադրումների վերահսկողությունը: Բացի դրանից, ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում «ՌեյլՎնեշտրանս» ընկերության ավտոփոխադրումների մենեջեր Աշոտ Միրաքյանը, Վրաստանի իշխանությունները վճարներ են գանձում փոխանցման համար: Բայց ամենագլխավոր գործոնը վառելիքի գների թանկացումն է 34 տոկոսով, որը գրանցվել է 2011-ի սկզբից:

Սակագների բարձրացում սպասվում է նաև Ռուսաստանից բեռնափոխադրումների ուղղությամբ: «Այդ ուղղության սակագները դեռ չեն փոխվել, սակայն սպասվում է ոչ մեծ բարձրացում 5-8 տոկոսի չափով»,- հավելել է նա:

Ինչ վերաբերվում է Չինաստանից բեռնափոխադրումներին, ապա այստեղ իրավիճակը կայուն է, քանի որ դրանք իրականանում են կոնտեյներների միջոցով:

Հայաստանի Պետեկամուտների կոմիտեն իր պարզաբանումներն է ներկայացրել ներկրվող հագուստի հանդեպ սահմանված դրույքների բարձրացման առիթով հայ առևտրականների իրականացրած բողոքի ակցիայի հետ կապված: «Ներկրվող հագուստից գանձվող մաքսատուրքի դրույքաչափի որևէ փոփոխություն չի եղել: Հագուստի «կիլոգրամի կրկնակի թանկացման» շուրջ խոսակցությունները վերաբերում են տրանսպորտային ծախսերին, ինչը Պետական եկամուտների կոմիտեի իրավասության շրջանակներում չէ, այդ հարցերը հարկավոր է ճշտել բեռնափոխադրում իրականացնող կազմակերպություններից»,- նշվում է կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: Ավելին, պետկառույցը հիշեցնում է, որ հագուստի մաքսային արժեքը երբեք ըստ կիլոգրամի չի հաշվարկվել, այլ ապրանքը գնահատվել է` ելնելով տեսակից, քանակից, որակից, ապրանքային նշանից, ծագման երկրից և համապատասխան այլ չափանիշներից:

Ինչ վերաբերում է շրջանառվող լուրերին, թե «Ստամբուլից Երևան ուղարկվող բեռի տրանսպորտային ծախսի մեջ 97 տոկոսից ավելին կազմում են մաքսազերծման ծախսերը», ապա հարկ ենք համարում տեղեկացնել, որ ապրանքի մաքսային արժեքից գանձվող մաքսատուրքի և ԱԱՀ-ի առավելագույն դրույքաչափը 32% է: Բացի դրանից, որոշ ապրանքների դեպքում այն կազմում է միայն 22%, այսինքն` գանձվում է միայն ԱԱՀ, հաղորդում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հայ առևտրականներին 2011-ին սպասվում էր ևս մեկ նորություն. Վրաստանի հարկային նոր օրենսգրքի (168-րդ հոդված, 23-րդ գլուխ, մաս 4) համաձայն` 2011 թվականի հունվարի 1-ից «Ներմուծում» (տեղական) նշումով անցնող բոլոր բեռները/բեռնարկղերը վրացական մաքսային ծառայության կողմից ենթակա են ավելացված արժեքի հարկով (18 տոկոս) հարկման: Ինչպես նշվում է Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում տեղակայված տեղեկատվության մեջ, նույն բեռները, որոնք կտեղափոխվեն որպես «Արտահանում» կամ «Տարանցում», չեն հարկվի (0 տոկոս): Ընդ որում, երբ բեռնարկղի ապրանքների մի մասը նախատեսված կլինի արտահանման, իսկ մնացած մասը` ներմուծման համար, բեռը կդիտարկվի որպես «Ներմուծում» (տեղական) և ենթակա կլինի հարկման (18 տոկոս):

Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչությունը վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ շարունակում է իրականացնել բացօթյա առևտրի արգելման և կանխարգելման լայնամասշտաբ ծրագիր։ Նպատակն է ի կատար ածել ՀՀ օրենսդրության պահանջը, սպառողներին ապահովագրել անորակ, պահպանման անբավարար պայմաններում վաճառվող մթերքի օգտագործումից, կանխել և հետագայում բացառել դրանց արդյունքում արձանագրված թունավորման դեպքերը։ Պակաս կարևոր չեն նաև մայթերի, անցուղիների, մինչև իսկ փողոցների երթևեկելի մասերի խցանումներից ձերբազատումը, տարերայնորեն կազմակերպված վաճառատների հարակից տարածքների հակասանիտարական վիճակի, վերացումը, ինչը արդարացիորեն մշտապես առաջացնում է բնակիչների դժգոհությունը, որոնք վերջին շրջանում հաճախացել են՝ արտահայտելով բազմաթիվ դիմում-բողոքներով և հեռախոսազրույցներով։Անօրինական առևտրով ներկայումս զբաղվողներին առաջարկում է տեղափոխվել մոտակա շուկաներ, բացի այդ մշակման և համաձայնեցման փուլում է նոր մինի շուկաների կազմակերպման ծրագիրը, ինչը հնարավորություն կտա ունենալ և՛ քաղաքակիրթ առևտուր, և՛ բացօթյա առևտրով զբաղվող անձանց սոցիալական կեցության պահպանման հնարավորություն

Հունվարի 19-ի առավոտյան, Երևանի քաղաքապետարանի որոշման համաձայն, փակվել է Շինարարների փողոցում գործող շուկան: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ին աշխատողներից մեկը, շուկան փակելու մասին հայտնել են հունվարի 18-ին ժամը 16:00-ին` թույլ տալով տեղափոխվել մոտակա շուկա: Մարդկանց բողոքները կապված են նրա հետ, որ նախապես նրանց չեն զգուշացրել շուկայի փակման մասին և հիմա գնված ապրանքը կարող է փչանալ, քանի որ նոր շուկայի տեղը ժողովուրդը դեռ չգիտի:

Երևանի տոնավաճառների և բաց վաճառակետերի աշխատողները հունվարի 19-ին բողոքի ակցիա են կազմակերպել վարձակալության վճարների բարձրացման պատճառով, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է քաղաքապետարանի մամլո քարտուղար Շուշան Սարդարյանը: Օրինակ, «Մալաթիա» շուկայում վարձակալության վճարը մեկ օրվա համար 4 դոլարից դարձել է 8 դոլար:

Նախքան քաղաքացիների կենսապայմանների բարելավմանն ուղղված միջոցներ ձեռնարկելը, անհրաժեշտ է առաջին հերթին հոգ տանել այդ ծրագրերի իրագործման և դրանց կատարման հետևողականության համար, որպեսզի քաղաքացիները չմնան առանց եկամուտի աղբյուրի: Ավելին, առևտրի ոլորտում մենաշնորհացումը թույլ չի տալիս առանձին առևտրականներին զբաղվել իրենց գործով: Երևանում ավելանում են սուպերմարկետները, որոնք, անկասկած ստեղծում են քաղաքակիրթ առևտրի պայմաններ, բայց մյուս կողմից ընտանիք «կերակրողների» հսկայական քանակություն մնում է առանց աշխատանքի: Բացի դրանից, Երևանում չեն ստեղծվում բաց շուկաներ, որտեղ գյուղացիները կարող են բերել իրենց արտադրանքը և իրացնել մատչելի գներով: Գոհ կլիներ թե գյուղացին, թե շարքային սպառողը:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---