Կհաջողվի՞ արդյոք Հայաստանի իշխանություններին զսպել գնաճի տեմպերը

Գնաճի բարձր տեմպերը զգացնել են տալիս իրենց. օրեցօր բարձրանում են սննդամթերքի գները

Հունվարի 26-ին Դավոսում բացվել է Համաշխարհային տնտեսական համաժողովը, որն արդեն դարձել է պետական գործիչների, բիզնեսի առաջատարների և անվանի փորձագետների ավանդական հանդիպման վայր:

PanARMENIAN.Net - Այս տարի ՀՏՀ-ն հավաքել է խոշորագույն համաշխարհային ընկերությունների ռեկորդային քանակությամբ ղեկավարների` շուրջ 1400 թոփ մենեջերների: Դրա պատճառը ճգնաժամի հետևանքները քննարկելու ձգտումն է և այն փաստը, որ ոչ մի տնտեսական համաժողով երբևէ չի հավաքել նման քանակությամբ համաշխարհային առաջնորդների:

Ինչպես հայտնել է Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, իր տվյալներով, հայ գործարարները չեն մասնակցում այդ համաժողովին:

Ըստ վիճակագրական օպերատիվ տվյալների, 2010թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին ՀՆԱ-ի աճը Հայաստանում կազմել է 2,6 տոկոս 2009-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Ինչպես հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը, ՀՆԱ-ի ծավալը կազմել է 3509.5 մլրդ դրամ: Ընդ որում, երկրի ՀՆԱ-ն դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ավելացել է 16.1 տոկոսով:

Բացի այդ, սպառողական գների աճը ընթացիկ տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին 2010-ի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 8.2 տոկոս: Միևնույն ժամանակ 2010թ.դեկտեմբերին գնաճը կազմել է 1.8 տոկոս: Բյուջեով նախատեսված է 1,2 տոկոս տնտեսական աճ և 4±1,5 տոկոս գնաճ:

Հայաստանի պետբյուջեի կրճատումը թույլ կտա 2011-ին նվազեցնել գնաճը 5-5.5 տոկոսով 2010-ի 9.4 տոկոս ցուցանիշի փոխարեն: Այդ մասին հունվարի 24-ին Երևանում մամլո ասուլիսում ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: Նրա խոսքերով, 2010-ին Հայաստանն ապրել է «առաջարկի շոկ», որի պատճառով ֆինանսների նախարարությունը և ԿԲ-ն ունեցած գործիքների միջոցով մտադիր են ավելացնել ունեցած առաջարկը:

Մասնավորապես, նրա խոսքերով, ՀՀ ֆինանսների նախարարությունը նվազեցնելու է պետբյուջեի դեֆիցիտը, որը 2013-ին կազմելու է 3 տոկոսից պակաս 2009-ի 7.5 տոկոսի փոխարեն: 2010-ին Հայաստանի պետական պարտքը կազմել է 3 մլրդ 795 մլն մլն դոլար, ինչը կազմում է ՀՆԱ-ի 44,4 տոկոսը: Միաժամանակ նա ավելացրել է, որ պետաական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 2011-2012թթ. պահպանվելու է նույն մակարդակում, իսկ դրանից հետո, սկսած 2013-ից, Հայաստանի արտաքին պարտքը նվազելու է: Դրա հետ կապված` նա նշել է, որ «երկրի պետական պարտքը կառավարելի է, և մենք դրա սպասարկման հետ կապված խնդիրներ չունենք, քանի որ կան ֆինանսավորման տարբեր աղբյուրներ»:

Գնաճի զսպման այն մոդելը, որն այժմ առկա է Հայաստանում, չի արդարացնում իրեն: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում ասել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքերով, խնդիրները կապված են ոչ միայն ՀՀ տնտեսական կառուցվածքի և որակական զարգացման հետ, այլ նաև վարվող պետական քաղաքականության հետ: Նա նշել է, որ Կենտրոնական բանկը, որը պատասխանատվություն է վերցրել իր վրա, իր այսօրվա գործիքակազմով և ընդունած քաղաքականությամբ ի վիճակի չէ ամբողջ տնտեսության մեջ իրականացնել այնպիսի փոփոխություններ, որոնք կարող են հանգեցնել գնաճի կարգավորմանը: Կան խնդիրներ, որոնք խանգարում են գնաճի զսպմանը, դրանց թվում` շուկայի արհեստական փակվածությունը, արտաքին զարգացումներին ոչ ադեկվատ արձագանքը Հայաստանում, ինչը գնաճի զսպման համակարգում հանգեցնում է ձախողման, որի արդյունքում պաշտոնապես հայտարարված գնաճից կրկնակին է արձանագրվում:

Պետք է նշել, որ գնաճի բարձր տեմպերը զգացնել են տալիս իրենց. օրեցօր բարձրանում են սննդամթերքի գները: Մասնավորապես, վերջին շրջանում համաշխարհային շուկայում թանկացել է ցորենը, և Հայաստանում արձանագրվել է ալյուրի գների բարձրացում, արդյունքում հացը թանկացել է 10 տոկոսով, ինչն անհանգստացնում է, քանի որ մեր քաղաքացիների սննդակարգում հացը կարևոր և անփոխարինելի մթերք է:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---