Տնային պայմաններում հղիության արհեստական ընդհատումը վտանգավոր միտում է հայ կանանց շարքում

ՀՀ պաշտոնական վիճակագրության համաձայն, 2009-ին Հայաստանում գրանցվել է 10 149 աբորտ

Հայաստանի Ազգային անվտանգության ռազմավարության համաձայն, ծնելիության ցածր մակարդակը Հայաստանի ազգային անվտանգության սպառնալիքներից է: 2003-ին ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել 2003-2015թթ. Մոր և մանկան առողջության պահպանության ռազմավարության հաստատման մասին, որում, մասնավորապես , ասվում է. «Մայրական և վերարտադրողական առողջության բարելավմանն ուղղված ծրագրերի մեջ մտնում է աբորտների դեմ պայքարը, այդ թվում՝ արհեստական վիժումների կանխումը, ժամանակակից հակաբեղմնավորիչ միջոցների խրախուսումը, առողջ սեռական կյանքի քարոզչությունը»: Ռազմավարության նպատակներից է՝ մինչև 2015-ը նվազեցնել արհեստական վիժումների մակարդակը մինչև 30 տոկոս:

PanARMENIAN.Net - Չնայած 1990-ականների կեսերին ծնունդների թվի համեմատ աբորտների թվի զգալի նվազմանը, աբորտների մակարդակը նախկին ԽՍՀՄ երկրներում մնում է աշխարհում ամենաբարձրերից մեկը: Հայաստանում աբորտները թույլատրված են կնոջ «ցանկությամբ» հղիության վաղ շրջանում: ՄԱԿ տվյալների համաձայն, 2004-ին Հայաստանը գտնվել է 27-րդ տեղում աբորտների քանակությամբ (1000 կնոջ համար՝ 13.9 աբորտ): ՀՀ պաշտոնական վիճակագրության համաձայն, 2009-ին հանրապետությունում արձանագրվե է 10 149 աբորտ: Ինչպես հետևում է վիճակագրությունից, 1983-ի համեմատ 2000-ին աբորտների քանակը կրճատվել է երկու անգամ (1983թ՝ 33 158 աբորտ, 2000թ.՝ 11 769):

Սակայն, այսօր իրական պատկերը հեռու է վերհիշյալ թվերից: Շատ բարդ է անվանել Հայաստանում աբորտների ստույգ թիվը, եթե չասել՝ անհնար է: Ինչպես նշում են մասնագետները, խնդիրը նրանում է, որ հայ կանայք ավեի հաճախ ընդհատում են հղիությունը տնային պայմաններում: Դժվար է ասել, թե նման դեպքերը Հայաստանում որքան են, բայց մասնագետները նշում են, որ տնային պայմաններում աբորտը վտանգավոր միտում է դառնում հայ կանանց շարքում:

Ինչպես նշել է PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում բժիշկ-գինեկոլոգ Լուսինե Տիտիրյանը, աբորտը կանանց համար միշտ անցանկալի գործընթաց է և աբորտի բացասական հետևանքները լիովին բացառելն անհնար է: «Անվտանգ աբորտ գոյություն չունի, և բժշկի խնդիրն է նվազագույնի հասցնել աբորտի բացասական հետևանքները: Հենց այդ պատճառով կանայք պետք է անպայման դիմեն բժշկի՝ ինքնուրույն ինչ-որ միջոցի դիմելուց առաջ»,- ասել է բժիշկ-գինեկոլոգը: Մասնագետի խոսքերով, հայ կանանց շարքում սկսել է նկատվել տնային պայմաններում դեղորայքային աբորտի կիրառման վտանգավոր միտում՝ առանց բժշկի հետ խորհրդակցելու: Ինչպես նշել է Լուսինե Տիտիրյանը, իհարկե աբորտի այդ տեսակը պակաս վտանգավոր է, քան գործիքայինը, սակայն այդ մեթոդին կարելի է դիմել միայն բժշկի երաշխավորագրով: «Այսօր դեղատներում վաճառվում են դեղեր, որոնց օգնությամբ կարելի է ընդհատել հղիությունը, ինչը, սակայն, կարող է հանգեցնել անցանկալի և շատ վտանգավոր հետևանքների: Այդ դեղերը կարելի է օգտագործել միայն բժշկի դեղատոմսով»,- ասել է նա: Մասնագետին նաև անհանգստացնում է այն, որ վերջին տարիներին նկատվում է աբորտների աճ դեռահաս կանանց շարքում և առաջին հղիության ընդհատում: Նա դա բացատրում է առաջին հերթին դպրոցում և ընտանիքում սեռական կյանքի ճիշտ դաստիարակության բացակայությամբ:

Սակայն դեռահաս կանանց շարքում աբորտների պաշտոնական վիճակագրություն, ցավոք սրտի, չկա: Ինչպես նշել է մեր հետ զրույցում Երևանի հիվանդանոցներից մեկի գինեկոլոգիական բաժանմունքի նախկին աշխատողը, գրեթե անհնար է որոշել 15-20 տ կանանց շարքում հղիության ընդհատման ստույգ թիվը, քանի որ այդ աբորտները հաճախ ուղղակի չեն գրանցվում: Ելնելով վերը նշվածից՝ մասնագետը խորհուրդ է տալիս անպայման դիմել բժշկի այն դեպքում, եթե կինը մտադիր է ընդհատել իր համար անցանկալի հղիությունը:

Ցավոք սրտի, Հայաստանում առողջության պահպանման և վերականգնման մշակույթը հեռու է բավարար լինելուց: Սակայն հայ կանայք պետք է ծանոթանան ՀՀ «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքին նախքան հարազատների կամ ընկերուհիների խորհրդով տանն աբորտ կատարելը: Օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ կետն ասում է՝ հղիության արհեստական ընդհատումից առաջ և հետո առողջապահական հաստատությունը կնոջը տրամադրում է անվճար բժշկասոցիալական խորհրդատվություն՝ անցանկալի հղիությունից պաշտպանվելու միջոցների ընտրության վերաբերյալ:

Եկատերինա Պողոսյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն

Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---