Երևանում կայացավ ամենամյա լրագրողական մրցանակի`«Նա/Նե 2010»-ի մրցանակաբաշխությունը

Հունվարի 31-ից փետրվարի 6-ը հայ հասարակության մեջ տեղ գտած իրադարձությունների ամփոփում

Երևանում կայացավ «Նա/Նե 2010» մրցանակաբաշխությունը: «Նա/Նե» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ «Տպագիր հոդված» անվանակարգում առաջին տեղը զբաղեցրեց «Առավոտ» օրաթերթի լրագրող Գոհար Հակոբյանը` «Նռան ծաղիկը փախավ հայրական տնից» հոդվածի համար: «Ռադիո նյութ» անվանակարգում 12 աշխատանք էր ներկայացված: Առաջին տեղը շնորհվեց Արմինե Գևորգյանին «Ռադիո Հայ»-ից:

PanARMENIAN.Net - Իսկ «Հեռուստատեսային նյութ» անվանակարգում ներկայացված 29 աշխատանքներից ոչ մեկը չարժանացավ առաջին մրցանակին: «Չեմ լռի…» աշխատանքի համար Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ուսանողուհի Սեդա Ստեփանյանը հաղթող ճանաչվեց «Ուսանողական աշխատանք» անվանակարգում: «Առևտրային գովազդ» անվանակարգում հաղթեց Status Holding ընկերությունը: «Առցանց կամ բլոգի հոդված» անվանակարգում, որտեղ ամենից շատ աշխատանք էր ներկայացված (43) հաղթող ճանաչվեց Աննա Մուրադյանը «Պարզապես կույր հավատ. Մարիամ Սուխուդյանը Ժաննա Դ’Արկը չէ» հոդվածով: Իսկ «Լուսանկարչական աշխատանք» անվանակարգում 7 աշխատանքներից միայն մեկի հեղինակն արժանացավ մրցանակի` Իննա Մխիթարյանը:

Փետրվարի 1-ին մայրաքաղաքի բնակիչները վայելու էին երկար սպասված ձյունը, սակայն Երևանի քաղաքապետարանը ստիպված եղավ մեծ ջանքեր գործադրել Երևանի փողոցները ձյունից մաքրելու և փողոցները խցանումներից ազատելու համար: Աշխատանքներում ներգրավված էր 46 ձյուն մաքրող, 23 աղցան և 19 մայթ մաքրող հատուկ տեխնիկա: Քաղաքապետարանի ձեռնարկած միջոցառումներին ակտիվորեն աջակցել է Երևան քաղաքի Ճանապարհային ոստիկանությունը` խցանումները վերացնելու, հնարավոր վթարները կանխելու ուղղությամբ:

Փետրվարի 1-ին Երևանում` Հյուսիսային պողոտայում այցելուների առջև իր դռներն է բացել ամերիկյան Pizza Hut ռեստորանային ցանցի առաջին հայկական ներկայացուցչությունը` ռեստորանը: Բացման համար «YUM Restaurant international» ընկերության հետ բանակցութունները վարում էր «ՖաստՖուդ» ընկերութունը:

ՀՀ կառավարությունում քննարկվել է «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ նախագիծը: Ինչպես հայտնում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, համաձայն առաջարկվող փոփոխությունների` նախատեսվում է վերացնել վարձու աշխատողի հղիության և ծննդաբերության նպաստը հաշվարկելու համար հիմք վերցվող միջին ամսական աշխատավարձի առավելագույն շեմն ու վերանայել միջին աշխատավարձը հաշվարկելու կարգը:

Նախատեսվում է նաև նպաստը վճարել ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի տոնական ոչ աշխատանքային օրերի համար` պահպանելով դրա չվճարումն ընդհանուր հանգստյան` շաբաթ և կիրակի օրերի համար, որով վերացվում է նախկինում կատարված բացթողումը:

Քննարկման ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանին` կազմակերպել հանրային քննարկում հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ` նպատակ ունենալով ստանալ հասարակության լայն շերտերի կարծիքներն ու առաջարկությունները: Փետրվարի 2-ից սկսել են իրականացվել կենսաթոշակային վճարումները:

Հայաստանի ու Արցախի զորամասերում տարածվել է ազգային ազատագրական երգերի ու պարերի ձայնագրություններով տեսասկավառակը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայատարել է «Սասուն» ազգագրական երգի-պարի գեղարվեստական ղեկավար Անդրանիկ Մանուկյանը: «Սկավառակում ներառված են հայրենասիրական բնույթի 12 ստեղծագործություն` Արաբոյի երգը, Գևորգ Չավուշին նվիրված երգ, Քերծին, Յարխուշտան և այլ»,-ասել է Մանուկյանը: Ըստ նրա, այս ակցիայի նպատակն է ամրապնդել հայ զինվորի հայրենասիրական ոգին, «յուրաքանչյուր հայ պետք է գիտակցի, որ հայրենիքի պաշտպանությունն իր կոչումն է»,-ասել է Մանուկյանը:

«Նարոտ կարոտ» 2 հազար նմուշ տպաքանակով տեսասկավառակը տարածվել է զորամասերում փետրվարի 3-ին: Փետրվարի 4-ին Հայաստանը, աշխարհի այլ երկրների նման, նշել է քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրը: «Ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում քաղցկեղը ոչ միայն տարածվում է, այլ նաև երիտասարդանում է»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Առողջության հայ-ամերիկյան կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:

Նա նշել է, որ օնկոլոգիական հիվանդությունների, այդ թվում չարորակ ուռուցքների առաջացման հիմնական պատճառը գենետիկ տրամադրվածությունն է, սթրեսները, չափազանց վաղ կամ ուշացած ամուսնությունները: «Կինը պետք է առողջ ապրելակերպ ունենա, ժամանակին սկսի ապրել սեռական կյանքով, ժամանակին ծննդաբերի և կրծքով կերակրի»,-ասել է Հակոբյանը:

Նա հավելել է, որ ըստ վիճակագրության սևամորթ կանայք շատ ավելի հազվադեպ են հիվանդանում քաղցկեղով, քան սպիտակամորթ կանայք: «Եթե գիտնականներին հաջողվի պարզել այդ երևույթի պատճառները, բժշկությունը մեծ առաջընթաց կապրի այդ ոլորտում»,-ասել է Խաչանուշ Հակոբյանը:

«Մենք բոլորս պետք է հիշենք, որ քաղցկեղը չի բուժվում, բայց այն կարելի է կանխել: Միայն մամոգրաֆիան է ընդունակ բացահայտել չարորակ ուռուցքը բջջային մակարդակում»,- ասել է Խաչանուշ Հակոբյանը:

Նա նշել է, որ կենտրոնում մամոգարֆիկ հետազոտության արժեքը 11 000 դրամ է, իսկ արգանդի վզիկի հետազոտությունը` 4 հազար, բայց գոյություն ունի նաև անվճար համակարգ հաշմանդամների, բազմազավակ մայրերի համար և այլն: Հակոբյանը նաև կոչ է անում չմոռանալ այն մասին, որ չարորակ ուռուցքը կարելի է զգալ միայն հիվանդության 3-րդ աստիճանում:

Մի խումբ հայ ուսանողներ ուրբաթ օրը Եգիպտոսի դեսպանատան դիմաց նախագահ Հոսնի Մուբարաքի դեմ եգիպտական ընդդիմությանն աջակցության ցույց անցկացրեցին: Ինչպես հաղորդեց PanARMENIAN.Net ի թղթակիցը դեպքի վայրից, ցույցը մոտ քսան հոգի էր հավաքել, որոնք Երևանում Եգիպտոսի դեսպանատան անվտանգության ծառայության աշխատակիցներին նամակ հանձնեցին, որով իրենց աջակցությունն են հայտնում Եգիպտոսի ժողովրդին ազատության համար պայքարում: Փետրվարի 4-ին Անապայի հայ համայնքի ներկայացուցիչները «Անապայի շնորհալի երեխաներ» նախագծի շրջանակներում դարձել են «Տաղանդ» անվանակարգի հաղթող: Քաղաքապետ Տատյանա Եվսիկովայի ձեռքերից մրցանակներ են ստացել 30 երեխաներ:

Փետրվարի 3-ին կայացավ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հանդիպումը Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլի հետ, որի ընթացքում ՀՀ մայրաքաղաքի ղեկավարը հաղորդեց, որ այսուհետ Երևանի կանաչ տարածություններում կարգելվի ցանկացած շինարարություն:

Հարկ է նշել, որ Երևանում` հատկապես կենտրոնում, գրեթե չեն մնացել կանաչ տարածություններ, որտեղ կառուցված չլինեն սրճարաններ ու բարեր: Սակայն Կարապետյանը Չարլզի հետ հանդիպմանը նշեց, որ Երևանում կանաչապատման սկզբունքորեն նոր մշակույթ կձևավորվի:

Լիլիթ Հարությունյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---