Երկպալատանի խորհրդարան. Պատրա՞ստ են արդյոք Հայաստանը և սփյուռքը

Կան մտավախություններ, որ երկպալատանի խորհրդարանում սփյուռքի ներկայացուցիչների ընտրությունների դեպքում մենք կարող ենք ստանակ լոկ նոր տարաձայնություններ և պառակտում սփյուռքի շարքերում

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հայտարարությունն այն մասին, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մտադիր է շտկումներ կատարել Սահմանադրությունում, որոնք ենթադրում են Հայաստանի խորհրդարանում տեղեր սփյուռքի ներկայացուցիչների համար, Հայաստանում առաջացրել է լայն հասարակական արձագանք: Նման քայլի նպատակահարմարության մասին կարծիքները հայ հասարակությանը բաժանել են երկու մասի՝ այդ գաղափարաի կողմնակիցների և հակառակորդների:

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մտադիր է ուղղումներ կատարել Սահմանադրությունում, որոնց համաձայն Հայաստանի խորհրդարանում տեղեր կհատկացվեն Սփյուռքի ներկայացուցիչների համար: Այդ մասին հայտարարել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Կալիֆորնիայի հայ համայնքի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Ինչպես գրում է Asbarez.com-ը, հայտարարությունն ընդունել են ծափահարություններով: «Հայաստանի նախագահը կարծում է, որ սփյուռքի ներկայացուցիչները պետք է դառնան ՀՀ կառավարության մասը: Նա նաև առաջարկել է երկու պալատ ուենցող խորհրդարան»,- ասել է Հակոբյանը: Նրա խոսքերով, Վերին պալատը Սենատը կլինի, որտեղ պետք է ընդգրկվեն Սփյուռքի ներկայացուցիչները: Նախագահի առաջին քայլը եղել է սփյուռքի նախարարության ստեղծումը, որից հետո մշակվել է լուրջ քաղաքականություն Հայաստան-Սփյուռք հարաբերություններում: Այնուհետև ներմուծվել է երկքաղաքացիության ինստիտուտը, իսկ երրորդ քայլը լինելու է խորհրդարանի Վերին պալատի ստեղծումը, որի միջոցով սփյուռքի հայերը հնարավորություն են ունենալու մասնակցել պետական կառավարմանը, քաղաքականության մշակմանը»,- ասել է սփյուռքի նախարարը:

Սփյուռքի նախարարի ելույթից հետո շատ հայ քաղաքական գործիչներ և փորձագետներ սկսեցին իրենց կարծիքն արտահայտել երկպալատանի խորհրդարան ստեղծելու նպատակահարմարության և իրական նպատակների մասին: Իհարկե, Հայաստանի ոչ մի քաղաքական ուժ հանդես չի գալիս, և չի էլ կարող թույլ տալ իրեն բացահայտ կերպով հանդես գալ Հայաստան-սփյուռք սերտ համագործակցության դեմ, սակայն սփյուռքի ներգրավման գաղափարը Հայաստանի քաղաքական գործընթացներ առաջացրել է, մասնավորապես, ընդդիմության դժգոհությունը:

Ընդդմիության կարծիքով, նախագահ Սարգսյանի մտադրությունը բացատրվում է սփյուռքի շարքում սեփական հեղինակությունը բարձրացնելու ձգտումով, որը թուլացել է հայ-թուրքական արձանագրությունների պատճառով: Երկպալատանի խորհրդարան ստեղծմանը դեմ լինելն ընդդիմությունը բացատրում է նրանով, որ անթույլատրելի է, որ այլ երկրում բնակվող մարդիկ որոշեն, թե ինչպես պետք է ապրեն Հայաստանի քաղաքացիները: «Դա իրավաբանական նոնսենս է»,- ասել է «Ժառանգության» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը: Իր հերթին, Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ երկպալատանի խորհրդարանի գաղափարն աղավաղում է հպատակության, քաղաքացիության հասկացությունները, և այդպիսով, ամբողջությամբ վերցրած՝ պետականության: Ալավերդյանի կարծիքով, Հրանուշ Հակոբյանի կողմից հնչած գաղափարն իրենից մեծ վտանգ է ներկայացնում, և պետք չէր այն շրջանառության մեջ դնել Հայաստանի սահմաներից դուրս:

Որոշ անկախ քաղաքագետներ նույնպես կասկածամտությամբ են վերաբերվել երկպալատանի խորհրդարանի գաղափարին: Այսպես, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը նշել է, որ աշխարհում շատ բարդ է գտնել երեքմիլիոնանոց բնակչությամբ ունիտար կառուցվածք ունեցող պետություն, որն ունի երկպալատանի խորհրդարան: «Երկպալատանի խորհրդարանները սովորաբար իրականացնում են կոնկրետ քաղաքական գործառույթներ, ապահովում են այս կամ այն փոքրամասնության ներկայացուցչությունը: Իսկ Հայաստանում նման բան դժվար է պատկերացնել»,- ասել է Մարկարովը:

Սփյուռքում ուժեղ ազդեցություն ունեցող հայկական կուսակցությունները, մասնավորապես, ՀՅ Դաշնակցությունը լիովին պաշտպանել է երկպալատանի խորհրդարան ստեղծելու գաղափարը: Այսպես, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ պետք է ստեղծվի ինչ-որ ձևաչափ, որի օգնությամբ սփյուռքը կարող է մասնակցել Հայաստանին վերաբերվող և համահայկական նշանակություն ունեցող հարցերի լուծմանը: Միաժամանակ, Ռուստամյանը հայտարարել է, որ այդ հարցի քննարկումները կարևոր են, բայց պետք է կարողանալ խուսափել մեկ տարբերակի վրա կենտրոնանալուց, որը չընդունելը հանգեցնելու է այդ ողջ գաղափարի չընդունմանը: Ռուստամյանը հերքել է կարծիքն այն մասին, որ երկպալատանի խորհրդարան ստեղծելու գաղափարը իշխանությունների զիջումն է, նշելով, որ հենց ՀՅԴ-ն է ժամանակին առաջադրել այդ գաղափարը:

Հայկական սփյուռքի ներկայացուցիչները հիմնականում ողջունել են երկպալատանի խորհրդարան ստեղծելու գաղափարը: «Ինձ թվում է, որ այդ գաղափարը ռազմավարական նպատակն է հետապնդում` ուղղված հայկական ինքնության պահպանմանը: Սփյուռքահայերը կարող են կիսվել իրենց փորձով և լավագույն քաղաքական ավանդույթներով»,- կարծում է ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչ, Hovnanian International-ի ղեկավար Վահագն Հովնանյանը: Նա հավելել է, որ հայկական սփյուռքի մասնակցությունը Հայաստանի խորհրդարանի աշխատանքին պետք է գնահատել որպես դրական երևույթ և ամեն կերպ առաջ տանել երկպալատանի խորհրդարանի գաղափարը: Միաժամանակ, «Ազգ» թերթի գլխավոր խմբագիր Արմենական -Ռամկավար ազատական կուսակցության նախագահ Հակոբ Ավետիքյանը նշել է, որ երկպալատանի խորհրդարանն ավելի շուտ բխում է սփյուռքի շահերից, քան Հայաստանի:

Ինչ վերաբերվում է իշխանամետ ուժերին և կուսակցություններին, ապա նրանք, պաշտպանելով Հայաստան-սփյուռք համագործակցության գաղափարը, միաժամանակ նշում են, որ երկպալատանի խորհրդարան ստեղծելու գաղափարը մանրամասն ուսումնասիրման և քննարկման կարիք ունի: Մասնավորապես, ՀՀ նախագահի մամլո քարտուղար Արմեն Արզումանյանը նշել է, որ երկրի Սահմանադրության մեջ ուղղումներ կատարելը շուրջ քայլ է և ենթադրում է բարդ և երկար ընթացակարգ: Նա հավելել է, որ դեռ 2010-ի մայիսին «Հայաստան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ քննարկվել են Հայաստան-սփյուռք կապերի ընդլայման ուղիները, և այդ ժամանակ խորհրդի անդամներին առաջարկվել է համապատասխան գաղափարներ ներկայացնել մեկ տարի հետո:

Գնահատելով հայրենիքի հետ սփյուռքի առավել սերտ համագործակցությունը` պետք է նշել, որ հայ հասարակությունը դեռ մինչև վերջ պատրաստ չէ սփյուռքի ընդգրկմանը երկրի կառավարման գործընթաց: Ընդ որում այդ գաղափարի դեմ բերվում են այն փաստարկները, որ սփյուռքի ներկայացուցիչներին դժվար կլինի խորամուխ լինել Հայաստանի ներքաղաքական գործընթացների մեջ, հնչում են նաև անհեթեթ ենթադրություններ այն մասին, այս ամենն արվում է հանուն մեկ կուսակցության` ՀՅԴ-ի: Պետք է նաև նշել, որ հայկական սփյուռքն իր էությամբ միատարր չէ, մասնավորապես շատ են տարբերվում իրենց մտածողությամբ և տարբեր քաղաքական հարցերի շուրջ մոտեցումներով Արևմտյան և Արևելյան Հայատանի հայերը: Սփյուռքը նաև բաժանված է բազմակուսակցական շերտերի, և տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ երբեմն դժվարությամբ են փոխզիջման հանգում: Այդ ամենը մտավախություն է ներշնչում, որ երկպալատանի խորհրդարանում ընտրությունների դեպքում Հայաստանի և սփյուռքի միջև կապերի ամրապնդման փոխարեն մենք կարող ենք ձեռք բերել լոկ նոր տարաձայնություններ և պառակտում սփյուռքի մեջ:

Հայկ Խալաթյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Կոստանյան․ Բաքվին ենք փոխանցել համաձայնագրի 8-րդ խմբագրությունը, սպասում ենք պատասխանի

Կոստանյան․ Բաքվին ենք փոխանցել համաձայնագրի 8-րդ խմբագրությունը, սպասում ենք պատասխանի Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---