Ազգային ինքնագիտակցությունը, «ադրբեջանական» երաժշտությունը և հայ կոմպոզիտորի բացահայտումները

Վարդան Պետրոսյան. «Այդ երաժշտության տակ մեզ սպանել են, իսկ մենք հիմա ուրախանում ենք այդ երգերով»

Հայաստանի և Ադրբեջանի միջև դիմակայությունն արտահայտվում է ոչ միայն քաղաքականության մեջ: Ընթանում է տեղեկատվական և մշակութային պատերազմ: Այդ պատերազմը սկսվել է դեռ խորհրդային տարիներին, բայց 1980-ականներին ադրբեջանցիների մեջ հանկարծ արթնացավ «ազգային ինքնագիտակցության» զգացմունքը, ընդ որում՝ բավական տարօրինակ կերպով: Սկզբից բոլոր ադրբեջանցիները դարձան կովկասյան ալբանացիներ, այնուհետև սկսեցին ապացուցել, որ հայերը «եկվոր տարր են բուն ադրբեջանական հողերի վրա»: Հետո ադրբեջանցիները յուրացրեցին հայկական խոհանոցը, գորգերը, երաժշտությունը, ազգային քնարերգությունը, հայկական ազգային երաժշտական գործիքները՝ դուդուկը, քյամանչան:

PanARMENIAN.Net - Բայց ահա ինչ վերաբերվում է երաժշտությանը…Յուրաքանչյուր մարդ լսում է այն, ինչ սիրում է. կան մարդիկ, որոնք չեն պատկերացնում կյանքն առանց դասական երաժշտության, մյուսները՝ առանց ջազի: Ինչ-որ մեկը սիրում է ռոք կամ ժողովրդական երգեր: Բայց վերջին տարիներին Հայաստանում նկատվում է թուրքական, իրանական երաժշտության «երկրպագություն», որը հնչում է մեքենաներից, խանութներից կամ էլ ուղղակի բնակարաններից: Ոմանք հիշատակում են նույնիսկ ադրբեջանական երաժշտությունը, թեև «ադրբեջանական երաժշտություն» բնորոշուման այդքան էլ կոռեկտ չէ, քանի որ 1936-ին Իոսիֆ Ստալինի հրամանով արհեստականորեն ստեղծված ադրբեջանական ազգն իր մշակութային, այդ թվում՝ երաժշտական ժառանգությունը ստեղծում է այլ մշակույթներից յուրացրած և փոխառնված սստեղծագործությունների հիման վրա:

Վերադառնանք Հայաստանում լայնորեն տարածված թուրքական և արաբական երաժշտության երկրպագուներին…Երբեմն բանը հասնում է անհեթեթության, երբ, օրինակ, երիտասարդ կոմպոզիտոր Վահրամ Պետրոսյանը, որը հպարտորեն հայտարարում է իր վարկանիշի և տաղանդի մասին, պնդում է, որ իր էության մեջ ադրբեջանական երաժշտությունից ինչ-որ բան կա. «Ես սիրում եմ ադրբեջանական երաժշտությունը, ինչպես նաև իմ բոլոր ընկերները: Ես չունեմ ընկեր, որը չի սիրում ադրբեջանական երաժշտությունը: Դա նշանակում է, որ նրանց էության մեջ նույնպես ադրբեջանական երաժշտություն կա»: Միաժամանակ, նա առանց ամաչելու խոստովանել է, որ շատ կցանկանար, որպեսզի իր ստեղծագործություններում լինեն թուրքական տարրեր: Հավանաբար, մենք ինքներս ենք մեղավոր, որ Հայաստանում Գեորգի Վանյանի հետ միասին հայտնվում են նման մարդիկ, որն անմոռանալի Աշոտ Բլեյանի հետ մտադրվել էր Հայաստանում անցկացնել ադրբեջանական ֆիլմերի փառատոն, և մինչև հիմա չի կարողանում ուշքի գալ «Բաքվի լույսերի» հիացմունքից, որտեղ նա եղել է 1993-ին:

Ավագ սերնդի մեղքը նրանում է, որ հաղթող երկրի երիտասարդ սերունդը չի ստանում պատշաճ հայրենասիրական դաստիարակություն: Միևնույն ժամանակ, պատերազմում պարտված Ադրբեջանի երիտասարդությունը դաստիարակվում է «արմատական հայրենասիրության» ոգով, որը, իհարկե, երբեմն անցնում է բանականության սահմանները: Օրինակ, ադրբեջանական ATV հեռուստաալիքի հաղորդավար Էլչին Ալիբեյլին հայերենով երգել է այսպես կոչված ադրբեջանական ժողովրդական երգ «Սարի քյալին», հայտարարելով, որ այդ երգը պետք է կատարել դրա մայրենի լեզվով: Ալիբեյլին իսկույն ազատվել է աշխատանքից: Բայց դա արդեն այլ ծայրահեղություն է:

Ավելորդ չէ հիշեցնել, որ Իսրայելում մինչև հիմա արգելված են գերմանացի կոմպոզիտոր Ռիխարդ Վագների ստեղծագործությունները, որովհետև նա եղել է Հիտլերի սիրված կոմպոզիտորը: Բայց չէ՞ որ անցել է ավելի քան 60 տարի: Մենք, պարզվում է, ավելի ժողովրդավարական ենք, և թուրքերի երաժշտությունը մեզ համար ուղղակի երաժշտություն է:

«Ամոթ է, որ մենք ուշադրություն ենք դարձնում նրանց երաժշտությանը: Իհարկե, ես գիտեմ մարդկանց, որոնք լսում են ադրբեջանական երգեր, բայց դա արդեն մեր մեղքն է՝ մենք ենք թույլ տվել այդ մարդկանց, չենք պայքարել դրա դեմ»,- համոզված է հայ երգիչ Հայկոն: Դերասան Վարդան Պետրոսյանն ավելի կոշտ է արտահայտվել. «Այդ երաժշտության տակ մեզ սպանել են, իսկ մենք հիմա ուրախանում ենք այդ երգերով»:

Կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանի խոսքերով, ցանկացած ազգ ունի իր երաժշտական մթնոլորտը: Այլ մշակույթ իմանալը կարելի է և պետք է: Բայց ավելի անհրաժեշտ է իմանալ և հասկանալ սեփականը: «Միայն այն բանից հետո, երբ կհամակվես ազգային մշակույթով, դու կարող ես խոսել համամարդկային արժեքների ներթափանցման մասին: Բայց, չիմանալով սեփականը, հիանալ և գովերգել օտարինը, առնվազն ոչ հայրենասիրական է, իսկ իրականում՝ ուղղակի դավաճանություն է: Յուրաքանչյուր մարդ պետք է հասկանա, թե որ ճանապարհով պետք է ընթանա»,- ասել է մաեստրոն:

Հայկական էստրադայի ամենավառ աստղերից մեկը՝ Շուշան Պետրոսյանը, կտրականապես չի ընդունում ադրբեջանական երաժշտությունը, բայց կարծում է, որ «մենք պարտավոր ենք այն իմանալ, հասկանալու համար, թե ինչպես են աղավաղում մեր երաժշտությունը, և դա նրանց մոտ ստացվում է»: «Երևում է՝ ես միակ մարդն եմ, որն այդ մասին բացահայտ կերպով խոսում է, մյուսները միայն բողոքում են: Ես բառացիորեն գժվում եմ, երբ հայերեն տեքստով երգերում լսում եմ թուրքական «ոռնոցներ»: Պետք է հասկանալ, որ մենք հիմա Ադրբեջանի հետ պատերազմի մեջ ենք…և ամեն օր նրանք սպանում են հայ զինվորների, որոնք պաշտպանում են այն մարդկանց, որոնք լսում են նման երաժշտություն: Թեկուզ միայն հարգանքից ելնելով՝ մարդիկ չպետք է լսեն այդ երաժշտությունը»,- ասել է երգչուհին:

Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը համոզված է, որ Կոնսերվատորիան ավարտած և նորմալ կրթություն ստացած կոմպոզիտորը չի կարող ասել, որ սիրում է ադրբեջանական երաժշտություն. «Դրանից մեկ հետևություն կարելի է անել. նա գաղափար անգամ չունի, թե ինչ է ներկայացնում իրենից քրիստոնեական կամ մահմեդական երաժշտությունը: Այդ մարդուն չի կարելի լուրջ ընդունել: Ադրբեջանցիները մեզանից գողացել են մեր երաժշտությունը և փորձում են ներկայացնել որպես սեփականը»: Իրականում թուրքական երաժշտության շատ «երկրպագուներ» փորձում են համոզել շրջապատին և իրենք իրենց, որ այդ երաժշտությունն իրականում հենց հայկական է: Ցավոք սրտի, շատերի մոտ դա ստացվում է:

Նրանց հետ համաձայն է կոմպոզիտոր Մարտին Ուլիխանյանը: «Ադրբեջանական և հայկական երաժշտությունները արմատապես տարբերվում են միմյանցից և բոլորովին տարբեր հիմքեր ունեն: Ես ինքս չեմ սիրում ադրբեջանական երաժշտություն, սակայն չգիտեմ, հանավաբար, մեր արյան մեջ է, որ մեր մեջ կան մարդիկ, որոնք սիրում են ադրբեջանական երաժշտությունը»,- ասել է նա:

Խնդիրը կա, և դրա մասին կամ չեն խոսում կամ խոսում են ցածրաձայն, անձնական զրույցներում: Վահրամ Պետրոսյանի բացահայտումները, արագ տարածվելով ինտերնետում, հասարակության մեջ առաջացրել են լայն արձագանք, ստիպել են մարդկանց բարձրաձայն խոսել խնդրի մասին: Կոմպոզիտորը, հավանաբար, վախենալով նման բուռն արձագանքից, հիմա արդեն փորձում է հրաժարվել իր ասածից: Մեդալն ունի իր հակառակ, դրական երեսը: Այս իրավիճակը դարձել է այն սակավաթիվ դեպքերից մեկը, երբ հայկական ԶԼՄ-ները հասարակության ուշադրությունը սևեռել են խնդրի վրա, և այսուհետև մարդիկ, որոնք «չեն տառապում» ազգային ինքնագիտակցությամբ և իրենց իրավունք են վերապահում մամլո ասուլիսներ հրավիրել իրենց համար ամեն հարմար առիթի դեպքում, երկու անգամ կմտածեն նման մեթոդներով իրենց հեղինակությունը բարձրացնելուց առաջ:

Կարինե Տեր-Սահակյան, Մարիամ Մատնիշյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---