Ինչո՞ւ են Հայաստանում էլեկտրոնային մարքեթինգն այդքան հաճախ շփոթում սպամի հետ

Էլեկտրոնային մարքեթինգի առաջին օրենքն է. «Մարդիկ պետք է անձամբ ստորագրեն»

Հայաստանում աճում է էլեկտրոնային մարքեթինգի ծառայություններ առաջարկող ընկերությունների թիվը: Էլեկտրոնային մարքեթինգը կոմերցիոն նյութերի էլ.փոստ առաքում է թիրախային լսարանին: Սակայն, ընդհանուր առմամբ այդ ոլորտը երկրում դեռ զարգացած չէ և հաճախ նման տիպի հաղորդագրությունները հասցեատերերի, կամ mail-սերվերների կողմից (ինչն ավելի վատ է) ընկալվում են որպես սպամ: PanARMENIAN.Net-ի թղթակիցը փորձել է պարզել, թե իրականում ինչ վիճակում է գտնվում էլեկտրոնային մարքեթինգը Հայաստանում և ինչ է հարկավոր անել այդ ոլորտի զարգացման համար:

PanARMENIAN.Net - «Դրագո Բազինի» կազմակերպությունը 1 տարի է, ինչ իրականացնում է էլ.մարքեթինգ: Ըստ գովազդի բաժնի պատասխանատու Քրիստինե Մովսիսյանի` էլ. նամակներ ուղարկվում են շուրջ 5500 կազմակերպությունների էլեկտրոնային հասցեներին. «Մեկ ամսում ունենում ենք մոտ 5 պատվեր: Նամակը բացելիս հայտնվում է ավտոհարցում նամակի ստացման մասին` այո կամ ոչ պատասխաններով: Ըստ պատասխան արձագանքների կազմակերպությունը կարող է հասկանալ արդյունավետությունը և նամակների հասանելիությունը»:

Թե որքան է ավտոհարցման պատասխանների քանակը Քրիստինե Մովսիսյանը չցանկացավ նշել: Որևէ այլ մեթոդ, որը ցույց կտար նամակների հասանելության վիճակագրությունը «Դրագո Բազինին» չունի: Նամակի մեջ չկա նաև բաժանորդագրությունից հրաժարվելու՝ unsubscribе կոճակ: Քրիստինեի խոսքով` ծրագրավորողներն աշխատում են այդ ուղղությամբ:

«Հայաստան» տեղեկատուն նույնպես զբաղվում է էլ.մարքեթինգով:

«Հայաստան»-ի կայքի և էլ.մարքեթինգի պատասխանատու Ինեսա Միրզոյանը տեղեկացրեց, որ տեղեկատուն ամեն օր իրականացնում է էլ. մարքեթինգ իրենց բաժանորդ 10.700 կազմակերպությունների էլ.հասցեներին. «Մենք օրական կատարում են ենք 8 էլ.փոստ առաքում: 10.700-ից 10.000 կարդում է, իսկ մոտ 500-700-ը կամ չեն հասնում կամ այլ պատճառներով չեն ընթերցվում»: Ինեսա Միրզոյանը նշեց, որ այս վիճակագրությունը իրենց ծրագիրն է ցույց տալիս: Սակայն «Հայաստան» տեղեկատուն չի ապահովում բաժանորդագրությունից հրաժարվելու հնարավորություն:

«Եթե կազմակերպությունն այլևս չի ցանկանում ստանալ նամակներ, պետք է զանգահարի և զգուշացնի, որից միայն 3 ամիս հետո մենք կարող ենք հանել նրան ցուցակից, քանի որ ծրագիրն ավելի վաղ թույլ չի տալիս»,- ավելացրեց Ինեսա Միրզոյանը:

«Ինսայթ» կազմակերպությունը 2 տարի է, ինչ առաջարկում է էլ.մարքեթինգ: «Ինսայթ»-ի տնօրեն Հայկ Ղազարյանի խոսքով էլ.փոստերի բազան իրենց գործընկեր կազմակերպություններն են, որոնք հավաքվել են տարիների ընթացքում. «Ամսական կատարում ենք միջինը 2-3 էլ. առաքում 16.000 էլ. հասցեներին: Յուրաքանչյուր նամակում առկա է բաժանորդագրությունից հրաժարվելու՝ unsubscribе կոճակը»:

«Ինսայթ»-ը հետևում է միջազգային կանոններին: Հայկ Ղազարյանը նշեց, որ արտասահմանյան ոչ մի համակարգ չի բավարարել իրենց պահանջները.«Աշխատում ենք մեր գրած ծրագրով, որի միջոցով ստանում ենք թե' վիճակագրություն, թե' նկարները կարողանում ենք ինտեգրել այնպես, որ բացողը միանգամից տեսնի, ոչ թե կից ֆայլի տեսքով ստանա կամ սեղմի «տեսնել նամակները» հրահանգը:

Ըստ Հայկ Ղազարյանի ոչ մի ծրագիր 100% ճշգրիտ վիճակագրություն չի կարող տալ. «Եթե 16.000-ից 1000-ը կամ 1500 բացում է, սա հիանալի արդյունք է, լինում են դեպքեր, որ ընդամենը 10-ն է բացում: Այս հարցում արդեն խնդիրը թեման է և նյութի վերնագիրը»:

«Սփյուռ» տեղեկատվական կենտրոնը արդեն 10 տարի է իրականացնում է էլ. մարքեթինգ: Ինչպես տեղեկացրեց կոմերցիոն տնօրեն Կարեն Ջավահիրյանը «Սփյուռի» էլ.փոստ բազան իրենց բաժանորդներն են, որոնք պայմանագիր ստորագրելիս նշում են հատուկ կետում, թե արդյոք ցանկանում են ստանալ կոմերցիոն բնույթի նամակներ։ «Սփյուռը» էլ. մարքեթինգն իրականացնում են ամերիկյան Bronto ծրագրով.«Ես երկար տարիներ ուսումնասիրել եմ մի շարք միջազագյին համակարգեր` MailChimp, iContact, Vertical Response, Stream Send: Այս համակարգերից և ոչ մեկը, ինչպես և Bronto-ն թույլ չի տալիս նկարը ինտեգրել այնպես, որ նամակը բացողը միանգամից տեսնի: Դա ավելացնում է սպամի հավանականությունը», - նշեց Կարեն Ջավահիրյանը։

Ըստ նրա՝ ոչ մի ծրագիր չի կարող ապահովել ճշգրիտ վիճակագրություն. «Որոշ մեյլ համակարգեր ինչպես Outlook express-ը կամ Yahoo-ն մինչև չսեղմես նկարը ցուցադրելու կոճակը կամ չբացես նամակն ամբողջությամբ` չի գրանցի որպես ընթերցված նամակ»: «Սփյուռն» ամսական իրականացնում է միջինը 7-8 էլ.փոստ առաքում: Կարեն Ջավահիրյանի խոսքով Bronto-ն ապահովում է «Սփյուռի» բազայի 2500 կազմակերպություններին ուղարկվող նամակների 97% առաքելություն, որից միջինում 80% ընթերցվում է: Նամակում առկա է բաժանորդագրությունից հրաժարվելու՝ unsubscribе կոճակը»:

Փորձի համար նշված կազմակերպություններից նամակներ ուղարկվեցին PanARMENIAN.NET-ի էլ.փոստին: «Հայաստան» տեղեկատուի ուղարկած 2 նամակները գտնվեցին սպամ ֆիլտրում:

«AMACAD» գիտական ցանցի հիմնադիր, մոդերատոր, էլեկտրոնային մարքեթինգի փորձագետ Խաչիկ Գևորգյանը սպամից խուսափելու և Էլ. մարքեթինգում հաջողության հասնելու համար` առանձնացնում է մի քանի կարևոր կանոն. «Առաջին և պարտադիր կանոնն է`նամակ ստացողները պարտադիր իրենց կամքով պետք է բաժանորդագրվեն նամակներին: Յուրաքանչյուր ոք անմիջապես նամակի միջից բաժանորդագրությունից հրաժարվելու` unsubscribе-ի հնարավորություն պետք է ունենա: Եթե ցանկանում եք նամակն ընթերցվի, երկար պետք է աշխատել վերնագրի և բովանդակության վրա: Հիմնական ինֆորմացիան երբեք կից ֆայլում չպետք է գտնվի: Կարելի է կցել միայն հավելյալ տեղեկությունները կամ լրացման թերթիկները: Դե իսկ նկարներով հայտարարություն կազմելն անիմաստ է, քանի որ շատ մեյլ սերվերներ միանգամից չեն ցույց տալիս նկարը»:

Խաչիկ Գևորգյանը նշեց, որ եթե մարդ նամակները ստանում է անկախ իր կամքից, ապա չպետք է ձանձրացնել նրան հաճախակի ուղարկվող նամակներով: «Եթե խոսքը գնում է բիզնես էլ. մարքեթինգի մասին, ապա պատվիրատուն պետք է ստանա վիճակագրություն, թե քանիսին են ընթերցել նամակը: Եվ ամենակարևորը երբեք մի վաճառեք սեփական իմեյլ ցուցակը, սա անթույլատրելի է»,- ավելացրեց փորձագետը:

Լուսինե Պառավյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում
Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով
Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները
Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք

Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում

 Բաժնի այլ նյութերը
Revolut-ը՝ ՀՀ-ում Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների
Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները
---