Երկու օրերի ընթացքում ֆուտբոլային երկրպագուները կդիտեն Հայաստան-Ռուսաստան երեք դիմակայություններ

Մարտի 10-17-ի գլխավոր սպորտային իրադարձությունների ամփոփում

Ռուսաստանի և Հայաստանի հավաքականների միջև ԵԱ 2012-ի ընտրական խաղ. Ռուսաստանի հավաքականի մարզիչ Դիկ Ադվոկատը հայտնել է ֆուտբոլիստների անունները, որոնք 2012-ի Եվրոպայի առաջնության ընտրական խաղում հանդես կգան Հայաստանի հավաքականի հետ և ընկերական հանդիպում կանցկացնեն Քաթարի հետ:

PanARMENIAN.Net - Մարտի 26-ին 2012 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում Երևանում կայանալիք Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային հանդիպման բոլոր տոմսերն արդեն սպառվել են:

Մարտի 12-ի դրությամբ վաճառքում մնացել էին միայն հյուսիսային և հարավային տրիբունաների տոմսերը` 3000 դրամ արժողությամբ: Արևելյան և արևմտյան տրիբունաների 5000 և 7000 դրամ արժողությամբ տոմսերը շատ ավելի վաղ էին սպառվել: Տոմսերը վաճառքում հայտնվել էին մարտի 7-ին և սպառվեցին 8 օրվա ընթացքում:

Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլի խաղից մեկ օր առաջ՝ մարտի 25-ին տեղի կունենա ֆուտբոլի հայ և ռուս վետերանների հանդիպումը: Հանդիպմանը կմասնակցեն նախկինում հայտնի ֆուտբոլիստներ Ալեքսանդր Միրզոյանը, Ալեքսեյ Պրուդնիկովը, Դմիտրի Անանկոն, Յուրի Կովտունը, Ախրիկ Ցվեյբան, Վագիզ Խիդիյատուլինը, Գեորգի Յարցևը, Դմիտրի Կուզնեցովը, Միխայիլ Գերշկովիչը, Յուրի Գավրիլովը, Սերգեյ Օլշանսկին, Ալեքսանդր Տուկմանովը, ինչպես նաև Էդուարդ Մարկարովը, Հովհաննես Զանազանյանը, Արկադի Անդրեասյանը, Խորեն Հովհաննիսյանը, Ալյոշա Աբրահամյանը, Սերգեյ Բոնդարենկոն, Լևոն Իշտոյանը, Նիկոլայ Ղազարյանն ու այլոք, հայտնում է ՌԴ ֆուտբոլային միության պաշտոնական կայքը:

1973թ. Հայաստանի հավաքականի վետերանները «Արարատ» ակումբի կազմում դարձան ԽՍՀՄ չեմպիոններ և գավաթակիրներ՝ ՌԴ ֆուտբոլային միության ներկայիս առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանի ղեկավարությամբ: Հանդիպումը տեղի կունենա Երևանի ժամանակով 15:00-ին «Միկա» մարզադաշտում:

Իսկ մարտի 26-ին «Փյունիկ» ՖԱ-ի բազայում տեղի կունենա ընկերական հանդիպում այդ երկրների հավաքականների երկրպագուների միջև:

Հայաստանի 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստ ու World Soccer-ի վարկածով ԽՍՀՄ լավագույն կիսապաշտպան Խորեն Հովհաննիսյանը Հայաստան-Ռուսաստան խաղից 10 օր առաջ խոստովանել է, որ եթե հայ ֆուտբոլիստների խաղը ստացվի, նրանք կկարողանան «պայթեցնել Ռուսաստանի հավաքականը»:

«Սակայն ֆավորիտը միևնույն է մնում է Ռուսաստանի հավաքականը: Անշուշտ, մեր մոտ բոլորն են երազում, որ մրցաշարի ավարտին Հայաստանը B խմբում մնա նույն դիրքում՝ 2-րդ հորիզոնականում: Սակայն, եթե իրատես լինենք, նույնիսկ երրորդ տեղը մեր հավաքականի համար մեծ հաջողություն կլինի»,-մեջբերում է Հովհաննիսյանի խոսքերը sovsport.ru.-ն:

Հովհաննիսյանը նշել է նաև, որ նա մարզել է Հայաստանի հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանին, երբ նա 18 տարեկան էր. «Նա բավականին լավ էր խաղում, իսկ այժմ համարվում է հեռանկարային երիտասարդ մարզիչ»:

Հավաքականի կազմում նա առանձնացրել է Էդգար Մանուչարյանի, Գևորգ Ղազարյանի, Յուրա Մովսիսյանի և Հենրիխ Մխիթարյանի խաղը:

Հայաստանի գավաթ. Մարտի 14-ին կայացան Հայաստանի գավաթի քառորդ եզրափակչի երեք պատասխան հանդիպումները:

Իրենց մարզադպրոցի դաշտում Հայաստանի 2010 թվականի գավաթակիր և չեմպիոն «Փյունիկն» ընդունեց «Շիրակին»: Առաջին խաղում թիմերը ոչ ոքի գրանցեցին` 1:1, և շատ բան կախված էր պատասխան խաղից: Թիմերն ընդմիջման գնացին 0:1 հաշվով. «Գյումրին» առջևում էր Տիագո Լոպեսի գոլի շնորհիվ: Չնայած գործադրած ջանքերին, «Փյունիկն» այդպես էլ չկարողացավ գնդակ ուղարկել Գյումրու թիմի դարպասը և առաջին իսկ փուլում դուրս մնաց Գավաթի խաղարկությունից, «Շիրակը» կիսաեզրափակչում կշարունակի պայքարն ու կհանդիպի «Ուլիսի» հետ:

«Ուլիսը» Միհրան Մանասյանի գոլի շնորհիվ հաղթանակ տարավ «Արարատի» նկատմամբ, առաջին խաղում Սևադա Արզումանյանի սաները նույնպես նվազագույն հաշվով հաղթանակ էին տարել:

«Բանանցը», որն առաջին խաղում 3:0 հաշվով պարտության մատնեց «Գանձասարին», Կապանում 1:0 հաշվով զիջեց: Երկու հանդիպումների արդյունքում 3:1 հաշվով երևանյան ակումբը հայտնվեց կիսաեզրափակչում, որտեղ իր ուժերը կչափի «Իմպուլս» - «Միկա» հանդիպման հաղթողի հետ:

Մարտի 30-ին «Միկան» իր մարզադաշտում ընդունելու է «Բանանցին», իսկ պատասխան խաղը կայանալու է ապրիլի 20-ին: Երկրորդ կիսաեզրափակիչ զույգում ապրիլի 6-ին Իջևանի «Արնար» մարզադաշտում խաղալու են «Շիրակը» և «Ուլիսը»: Վերջին երկու տարիների Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր «Ուլիսն» ընդունելու է Գյումրիի թիմին ապրիլի 27-ին Երևանի «Հրազդան» մարզադաշտում:

Հայ լեգիոներներ. Իրանի առաջնությունում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Լևոն Փաչաջյանի «Սանատ Նավթ» ակումբը 2:0 հաշվով հաղթել է «Սթիլ Ազին»: Չնայած նրան, որ «Սանատ Նավթը» մնաց 10 խաղացողով, նա կարողացավ լավ պաշտպանվել ու արդյունքում խաղն ավարտեց իր օգտին:

Փաչաջյանը մասնակցել է ողջ խաղին, և, նրա խոսքերով, անց է կացրել ակումբում իր ամենահաջող խաղերից մեկը: Հաղթանակից հետո ակումբը 35 միավորով 8-րդ տեղում է:

Իսկ ռուսական «Կրասնոդարը», որտեղ հանդես է գալիս հարձակվող Յուրա Մովսիսյանը, Ռուսաստանի առաջնության առաջին տուրում խաղացել է «Անժիի» դեմ: Խաղն ավարտվել է 0:0 հաշվով:

Ուկրաինայի առաջնության 21-րդ տուրում Հենրիխ Մխիթարյանի ակումբը` Դոնեցկի «Շախտյորը» 1:0 հաշվով պարտություն է կրել «Կարպատի» կողմից: «Շախտյորը» 55 միավորով առաջատար է:

Լեհաստանի առաջնությունում կայացել է 8-րդ տուրը: «Լեխիան», որի կազմում հանդես է գալիս Լևոն Հայրապետյանը, 2:1 հաշվով հաղթանակ է տարել Ռոբերտ Արզումանյանի «Յագելոնիա» թիմի նկատմամբ: Հաղթանակից հետո «Լեխիան» 4-րդ տեղում է, «Յագելոնիան»` 2-րդ:

Հայ հարձակվող Ռոբերտ Զեբելյանը պաշտոնապես ձևակերպել է հարաբերությունները Մինսկի «Դինամոյի» հետ:

Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Մասնագետը՝ առողջ ապրելակերպի մասին
Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ
Լավագույն app-երը՝ առավել զգուշավորների այլընտրանք
Ինչպես են մարզասրահները և մարզվողները «ֆորմի մեջ» մնում
 Ուշադրության կենտրոնում
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Աշխարհի գավաթի եզրափակչում է

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Աշխարհի գավաթի եզրափակչում է Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը

 Բաժնի այլ նյութերը
Easy ֆուտբոլ՝ մեծ էկրանին Դարձիր «12-րդ խաղացող» Անգլիական այգում, երկրպագիր մերոնց մաքուր օդին
Ուղին անվանում է առաջնամագլցողը Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու
Բրազիլական ջիու-ջիցուն Հայաստանում Գետնի վրա մենամարտել իմացողն առավելություն ունի
---