Հայ վարչապետը խոստովանել է, որ Հայաստանի տնտեսությունը բավականաչափ դիվերսիֆիկացված չէ

Պարենամթերքի բարձր գները և հումքի շուկաների անկայունությունը կպահպանվեն, ասվում է FAO-ի «2011-2020թթ. Գյուղատնտեսության զարգացման հեռանկարների ամփոփման» մեջ

Առաջինը, ինչ մենք զգացինք տնտեսական ճգնաժամից հետո, այն էր, որ դա տեղի ունեցավ մեր տնտեսության բավարար չափով դիվերսիֆիկացված չլինելու պատճառով: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը CNN հեռուստաընկերությանը հունիսի 15-ին տված հարցազրույցում: «Ճգնաժամին մեր պատասխանը կենտրոնացավ երեք հիմնական ուղղությունների վրա` տնտեսության հետագա դիվերսիֆիկացիա, ենթակառուցվածքների և բիզնես միջավայրի բարելավում: Հուսով ենք` շարունակական բարեփոխումների ջանքեր գործադրելով` մենք ի վիճակի կլինենք բարելավել բիզնես միջավայրը և հաղթահարել ճգնաժամի հետևանքները»,-ասել է նա հայտնի տնտեսական մեկնաբան, լրագրող Ջոն Դեֆթերիոսի հետ զրույցում:

PanARMENIAN.Net - Անդրադառնալով այն փաստին, որ 2002 թ. Հայաստանի արտահանումը կազմում էր ՀՆԱ-ի 20 տոկոսը, իսկ այսօր այն ընդամենը 12 տոկոսն է՝ վարչապետը խոստովանել է, որ դժբախտաբար, Հայաստանի առևտրային հաշվեկշիռը դեռևս նշանակալիորեն բացասական է: «Արտահանման խթանումը դեռևս առաջնային նպատակ է մեզ համար, իսկ մեր արտահանումը հիմնականում երեք ուղղություններով է` հանքարդյունաբերություն, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների արդյունաբերություն և զբոսաշրջություն»,-ասել է Տիգրան Սարգսյանը:

Անդրադառնալով տնտեսության մեջ սփյուռքահեյրի ներդրումներին՝ վարչապետը նշել է, որ, իրոք, տնտեսության մեջ ներդրումների առաջնային աղբյուրը հայկական սփյուռքն է: «Ներկայումս ՀՆԱ-ում նրա մասնաբաժինը կազմում է 60-70 տոկոս: Իհարկե, սփյուռքից ներդրումները գալիս են ոչ միայն օտարերկրյա ուղղակի ներդրումների տեսքով, այլ նաև մասնավոր դրամական փոխանցումների միջոցով, ինչն օգնեց Հայաստանին հաղթահարելու տնտեսական ճգնաժամի հետևանքները»,-ասել է Տիգրան Սարգսյանը:

Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հավատարիմ է մնում 2011-ի ավարտին գնաճի ցուցանիշի վերաբերյալ հայտարարություններին: «Տարվա արդյունքներով գնաճը մեզ մոտ լինելու է մեր կողմից նախատեսված 5-6 տոկոսի սահմաններում»,- հունիսի 14-ին Երևանում մամլո ասուլիսում ասել է նա: Նման կանխատեսումներով ՀՀ ԿԲ նախագահը ելույթ է ունեցել նաև խորհրդարանական լսումներում:

Միաժամանակ, նա լավատեսությամբ հավաստիացրել է, որ տարվա արդյունքներով ցուցանիշը նպատակայինից ցածր է լինելու: «Ես չեմ ցանկանում ասել, որ մենք կունենանք գնաճ 4 տոկոսի մակարդակում, բայց մենք ամեն ինչ կանենք, որպեսզի գնաճը լինի 5.5 տոկոսից ցածր»,- նշել է նա:

2011-ի Հայաստանի պետբյուջեի համաձայն գնաճը երկրում նախատեսված է 4±1,5 տոկոսի մակարդակում: Դրա հետ կապված` Ջավադյանը նշել է, որ ԿԲ կողմից ձեռնարկված քայլերը, ինչպես նաև այլ պետական մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումները «խոսում են այդ մասին»:

ՀՀ ԿԲ կողմից հրապարակված կանխատեսումների համաձայն առաջին 6 ամիսների ընթացքում գնաճը երկրում մնալու է 9 տոկոսի սահմաններում: Այն նվազել է մարտին, ապրիլին արձանագրվել է գնանկում, մայիսին եղել է զրոյական, իսկ հունիսի տվյալներն ամփոփվելու են ամսի 20-ից հետո: Այդ առումով Ջավադյանն ասել է, որ ամառային ամիսներին արձանագրվելու է զգալի գնանկում, և տարեվերջը փակվելու է կանխատեսվող սահմաններում: «Իհարկե, այստեղ առկա են ռիսկեր, որոնք կապված են բնակլիմայական պայմանների, համաշխարհային պարենային գների կտրուկ աճի հետ: Բայց այդ ամենը հաշվի է առնվել մեր կողմից, որոնց մենք կարձագանքենք մեր դրամավարկային քաղաքականության շրջանակներում»,- ասել է նա:

Այնուամենայնիվ, պարենամթերքի բարձր գները և հումքի շուկաների անկայունությունը կպահպանվեն, ասվում է FAO-ի «2011-2020թթ. Գյուղատնտեսության զարգացման հեռանկարների ամփոփման» մեջ: Այս ամենի ֆոնին Հայաստանին իր սահմանափակ պաշարներով հեշտ չի լինելու լուծել իր առջև դրված խնդիրները, ապահովել դիվերսիֆիկացիա և ոչ բարձր գնաճ:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---