// IP Marketing video - START// IP Marketing video - END

Հայ-թուրքական սահմանը կարող է ավելի շուտ բացվել, քան բոլորը պատկերացնում են

Սահմանի բացումով Թուրքիան համարյա լիովին հեռանում է ղարաբաղյան հակամարտության լուծմանն աջակցելուց, ինչը նորություն չէ

ԱՄՆ-ն հերթական անգամ բարձրացնում է հայ-թուրքական սահմանի բացման հարցը: Ընդհանուր առմամբ, ոչ մի նոր բան. ամեն անգամ, այցելելով տարածաշրջան, Հիլարի Քլինթոնը Հայաստանի և Թուրքիայի ղեկավարության հետ բանակցություններում խոսում է սահմանի բացման անհրաժեշտության մասին: Այս անգամ հայ-թուրքական Արձանագրությունների վավերացումն ուշացնելու մեջ նա մեղադրել է թուրքական ընդդիմությանն ի դեմս Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քիլիջարօղլուի այն բանի համար, որ հենց նրանք են խանգարում Արձանագրությունների վավերացմանը:

PanARMENIAN.Net - Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունն ասում է, որ հենց Ժողովրդահանրապետական կուսակցությունն է Արձանագրությունների վավերացման հակառակորդը: ԱԶԿ նման պատասխանը բնական է, այլ կերպ Էրդողանը չէր կարող ասել: Ճիշտ է, Քիլիջարօղլուն, չգիտես ինչու, հայտարարել է, որ նա այդ ամենից տեղյակ չէ:

«Մենք կոնկրետ ոչինչ չգիտենք այդ փաստաթղթերի բովանդակության մասին, թե որքանով են իշխանություններն անկեղծ ղարաբաղյան հիմնախնդրի հարցում: Մենք իմանում ենք այդ արձանագրությունների մասին միայն ԶԼՄ-ներից: Մեզ համար անհասկանալի է, թե ինչու է իշխող կուսակցությունը մեղադրում մեզ, չէ որ խորհրդարանում նրանք ունեն ձայների մեծամասնություն, ուստի, եթե ցանկանան, կարող են արձանագրությունները դնել քննարկման և ընդունել դրանք»,- ասել է նա: Այս ամենը միամիտ է հնչում և չափազանց անճշմարտանման: Ստացվում է, որ Թուրքիայի ակնառու քաղաքական գործիչը չգիտի Արձանագրությունների գոյության մասին և ընդհանրապես տեղյակ չէ իր երկրի արտաքին քաղաքականությունից: Թե ինչ հույսեր է ունի թուրքական կողմը, նման կերպ պատասխանելով Հիլարի Քլինթոնին, հասկանալ կարելի է. Թուրքիան վաղ թե ուշ կբացի սահմանը և դա պետք է ոչ այնքան Հայաստանին, որքան «ամերիկա-շվեյցարական խաղաղապահներին», որոնք չկարողացան ավարտին հասցնել սկսված գործընթացը: Բայց բացումը տեղի կունենա թուրքական պայմաններով: ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն արդեն հայտարարել է, որ սահմանը կարող է շուտով բացվել փոխադրումների և առևտրի համար: Թուրքական մամուլում ակտիվ կերպով տեղեկատվություն է տարածվում Turkish Airlines (THY) գրասենյակի բացման մասին, որն ուժեղ գործընկեր է թուրքական ԱԳՆ համար: Այսպես, Hurriyet թերթի համաձայն, բացվելու են Լոս Անջելես-Ստամբուլ և Վան-Երևան չվերթները: Ճիշտ է, հաղորդագրությունում, չգիտես ինչու, ասվում է, որ դրա համար «պետք է վերակառուցել Երևանի օդանավակայանը»: Արտահայտությունը լիովին անհասկանալի է, որովհետև «Զվարթնոց» օդանավակայանը տարածաշրջանում ամենաժամանակակիցն է և կարող է ընդունել ցանկացած ինքնաթիռներ: Հոդվածի հենց այդ մասը հանգեցնում է նրան, որ ողջ տեղեկատվությունն ուղղակի երևակայության արդյունք է, արտաքին օգտագործման առարկա: Մի քանի ամիս առաջ նման տեղեկատվություն էր տարածվել թուրքական ԶԼՄ-ների կողմից, սակայն Երևանը հերքել էր այն: Հայաստանի Քաղավիացիայի վարչության ներկայացուցչի խոսքով, THY ղեկավարությունը չի դիմել Երևանին գրասենյակ բացելու առաջարկով:

Անմասն չի մնացել Ադրբեջանը, որը հերթական անգամ հայտարարել է, որ չի միջամտում երրորդ երկրների ներքին գործերին, բայց դեմ է սահմանի բացմանը, որովհետև դա «հակասում է Ադրբեջանի ազգային շահերին»: Բաքվին կարելի է հասկանալ. սահմանի բացումով Թուրքիան գրեթե լիովին հեռանում է ղարաբաղյան հակամարտության լուծման մեջ աջակցությունից, ինչը, բոլորովին նորություն չէ: Էրդողանի և Քիլիջարօղլուի հավաստիացումներն այն մասին, որ «Թուրքիան շարունակելու է պաշտպանել Ադրբեջանի շահերը և աջակցել ղարաբաղյան հիմնախնդրի արդարացի լուծման մեջ», ոչինչ չարժեն: Բաքուն պետք է դրա հետ հաշտվի: Շատ հնարավոր է, որ Ալիևը և նրա շրջապատն այդ մասին գիտեն, բայց նախընտրում են ամպագոռգոռ հայտարարություններ տարածել «եղբայրական բարեկամության» մասին: 1921-ին, Ստամբուլում բացելով Ադրբեջանական ԽՍՀ դեսպանատունը, Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը շատ է խոսել եղբայրության, բարեկամության և աջակցության մասին: Խոսել է, որովհետև բոլշևիկները նրան տվել էին Հայաստանը, զինել էին թուրքական բանակը և տվել էին 5 մլն ռուբլի ոսկով... Նշենք, որ օգնությունը հսկայական էր, իսկ Խորհրդային Ռուսաստանը, եթե հավատանք պատմությանը, ավերակների մեջ էր: Հիմա ժամանակները փոխվել են, և Թուրքիայի բոլոր հաստատություններում կախված Աթաթուրքի դիմանկարները ոչ մի կերպ չեն արտահայտում ԱԶԿ կառավարության ներկա ընթացքը: Իսկ այդ ընթացքը նեո օսմանիզմն է և իսլամիզմը, որի դեմ այդքան պայքարում էր Աթաթուրքը:

Ինչ վերաբերվում է հայ-թուրքական սահմանի բացմանը, ապա դա կարող է ավելի վաղ տեղի ունենալ, քան բոլորը պատկերացնում են: Բայց պե՞տք է դա Հայաստանին. սա հարց է, որն արդեն երկու տարի պատասխան չունի: Սահմանն ամեն դեպքում բացվում է ոչ թե զբոսաշրջիկների, այլ պետական անհրաժեշտության համար: 1993-ին Ադրբեջանի խնդրանքով փակելով սահմանը՝ Անկարան ավելի շուտ ղեկավարվում էր զգացմունքներով, քան առողջ դատողությամբ: Այս անգամ զգացմունքների մասին հարկ կլինի մոռանալ: Վարչապետ Էրդողանը զգոն քաղաքական գործիչ է և նա գիտի, թե ինչ է ուզում: Եթե նրան պետք է Հայաստանը, այլ ոչ թե Ադրբեջանը, ընտրությունը կկատարվի անկախ ամեն ինչից, այդ թվում՝ թուրքական համերաշխությունից:

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես է իրականանում Հոլիվուդ հասնելու երևանցի աղջկա երազանքը
Ինչ պատահեց «Վագներ ՄԶԿ»-ին Դեր Զորի մատույցներում
Ազնավուրը՝ կյանքի, կանանց ու արվեստի մասին
Հայաստանի (և ոչ միայն) ամենատարօրինակ օրենքները
 Ուշադրության կենտրոնում
ԱՄՆ-ն Ադրբեջանին $10.1 մլն-ի հետախուզական տեխնիկա կմատակարարի

ԱՄՆ-ն Ադրբեջանին $10.1 մլն-ի հետախուզական տեխնիկա կմատակարարի Ծրագրի 88%-ը կիրականացվի Միացյալ Նահանգներում, իսկ 12%-ը` Ադրբեջանում

 Բաժնի այլ նյութերը
Հոքինգից մինչև Ազնավուր Ում կորցրինք 2018-ին
Խաչապուրի bizimdir Վրաստանի տնտեսական կախվածությունն Ադրբեջանից՝ թվերով
Ընտանեկան բռնություն, գարդասիլ ու ծխելու արգելք 2017-ի ամենահնչեղ 10 հասարակական իրադարձությունը