Թուրքիան մտադիր չէ հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ

TBMM որոշումը որոշ չափով թելադրված է Մերձավոր Արևելքում իրադարձությունների զարգացմամբ, որոնցում Անկարան փորձում է իր դերը խաղալ և մի շարք պատճառներով դա նրան հաջողվում է

Թուրքիայի Մեծ ազգային ժողովն օրակարգից հանել է 898 օրինագիծ, որոնց թվում էին նաև 2009 թվականին ստորագրված հայ-թուրքական Արձանագրությունները: Համաձայն Pirus Haber-ի, Արձանագրություններն օրակարգից հետ կանչելու գլխավոր պատճառ է ծառայել նոր խորհրդարանի դիրքորոշումը, որը հայ-թուրքական սահմանի բացման հարցն առաջնայնությունը կորցրած է համարել Թուրքիայի քաղաքական ուղու մեջ: Բացի դրանից, խորհրդարանի կանոնադրության համաձայն, խորհրդարանի կողմից մեկ կիսամյակի ընթացքում չընդունված հարցը կորցնում է իր իրավաբանական ուժը:

PanARMENIAN.Net - 2009-ի հոկտեմբերի 10-ին մեծ դժվարությամբ և բացարձակ լռության պայմաններում ստորագրված հայ-թուրքական Արձանագրությունները նոր էջ բացեցին ոչ միայն երկու երկրների հարաբերություններում, այլ նաև փոխեցին Թուրքիայի հարաբերություններն Ադրբեջանի և Վրաստանի հետ: Արձանագրությունների համարյա երկամյա «դեգերումների» արդյունքը լիովին օրինաչափ է: Թուրքիան չէր պատրաստվում վավերացնել դրանք, առավել ևս կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ: Ստորագրելով ոչնչի չպարտավորեցնող Արձանագրությունները` Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն հիանալի գիտեր, որ ոչ մի թուրքական խորհրդարան չի վավերացնի դրանք: Գտնվել է նաև պատճառը` ղարաբաղյան հակամարտության լուծված չլինելը, որի մասին Արձանագրություններում հիշատակված չէր:

Ընդ որում այսօրվա Թուրքիային չեն հետաքրքրում հայ-թուրքական Արձանագրությունները: Այն, քրդական մամուլի պատկերավոր արտահայտմամբ, վերածվում է քաոսի և այդ քաոսի մեղավորները քրդերն են: Քրդերի և կանոնավոր թուրքական բանակի միջև պատերազմը շարունակվում է արդեն 27 տարի, և այդ դիմակայությունում հաղթողներ առայժմ չկան: Ավելին, հունիսի 12-ին ընտրություններում տարած հաղթանակից հետո Արդարություն և զարգացում կուսակցությունը սկսեց լայնածավալ պատերազմ քրդերի դեմ, որն իր թափով գերազանցում է բոլոր նախկին օպերացիաները:

Եթե թուրքական կառավարությունը քայլեր չձեռնարկի խաղաղության համար, ապա լիովին հավանական է, որ Թուրքիայում սկսվի քաղաքացիական պատերազմ: Սակայն վարչապետ Էրդողանը, անտեսելով քրդերի իրավունքները, սիստեմատիկ կերպով հետապնդում է BDP քրդական կուսակցությանը և Դեմոկրատական հասարակության կոնգրեսին (DTK), պատրաստվում է DTK ակտիվիստների վրա զանգավածային հարձակման: Իսկ եթե ավելացնել երկրի զինված ուժերի վերնախավի ձերբակալությունները, ապա ակնհայտ է դառնում, որ Անկարային հիմա բոլորովին չեն հետաքրքրում հայ-թուրքական Արձանագրությունները:

TBMM որոշումը որոշ չափով թելադրված է նաև Մերձավոր Արևելքում իրադարձությունների զարգացմամբ, որոնցում Անկարան փորձում է իր դերը խաղալ և մի շարք պատճառներով դա նրան հաջողվում է, որովհետև նույն Արևմուտքի համար ավելի շահավետ է գործ ունենալ ՆԱՏՕ վաղեմի անդամ դաշնակցի հետ, քան Իրանի, որը նույնպես հավակնում է տարածաշրջանային առաջնորդի դերին:

Ինչ վերաբերվում է հայկական կողմին, ապա այն վաղուց պետք է ուղղակի ցուցադրեր Արձանագրությունները` որպես սպառնալիք երկրի ազգային անվտանգության համար: Ավելորդ չէ հիշեցնել, որ ՀՀ ԱԺ կանոնակարգը նախատեսում է հետաձգված փաստաթղթերի քննարկում 10 տարվա ընթացքում: Պետք է նաև նշել, որ որոշ փորձագետների կարծիքն այն մասին, որ հունիսի 12-ի ընտրություններից հետո հայ-թուրքական հարաբերությունները կսկսեն զարգանալ, սխալ էին: Օրինակ, Երևանի և Վանի միջև ուղիղ ավիահաղորդակցությունն ի չիք դարձավ, ինչպես և հայ ու թուրք գործարարների այլ նախաձեռնությունները: Մնում է միայն հերթական անգամ փաստել` Թուրքիան մտադիր չէ հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ:

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին

Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---