Սփյուռքի ոսկերիչները երազում են Հայաստանի ազատ տնտեսական գոտում աշխատելու մասին

Աշխարհի ոսկերչական արտադրանքի շուրջ 7 տոկոսը բաժին է ընկնում Հայ ոսկերիչների համաշխարհային միությունը (AJA)

Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված Հայ ոսկերիչների համաշխարհային միության (AJA) ցուցահանդեսի շրջանակում Երևանում կայացել է «AJA դերը Հայաստանի ոսկերչական արդյունաբերությունը միջազգային ոսկերչական հանրությանը ինտեգրելու գործում» խորագրով համաժողով: Համաժողովի ընթացքում քննարկվել է երկրի ոսկերչության ոլորտի զարգացման գործում Հայաստանի շահագրգռված պետկառույցների և առաջատար հայկական ոսկերչական ընկերությունների համագործակցության ճանապարհները:

PanARMENIAN.Net - Ազատ տնտեսական գոտիների ստեղծումը կնպաստի Հայաստանի ոսկերչական արդյունաբերության զարգացմանը: Այդ մասին լրագրողներին է հաղորդել ՀՀ Էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության վարչության պետ Հայկ Միրզոյանը: «Հայ ոսկերիչների համաշխարհային միության (AJA) անդամները շահագրգռված են ԱՏԳ ստեղծմամբ և այդ պայմաններում աշխատելու պատրաստակամություն են հայտնել»,- ասել է նա:

Միրզոյանը հիշեցրել է, որ 2010-ի վերջին ընդունվել է ՀՀ օրենք «Ազատ տնտեսական գոտիների մասին»: Ներկա պահին նախարարությունը օրենքից բխող ենթաօրինական ակտերի փաթեթ է մշակել, որը շրջանառվում է համապատասխան գերատեսչություններում և այժմ դիտարկվում է կառավարության կողմից: Այս համատեքստում Հայկ Միրզոյանը հավելել է, որ մինչև տարվա վերջ այդ հարցում որոշակի առաջընթաց է հնարավոր:

Սեպտեմբերի 21-23 անցկացվող եռօրյա ցուցահանդեսին մասնակցել են հայազգի ոսկերիչներ աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում` Միացյալ Նահանգներից, Կանադայից, Շվեյցարիայից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Թայլանդից, Լիբանանից: «Yerevan Show» ցուցահանդեսում ներկայացված են սփյուռքահայ մեր հայրենակիցներին պատկանող շուրջ 65 հայտնի ոսկերչական ֆիրմաների գործերը, ինչպիսիք են «Էստետ», «Haytayan», «Bergio», «Tacori», «Waskol», «Yessayan Jewellery» և մի շարք այլ ընկերություններ:

«Հուսով ենք, որ ցուցահանդեսն ու համաժողովը թույլ կտան հայ ոսկերիչներին ավելի լավ ծանոթանալ Հայաստանի ներդրումային և բիզնես ոլորտին, որը վերջերս զգալի փոփոխությունների է ենթարկվել նոր արտադրությունների հարցում»,- ընդգծել է նա: Հայկ Միրզոյանը նշել է, որ Հայաստանի ոսկերչական ոլորտում հետճգնաժամային շրջանում աճի միտումներ են դիտվում: «Կառավարությունը ոլորտում իր աջակցությունն է ցուցաբերում, մասնավորապես` անցյալ տարի որոշում ընդունվեց ոսկերչական ընկերությունների շրջանառությունը ԱԱՀ-ից ազատելու մասին: Այժմ ոլորտում ակտիվացում է նկատվում, հուսանք, որ այդ տեմպերը կպահպանվեն»,- ասել է նա: Ինչպես հաղորդել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության վարչության պետը, վկայակոչելով Ազգային վիճակագրական ծառայության տվյալները, ոլորտում ներկա պահին 31 ոսկերչական ընկերություն է գորոծւմ:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է սեպտեմբերի 21-23-ը Երևանում անցկացվող Հայ ոսկերիչների համաշխարհային միության (AJA) ցուցահանդես, որը նվիրված էր Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին:

Ինչպես լրագրողներին է հայտնել AJA նախագահ Գագիկ Գևորգյանը, միությունը ստեղծվել է 14 տարի առաջ և հաջորդ տարի կտոնի իր 15-ամյակը: «Ցանկանում ենք, որ դա յուրօրինակ համահայկական տոն դառնա»,-ասել է նա: Ըստ նրա, ցուցահանդեսի կազմակերպումը տոն է, քանի որ նման դեպքերը տասնամյակը մեկ են լինում: Ընդ որում, Գագիկ Գոևրգյանը երախտագիտությու է հայտնել նախագահին ու կառավարությանը ցուցահանդեսին աջակցելու համար: «Ցուցահանդեսը բացեց Հայաստանի նախագահը՝ ապացուցելով, որ մեր ոսկերիչների գլխավոր ուժը մեր Հայրենիքն է»,-ասել է նա:

Գագիկ Գևորգյանը հայտնել է, որ այսօրվա դրությամբ AJA անդամ է հանդիսանում շուրջ 5000 ոսկերիչ աշխարհի 30 երկրներից: «Աշխարհի ոսկերչական արտադրանքի շուրջ 7 տոկոսը տալիս է Հայ ոսկերիչների համաշխարհային միությունը»,-ասել է նա: Անդրադառնալով հայ ոսկերիչների բարձր մասնագիտական որակին՝ AJA նախագահը նշել է, որ նրանց աշխատանքը «ոչ միայն նրանց ձեռքի աշխատանքի արդյունք է, այլ նաև սրտի ու հոգու»:

Հայ ոսկերիչների համաշխարհային միությունը (AJA) մեծ հույսեր է կապում Հայաստանի հետ, մշակելով նոր ծրագրեր: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է միության նախագահ Գագիկ Գևորգյանը: «Առաջին հերթին, նպատակ ունենք առաջիկա երկու տարում ազատ տնտեսական գոտի ստեղծել AJA ջանքերով ու իշխանությունների աջակցությամբ, որպեսզի ողջ աշխարհի ոսկերիչները իրենց գործը հիմնեն Հայաստանում՝ ստեղծելով նոր աշխատատեղեր և առանց խոչընդոտների արտահանելով իրենց արտադրանքը»,-ասել է նա:

Բացի այդ, ինչպես ասել է Գագիկ Գևորգյանը, AJA-ն նախատեսում է լայնածավալ կրթական նախագծեր իրագործել, «որպեսզի կարողանանք պատրաստել դիզայներների, որոնցով մեր ազգը կհպարտանար, և որ յուրաքանչյուր ցուցահանդեսում հնչեն հայ դիզայներների անունները»: Նա նշել է, որ հայ ոսկերիչների գործերն են կրում տարբեր ոլորտի հայտնի մարդիկ աշխարհի բոլոր ծայրերում: «Կարող եմ հավաստիացնել, որ չկա մի հայտնի գործիչ, որը չի շփվում հայ ոսկերչի հետ: Հայ ոսկերչի աշխատանքը թալիսման է դառնում այն կրողի համար՝ հաջողություն բերելով»,-ասել է նա:

Գագիկ Գևորգյանը հայտնեց նաև, որ երևանյան ցուցահանդեսը հայ ոսկերիչների աշխարհով մեկ «երթի» սկիզբն է: «Մենք պետք է նմանատիպ ցուցահանդեսներ անցկացնենք ոչ միայն Հայաստանում, այլ ողջ աշխարհում, մասնավորապես, Լաս Վեգասում, Հոնգկոնգում, ռուսական ու իտալական շուկաներում»,-ասել է նա:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---