17  Հրապարակի ժամացույցի ներսի աշխարհը
Ճանապարհորդություն ժամանակի մեջ. Հայաստանի գլխավոր ժամացույցի պատահական ծնունդն ու պատմությունը

Ճանապարհորդություն ժամանակի մեջ. Հայաստանի գլխավոր ժամացույցի պատահական ծնունդն ու պատմությունը

Կոնկրետ հայտնի չէ, թե երբ է սկսել աշխատել, բայց հայտնի է, որ յոթանասուն տարվա ընթացքում կանգ է առել միայն 2-3 ժամով

Երևանում ամեն առավոտ սկսվում է Հանրապետության հրապարակում` Հայաստանի կառավարության շենքի աշտարակում գտնվող քաղաքի գլխավոր ժամացույցի զանգից: Կարելի է ասել, որ այդ ժամացույցը քաղաքի «առաջին» ժամացույցն է. մեզնից շատերը ականատես են եղել, թե ինչպես են Հանրապետության հրապարակի անցորդները ժամը ճշտում հենց այդ ժամացույցի միջոցով: Այդ ժամացույցի զանգը մեզ հիշեցնում է, որ մենք ինչ-որ տեղից ուշանում ենք կամ արդեն ուշացել ենք, հիշեցնում է նաև, որ ժամանակն անվերադարձ գնում է: Բայց էլ ի՞նչ գիտենք մենք այդ ժամացույցի մասին: Բացարձակապես ոչինչ: Օրեցօր երևանցիներն անտարբեր անցնում են ժամացույցի կողքով` անգամ չկասկածելով դրա հարուստ պատմության մասին:

PanARMENIAN.Net - Իրականում Հանրապետության հրապարակի ժամացույցը հայտնվել է բոլորովին պատահաբար: Կառավարության շենքի շինարարության ժամանակ` 1940 թվականին, բոլոր շինանյութերը շենք էին բերվում հատուկ անցքի միջոցով, որը սկզբնական պլանով նախատեսված չէր, և այդպես էլ չփակվեց: Խնդիրը լուծելու նպատակով հանրապետության ղեկավարությունը դիմեց Կրեմլ, որտեղից էլ ստացվեց այնտեղ ժամացույց տեղադրելու խորհուրդը: Այդպես էլ որոշվեց, որ կառավարության շենքի անցքը կփակվի ժամացույցով, որը հետագա տարիներին Երևանի խորհրդանիշը դարձավ: Հետաքրքիր է, որ նախագծի հեղինակը ոչ թե հայ է, այլ Մագնիշևսկի ազգանունով մեկը: Ցավոք, հայտնի չէ, թե որտեղ է ծնվել Հայաստանի գլխավոր ժամացույցը և որտեղից է բերվել իր Հայրենիք:

Սակայն հայտնի է, որ ժամացույցի ճանապարհը դեպի Երևան դյուրին չի եղել: Սկզբնապես նախատեսված էր, որ այն Երևան կբերվի 1941թ. հունիսին: Սակայն Հայրենական պատերազմի պատճառով ժամացույցը Երևան հասավ միայն աշնանը: Այսպիսով, 3 մ 60 սմ տրամագծով ժամացույցը, որի 170 սմ երկարությամբ մեծ սլաքը կշռում է 4 կգ 850 գր, իսկ 110 սմ երկարությամբ փոքր սլաքը` 3 կգ 500 գր, աշտարակի վրա տեղադրվեց Արծրուն Յավրոյանի` քաղաքի գլխավոր ժամացույցի առաջին ժամագործի կողմից: Երևանի գլխավոր ժամացույցի պատմության ողջ ընթացքում եղել է ընդամենը հինգ ժամագործ. Արծրուն Յավրոյան, Զորիկ Հակոբյան, Գեղամ Մկրտչյան, Աշոտ Մալիքսեթյան և այժմ աշխատում է Լյովա Ալեքսանյանը: Նրանցից առաջինը` Յավրոնյանը, ժամացույցին ծառայել է 40 տարի:

Կոնկրետ հայտնի չէ, թե ժամացույցը որ ամսում կամ որ օրն է սկսել աշխատել, բայց հայտնի է, որ յոթանասուն տարվա ընթացքում կանգ է առել միայն 2-3 ժամով: Անգամ արցախյան պատերազմի տարիներին, երբ Երևանում միայն մի քանի ժամով էին միացնում լույսը, երկրի գլխավոր հրապարակի ժամացույցը շարունակում էր աշխատել` հավատարիմ մնալով իր առաքելությանը: Իր ողջ պատմության ընթացքում հանրապետական ժամացույցը միայն մեկ անգամ է տեխնիկական փոփոխության ենթարկվել, երբ 2001թ. հուլիսի 5-ին մեխանիկական բլոկից անցել է էլեկտրոնայինին:

Բազմաթիվ քաղաքացիներ անգամ չեն կասկածում, որ այդ ժամացույցը, որի հետ նրանք զարթնում և քնում են, զանգի 5 տարբերակ ունի. դո, մի, ֆա, սոլ, լյա նոտաները, որոնցից սկսվում է Հայաստանի օրհներգը, զարդարում են անցորդների առօրյան` ամեն անգամ տարբեր կերպ հիշեցնելով երևանցիներին անցնող ժամանակի մասին:

Վստահությամբ կարելի է ասել, որ ժամացույցը հայոց պատմության բազմաթիվ շրջադարձեր է ապրել, վկայել քաղաքի «վերածնունդը», երբ հին շենքերն արդեն փոխարինվել են նորերով, իսկ Հանրապետության հրապարակի շենքերի անսամբլը սկսել են զարդարել երգող շատրվանները: Ինչպես նշել է քաղաքի գլխավոր ժամացույցի ներկայիս ժամագործ Լյովա Ալեքսանյանը, ժամացույցն արդեն սովորել է քաղաքին և պետք է մնա այնպիսին, ինչպիսին ի սկզբանե եղել է:

Եվ իսկապես, Հանրապետության հրապարակի ժամացույցը քաղաքի անբաժան մասն է, չէ որ հենց դրա ղողանջյունով է զարթնում Երևանը:

Մարիամ Մատնիշյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Կիրանցի ճանապարհից վրանները հանել են, բայց գյուղի մուտքերը դեռ փակ են՝ բնակիչներին անձնագրով են ներս թողնում

Կիրանցի ճանապարհից վրանները հանել են, բայց գյուղի մուտքերը դեռ փակ են՝ բնակիչներին անձնագրով են ներս թողնում «Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---