Հայաստանը մի օր կզրկվի ինտերնետից, քանի որ պետությունը «անելիք չունի» մալուխների անվտանգության հարցում

Հայաստանը մի օր կզրկվի ինտերնետից, քանի որ պետությունը «անելիք չունի» մալուխների անվտանգության հարցում

Անուշ Բեղլոյան. Պղինձ փնտրելն ազգային սպորտ է դարձել թե՛ Հայաստանում, թե՛ Վրաստանում

2011-ի մարտի 28ին Վրաստանի տարածքում Մցխեթայի շրջանում Հայաստան եկող ինտերնետ մալուխները կտրվել էին։ Ինչպես հետագայում հայտնեցին, 75 ամյա վրացի տատիկը պղինձ փնտրելու նպատակով հողը փորելիս վնասել էր մալուխը։ Կնոջը բերման ենթարկեցին և հարուցեցին քրեական գործ։ Սա այս տարի Հայաստան եկող ինտերնետային մալուխների վթարներից ամենախոշորն էր, որին հաջորդեց ևս մի դեպք, այս անգամ Հայաստանի տարածքում։ Այս երկու վթարների արդյունքում Հայաստանի մեծ մասը զրկվել էր ինտերնետից։

PanARMENIAN.Net - Ինչու՞ էին կտրվել մալուխները, ինչպե՞ս է ապահովվում մուլուխների անվտանգությունը, և ի՞նչ է մտածում պետությունը կապի ոլորտի համար նման կարևոր նշանակություն ունեցող գործիքի անվտանգության մասին։ Այս բոլոր հարցերի պատասխանները պարզել է PanARMENIAN.Net ի թղթակիցը։

Հայաստանը ունի ինտերնետի երեք հիմնական խոշոր մատակարար՝ «ԱրմենՏել», «ՋիԷնՍի-Ալֆա» և «Ֆայբերնեթ Քոմյունիքեյշնզ» ընկերությունները։

«ԱրմենՏել» ընկերությունը Հայաստանում ինտերնետ ապահովում է Վրաստանից եկող մի քանի մալուխների միջոցով, որոնցից մեկը ձեռք բերեց վերջերս, և Իրանից եկող մեկ մալուխի միջով։ «ԱրմենՏել»-ի հանրային կապերի բաժնի ղեկավար Անուշ Բեղլոյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ յուրաքանչյուր մալուխի անկումը ազդում է ընդհանուր կապի արագության վրա։

«Մեր 24 ժամ աշխատող մոնիտորինգի խումբը ֆիքսում և մշտապես հետևում է արտաքին և ներքին կապերի մալուխների վիճակին։ Մալուխի ֆիզիկական կամ արտաքին վնասվածքի դեպքում՝ ընկերությունը անմիջապես կապվում է վրացական մատակարարի հետ։ Եթե վթարը Վրաստանի տարածքում է կամ կապված է մատակարարի սերվերների հետ, նրանք պարտավոր են շտապ հայտնել դրա մասին և ըստ պայմանագրում նշված ժամկետների շտկել խնդիրը»,-ասաց Անուշ Բեղլոյանը և ավելացրեց, որ եթե վթարը Հայաստանի տարածքում է, ապա նույն պահին ուղղարկվում է օպերատիվ-վթարային թիմ։ Անուշ Բեղլոյանի կարծիքով պղինձ փնտրելն ու վաճառելը ժամանակին մեծ բիզնես էր։

«Պղինձ փնտրելն ազգային սպորտ է դարձել թե՛ Հայաստանում, թե՛ Վրաստանում։ Մարդիկ պղինձ են փնտրում, գյուղացիները կտրում են կացինով, դանակով։ Իրականում մալուխները գտվում են մի քանի մետր խորության տակ։ Լինի տատիկ, թե պապիկ կամ երիտասարդ, միևնույն է քաղաքացի է եղել մալուխ կտրողը»,-նշեց նա։

«Ֆայբերնեթ Քոմյունիքեյշնզ» ընկերությունը, ում պատկանում է նաև ինտերնետ մատակարար ADC-ն, ունի Վրաստանից Հայաստան եկող 2 մալուխ։ 2-րդ մալուխը ընկերությունը ձեռք բերեց բոլորովին վերջերս՝ վթարների դեպքում ռեզերվային կապ ապահովելու համար։ Տարվա ընթացքում ընկերության միակ մալուխը 3 անգամ մեծ վթարի էր ենթարկվել՝ առաջին անգամ Վրաստանի սահմանում Հայաստան եկող բոլոր մալուխների հետ վթարի ժամանակ, 2-րդ անգամ մայիսի 20-ին՝ Հայաստանի սահմանում, իսկ 3-րդ անգամ Վանաձորի տարածքում։

Մայիսի 20-ին վնասված մալուխի դեպքի հետ կապված հետաքննություն էր անցկացվել։ Ըստ նախնական վարկածի՝ մալուխի պաշտպանիչ խողովակը և ինքը մալուխը սղոցող գործիքով էր կտրվել։

«Հարավկովկասյան երկաթուղին», որը Հայաստանի սահմանով անցնող մալուխի անվտանգության համար պատասխանատու է, ավելի ուշ հայտնեց PanARMENIAN.Net ի թղթակցին, որ գործը փակված է և ըստ կատարված հետաքննության հայտարարվել է, թե մալուխը կրծել էին մկները։

Փաստորեն «ՀԿԵ»-ն չի նկատել, թե ինչպես են մկները ներխուժել տարածք և փաստորեն մկներն ունեն սղոց-ատամներ։

Ֆայբերնեթ ընկերության մալուխների մասնագետը հրաժարվեց PanARMENIAN.Net ի թղթակցին որևէ մեկնաբանություն տալ գործի հետ կապված։ Իսկ Ֆայբերնեթի մեկ այլ ներկայացուցիչ նշեց, որ ընկերությունը ընդհանրապես տեղյակ չէ հետաքննության ընթացքից։ Նշենք, որ Ֆայբերնեթը մատակարարում է ինտերնետ ոչ միայն ADC-ին, այլև այլ խոշոր ընկերությունների։

«ՋիԷնՍի-Ալֆա» ընկերության ցանցն ունի երեք միջազգային կապուղի, մեկը՝ հարավում, և երկուսը`հյուսիսում: Ընկերությունը մատուցում է ինտերնետ Orange Armenia, ՎիվաՍել-ՄՏՍ, «ՀայՌուսԳազարտ» և նման այլ խոշոր ընկերությունների։ Այն մասին, թե ինչպես է ապահովում «ՋիԷնՍի-Ալֆա»-ն իր մալուխների անվտանգությունը և թե ի՞նչ կարծիք ունի Վրաստանի տարածքում Հայաստան եկող վնասված մալուխների դեպքի մասին ընկերության և ոչ մի աշխատակից չցանկացավ մեկնաբանել։

«Յուքոմ» ընկերությունը տրամադրում է ինտերնետ օպտիկամանրաթելային մալուխների միջոցով, որոնք անցկացվում են յուրաքանչյուր շենք ու բնակարան։ Ընկերության մալուխները վարձում է Ֆայբերնեթից և «ՋիԷնՍի-Ալֆա»-ից։ «Յուքոմ»-ը առայժմ միայն ծածկում է Երևանը։ Ընկերության կոմերցիոն տնօրեն Արամ Բարսեղյանի խոսքով՝ մալուխների հետ կապված խնդիրների դեպքում, գործընկերները օպերատիվ են աշխատում և արագ լուծում դրանք։ «Բացի դրանից մեր պայմանագրերում կա կետ, ըստ որի ամսվա մեջ 16 ժամ առանց ինտերնետի մնալու իրավունք կա։ Խնդիրների դեպքում հիմնականում նշված ժամաքանակը չեն անցնում»,-նշեց նա։

Արամ Բարսեղյանը PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց, որ ընկերությունը տեղյակ է միայն պաշտոնական վարկածին Վրաստանի տարածքում մալուխը վնասելու դեպքի հետ կապված։ «Հավանաբար պղինձ էին փնտրում։ Հայերը կաբել կտրելու սովորություն ունեն»,- նշեց նա։

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը ինտերնետն ապահովվում է 3 այլընտրանքային ուղիներով՝ Ռուսաստանից և Եվրոպայից Վրաստանի տարածքով Հայաստան հասնող օպտիկամանրաթելային մալուխով: Ընկերությունից տեղեկացրեցին, որ մալուխների անվտանգությությունը իրականացվում է ըստ միջազգային ստանդարտների, և որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը համապատասխան պահանջներ է սահմանում մատակարարների հետ պայմանագրերում:

Տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի կարծքով՝ ինտերնետը լինելով մասնավոր՝ միևնույն է, պետության ելքն է ապահովում դեպի դուրս։ «Դա արդեն պետական խնդիր է։ Եթե նման դեպքերը մի քանի անգամ են կրկնվում, պետք է մտածել ոնց ապահովել մալուխի անվտանգությունը»։

Որքանո՞վ է պետությունն ընդունում, որ խնդիրը պետական է։ PanARMENIAN.Net ի թղթակցին ՀՀ Տրանսպորտի և Կապի նախարարության հանրային կապերի բաժնի պետ Պետրոս Դեմիրճյանն ասաց, որ նախարարությունը ֆունկցիա չունի այս հարցում։ «Ովքեր բերում են ինտերնետը, իրենք էլ ապահովում են անվտանգությունը։ Կապի նախարարությունը ոչ մի անելիք չունի այդ հարցում»։

Փաստորեն պետական մակարդակով մալուխների անվտանգության հետ կապված ոչ մի քայլ չի կատարվում։ Հայաստանի ինտերնետ մատակարարները չեն օգտվում արբանյակային կապից, քանի որ թանկ է և հարմար չէ՛սպառողի տեսանկյունից։ Փաստորեն, եթե մի օր Հայաստան մտնող բոլոր մալուխները ենթարկվեն մկների հարձակումներին կամ տատիկների պղնձային բիզնեսին, Հայաստան կապ չի ունենա արտաքին աշխարհի հետ։

***

ԱրմենՏել ընկերությունն ունի 100 000-ի ավելի ինտերնետ բաժանորդ։ Հայաստանի 90%-ից ավելի տեսականորեն կարող է օգտվել ընկերության hi line ինտերնետ ծառայությունից։ ԱրմենՏելի ADSL 2+ մոդեմն ապահովում է տեսականորեն մինչև 7Մբ/վ արագություն։ Անսահմանափակ ինտերնետ ծառայությունն ապահովում է մինչև 3Մբ/վ արագություն, իսկ մեգաբայթային փաթեթի դեպքում՝ մինչև 5Մբ/վ, ինչը կախված է բաժանորդի գտնվելու վայրից և լարի որակից։

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի բոլոր տեխնոլոգիաներով ինտերնետ օգտագործողների քանակը շուրջ 700.000 է, որից` 50.000-ը օգտվում են ինտերնետից անլար Wi-Fi մոդեմով։ Տեսականորեն, Երևանում, Գյումրիում և Վանաձորում ՎիվաՍել-ՄՏՍ-ի 3.5G ցանցն ունի մինչև 21.6Մբ/վրկ ներբեռնման և մինչև 1.83 Մբ/վրկ վերբեռնման արագություն, իսկ Հայաստանի մյուս տարածքներում` մինչև 14.4Մբ/վրկ արագություն: Միջինում, կախված միաժամանակյա միացումների քանակից և տեղանքից, ՎիվաՍել-ՄՏՍ-ի 3.5G ցանցի արագությունը կազմում է մոտ 4 Մբ/վրկ:

Orange Armenia ընկերության ինտերնետը ծածկում է Հայաստանի բնակչության 96%-ը: Orange-ն ունի 60 000-ից ավելի ինտերնետ բաժանորդ։ Orange-ի ինտերնետը Հայաստանի 3 մեծ քաղաքներում ապահովում է մինչև 14,4Մբ/վ ներբեռնման արագությամբ կապ, իսկ մյուս բնակավայրերում մինչև 7Մբ/վ արագությամբ։

«Յուքոմ»-ի ինտերնետի արագությունը սովորական բաժանորդների համար մինչև 4Մբ/վ է, իսկ կան կորպորատիվ հաճախորդներ, որոնք մինչև պատվիրում են 50-60Մբ/վ։ Տեսականորեն ընկերությունն օժտված է մինչև 1024 Մբ/վ արագությամբ ինտերնետ տրամադրել։

Լուսինե Պառավյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում
Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով
Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները
Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք

Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում

 Բաժնի այլ նյութերը
Revolut-ը՝ ՀՀ-ում Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների
Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները
---