Ե՞րբ կլուծվի Հայաստան-Արցախ ռոումինգյան «խառնաշփոթի» հիմնահարցը

Ե՞րբ կլուծվի Հայաստան-Արցախ ռոումինգյան «խառնաշփոթի» հիմնահարցը

Դիանա Հովհաննիսյան. Որպես կանոն բիզնեսը փող է վաստակում ցանցից դուրս ստացած և կատարած զանգերի հաշվին

Սովորաբար Հայաստանից Արցախ մեկնողները զարմանում են` Արցախը ռոումի՞նգ է, ինչո՞ւ, որքա՞ն են սակագները։ Հայաստանի բոլոր երեք բջջային օպերատորների դեպքում էլ գործում է Արցախի ռոումինգ ծառայությունը։ Եթե Արցախում գտնվող անձը ցանկանում է զանգահարել Հայաստան, ապա պետք է վճարի ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդ լինելու դեպքում րոպեն 140 դրամ, Orange Armenia-ի դեպքում` 165 դրամ, իսկ ԱրմենՏելի դեպքում` 170 դրամ։

PanARMENIAN.Net - Նշված սակագները բարձր են։ Ինչպես նախկինում այս հարցին անդրադարձել էր PanARMENIAN.Net ի թղթակիցն իր կարծիքում, տվյալ դեպքում բնավ կարևոր չէ, թե որ օպերատորն է ավելի մատչելի սակագին առաջարկում։ Այլ անհրաժեշտ է նշել, որ այն «կարծրատիպը», թե կան հայեր և ղարաբաղցիներ, առաջինը ստեղծում են հենց բջջային օպերատորները։ PanARMENIAN.Net ի թղթակիցը պարզել է, թե ինչու է Արցախը ռոումինգ համարվում և ինչու այդքան բարձր սակագնով։

Հայաստանյան և միջազգային շուկայի փորձը ցույց է տվել, որ մրցակցությունը նպաստում է ծառայությունների գների նվազմանը և արտադրանքների որակի լավացմանը։ Երբ Հայաստանում «ԱրմենՏել» ընկերությունից զատ շուկայում հայտնվեց ՎիվաՍել-ՄՏՍ-ը, ապա` Orange-ը, նկատվեցին գնային իջեցումներ, նոր սակագնային փաթեթների ավելացումներ, աշխույժ մրցակցություն։ Իսկ ինչպիսի՞ն է այսօր իրավիճակն Արցախում։

Ի՞նչ է ռոումինգը

Ռոումինգը սահմանվում է որպես յուրաքանչյուր երկրի աշխարհագրական սահմանից դուրս կատարվող զանգ:

«ԱրմենՏել» ընկերության հանրային կապերի բաժնի ղեկավար Անուշ Բեղլոյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ «ռոումինգ-զանգ» հանդիսանում է այն զանգը, որը կատարվում է «տնային» ցանցից դուրս բաժանորդի գտնվելու դեպքում:

«Արցախում կա մենաշնորհ, որն օրենսդրորեն ամրագրված է ԼՂՀ կողմից. այնտեղի բջջային ցանցի տերը Ղարաբաղ Տելեկոմն է։ Եթե «ԱրմենՏելը» ցանկանա այնտեղ անտենա տեղադրել, ապա թույլ չեն տա։ «ԱրմենՏել»-ն ունի պայմանագիր «Ղարաբաղ Տելեկոմ»-ի հետ: Այս պայմանագիրը թույլ է տալիս Beeline բաժանորդներին Արցախում գտնվելիս կատարել և ընդունել զանգեր իրենց բջջային հեռախոսահամարներին»,- նշեց Անուշ Բեղլոյանը։

Նրա խոսքով` ռոումինգի սակագնում ներառվում է 3 բաղադրիչ`միջօպերատորական սակագինը, որը որոշում է ընդունող օպերատորը (տվյալ դեպքում Ղարաբաղ Տելեկոմը), հարկերը և օպերատորի եկամուտը: «Նշեմ, որ միջօպերատորական սակագինը կազմում է ռոումինգում կատարվող զանգի արժեքի մեծ մասը», - ավելացրեց նա։

Orange Armenia ընկերության հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Մարտիրոսյանը PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրեց, որ Օրանժն ունի լիցենզիա միայն ՀՀ տարածքի համար։ «Հայաստանից դուրս մեր ցանցը միայն ռոումինգում է գործում, Արցախն այդ շարքին է պատկանում։ Մենք խելամիտ գներ ենք առաջարկում Արցախի համար և չենք կարող ավելի լավ գին առաջարկել։ Այս պահին մեր առաջարկը հնարավորինս լավագույնն է մեր բաժանորդներին»,- նշեց նա։

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության մամլո ծառայությունը ռոումինգի սակագնի բարձր լինելու մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին պատասխանեց հետևյալ կերպ. «ՎիվաՍել-ՄՏՍ-ը չի կարող մեկնաբանել այլ իրավաբանական անձանց գործունեությունը: «Ղարաբաղ Տելեկոմը» բոլորովին այլ իրավակազմակերպչական միավոր է, և ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու «Ղարաբաղ Տելեկոմի» միջև ռոումինգի սակագները կարգավորվում են ռոումինգ-համաձայնագրով, ինչպես ցանկացած այլ արտասահմանյան օպերատորի հետ»։

Ինչպե՞ս է որոշվում ռոումինգ ծառայության գնագոյացումը և ինչո՞ւ ռոումինգ։ Այս հարցերին Ղարաբաղ Տելեկոմի կոմերցիոն տնօրեն Դիանա Հովհաննիսյանը PanARMENIAN.Net ի թղթակցին տվեց լայնածավալ պատասխան. «Միջօպերատորական սակագները որոշվում են բանակցությունների արդյունքում և կախված են թրաֆիկի ծավալներից, տեխնիկական առանձնահատկություններից և այլն։ Ռոումինգի սակագները էականորեն բարձր են տեղական ցանցերում կատարվող զանգերի սակագներից, քանի որ ռոումինգի դեպքում օգտագործվում են «հյուրընկալող» ցանցի հնարավորությունները։ Ղարաբաղ Տելեկոմի ցանցում ռոումինգից օգտվող հայաստանցի բաժանորդներն այդ ծառայությունից օգտվում են շատ ավելի մատչելի սակագներով, քան արտերկրում»,-նշեց նա։

Դիանա Հովհաննիսյանի խոսքով` կան միջազգային օրենքներ, ըստ որոնց Արցախը և Հայաստանը միջազգային արենայում երկու տարբեր պետություններ են։ «Հայաստանի բոլոր օպերատորները իրենց ցանցի ներսում կարող են իջեցնել իրենց սակագները։ Որպես կանոն բիզնեսը փող է վաստակում ցանցից դուրս ստացած և կատարած զանգերի հաշվին։ Հայաստանը Արցախից մեծ է, այստեղ ապրում է ընդամենը 120 000 մարդ։ Մեր ցանցը լավացնելու` նոր սակագնային պլաններ, 3G մտցնելու և միևնույն ժամանակ 800 աշխատողի աշխատավարձ վճարելու համար գումարներ են անհրաժեշտ։ Իսկ մեր բաժանորդները շատ չեն` համեմատած Հայաստանի 2,5 մլն-ի հետ»,- ավելացրել է նա։

Դիանա Հովհաննիսյանն իր խոսքում նաև նշեց, որ ռոումինգի համար կա միջօպերատորական գին, որը որոշում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։ Սա նշանակում է, որ միջօպերատորական սակագները կախված են ոչ միայն բանակցող կողմերից, այլև կարգավորող հանձնաժողովից։

Թե որքանով առնչություն ունի ՀՀ ՀԾԿՀ-ն ռոումինգյան այս «խառնաշփոթի» հետ, PanARMENIAN.Net ի թղթակիցը պարզեց հենց ՀԾԿՀ մամլո ծառայությունից։ Վերջինս իր նամակում տեղեկացրեց, որ ՀՀ և ԼՂՀ բջջային կապի օպերատորների միջև ռոումինգ ծառայությունների սակագները ձևավորվում են երկկողմանի առևտրային պայմանագրերի հիման վրա և ենթակա չեն կարգավորման ՀԾԿՀ-ի կողմից։ Փաստորեն, ՀԾԿՀ-ն բնավ կապ չունի ռոումինգյան «հիմնահարցում»։

Բացի դրանից, ՀԾԿՀ-ն պարզաբանել է ռոումինգ ծառայության գնագոյացման սկզբունքը, այն է. «Ըստ պայմանագրի ԼՂՀ օպերատորը սահմանում է ՀՀ օպերատորի համար իր ցանցում զանգերի սպասարկման մեծածախ սակագին (ստատիկ վճար), իսկ վերջինս այդ վճարի նկատմամբ որոշակի տոկոսային հավելում կատարելուց հետո ստացված սակագինն առաջարկում է իր բաժանորդներին։ Ընդ որում, համաձայն ՀԾԿՀ 2008թ. «Հանրային շարժական ռոումինգ ծառայությունների մատուցման կանոնների հաստատման մասին» №661Ն որոշման, հավելումը չի կարող գերազանցել ԼՂՀ օպերատորի կողմից սահմանված մեծածախ սակագնի (ստատիկ վճար) 15%-ը։

Այս ամենից եզրակացությունը հետևյալն է` ՀՀ երեք օպերատորներին իր պայմաններն ու կանոնները թելադրում է Ղարաբաղ Տելեկոմը։ Ընդ որում` նայելով ռոումինգ սակագներին (ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդի համար` 140 դրամ, Orange` 165 դրամ, ԱրմենՏել` 170 դրամ )` նկատելի է, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սակագինն ավելի ցածր է։ Ենթադրաբար ՂՏ-ն ՎիվաՍել-ՄՏՍ-ին ավելի ցածր ստատիկ սակագին է առաջարկել, քան մյուս օպերատորներին։

Այս փաստը զարմանալի չէ, քանի որ «Ղ-Տելեկոմն» ունի 2 բաժնետեր` ՄՏՍ խումբը, որին պատկանում է բաժնետոմսերի 80 %-ը և KT Հոլդինգը` բաժնետոմսերի 20 %-ով։ Բաժնետերերի մասին տեղեկությունը PanARMENIAN.Net ի թղթակցին տրամադրել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունը։

Ստացվում է, որ ՂՏ-ն երեք օպերատորներին հավասար պայմաններ չի առաջարկում։ ՂՏ-ի մարկետինգի տնօրենը այս հարցին չէր կարող պատասխանել, քանի որ չէր տնօրինում նման տեղեկությամբ։

Իսկ եթե, այնուամենայնիվ, ՂՏ-ն հավասար ստատիկ սակագին է առաջարկել, դա նշանակում է, որ մյուս երկու օպերատորները խախտում են ՀԾԿՀ որոշումը` գերազանցելով ստատիկ սակագնի վրա ավելացվող տոկոսային հավելումը։

Միավորելով այս բոլոր թվերն ու փաստերը` կարելի է եզրակացնել, որ Արցախում կա մենաշնորհ և ռոումինգում գնային փոփոխություններ չեն լինի, մինչև մրցակցությունը չհասնի ԼՂՀ։

Լուսինե Պառավյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում
Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով
Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները
Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք

Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում

 Բաժնի այլ նյութերը
Revolut-ը՝ ՀՀ-ում Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների
Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները
---