8  25.11.11 - ՀԱԿ-ի հանրահավաքը
Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկում է «Բարգավաճ Հայաստանին» համագործակցել կամ միայնակ տանգո չեն պարում

Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկում է «Բարգավաճ Հայաստանին» համագործակցել կամ միայնակ տանգո չեն պարում

Ընդդիմության վերջին հանրահավաքում գլխավոր լրատվական «ռումբը» դարձան ՀԱԿ առաջնորդի ներբողները «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հասցեին

Նոյեմբերի 25-ին ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) Երևանում անցկացրեց իր հերթական հանրահավաքը: Արդեն սովորական դարձած սակավաթիվ հանրահավաքների, նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջների, Երևան տանող փակ ճանապարհները պատճառ չբերելու կոչերի կողքին վերջին հանրահավաքը դեռ երկար ժամանակ քննարկումների և տարբեր ենթադրությունների թեմա կլինի:

PanARMENIAN.Net - Սակայն ամեն ինչ սկսենք հերթով: Ինչպես արդեն հայտնի էր մինչև հանրահավաքը սկսելը, Կոնգրեսը պատրաստել և կողմնակիցներին առաջարկել էր հռչակագիր Սերժ Սարգսյանի հրաժարականի քաղաքական-իրավական հիմքերի մասին: ՀԱԿ կարծիքով, այդ հռչակագիրը պետք է օգնի միավորել քաղաքական ուժերին և քաղաքացիներին, որոնք հանդես են գալիս նախագահի հրաժարականի օգտին և ուժեղացնի ճնշումն իշխանությունների վրա:

Հերթական անգամ ելույթ ունեցողների, այդ թվում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից պարզ դարձավ, որ ՀԱԿ-ը, չնայած իր բոլոր հայտարարություններին, արդեն հաշտվել է հերթական խորհրդարանական ընտրություններին մասնակցելու անխուսափելիության հետ և հիմա զբաղված է դրանց ակտիվորեն նախապատրաստվելով:

Հանրահավաքին օրիգինալություն հաղորդեց Ազատության հրապարակում լույսն անջատելը: Հավանաբար իշխանությունները ցանկանում էին հիշեցնել Կոնգրեսի կողմնակիցներին նրանց առաջնորդի կառավարման ժամանակների մասին: Թեև հանուն արդարության պետք է նշել, որ հանրահավաքի մասնակիցները չնեղվեցին այդ ֆորս-մաժորային իրավիճակից և լիակատար մթության մեջ ավարտին հասցրեցին իրենց հանրահավաքը; Սակայն հանրահավաքի գլխավոր լրատվական «ռումբը» դարձան ՀԱԿ առաջնորդի ներբողները «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հասցեին: Մոռանալով այն մասին, որ կուսակցության հիմնադիր և առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Կոնգրեսի կողմից պիտակավորվել էր որպես իշխող ռեժիմի մեղսակից, որպես «քրեական-օլիգարխիկ ռեժիմի» սյուներից մեկը, Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ իշխող կոալիցիայից ԲՀԿ-ի դուրս գալու դեպքում Կոնգրեսը պետք է համագործակցի նրա հետ: «Դա ընդունակ է լրջորեն փոխել Հայաստանում քաղաքական ուժերի դասավորությունը»,- ասել է նա:

ՀԱԿ առաջնորդի կարծիքով ԲՀԿ-ն Հայաստանի քաղաքական դաշտում դարձել է հենց այն տխրահռչակ «երրորդ ուժը», որի անհրաժեշտության մասին այդքան խոսում է հասարակությունը: Միաժամանակ Տեր-Պետրոսյանը նշեց, որ իր հեղինակությունը պահելու համար ԲՀԿ-ն պետք է հրաժարվի Ռոբերտ Քոչարյանից, այլապես այն պատասխանատվություն կկրի 2008-ի մարտյան դեպքերի համար:

Թեև Տեր-Պետրոսյանն ընդգծեց, որ «Բարգավաճ Հայաստանի» հետ հնարավոր համագործակցության գաղափարը Կոնգրեսի պաշտոնական դիրքորոշումը չէ, այլ ընդամենը անձնական կարծիք, սակայն, իմանալով ՀԱԿ կառավարման մեթոդները և բազմակարծությունը, կարելի է ենթադրել, որ անհրաժեշտության դեպքում առաջնորդի այդ գաղափարը շատ արագ կդառնա ՀԱԿ պաշտոնական դիրքորոշումը:

Տեր-Պետրոսյանի կողմից արտահայտված մեկ այլ հետաքրքիր գաղափար էր ընդդիմությանն ուղղված կոչը սեփական թեկնածուի բացակայության դեպքում ընտրություններում ՀՀԿ-ից բացի ցանկացած թեկնածուի օգտին քվեարկելու մասին: Որպես օրինակ նա բերեց Իջևանի քաղաքապետի ընտրությունները, որտեղ ընդդիմադիր կուսակցությունների տեղի կառույցներն աջակցել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից հաղթած թեկնածուին: Սակայն պետք է նշել, որ ընտրություններում իշխող կուսակցության հետ պայքարի նման մեթոդի մասին նշել էր ռուս բլոգեր Ալեքսեյ Նավալնին, որը կոչ էր արել ռուսական ընդդիմության կողմնակիցներին ընտրություններում քվեարկել ցանկացած թեկնածուի օգտին, բայց «Միասնական Ռուսաստան»-ի թեկնածուից:

Առայժմ ԲՀԿ ներկայացուցիչները հրաժարվում են մեկնաբանել Տեր-Պետրոսյանի խոսքերը, թեև ցանկացած դեպքում բարդ է պատկերացնել, որ կուսակցությունը կլքի հարմարավետ և հանգիստ կոալիցիոն նավահանգիստը և կնետվի ընդդիմադիր պայքարի փոթորկի մեջ: Բացի դրանից, Կոնգրեսի շարքային կողմնակիցները հազիվ թե հասկանան նախկին հակառակորդների հետ միությունը, որոնց դեռ երեկ ՀԱԿ առաջնորդները մեղադրում էին բոլոր մահացու մեղքերի մեջ:

Կարելի է միայն ենթադրել, որ Տեր-Պետրոսյանը փորձում է խաղալ կոալիցիայում առկա հակասությունների վրա, որպեսզի օգտագործելով հայտնի հռոմեական ասացվածքը՝ «բաժանիր և տիրիր», հաղթանակի հասնի գործող իշխանությունների նկատմամբ: Չէ որ ակնհայտ է, որ իշխանամետ ուժերի միասնության և երկրում ներկա քաղաքական իրավիճակի դեպքում իշխանափոխության հասնելն անհնար է: Այնպես որ մնում է սպասել փետրվարին, երբ տեղի կունենա ՀԱԿ հերթական հանրահավաքը, որում Կոնգրեսի առաջնորդները ստիպված կլինեն իրենց կողմնակիցներին հետագա քաղաքական պայքարի ավելի հստակ ընթացք տալ, քանի որ ընտրությունները սարերի ետևում չեն:

Հայկ Խալաթյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Կոստանյան․ Բաքվին ենք փոխանցել համաձայնագրի 8-րդ խմբագրությունը, սպասում ենք պատասխանի

Կոստանյան․ Բաքվին ենք փոխանցել համաձայնագրի 8-րդ խմբագրությունը, սպասում ենք պատասխանի Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---