Ինչու՞ են 3D ակնոցները ցավեցնում աչքերը

Ինչու՞ են 3D ակնոցները ցավեցնում աչքերը

Մարատ Սաֆարյան. «Մոսկվա» կինոթատրոնի բոլոր 3D ակնոցները թանկարժեք են՝ յուրաքանչյուրը 50 եվրո արժողությամբ և ավելի բարձր

Արդեն մեկ տարի է, ինչ Երևանում «մոդայիկ» են դարձել 3D ֆիլմերը։ Հաճախակի կարելի է հանդիպել կինոսրահներ, որոնք առաջարկում են 5-ից 10 րոպե տևողությամբ 5D, 7D և անգամ 9D տեխնոլոգիայով կարճամետրաժ ֆիլմերի դիտում։ Սակայն այս եռաչափ նորաձևությունը ողջ աշխարհի նորագույն միտումն է։ Գրեթե բոլոր արկածային և տրիլեր ֆիլմերը և անիմացիոն մուլտերը թողարվում են միայն 3D տեխնոլոգիայով: Դե իսկ Երևանում 3D ֆիլմեր ցուցադրում է «Մոսկվա կինոթատրոնը»։ Բազմիցս լսած կլինեք կամ միգուցե ինքներդ զգացել եք, որ ձեր աչքերը հոգնում են 3D դիտելիս կամ գլխացավ եք զգում կամ էլ երկար չեք կարողանում ակնոցը ձեր աչքերին պահել։ Ինչո՞վ է սա պայմանավորված. ակնոցների որակի՞ց է, մաքրությունի՞ց, թե ձեր աչքերի՞ց։ Այս հարցերի պատասխանները ճշտել է PanARMENIAN.Net-ի թղթակիցը։

PanARMENIAN.Net - 3D դիտելիս, տպավորություն է, թե գործողությունը կատարվում է հենց քո դիմացը և քիչ է մնում դու էլ դառնաս դրա մասնակիցը։ 3D-ն շատ պարզ է տեխնոլոգիա է, այն պարզապես ստեղծում է թվացյալ խորություն։

3D տեխնոլոգիան աշխատում է ճիշտ մարդու աչքերի պես։ Մարդու յուրաքանչյուր աչք տեսնում է տարբեր անկյուններից, հետևաբար տեսնում է երկու տարբեր պատկերներ։ Դե իսկ մարդու ուղեղը կարգավորում է այդ երկու պատկերներները՝ ստեղծելով եռաչափ մեկ պատկեր։

3D ֆիլմերում գործողությունը նկարում են երկու անկյուններից՝ տալով յուրաքանչյուր տեսախցիկին գունային երանգ։ Ապա 3D ակնոցներին այդ նույն երանգների ապակի են դնում, որը ֆիլտր է ծառայում։ Սովորաբար ակնոցի աջ ապակին կարմիր է լինում, իսկ ձախը երկնագույն։ Այս գունավոր ֆիլտրները տարբերակում և առանձնացնում են պատկերները՝ հասցնելով մարդու յուրաքանչյուր աչքին տարբեր պատկերներ։

Օպտիկայի գծով փորձագետ Աղասի Լորսաբյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ 3D կիրառում էին դեռևս 1950ականներին, այն ժամանակ 3D ակնոցները ստերեոակնոցներ էին։

«Երկու տարբեր անկյուններից այնպես էին նկարում, որ տեսախցիկների տարածությունն իրարից մեծ չլիներ։ Սև ու սպիտակ լուսանկարները նայում էին ստերեոակնոցներով և մեզ մոտ 3D զգացողություն էր ստեղծվում։ Այդ ստերեոակնոցները նման էին մանրադիտակների։ Իսկ հիմա տեխնոլոգիան մի քիչ այլ է»,- պատմեց նա և հավելեց, որ եթե գունային երանգները ճիշտ ընտրված չլինեն՝ 3D էֆեկտ չես ստանա։

Խոսելով 3D ակնոցների՝ առողջության վրա վատ ազդելու մասին՝ Աղասի Լորսաբյանը նշեց, որ էկրանից մեծ տարածության ժամանակ դրանք մեծ վնաս չեն հասցնում մարդուն։

«Նորմալ է, եթե սկզբից տարօրինակ է թվում ակնոցը։ Նման փորձարկում է արվել, մարդուն ակնոց են տվել, որը ցույց էր տալիս աշխարհը շրջված իր աչքերի համար։ Երկու շաբաթ հետո, երբ մարդն ակնոցը հանել է, իրական աշխարհն է իր համար շրջված եղել։ Սակայն որոշ ժամանակ անց նա սկսել է հարմարվել։ Նույն կերպ 3D ակնոցն է, սկզբից անսովոր է, ապա սովորում ես, երբ հանում ես դժվար է լինում։ Այդ ընթացքում ուղեղի ռեսուրսներն են աշխատում։ Նույնն է, ինչ երկար հեռուստացույց նայելիս կամ համակարգչի առջև աշխատելիս աչքերդ սկսում են ցավալ, հոգնել, իսկ հետո ընտելանում ես։ Դե իսկ վատ տեսողությամբ մարդիկ գերլարում կստանան»,-ասաց նա։

«Մոսկվա» կինոթատրոնի գլխավոր մենեջեր Մարատ Սաֆարյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ կինոթատրոնն ունի ավելի քան 900 3D ակնոց: Նրա խոսքով, դրանք աշխատում են միայն կինոթատրոնի հատուկ 3D ցուցադրող պրոեկտորի հետ։ Այսինքն, եթե ինքդ քո ակնոցով փորձես դիտել ֆիլմը, ապա 3D էֆեկտ չես ստանա։

«Մեր դահլիճում կա 352 տեղ։ Սակայն ակնոցները 4 անգամ ավելի են։ Յուրաքանչյուր ֆիլմից հետո բոլոր 3D ակնոցները մաքրվում են մեր աշխատակիցների կողմից։ Դահլիճ մտնելիս՝ մարդկանց թաց անձեռոցիկներ ենք բաժանում, որ մաքրեն։ Մարդ կա չի հավատում, որ մաքուր են»,-նշեց նա և հավելեց, որ բոլոր 3D ակնոցները ստուգված են իրենց տեխնիկական մասնագետների կողմից և խնդիր չի կարող լինել թե՛ մաքրության, թե՛ ցավեցնելու։

«Եթե գլխացավով է մարդ գալիս, կամ աչքերի խնդիր ունի կամ հոգնած է գալիս, բնական է, որ կարող է ցավալ։ Բացի դրանից սկզբում միշտ էլ անսովոր է։ Մեր հանդիսատեսն արդեն սովորել է։ Մենք 1 տարի է, ինչ ցուցադրում ենք 3D ֆիլմեր»,-ասաց Մարատ Սաֆարյանը և նշեց, որ «Մոսկվա» կինոթատրոնի բոլոր 3D ակնոցները թանկարժեք են՝ յուրաքանչյուրը 50 եվրո արժողությամբ և ավելի բարձր։

Օպտիկայի փորձագետ Աղասի Լորսաբյանի խոսքով 3D ակնոցները կարող են վատ ցույց տալ, եթե ֆիլտրերի երանգները սխալ են ընտրված և չեն համապատասխանում տեսախցիկին։

«Եթե ֆիլտրերի երանգները մոտ գույներ են, մարդ դժվար է ընկալում, տարբերակում։ Եթե հակադիր գույներ են, աչքը ավելի հեշտ է ընկալում»,-ասաց նա և ավելացրեց նաև, որ ակնոցների մաքրությունը նույնպես շատ կարևոր է. «Եթե մարդ ձեռքով դիպչի ակնոցին, մատների յուղը կաղտոտի ապակին և 3D պատկերի որակը կփչանա»։

21-րդ դարում տեխնոլոգիաները զարգացել և զարգանում են։ Ամեն 3D ակնոց չէ, որով հնարավոր է կինոթատրոնում 3D դիտել։Այսօր կա 3D ակնոցների երկու տեսակ՝ պասիվ և ակտիվ։ Պասիվ 3D ակնոցները լինում են երկու տեսակ՝ գունավոր ֆիլտրերով և բևեռացուցիչներով:

«Պասիվ ակնոցները երկու՝ աջ և ձախ պատկերները միաժամանակ հասցնում են երկու աչքերին՝ վայրկյանում 25 կամ 30 կադր ցուցադրելով։ Իսկ հիմա գոյություն ունեն ավելի մեծ հաճախությամբ (վայրկյանում ավելի շատ կադրեր) նկարող տեսախցիկներ, որոնց շնորհիվ ցուցադրվում է ավելի լավ պատկեր՝ վայրկյանում մինչև 240 կադր և բևերացուցիչով աշխատող պասիվ 3D ակնոցների պատճառով պայծառության կորուստը կոմպենսացվում է։ Գունավոր ֆիլտրերով պասիվ ակնոցների վատ կողմը գույների աղավաղումն է, իսկ բևեռացուցիչներով ակնոցներինը՝ ինտենսիվության կորուստը, ինչը 21-րդ դարում, ինչպես նշեցի արդեն լուծված խնդիրը է»,-պատմեց Աղասի Լորսաբյանը։

Նրա խոսքով, պասիվ ակնոցները մատչելի են, սակայն դրանցով հնարավոր չէ կինոթատրոնում ֆիլմ դիտել, դրանք չեն աշխատում պրոեկտորների հետ։

Դե իսկ ակտիվ 3D ակնոցները հեղուկ-բյուրեղներից (LCD) պատրաստված ապակիներ են, հեշտ կառավարվող նյութեր են։ «Դրանք ծառայում են որպես ֆիլտր, սակայն պասիվի պես ոչ թե ֆիլտրում են պատկերը, այլև յուրաքանչյուր կադր հերթականությամբ մեկ աջ աչքին մեկ ձախ աչքին են հասցնում։ Պասիվ ակնոցներն աշխատում են պրոեկտորի հետ՝ լարով կամ ինֆրարեդով՝ վայրկյանում 60 կադր են ցուցադրում՝ 30 կադր աջ աչքին, 30 էլ ձախին»,- պատմեց Աղասի Լորսաբյանը և նշեց, որ ակտիվ ակնոցները թանկարժեք են՝ 50-ից 100 դոլար։

Այսպիսով, ուսումնասիրելով 3D տեխնոլոգիան և 3D ակնոցները մի քանի եզրակացություն կարելի է անել։ Նախ, կինոթատրոն երբեք չպետք է գլխացավով կամ հոգնած այցելել։ Եռաչափ պատկերներ դիտելը սկբում միշտ անսովոր է. «ամեն ինչ սովորելու վրա է»։

Եթե պատկերի որակը վատն է, ապա կամ ձեր ակնոցը լավ չեք սրբել կամ էլ գունային ֆիլտրները մասամբ չեն համապատասխանում տեսախցիկի կամ պրոեկտորի երանգներին։

Լավ և որակյալ են 50-100 դոլար արժողությամբ ակտիվ 3D ակնոցները և ոչ 1-ից 10 դոլար արժողությամբ պասիվ 3D ակնոցները։

Եվ ամենավերջում, կինոթատրոն գնալիս սեփական 3D ակնոցը վերցնելն անիմաստ է, քանզի այն չի համապատասխանի պրոեկտորին։

Լուսինե Պառավյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում
Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով
Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները
Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք

Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում

 Բաժնի այլ նյութերը
Revolut-ը՝ ՀՀ-ում Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների
Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները
---