Էրդողանը հրաժե՞շտ է տալիս Աթաթուրքի ժառանգությանը

Աթաթուրքի և նրա ժառանգության դեմ լուրջ պայքար է ընթանում. Թուրքիայի ԶՈՒ կայքից հեռացվել է Աթաթուրքի մասին էջը:

Ձախողված արտաքին քաղաքականությունից հետո Թուրքիան հայտնվեց ներքաղաքական ճգնաժամի առջև: Բանը նույնիսկ բարձրաստիճան զինվորականների ձերբակալությունների մեջ չէ, հատկապես Թուրքիայի գլխավոր շտաբի նախկին ղեկավար գեներալ Իլկեր Բաշբուղի և մի քանի տասնյակ գեներալների և ծովակալների: Ճգնաժամն անդրադարձել է նաև քաղաքական կուսակցությունների վրա: Պետք է նշել, որ իշխող Արդարություն և զարգացում կուսակցության (ԱԶԿ) և Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) միջև հարաբերությունները երբեք ջերմ չեն եղել:

PanARMENIAN.Net - Բայց վերջին ժամանակները դրանք չափազանց սրվել են: Ժողովրդահանրապետական կուսակցությունը Թուրքիայում ասոցացվում է Աթաթուրքի հետ, որը կուսակցության հիմնադիրն է և դրա նկատմամբ առկա է համապատասխան վերաբերմունք: Պետք է նշել, որ հանրապետության հիմնադիրի և նրա դիմանկարների նկատմամբ քարոզվող հավատարմությունը ոչ մի կերպ չեն արտացոլում ԱԶԿ իրական վերաբերմունքը Մուսթաֆա Քեմալի նկատմամբ: Համբերություն չունեցող և չափազանց հավակնոտ վարչապետ էրդողանը խանդով է մոտենում յուրաքանչյուրին, ով կարող է նրան ետին պլան մղել: Տվյալ դեպքում այդ յուրաքանչյուրը Աթաթուրքն է և նրա կուսակցությունը: Աթաթուրքի և նրա ժառանգության դեմ լուրջ պայքար է ընթանում. Թուրքիայի ԶՈՒ կայքից հեռացվել է Աթաթուրքի մասին էջը: Երկրի կրթության նախարարությունը դպրոցներում և մարզադաշտերում չեղյալ է համարել Մուսթաֆա Քեմալի հիշատակի օրը՝ մայիսի 19-ին կայանալիք հանդիսությունները:Այս ֆոնի վրա ԺՀԿ առաջնորդ Քեմալ Քիլիչդարօղլուին ցուցմունք տալու համար դատարան կանչելը լիովին բնական և կանխատեսելի քայլ է: Քիլիչդարօղլին որպես պատգամավոր անձեռնմխելի է, սակայն նա դիմել է խորհրդարան՝ խնդրելով զրկել իրեն այդ առավելությունից: Նույնն արել են նաև ԺՀԿ 132 պատգամավորներ: Թուրքիայի դատախազությունը Քիլիչդարօղլիի նկատմամբ հարուցել է քրեական գործ դատարանի հասցեին վիրավորանքների համար այն պատճառով, որ նա իտալական Limes թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիան անազատ մամուլով և դատաիրավական համակարգով երկիր է, որը խախտում է մարդու իրավունքները:

Որոշ կողմնակի նախանշաններով կարելի է ենթադրել, որ «Էրգենեքոն» կազմակերպությունը, ինչպես նաև «Կուվալդա» պլանը մտածվել էին իսլամիստների կողմից Աթաթուրքի ժառանգությանը մեկընդմիշտ հրաժեշտ տալու համար: Էրդողանը հիանալի յուրացրել է իր երկրի դասերը և գիտի, թե ինչով է ավարտվում վարչապետի կարիերան, երբ նա գնում է զինվորականների դեմ: Ռազմական հեղաշրջումներն ավանդական են Թուրքիայի համար և ով գիտի, թե ինչպես կավարտվի ներկա վարչապետի կարիերան: Շատ հնարավոր է, որ զինվորականները վերջ ի վերջո կկորցնեն համբերությունը և կտապալեն Էրդողանին: Նրա կառավարության դեմ խոսում է քրդերի հարցերը լուծելու անկարողությունը, քաղաքական ընդդիմադիրների հետ ընդհանուր լեզու չգտնելը և այլն:

Մինչև վերջին ժամանակներն առանց գլխավոր շտաբի պատժամիջոցների և հավանության ոչ մի քաղաքական որոշում չէր կայացվում, և ոչ մեկի մտքով չէր կարող անգամ անցնել, որ դրությունը կարող է փոխվել, և իսլամիստներն իրենք են ընդունելու որոշումներ, որոնք, ի դեպ, Թուրքիային դրել են ներկա անշահավետ դրության մեջ: Արտաքին քաղաքականության մեջ մի ձախողումը հաջորդում է մյուսին, և Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարելու համար բավական բազմամարդ թուրքական սփյուռքը համախմբելու Թուրքիայի ԱԳՆ բոլոր փորձերը հօդս ցնդեցին: Տապալվեց նաև «Խաղաղության և կայունության կովկասյան հարթակը», որը Թուրքիան փորձեց առաջ մղել 2008-ին Վրաստանում օգոստոսյան պատերազմի ժամանակ: Եվրամիությանն անդամակցելու մասին արդեն հարկ չկա խոսել: Եվ ո՞ւմ է պետք Եվրոպան երկրի արևելյան գավառներում, որն առավելապես բնակեցված է քրդերով:

Իսլամիստների համար հարցը հիմա լուրջ է դրված՝ կարող են նրանք կարճ ժամանակում վերադարձնել Թուրքիան օսմանյան ժամանակներին, շարիաթին, որը հիմա գործում է գավառներում: Էրդողանն ակամա ապացուցեց, որ Աթաթուրքի կողմից այդքան դժվարությամբ ներմուծված եվրոպական արժեքները չեն յուրացվել Թուրքիայում: Ըստ տրամաբանության ԱԶԿ հաջորդ քայլը պետք է լինի Աթաթուրքի դիմանկաների քանակությունը նվազագույնի հասցնելը: Եթե հասցնի...

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Հեյդար Ալիևը երբեք թույլ չէր տա այն անզուսպ հայատյացությունը, որն այժմ տիրում է Ադրբեջանում
Երևում է, «նավթը» և «ժողովրդավարությունը» Վաշինգտոնի համար վաղուց հոմանիշներ են դարձել, ինչը նորություն չէ
Պետք է փաստել, որ Ռուսաստանը 50 տարի անց իսկապես կդառնա մահմեդական երկիր, ինչի մասին խոսել են դեռ ամերիկյան փորձագետները ԽՍՀՄ ժամանակ
Թուրքիան, հայտնվելով սունիթների դաշինքում, կարող է բավարարվել միայն մահմեդական աղանդներից մեկի առաջնորդի դերով
 Ուշադրության կենտրոնում
Իրանում 14 թմրավաճառներ մահապատժի են ենթարկվել

Իրանում 14 թմրավաճառներ մահապատժի են ենթարկվել Դատապարտյալները պաշտպանության, ինչպես նաև առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկելու հնարավարություն են ստացել

 Բաժնի այլ նյութերը
Իրան-«վեցնյակ»` բանակցությունների երկրորդ փուլին սպասելիս Վերջնական նպատակը բոլորովին պատերազմը չէ, ինչպես մտածում են Իսրայելում, այլ իրանական միջուկային ծրագիրը զսպելը
Քրիստոնեությունն աստիճանաբար զիջո՞ւմ է իսլամին Այն, ինչ հիմա տեղի է ունենում ՌՈՒԵ-ի հետ, գրեթե անհնար է պատկերացնել ցանկացած այլ քրիստոնեական հավատում
Իսլամ՝ Արևմուտքի նոր ֆոբիան Սառը պատերազմն ավարտվեց, և «ռուսներին» փոխարինելու եկավ նոր թշնամին՝ իսլամական արմատականությունը և ֆունդամենտալիզմը, և դա շատ լուրջ էր