Փարիզն աշխարհին ցույց տվեց Թուրքիայի իրական դեմքը

Փարիզն աշխարհին ցույց տվեց Թուրքիայի իրական դեմքը

Ամեն ինչ չափելով իր արշինով՝ Թուրքիայի մտքով անգամ չի անցնում, որ Ֆրանսիան, հավատարիմ մնալով ժողովրդավարությանը և խոսքի ազատությանը, չէր կարող դեմ քվեարկել

Կատարվեց անհավանական բան. Ֆրանսիայի Սենատը քվեարկեց ցեղասպանությունների, այդ թվում Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնելու մասին օրինագծի ընդունման օգտին: Օրինագծին կողմ քվեարկեցին 127 պատգամավորներ, դեմ՝ 86, քվեարկությանն ընդհանուր առմամբ մասնակցեցին 213 սենատորներ: Օրինագծի համաձայն, ցեղասպանությունների հերքումը նախատեսում է 1 տարվա ազատազրկում և տուգանք 45,000 եվրոյի չափով: Մնում է միայն, որ օրինագիծն ուժի մեջ մտնի երկրի նախագահի ստորագրությունից հետո: Նիկոլյա Սարկոզին այն կստորագրի, հազիվ թե նա վերջին պահին մտափոխվի:

PanARMENIAN.Net - Օրինագիծը, որի դեմ այդպես համառորեն պայքարում էին թուրքերը և ադրբեջանցիները (վերջինները բոլորովին ոչ տեղին) ուղղված է ոչ միայն և ոչ այդքան Թուրքիայի դեմ, այլ մարդկության դեմ կատարված բոլոր հանցագործությունների դեմ: Եվ քանի որ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը բացում է աշխարհի նորագույն պատմության մեջ այդ ողբերգական էջը, ապա լիովին բնական է այդ առթիով Անկարայի հիստերիան: Բայց այդ հիստերիան հասկանալը դժվար է. վերջ ի վերջո, հերքելով Հայոց ցեղասպանության փաստը, Թուրքիան կարող է այդպես գործել նաև ապագայում, եթե դրա կարիքը լինի: Օրինակների ետևից հեռու գնալ պետք չէ. սկզբից հայերին ոչնչացրեցին քրդերի ձեռքերով, հետո եկավ քրդերի հերթը: Հիմա էլ ոչնչացնում են նրանց: Թուրքիան իր հիմնադրման օրվանից, այսինքն թուրքերի կողմից Փոքր Ասիան նվաճելուց ի վեր, գործում է նույն սխեմայով. նրանց համար ոչ ձեռնտու ժողովուրդները ոչնչացվում են, հետո նրանց մասին հիշողությունը մատնվում է մոռացության: Բայց այդպես կարելի էր վարվել 19-րդ դարում, քանի դեռ չէին գործածվում հեռախոսը և հեռագիրը: Հայոց ցեղասպանությունից մնացել են կինոխրոնիկայի և լուսանկարչության կադրեր, և այդ ամենը բավական է, որպեսզի ճանաչեն օսմանների մեղքը մի ամբողջ ժողովրդի ոչնչացման համար: Փարիզն արեց այն, ինչ հաջողվել էր քչերին. նա աշխարհին ցույց տվեց Թուրքիայի իրական դեմքը, որը ծածկված էր իսլամական կատարմամբ «կեղծ ժողվորդավարությամբ»:

Ինչպես արդեն գրել ենք, Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնելու մասին օրինագծի ընդունումով 1915-ի կոտորածը հավասարազոր է Հոլոքոսթին, որի հերքման համար Եվրոպայի շատ երկրներում նախատեսվում է քրեական պատիժ: 20-րդ դարի այդ երկու հանցագործությունների միջև հավասարության նշան դնելու հակառակորդներն ասում են, որ Հոլոքոսթը ճանաչվել է Նյուրենբերգյան դատավարությունում, ինչը չի կարելի ասել Հայոց ցեղասպանության մասին: Բայց այդպես կարող են մտածել միայն պատմությունից շատ հեռու քաղաքական գործիչները: 1919-ին Ստամբուլում երիտթուրքերի նկատմամբ ռազմական դատ է կայացել, որտեղ նրանք մեղադրվել են հայ ժողովրդի կոտորածների մեջ և դատապարտվել մահապատժի: Եվ արդեն բոլորովին անհիմն են հայտարարություններն այն մասին, որ «պատմությունը չի որոշվում խորհրդարաններում»: Դրա հետ կապված ավելորդ չէ հիշեցնել,որ նման օրենք գործում է Շվեյցարիայում, և թուրք քաղաքական գործիչ Դոգու Պերենչեկը դատապարտվել է Հայոց ցեղասպանությունը հերքելու համար: Ամերիկայի հայ դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանի խոսքով, օրինագծի ընդունումը կարող է Բարաք Օբամայի համար խոստումը կատարելու առիթ դառնալ և արգելքներ չստեղծել Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության մասին 304 բանաձևն անցկացնելու համար:

Միաժամանակ, Թուրքիան քայլեր է ձեռնարկում, ուղղված Ֆրանսիայի հետ ցանկացած բնույթի հարաբերությունների խզմանը, սկսած դիվանագիտական հարաբերություններից և վերջացրած առևտրատնտեսական: Կատարյալ անհեթեթություն է. արդարադատության նախարար Էրգինը հայտարարել է, որ սենատորների կողմից ընդունված օրինագիծն օրենքի ուժ չունի: Ինչ-որ տեղ նա ճիշտ է՝ բանաձևը չի ստորագրվել նախագահ Սարկոզիի կողմից: Հետաքրքիր է, ինչ են խոսելու թուրք պաշտոնյաներն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո: Ամեն ինչ չափելով իր արշինով՝ Թուրքիայի մտքով անգամ չի անցնում, որ Ֆրանսիան, հավատարիմ մնալով ժողովրդավարությանը և խոսքի ազատությանը, չէր կարող դեմ քվեարկել: Մի կողմ թողնենք նախընտրական շահարկումները, որոնց մասին այդքան աղաղակում է թուրք-ադրբեջանական մամուլը: Այո, Ֆրանսիայի հայ էլեկտորատը բավական մեծ է՝ շուրջ 330 հազար: Բայց նրանք միշտ քվեարկում են իշխանության օգտին, տվյալ դեպքում գործող նախագահի կամ առավել հավանական թեկնածուի: Դա փոքրամասնության սովորական վարքագիծ է, որը չի ցանկանում ավելորդ խնդիրներ ստեղծել: Թուրքիան աշխարհով մեկ հիստերիա բարձրացնելու փոխարեն ավելի լավ կաներ վերջապես ճանաչեր, որ Օսմանյան կայսրությունը սպանել է սեփական քրիստոնյա քաղաքացիներին: Բայց «նեո-օսմանները» նման բանի ընդունակ չեն:

Եվ վերջինը: Ադրբեջանի սիրելի սենատոր Նատալի Գուլեն սառը ջուր է լցրել թուրքական աշխարհում իր կողմնակիցների վրա և հայտարարել, որ քվեարկելու է օրինագծի ընդունման օգտին: Ավելի վաղ Գուլեն դեմ էր արտահայտվել օրինագծի ընդունմանը: «Հայերն ավելիին են արժանի, քան ուղղակի դառնալ նախընտրական քարոզարշավի մասը»,- հայտարարել է սենատորը:

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
 Ուշադրության կենտրոնում
Իրանի ՊՆ ղեկավար․ Կաջակցենք Ադրբեջանի և ՀՀ միջև ուղիղ կապերին

Իրանի ՊՆ ղեկավար․ Կաջակցենք Ադրբեջանի և ՀՀ միջև ուղիղ կապերին Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները

 Բաժնի այլ նյութերը
Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը «Հայաստանը և Իրանը Ադրբեջանի տարածք են»
Էլ չենք տեսնի Արցախում Պատմամշակութային վայրեր, որոնք անցնում են Ադրբեջանի հսկողության տակ
Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի Ինչպես են Մոսկվայի հայերը վաճառում իրենց գրքերը՝ օգնելու արցախցիներին
---