Ինչպե՞ս կատարել օնլայն գնումներ

Ինչպե՞ս կատարել օնլայն գնումներ

Հայաստանում շատերը բողոքում են, որ գործատուն աշխատավարձը փոխանցում է բանկային քարտի վրա, սակայն բողոքողները չեն հասկանում, որ 21-րդ դարում բանկերի քարտային համակարգը սեփական ֆինանսները տնօրինելու արդյունավետ և լայն հնարավորություններ ընձեռող տարբերակն է։

Եթե օրինակ կորցրել եք ձեր դրամապանակը կամ այն գողացել են, բանկը ժամանակավոր կարգելափակի ձեր քարտը մինչև նորը ստանաք։ Տվյալ դեպքում ֆինանսական ոչ մի կորուստ չեք ունենա։ Սա քարտային համակարգի օգտակար լինելու ամենահասարակ օրինակն է։ Իսկ եթե ավելի լայն դիտարկենք, այն հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին կատարելու առևտուր ոչ միայն սովորական խանութներից, այլև արտասահմանյան օնլայն խանութներից։ Ինչպե՞ս և ո՞ր կայքերից գնումներ կատարել։ Օնլայն առևտրի այս հարցերն ուսումնասիրել է PanARMENIAN.Net-ի թղթակիցը։

PanARMENIAN.Net - Էլեկտրոնային առևտրուրը պահանջում է մի քանի գործընթաց՝ նախևառաջ անհրաժեշտ է ձեռք բերել բանկային քարտ, ապա գնել ապրանքը՝ վճարում կատարելով քարտով և սպասել վերջինիս առաքմանը:

Ո՞ր քարտերն են հարմար օնլայն գնումների համար

Ամեն քարտ չէ, որով հնարավոր է իրականացնել էլեկտրոնային առևտուր։ Թե՞ որ քարտերն են նախատեսված նման գործունեության համար PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում պատմեց ACBA Credit Agricole բանկի քարտային կենտրոնի պետ Լիլիթ Գևորգյանը։

«Օնլայն առևտուր կարելի է անել բոլոր միջազգային վճարային համակարգերի քարտերով`Visa, Master, American Express և այլն։ Քարտն իր վրա պետք է ունենա քարտատիրոջ անունը և ազգանունը, քարտի համարը, քարտի գործողության (վավերականության) ժամկետը և քարտի ետևի մասում ստորագրությանը կից գտնվող եռանիշ անվտանգության (CVV - Card Verification Value) կոդը»,- ասաց Լիլիթ Գևորգյանը։

Քարտը ձեռք բերելն ամենևին բարդ բան չէ։ Հայաստանի գրեթե բոլոր բանկերն էլ առաջարկում են Visa, Master, American Express և այլ քարտեր։ Քարտ ձեռք բերելու համար հարկավոր է 2500 դրամից մինչև 12 000 դրամ՝ կախված թե որ բանկից և ինչ տեսակի քարտ եք պատվիրում՝ Viza Electron, Visa կամ Master Standart, թե՞ Gold և այլն: Նշված գումարն էլ քարտի տարեկան սպասարկման վարձ է։

Պետք է նշել, որ հայկական բանկերի առաջարկած ոչ բոլոր Visa Electron քարտերով կարելի է կատարել օնլայն առևտուր, քանի որ որոշները չունեն CVV անվտանգության եռանիշ կոդը։ Բանկում քարտ գրանցելիս անհրաժեշտ է ճշտել արդյո՞ք քարտն ունի CVV կոդ։

Դե ինչ, քարտ արդեն ունեք: Ժամանակն է կատարել վճարում և գնել նախընտրած ապրանքը:

Ո՞ր կայքերից գնումներ կատարել, որո՞նք են անվտանգ և ապահով

Լիլիթ Գևորգյանը խորհուրդ է տալիս մինչ գնում կատարելը հավաստիանալ, որ կայքն անվտանգ է. «Անհրաժեշտ է այցելել այնպիսի կայքեր, որոնք անվանումից առաջ ունեն https տառերը (Hypertext Transfer Protocol Secure)։ Ցանկալի է, որ կայքն ունենա 3-D Secure կամ երաշխավորված լինի Visa ընկերության կողմից (verified by Visa), ինչը կնշանակի, որ կայքն անվտանգ է։ Պատահում է, որոշ ինտերնետային խանութներ սպասարկում են միայն կոնկրետ երկրներում թողարկված քարտեր: Պետք է ստուգել, արդյո՞ք կայքը սպասարկում է Հայաստանի քարտը»։

Օնլայն գնումների համար ողջ աշխարհում հայտնի խանութներից են eBay.com-ը, amazon.com-ը, buyincoins.com-ը և այլն։ Այս կայքերում վաճառում են գրեթե ամեն ինչ: Կան նաև կայքեր, որոնք ուղղվածություն ունեն (Օրինակ asos.com-ը վաճառում է միայն հագուստ)։

Արդեն երկու տարի է օնլայն խանութներից 80-ից ավելի անգամ գնումներ է կատարել և կատարում PanARMENIAN.Net ի թղթակցի զրուցակից Էդգար Մարկոսյանը: Նա փորձառու է դարձել. գիտի որտեղից գնել, ինչին ուշադրություն դարձնել: Օնլայն գնումների «աշխարհ» մտնող սկսնակներին Էդգար Մարկոսյանը խորհուրդ է տալիս այցելել ֆորումներ. «Ես այցելում են ebay-forum.ru կայքը, որտեղ ներկայացված են բազմաթիվ ինտերնետ խանութներ, թե որը ինչ է ծախում, որին վստահել և այլն: Եթե մի խանութ ես գտել և չգիտես արժե այնտեղից գնում անել, վստահել, թե ոչ, ապա այս ֆորումում կգտնես մեկ ուրիշի փորձը, կարծիքը խանութի մասին»:

Քանի որ կայքերում վաճառողները ոչ միայն խանութներն են, այլև մարդիկ, ապա կարևոր է պարտադիր դիտել վաճառողի վարկանիշը, նրա մասին գնորդների թողած կարծիքները. «Բնականաբար խանութից գնելն ավելի վստահելի է: Ընդհանրապես, 90%-ից բարձր վարկանիշը համարում են նորմալ: Բացի դրանից ապրանքը գնելիս պետք է ուշադրություն դարձնել ապրանքի վիճակին (item condition)` նոր է, օգտագործված, տուփով, թե առանց», -նշեց նա:

Կան օնլայն խանութներ, որոնք ապրանքը վաճառում են աճուրդով: Ըստ Էդգար Մարկոսյանի աճուրդի մասնակցելը հարմար է, քանի որ թանկ ապրանքը, կարող ես մատչելի գնով ձեռք բերել:

Ինչպե՞ս կատարել վճարում

Վճարում կատարելը ամենակարևոր գործընթացն է, յուրաքանչյուր կոճակ սեղմելուց առաջ պետք է ուշադիր կարդալ գրվածը, լրացնել դաշտերը և գնել։ Սովորաբար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը՝ 1. ընտրել ապրանքը, 2. սեղմել գնել կոճակը (Buy it now կամ Proceed to checkout), 3. լրացնել վճարողի, այսինքն ձեր տվյալները (Billing address)՝ անուն, ազգանուն, բնակության հասցե, հեռախոսի համար, փոստային դասիչ, 4. լրացնել այն հասցեն, որտեղ ցանկանում եք առաքել ապրանքը (Shipping address): Հնարավոր է, որ ցանկանում եք առաքել ապրանքը մեկ այլ երկրի հասցեով։

Ըստ Լիլիթ Գևորգյանի, վճարում կատարելուց առաջ, պետք է տեղեկանալ արդյո՞ք տվյալ խանութն առաքում է ապրանքը Հայաստան. «Եթե առաքում եք Հայաստան, ապա պետք է ճշտել, արդյո՞ք առաքման խնդիրներ չեն առաջանա։ Անվճա՞ր, թե վճարողվի է առաքումը։ Եթե վճարովի է, ապա որքա՞ն է կազմում գումարը»:

Սովորաբար կայքերն ունենում են միջազգային առաքումների գնացուցակներ (International Shipping Rates), որտեղ առանձին նշվում է յուրքանչյուր երկիր համար կոնկրետ բաժնից (տեխնիկա, գրքեր, կահույք) գնված ապրանքի առաքման գինը։ Սակայն օրինակ eBay-ում, հենց ապրանքի էջում կարելի է ընտրել առաքման համար նախընտրած երկիրը և տեսնել առաքման վճարի չափը։

Ողջ տվյալները լրացնելուց և առաքման հարցերը պարզելուց հետո հաջորդ քայլը վճարելն է։ Բացի բանկային քարտերից կան վճարման այլ մեթոդներ: Դրանցից տարածված են վճարային համակարգերը՝ PayPal, WebMoney, MoneyBookers և այլն: Դրանք վճարումն ավելի անվտանգ են դարձնում, քանի որ վճարում կատարելիս լրացվում է միայն օրինակ վճարողի PayPal անունը և գաղտնաբառը՝ առանց մուտքագրելու համակարգ բանկային քարտի տվյալները:

Կան կայքեր, որ պահանջում են վճարել միայն PayPal-ով: Վճարային համակարգերով գնումներ անելու համար անհրաժեշտ է պարզապես բանկային քարտը գրանցել այդ համակարգ: Լիլիթ Գևորգյանի խոսքով, քարտը Paypal.com գրանցելիս , քարտապանի բանկային հաշվին ուղարկվում է չորս նիշանոց Paypal կոդ , որը հաստատում է քարտապանի ինքնությունը։ «Կոդն իմանալու համար քարտապանը պետք է զանգահարի բանկի քարտային բաժին և ճշտի այն»,-ավելացրեց նա:

Եթե վճարման մեթոդ եք ընտրել ձեր բանկային քարտը, ապա վճարումը կատարելու համար անհրաժեշտ է համապատասխան դաշտում լրացնել բանկային տվյալները (քարտի համարը, քարտի վրա նշված ձեր անունը, քարտի վավերականության ժամկետը)։ Ապա պետք է սեղմել դիտում՝ որտեղ գնորդը տեսնում է ողջ տվյալները՝ վճարողի հասցեն, առաքման հասցեն, վճարման մեթոդը, ապրանքը, ապրանքի գինը և առաքման գինը, ապրանքի առաքման և հասնելու մոտավոր ժամանակահատվածը։ Այս ամենը պետք է ուշադիր կարդալ՝ բացառելու անճշտությունները: Եթե բոլոր տվյալները ճիշտ են մուտքագրված, պետք է սեղմել «հաստատել վճարումը» կամ «հաստատել պատվերը» կոճակը (confirm order):

Եթե ձեր գնած ապրանքի արժեքը դոլարով է կամ եվրոյով և ձեր քարտի հաշիվը դրամային է, ապա գործարքը կատարվում է կոնվերտացիայի սկզբունքով՝ համապատասխան քարտի (Visa-ի կամ Master-ի) օրվա միջազգային արժույթի: Իսկ եթե ձեր հաշիվը դոլարային է կամ եվրո, ապա ձեր գործարքը կատարվում առանց կոնվերտացիայի:

Գործարքը կատարելուց հետո ձեր էլեկտրոնային փոստի հասցեին կստանաք նամակ, որտեղ նշված կլինի, որ կատարել եք նման գործարք: Հնարավոր է կից հատկացվի նաև tracking code (հետևելու կոդ): Այս կոդի միջոցով դուք կարող եք հետևել, թե որտեղ է գտնվում ձեր գնած ապրանքը: Ըստ Էդգար Մարկոսյանի, միշտ չէ, որ tracking code-ը հատկացնում են.«Պատահում է, որ կոդ ստանալը հավելյալ գումար է պանաջում վճարել: Պարտադիր չէ իհարկե, պարզապես լավ է իմանալ, թե որտեղ է հասել քո պատվերը: Թանկարժեք պատվերների դեպքում հիմնականում tracking code տալիս են անվճար»:

Դե ինչ, օնլայն գնում կատարելու 90%-ը կատարված է, մնում է սպասել, թե երբ է ձեր պատվերը ձեր ձեռքում լինելու:

Որտեղի՞ց ստանալ գնածը՝ մաքսայինի՞ց, թե՞ փոստից

Գնած ապրանքը կարելի է ստանալ թե՛ փոստային և թե՛ մաքսային ծառայություններից: Թե ինչպես է պատահում, որ ձեզ զանգահարում կամ ծանուցում են ուղարկում փոստից և ոչ մաքսայինից կամ հակառակը, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում պատմեց իրավաբան Արսեն Թավադյանը:

«Երբ գնված ապրանքը հասնում է Հայաստանի սահմանին, ՀՀ Մաքսային ծառայությունը պարտավոր է նայել ուղեկցող փաստաթղթերին։ Էլ.առևտրի դեպքում մաքսային մարմինները որպես ուղեկցող փաստաթուղթ են դիտում ծրարին կամ փաթեթին կից կվիտանցիան (անդորագիրը), որի վրա սովորաբար նշված է լինում ապրանքը և վերջինիս գինը»,-ասաց նա և հավելեց, որ եթե բոլոր փաստաթղթերը նորմալ են, ապա մաքսայինը պարտավոր է ընդունել այն գինը, որը նշված է ուղեկցող փաստաթղթում:

«Եթե կասկածներ կան մաքսային մարմինների մոտ, ապա կարող են հենց իրենք գին սահմանել՝ որոշելով ապրանքի միջին արժեքը Հայաստանի շուկայում կամ ապրանք արտադրելու ծախսի միջին գինը կրկին Հայաստանում: Դե իսկ արժույթը հաշվարկվում է մաքսային սահման մուտք գործելու՝ ներմուծվելու պահին առկա փոխարժեքով»,-նշեց իրավաբանը:

«Ըստ ՀՀ մաքսային օրենսգրքի 105 հոդվածի ՀՀ քաղաքացին իրավունք ունի ՀՀ ներմուծել ընդհնարուր մինչև 150 000 դրամ արժողության, մինչև 20 կգ ապրանք 6 ամսվա ընթացքում: Եթե ձեր պատվիրած ապրանքի գինը չի գերազանցում այս արտոնությունը, ապա ապրանքը ուղարկվում է փոստային ծառայություն և փոստից ձեզ զանգահարում են՝ փոստային մասնաճյուղ այցելելու և պատվերը ստանալու համար: Իսկ եթե ապրանքի գինը գերազանցում է 105-րդ հոդվածի արտոնությունը, ապա ստիպված եք մաքսատուրք վճարել»,- բացատրեց Արսեն Թավադյանը և տեղեկացրեց մաքսատուրքի չափը՝ կրկին սահմանված ՀՀ մաքսային օրենսգրքով:

«ՀՀ մաքսային օրենսգրքի 102 հոդվածը Հայաստան ներմուծելու համար սահմանում է մաքսատուրքերի չափը յուրաքանչյուր ապրանքների տեսակների համար: Այն կամ 0 տոկոս է կամ 10%։ Բացի դրանից որոշ դեպքերում պետք է վճարել նաև ԱԱՀ (ավելացված արժեքի հարկ), որը կազմում է 20% որոշ ապրանքների համար: Գոյություն ունի նաև մաքսավճար, ինչը մաքսային ծառայության մատուցման համար վճարն է, որի արժեքը կախված է ձևակերպվող ապրանքի քանակից։ Բայց մանրածախ ապրանքներ ներկրելու դեպքում կազմում է շատ չնչին գումար, սովորաբար 5000 դրամից ոչ ավել»,-նշեց իրավաբանը և հավելեց, որ այս դեպքում արդեն պարզ է, որ մաքսային ծառայությունը կզանգահարի ձեզ և ոչ թե փոստը:

Իսկ եթե ձեզ, այնուամենայնիվ, ոչ փոստից են զանգահարում և ո՛չ էլ մաքսայինից, ապա հնարավոր է ձեր պատվերը կորել է: Ի՞նչ անել այս պարագայում:

Փորձառու օնլայն գնորդ Էդգար Մարկոսյանի խոսքով, եթե Չինաստանից կամ այլ ասիական երկրներից եք պատվիրում, սովորաբար 15-ից մինչև 45 օր կարող է տևել մինչ ապրանքը ձեզ հասնի: «Ստանդարտ օրերի քանակը անկախ նրանից, թե որտեղից է գալիս ապրանք, սովորաբար նշում են 15 օրից ոչ պակաս: Իսկ եթե այդպես էլ չի հասնում ապրանքը, պետք է պարզապես նամակով դիմել կամ օնլայն խանութին կամ միանգամից վաճառողին: Ձեզ կփոխհատուցեն կամ էլ կրկին կուղարկեն»,- ասաց Էդգար Մարկոսյանը և հավելեց, որ երկու տարում ընդամենը երկու անգամ է պատահել, որ իր պատվերը չի հասել և երկու դեպքում էլ փոխհատուցում է ստացել:

Դե ինչ, ձեզ ներկայացվեցին օնլայն գնումներ կատարելու հիմնական և կարևոր գործընթացները, սկզբունքները և օրենսդրությունը: Կարող եք հոդվածն օգտագործել որպես համառոտ ձեռնարկ օնլայն գնում կատարելիս:

Հետադարձ կարծիքը գնահատելի է:

Հայաստանում բնակչության շատ քիչ տոկոսն է օգտվում էլ.առևտրից և ընդհանրապես քչերն են տեղյակ, թե ինչ է էլեկտրոնային առևտուրը: Թերևս, օգտվողների քանակի մասին ոչ մի վիճակագրություն չկա: Հայաստանում էլեկտրոնային իրավական դաշտն ունի մի շարք խնդիրներ, որոնք խանգարում են Էլ.առևտրի զարգացմանը Հայաստանում:

Էլեկտրոնային առևտուրը Հայաստանում զարգացնելու նպատակով՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) ձեռնամուխ է եղել իրավական դաշտի կարգավորման խնդիրների լուծմանը։ 2011թ. հոկտեմբերից միությունը՝ «Քաունթերփարթ ինթերնեյշնլ» հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ, իրականացնում է էլեկտրոնային առևտրի բնագավառում պետական քաղաքականության և իրավական դաշտի բարեփոխումների ծրագիրը:

Լուսինե Պառավյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում
Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով
Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները
Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք

Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում

 Բաժնի այլ նյութերը
Revolut-ը՝ ՀՀ-ում Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների
Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները
---