Արևմուտքին ոչ մի կերպ չի հաջողվի ծնկի բերել Իրանին

Արևմուտքին ոչ մի կերպ չի հաջողվի ծնկի բերել Իրանին

ԱՄՆ-ը և ԵՄ-ն կրկին նույն սխալն են կատարում և ոչ մի կերպ չեն հասկանում, որ Իրանը ոչ Լիբիան է, ոչ Իրաքը և ոչ էլ, առավել ևս, Եգիպտոսը

Իրանական նավթի ներկրման վրա էմբարգոյի մասին ԵՄ անդամ-երկրների որոշումը, ամենից առաջ, կհարվածի Եվրոպային և բոլորովին ոչ Իրանին: Եվ Եվրամիությունում ակնհայտորեն մոռացել են, որ իրանական նավթի հիմնական գնորդները Չինաստանն ու Հնդկաստանն են, և այդ պատժամիջոցները միայն ավելի կկոշտացնեն Թեհրանին, որն արդեն պատրաստվում է դադարեցնել դեպի ԵՄ երկրներ նավթի մատակարարումը:

PanARMENIAN.Net - Դա վերաբերվում է Սաուդյան Արաբիային և Պարսից ծոցի մյուս երկրներին: Մինչև շաբաթվա վերջ Իրանի խորհրդարանը մտադիր է հավանություն տալ դեպի ԵՄ երկրներ նավթի մատակարարումը լիովին արգելելու մասին օրինագծին՝ չսպասելով էմբարգոյի գործածության մեջ մտնելուն: Փորձագետները նախազգուշացնում են. եթե Իրանն իսկապես դադարեցնի մատակարարումները, դա լուրջ հարված կհասցնի եվրոպական երկրների տնտեսությանը, որոնք ստիպված կլինեն շտապ նավթ գնել այլընտրանքային աղբյուրներից բարձր գներով: «Եթե օրինագիծը հավանություն ստանա, կառավարությունը պարտավոր կլինի դադարեցնել նավթի վաճառքը Եվրոպայում, նախքան ԵՄ-ն նավթային էմբարգոն կկիրառի Իրանի դեմ»,- հայտարարել է Իրանի Մեջլիսի էներգետիկայի հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչ Իմադ Հոսեյնին:Կարելի է ենթադրել, որ հունվարի 23-ին Եվրամիության 27 անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների որոշումն էմբարգո ներմուծելու մասին թելադրված էր ԱՄՆ կողմից, որին հանգիստ չեն տալիս Իրանի միջուկային խնդիրը և Իսրայելին ուղղված Թեհրանի մշտական սպառնալիքները: Ճապոնիանն և Հարավային Կորեան ԱՄՆ ճնշման տակ նույնպես մտադիր են կրճատել իրանական նավթի ձեռք բերումը և ավելացնել ներկրումը Պարսից ծոցի այլ երկրներից: Eurasia ամերիկյան վերլուծական ընկերության գնահատականներով, ԵՄ էմբարգոյի և Ճապոնիայի, Հարավային Կորեայի ու մի շարք երկրների կողմից գնումները նվազեցնելու արդյունքում Իրանը ստիպված կլինի իրացման նոր շուկաներ որոնել իր ածխաջրածինների կեսի արտահանման համար՝ օրական շուրջ 1,3 մլն բարել: Պատժամիջոցների նոր փաթեթի շրջանակներում, որը նախատեսում է նաև դեպի ԵՄ երկրներ իրանական նավթի և նավթամթերքի ներկրման վրա փուլային արգելքի ներմուծում, ենթադրվում է, որ Թեհրանից նավթ գնած ԵՄ բոլոր երկրները մինչև հուլիսի 1-ը պետք է լիովին դադարեցնեն այդ երկրից ներկրումը: Արգելքը վերաբերվում է նավթի և նավթամթերքի ներկրմանը, ձեռք բերմանը և տեղափոխմանը: Իրանական նավթի վերաբերյալ արդեն կնքված պայմանագրերը կարող են կատարվել մինչև 2012-ի հուլիսի 1-ը: Իրանական նավթի եվրոպական ներկրման հիմնական մասը՝ շուրջ 68 տոկոս, բաժին է ընկնում Հունաստանին, Իտալիային և Իսպանիային: Հունաստանում Իրանից «սև ոսկու» ձեռք բերման բաժինը հասնում է 35 տոկոսի: Financial Times-ի տվյալներով, 2011-ին ԵՄ երկրները Իրանից գնել են մեկ օրում միջինը 600 հազար բարել նավթ:

Սակայն, դատելով ամեն ինչից, Իրանը վճռական է տրամադրված: Հուզեստան նահանգի նահանգապետ Սեյեդ Ջաֆար Հեջազին հայտարարել է, որ տնտեսական պատժամիջոցների մասին Արևմուտքի հայտարարությունները կատարվել են հակաիրանական քարոզարշավի շրջանակներում և իրանական նավթի ներկրման վրա այսպես կոչված արգելքը ոչ մի կերպ չի ազդի Իրանի կողմից «սև ոսկու» վաճառքների վրա, հաղորդում է IRNA գործակալությունը:

Նահանգապետի խոսքով, արևմտյան երկրները, անցկացնելով հակաիրանական քաղաքականություն, ևս մեկ ռազմավարական սխալ են կատարում, քանի որ Իրանի տարածքով անցնում են նրանց համար շահավետ միջազգային հաղորդակցությունների ուղիներ: Սեյեդ Ջաֆար Հեջազին նշել է, որ արևմտյանը երկրները լավ են հասկանում, որ եթե Իրանը փակի Օրմուզի ծոցը, Սաուդյան Արաբիան չի կարող լիովին լրացնել իրանական նավթի մատակարարումը դադարեցնելուց կրած կորուստները: Այդ երկրին ուղղակի չի բավականացնի արտադրական պոտենցիալը:

ԱՄՆ-ը և ԵՄ-ն կրկին նույն սխալն են կատարում և ոչ մի կերպ չեն հասկանում, որ Իրանը ոչ Լիբիան է, ոչ Իրաքը և ոչ էլ, առավել ևս, Եգիպտոսը: Իրադարձությունների ամենավատատեսական զարգացման տարբերակում ՄԱԿ պատժամիջոցներին հասնելը գրեթե անհնար կլինի. բացի մահմեդական երկրներից դեմ կքվեարկեն Ռուսաստանը և Չինաստանը՝ ՄԱԿ ԱԽ մշտական անդամները: Անհնար է Իրանին ստիպել հրաժարվել միջուկային ծրագրից, նույն Եվրոպան ամեն ինչ արել է, որպեսզի Իրանն ունենա միջուկային ռեակտոր՝ Թեհրանին վաճառելով տեխնոլոգիա և սարքավորումներ: Ուղղակի ԱՄՆ-ն իր համար նոր «վախեցնող» է գտել սպանված Ուսամա բեն Լադենի փոխարեն: Անփառունակ ավարտելով Իրաքում ռազմական գործողությունը և տապալվելով Աֆղանստանում՝ Օբամային ընտրություններից առաջ շտապ անհրաժեշտ է նպատակ, որին կարելի է առանց դժվարության հասնել: Սակայն, ինչպես նշվեց վերևում, երկրի ընտրությունը սխալ էր: Օբաման չի կարող ոչինչ անել Թեհրանի հետ:

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին

Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---