Լևոն Արոնյանը 3-րդ անգամ դարձավ Վեյկ ան Զեեի  հաղթող և հրաժարվեց հանդես գալ Բաքվում աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում

Լևոն Արոնյանը 3-րդ անգամ դարձավ Վեյկ ան Զեեի հաղթող և հրաժարվեց հանդես գալ Բաքվում աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում

Շաբաթվա հիմնական շախմատային իրադարձությունների ամփոփում

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը երրորդ անգամ դարձավ Վեյկ ան Զեեի սուպերառաջնության հաղթող: «Ես շատ գոհ եմ, որ հաջողվեց այսքան լավ խաղալ: Շատ հաճելի է, որ այսքան մարդ կարողացա ուրախացնել»,- Վեյկ ան Զեեի մրցաշարի հաղթանակից հետո ասել է գրոսմայստեր Լևոն Արոնյանը:

PanARMENIAN.Net - Արոնյանը 13 տուրում տարավ 7 հաղթանակ, 4 անգամ ոչ ոքի խաղաց և միայն երկու անգամ զիջեց՝ երրորդ անգամ նվաճելով Վեյկ ան Զեեի հաղթողի կոչումը:

«Սա լավագույն մրցաշարն էր իմ կարիերայում: Անշուշտ, ես շատ մրցաշարերում եմ հաղթել, սակայն որ ամբողջությամբ վերահսկեմ խաղը՝ դա միշտ չի, որ հաջողվել է: Իսկ այստեղ ինձ թվում էր, որ ես բավականին վերահսկում էի իրավիճակը շատ դեպքերում»,-Արոնյանի խոսքն է մեջբերում chess-news.ru-ն:

Ըստ շախմատիստի, նա իրար ետևից մի քանի մրցաշարերի մասնակցեց 2011թ. վերջում. «Մրցաշարերի շարքից հետո ես որոշեցի հանգստանալ: Մեկ ամիս ես չեմ մոտեցել խաղատախտակին, ուղղակի հանգստացել եմ ու ինձ թվում էր, որ դա կարող է վտանգավոր լինել, քանի որ իմ մրցակիցները հավանաբար այդ ժամանակ աշխատում էին: Սակայն, պարզվեց, որ թարմ ուղեղն էլ ինչ-որ բան արժի: Իմ բախտը բերեց, որ որոշ մրցակիցներ չկարողացան դիմադրել իմ հին հնարքներին»:

Արոնյանը հավելել է նաև, որ դեռ չգիտի, երբ տեղի կունենա հաջորդ մրցաշարը և դեռ չի մտածել դրա մասին. «Սակայն, հավանաբար, հաջորդ խաղը տեղի կունենա Վլադիմիր Կրամնիկի հետ, ապրիլին»:

Ռուս շախմատիստը հայտարարել է, որ Վեյ ան Զեե է եկել, որպեսզի պայմանագիր կնքի Արոնյանի հետ: Շախմատիստներն ապրիլի 21-29-ը Ցյուրիխում անցկացնելու են դասական շախմատի մարզումային հանդիպում:

«Լինարես» շախմատային մրցաշարը նույնպես կայանալու է ապրիլի երկրորդ կեսին, և Կրամնիկն ու Արոնյանը չեն կարող մասնակցել դրան: Արոնյանի և Կրամնիկի հանդիպումը նախապատրաստական աշխատանք է լինելու աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի համար:

Փետրվարի 2-ին Լևոն Արոնյանը նամակ է հղել ՖԻԴԵ-ի ղեկավար Կիրսան Իլյումժինովին և Նախագահական խորհրդի անդամներին: Արոնյանը գրել է, որ ԶԼՄ-ներից նրան հայտնի է դարձել, որ Ադրբեջանի և Բուլղարիայի շախմատի ֆեդերացիաները աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարն անցկացնելու հայտ են ներկայացրել:

«Ես կցանկանայի հայտնել ձեզ, որ ընդհանուր մթնոլորտն Ադրբեջանում ու շարունակվող լարվածությունը մեր երկրների միջև անհնար են դարձնում իմ մասնակցությունը մրցաշարին Ադրբեջանորմ: Այնպիսի պատասխանատու և կարևոր մրցաշարը, ինչպիսին աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարն է, պահանջում է հանգստություն և հատուկ կենտրոնացում: Շախմատի հետ կապ չունեցող ոչ մի հանգամանք չպետք է խանգարի գրոսմայստերին ցուցադրել իր վարպետությունը: Ցավոք, այդ պահի դրությամբ ոչ մի հայ չի կարող բարենպաստ կամ նորմալ հոգեբանական վիճակ գտնել Ադրբեջանում, իսկ դա անհրաժեշտ է: Ըստ իս, բոլոր մասնակիցները պետք է լինեն հավասար պայմաններում, ինչն անհնար կլինի, եթե մրցաշարն անցնի Ադրբեջանում: Անվտանգության երաշխիքները կամ այլ լրացուցիչ աջակցությունը չեն փրկի իրավիճակը»,-գրել է հայ շախմատիստը:

Նա նշել է, որ ուրախ կլինի մասնակցել մրցաշարին ցանկացած այլ երկրում, սակայն նրա մասնակցությունը մրցաշարին բացառվում է, եթե այն անցնի Ադրբեջանում: «Հուսով եմ, որ դուք հաշվի կառնեք իմ նկատառումները, Խորհրդում մրցաշարի անցկացման վայրը ընտրելիս»:

2011թ. ևս Արոնյանը հրաժարվեց խաղալ Ադրբեջանում և հավակնորդների խաղերը տեղափոխվեցին Կազան: Վերջին մի քանի օրերին մրցաշարն ընդունելու պատրաստակամություն են հայտնել Ադրբեջանի ու Բուլղարիայի շախմատի ֆեդերացիաները:

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Օլիմպիական մեդալներն ու կամքի հաղթանակները
Գետնի վրա մենամարտել իմացողն առավելություն ունի
Մասնագետը՝ առողջ ապրելակերպի մասին
Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ
 Ուշադրության կենտրոնում
Մխիթարյան. Ես զբոսաշրջիկի կարգավիճակով չեմ Հռոմում

Մխիթարյան. Ես զբոսաշրջիկի կարգավիճակով չեմ Հռոմում Ֆուտբոլիստը խոսել է նաև հայերի և իտալացիների նմանության մասին

 Բաժնի այլ նյութերը
Ուղին անվանում է առաջնամագլցողը Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու
Ջուրը վերափոխում է պարալիմպիկ լողորդին «Խնդիրս անհետանում է, դառնում եմ ազատ»