Հայաստանում շաբաթը զարմանալիորեն սոցիալական էր

Հայաստանում շաբաթը զարմանալիորեն սոցիալական էր

2012-ի Հայաստանի պետբյուջեով առաջին անգամ նախատեսվում է 18 մլրդ դրամ պետական ծառայողների սոցիալական փաթեթի համար

Հայաստանում շաբաթը զարմանալիորեն սոցիալական էր: Այդ շրջանում իշխանություններին հաջողվեց շոշափել հանրային կյանքի միանգամից մի քանի ուղություններ՝ բնակչության անապահով խավեր, այդ թվում զինվորական ծառայությունն անցած երիտասարդներ, գյուղացիներ և նույնիսկ պետական ծառայողներ:

PanARMENIAN.Net - Այսպիսով, մեր պաշտոնյաներն արդեն գալիք շաբաթվա կեսին կստանան երկար սպասված սերտիֆիկատներ, որոնք կհեշտացնեն նրանց կյանքը և խթան կդառնան, որպեսզի նրանք ավելի լավ աշխատեն: 2012-ի Հայաստանի պետբյուջեով առաջին անգամ նախատեսվում է 18 մլրդ դրամ պետական ծառայողների սոցիալական փաթեթի համար: 2012թ հունվարից ՀՀ-ում ներդրվում է սոցիալական փաթեթ, որը նախատեսված է քաղաքացիական և պետական ծառայողների, պետական պաշտոններ զբաղեցնող անձանց, ինչպես նաեւ կրթության, մշակույթի եւ սոցիալական պաշտպանության ոլորտների պետական կազմակերպությունների վարչական և մասնագիտական պաշտոններ զբաղեցնողների համար:

Սոցիալական փաթեթի ներդրումը հնարավորություն է ընձեռում շուրջ 120 հազար աշխատակիցների և նրանց ընտանիքի անմիջական անդամներին (ամուսինը և մինչև 27 տարեկան չամուսնացած զավակները), անկախ զբաղեցրած պաշտոնից և վարձատրության չափից հավասարաչափ օգտվել հետևյալ սոցիալական ծառայություններից` բժշկական ապահովագրություն, որն աշխատակիցների համար կրում է պարտադիր բնույթ, հիփոթեքային վարկի ամսական վճարի մարում, ԿԳՆ կողմից հաստատված ուսումնական ծրագրերով ուսման վճար, հանգստի կազմակերպում ՀՀ և ԼՂՀ տարածքում:

Հայաստանի կառավարությունը փետրվարի 2-ին հաստատել է ֆերմերներին աջակցելու պետական ծրագիրը: Հայաստանի ռեզերվային ֆոնդից գյուղատնտեսության նախարարությանը հատկացվելու է 1,3 մլրդ դրամ` ֆերմերների կողմից 12 600 տ անհրաժեշտ դիզվառելիքի ձեռքբերմանն աջակցելու համար: Ըստ նրա, դիզվառելիքի բաշխումը կսկսվի 2012թ փետրվարի 15-ից, որպեսզի ֆերմերները կարողանան պատշաճ կերպով իրականացնել գարնանային աշխատանքներ:

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ արդեն երկրորդ տարին է կառավարության ուշադրության կենտրոնում է գյուղատնտեսության ոլորտը: «Կառավարության այսօրվա որոշմամբ մենք մեկնարկում ենք նոր ծրագիր, որը բոլոր համայնքների համար մատչելի է դարձնում դիզվառելիքը: Դա թույլ կտա ընդլայնել ցանքատարածքները և հանդիսանում է գյուղատնտեսական ապրանքների ինքնարժեքի ձևավորման հիմք»,-ընդգծել է նա: Ինչպես հայտնել է վարչապետը, ֆերմերներին դիզվառելիքը վաճառվելու է լիտրի դիմաց 350 դրամով և արդեն ընտրվել է «Ֆլեշ» ընկերությունը, որը վերջին եռամսյակի ընթացքում ամենաէժան գներն է ներկայացրել և հնարավորություն ունի այդ դիզվառելիքը համայնքներին հասցնելու:

Այսուհետ կառավարության ուշադրության կենտրոնում կլինեն սոցիալական հարցերը, մանավորապես, կրթության մատչելիության բարձրացումը բնակչության անապահով շերտերի համար: Այդ մասին փետրվարի 2-ին, բացելով նիստը, հայտարարել է Տիգրան Սարգսյանը: Ըստ նրա, կրթության հասանելիության բարձրացումն ինչ-որ առումով կնպաստի աղքատության հաղթահարմանը: «Այն ընտանիքները, որոնք չեն կարող կրթություն տալ երեխաներին, ավելի հաճախ են բախվում աղքատության հետ: Այսուհետ մեր ծրագրերն ուղղվելու են կրթության հասանելիության ապահովմանը Հայաստանում»,-ասել է նա:

Հայաստանի կառավարությունը մտահոգված է բանակում ծառայած երիտասարդների հետագա ճակատագրով: «Երբ երիտասարդը ծառայում է բանակում ու վերադառնում է, նրա առջև հարց է առաջանում, թե ինչպես է դասավորվելու նրա հետագա ճակատագիրը»,-ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Այսուհետ, բանակում կաշխատեն յուրաքանչյուր զինծառայողի հետ, որոշելու համար նրա ցանկություններն ու հնարավորությունները հետագա կյանքը դասավորելու համար, աջակցություն կցուցաբերվի երիտասարդներին, որպեսզի նրանք կարողանան որոշում կայացնել ու շարունակել կրթությունը: «Դա նշանակում է, որ ծնողները, բանակ ուղարկելով իրենց երեխաներին, պետք է վստահ լինեն, որ կառավարությունը կկարողանա հոգալ նրանց հետագա ճակատագրի մասին»,-հավելել է վարչապետը:

Բայց ահա կնվազի արդյոք երկրում աղքատությունը բնակչության գրագիտությունը բարձրացնելու հաշվին և երբ դա տեղի կունենա, առայժմ դժվար է ասել, քանի որ հարցը երկրում անցկացվող քաղաքականության հետևողականության մեջ է և, ամենագլխավորը, կոռուպցիայի դեմ պայքարի:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---