Հայաստանի ուշադրության կենտրոնում հարկային օրենսդրության բարեփոխումն ու գազի գներն են

Շաբաթվա հիմնական տնտեսական իրադարձությունների տեսությունը` 1.02-6.02

ՀՀ խորհրդարանում 2010 թ-ի փետրվարի 1-ից սկսվել է գարնանային նստաշրջանը, որի նախագծում ներառված է 120 հարց: Հայ խորհրդարանականների ուշադրության կենտրոնում այս շաբաթ տեղական հարկերի ցանկի ընդլայնումն է, որոնց շուրջ խմբակցությունների միջեւ առաջացել են լուրջ բանավեճեր: Հայաստանի խորհրդարանում առաջին ընթերցմամբ քննարկել են «Հարկերի մասին», «Բյուջետային համակարգի մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում ուղղումների եւ փոփոխությունների կատարումը, որոնցով նախատեսվում է տեղական հարկերի ցանկի ընդլայնում:

PanARMENIAN.Net - Ներկայացնելով օրինագիծը, ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հաղորդել է, որ տեղական հարկերի թվին կարելի է դասել վաճառքների, հյուրանոցային հարկերը, անավարտ շինարարության եւ գույքի ոչ պատշաճ պահպանման, չմշակված գյուղատնտեսական հողերի համար եւ այլ հարկերը: Այս առնչությամբ Տերտերյանը նշել է, որ նշված հարկերը, բացառությամբ գույքահարկի եւ հողի հարկի, կկիրառվեն համայնքների կողմից ըստ իրենց հայեցողության:

ՀՀ ԱԺ-ում տեղական հարկերի ցանկի ընդլայնումը բուռն բանավեճի պատճառ է դարձել խորհրդարանականների շրջանում: Մասնավորապես, «Բարգացաճ Հայաստանի» ներկայացուցիչներն առաջարկել են լրացուցիչ լսումներ կազմակերպել, որոնց կմասնակցեն շահագրգիռ կողմերը` լրամշակելու համար օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը:

Հաշվի առնելով առկա տարաձայնությունները` ԱԺ խոսնակ Հ.Աբրահամյանն առաջարկել է հետաձգել քվեարկությունը 15 օրով, այդ ընթացքում քննարկելով փոփոխություններն ԱԺ համապատասխան հանձնաժողովներում:

ՀՀ Ազգային ժողովը շաբաթվա ընթացքում 2 միջազգային պայմանագիր է վավերացրել, որոնք կնքվել են Հայաստանի եւ Ասիական զարգացման բանկի միջեւ վարկի տրամադրման եւ ֆինանսավորման մասին համաձայնագրի վերաբերյալ: Այդ երկու պայմանագրերը փոխլրացնում են իրար եւ վերաբերում են Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարությանը: Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու նախագծի ընդհանուր արժեքը 1 մլրդ դոլար է, իսկ իրականացման ժամկետը 10-15 տարի: Նախագծի իրականացման համար Ասիական զարգացման բանկը 500 մլն դոլարի վարկ կտրամադրի Հայաստանին: Ստացված միջոցները կարտացոլվեն երկրի պետպարտքում: Ըստ փորձագետների նախնական գնահատականների, նախագծի իրագործումը կխթանի տնտեսական աճը երկրում, տարեկան բերելով մոտ 15-16 մլն դոլար եկամուտ:

Ըստ ՀՀ կառավարության նախաձեռնության «Շահույթով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի շրջանակներում խաղատներից գանձվող պետական տուրքը կկազմի 400 մլն դրամ, իսկ խաղասրահներից կգանձվի 50 մլն դրամ: Այդ մասին լրագրողներին է հաղորդել ՀՀ ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Վարդան Այվազյանը: Նա նշել է, որ օրինագծով հստակեցված են այն գոտիները, որտեղ տուրքերը Երեւանի մերձակայքում եւ հեռավոր շրջաններում գտնվող խաղատներից կտրուկ կտարբերվի: «Մեր կողմից օրինագիծը քննարկման կներկայացվի ԱԺ-ում, ըստ որի հեռավոր մարզերում խաղատներին արտոնություններ կտրվեն»,-ասել է նա: Այս համատեքստում Այվազյանը նշել է, որ սահմանամերձ գոտիներում եւ հեռավոր մարզերում խաղատուն բացելու դեպքում, պետտուրքեր չեն գանձվի:

Հայաստանում օրենք կա, որի համաձայն, ըստ միջազգային պայմանագրի, ազատ տնտեսական գոտիներում պետությունը կարող է նման գործունեություն ծավալել, մասնավորապես, դա կարելի է անել «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում: Օրենքով նախատեսվում է նաեւ թույլ տալ խաղատների գործունեությունը Երեւանի մերձակա շրջաններում, բացառությամբ Երեւան քաղաքի, նրանց համար, ով 40 մլրդ դրամի ներդրում կանի: Ըստ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի, խաղատների սեփականատերերը չեն համաձայնվի օրինագծին, քանի որ հեռավոր մարզերում շահույթը շատ ավելի քիչ է, քան մայրաքաղաքների արվարձաններում:

Իր հերթին ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը նշել է, որ կառավարությունը հստակ որոշել է այն գոտիները, ուր 2013թ-ից պետք է տեղափոխվեն խաղատները: «Դա բխում է միջազգային փորձից` խաղատները բացվում են այնտեղ, որտեղ զարգացած է զբոսաշրջությունը, մասնավորապես, Սեւանում, Ջերմուկում, Ծաղկաձորում»: Այս համատեքստում փոխնախարարն ասել է, որ ՀՀ կառավարության քաղաքականությունն ուղղված է երկու հարցի լուծմանը` ապահովել մարզերի հավասար զարգացումը, եւ, փողերի լվացման տեսակետից, նոր մեխանիզմներ ներդնել խաղատների գործունեության արդյունավետ վերահսկողության համար:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը 2010թ. հունվարի 19-ին քննարկել է «Շահույթով խաղերի եւ խաղատների մասին», ՀՀ օրենքում նախատեսվող փոփոխությունների օրինագծերի փաթեթը: Այդ օրինագծով որոշովում է 2013թ. հունվարի 1-ից դուրս տանել խաղատներն ու խաղասրահները քաղաքային համայքների վարչական տարածքներից, զբոսաշրջային վայրեր:

Այս շաբաթ Հայաստան այցելեց ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը, որը հանդիպեց երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Նրա հետ հանդիպման ժամանկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ, անկախ ճգնաժամից, Հայաստանը կատարել է ստանձնած պարտավորթւյունները ԱՊՀ շրջանակներում: Նա նաեւ նշել է, որ միջոցներ են ձեռնարկվում ԱՊՀ տնտեսական զարգացման առաջին փուլի իրականացման համար:

Իգոր Շուվալովը նշել է, որ իր այցի հիմնական նպատակը 2010 թ. ԱՊՀ երկրներում Ռուսաստանի ներկայացուցչություններում մեկնարկած առաջնահերթ միջոցառումների քննարկումն է: Այդ առնչությամբ նա ներկայացրել է ԱՊՀ շրջանակներում տնտեսական համագործակցության նախատեսված եւ իրականացվող ծրագրերը, ինչպես նաեւ օրակարգով նախատեսված ծրագրերը: Մասնավորապես նա ընդգծել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակին նվիրված, տրանսպորտի եւ էներգետիկայի հարցերին, միասնական միգրացիոն ծրագրերին վերաբերող հարցերը: Դրանից բացի, կողմերը քննարկել են ԱՊՀ երկրներում տնտեսական հարաբերությունների խորացման եւ հայ-ռուսական համագործակցության հարցեր:

ԱՊՀ հարցերով ՌԴ ազգային համակարգողը ընդգծել է, որ իր նախագահության շրջանակներում փորձում է խորացնել բազմակողմ հարաբերությունները եւ բարձրացնել դրանց արդյունավետությունը:

Իգոր Շուվալովը հրավիրեց Հայաստանին մասնակցելու ԱՊՀ գործարար ոլորտի առաջատար ներկայացուցիչների համաժողովին, որը տեղի կունենա մարտի 5-ին, Մոսկվայում:

2010 թ-ը ՀՀ պետական եկամուտների կոմիտեն սկսել է բավականին տպավորիչ արդյունքներով. հունվարի հավաքագրումները գերակատարվել են եւ' հարկային, եւ' մաքսային մասով` պետբյուջե է մուտքագրվել 40 մլրդ դրամից ավելի գումար, ինչը նախորդ տարվա հունվարի ցուցանիշը գերազանցել է մոտ 14 տոկոսով, սոցիալական վճարների մասով եւս աճ է արձանագրվել. հավաքագրվել է 6.78 մլրդ դրամ, նախորդ տարվա հունվարի նկատմամբ աճը կազմել է 41.8 տոկոս, հաղորդում է Կոմիտեի մամլո ծառայությունը: «Եվ' այս ցուցանիշը, եւ', առհասարակ, համակարգում արձանագրված բարեփոխումների գոհացնող ընթացքը միանշանակ արդյունք է նաեւ կադրային խրախուսման այն քաղաքականության, որը տարեսկզբին քննադատության արժանացավ որոշ լրատվամիջոցների կողմից», - ասվում է հաղորդագրության մեջ:

Հայ-թուրքական ձեռնարկատերերի խորհրդի համանախագահ (TABDC) Քահան Սոյակը հայտարարել է, որ ապրանքաշրջանառությունը Հայաստանի ու Թուրքիայի միջեւ, որը 2009թ. հասել է 300 մլն դոլարի, կարելի է իրական հաջողություն համարել: Ըստ Սոյակի, TABDC գրանցել է, որ 2009թ. ապրանքաշրջանառության ծավալները կազմել են 150 մլն դոլար, սակայն, ըստ նրա, ՀԲ-ի տվյալներով, այդ ծավալներն անցյալ տարի հասել են 200 մլն դոլարի: Սոյակը հիշեցրել է, որ այժմ ապրանքաշրջանառությունը Հայաստանի ու Թուրքիայի միջեւ իրականացվում է երրորդ երկրների` Վրաստանի ու Իրանի միջոցով, ինչը դժվարացնում է ապրանքաշրջանառության իրական ծավալների որոշումը, հաղորդում է «Anatolian News Agency» գործակալությունը:

Հայ-թուրքական ձեռնարկատերերի խորհրդը (TABDC) ստեղծվել է 1997թ.: Համանախագահներն են Սոյակն ու ՀՀ Ձեռնարկատերերի միության ղեկավար Արսեն Ղազարյանը: Խորհուրդը կողմ է հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանն ու հայ-թուրքական սահմանի բացմանը:

2009թ-ի երկրորդ կիսամյակում «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն վերամշակել է մոտավորապես 1.3 միլիոն տոննա հանքաքար, ինչը հինգ տոկոսով ավելի է 2008թ.-ի արդյունքներից: Ընկերության կանխատեսումներով հանքաքարի արդյունահանման եւ վերամշակման ծավալները ընթացիկ տարում կավելանան մինչեւ 3-3.5 միլիոն տոննա,հաղորդում է «ԳեոՊրոՄայնինգ Գրուպ» ընկերության մամլո ծառայությունը:

2009թ-ին կոմբինատը արտադրել է 248 տոննա մոլիբդենի խտանյութ եւ 13.500 տոննա պղնձի խտանյութ: Համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքով 2009թ-ի փետրվար ամսին կոմբինատը դադարեցրեց իր արտադրական գործունեությունը եւ վերսկսեց իր աշխատանքը ամբողջ ծավալով հունիսի 30-ից: 2008թ. վերջիս ԱՊՄԿ-ն աշխատում էր անկայուն եւ հոկտեմբեր ամսից սկսել էր կորուստներ կուտակել, որոնք վերականգնվեցին բաժնետերերի ներդրումների հաշվին: Կոմբինատի աշխատանքը դադարեցնելու պահից հինգ հարյուր աշխատակիցներ շարունակեցին վերանորոգման-վերականգնման աշխատանքները, որոնք վարձատրվում էին աշխատավարձի լրիվ չափով, իսկ չորս հարյուր աշխատակիցներ ուղարկվեցին հարկադիր արձակուրդ, որոնք վարձատրվում էին աշխատավարձի երկու երրորդի չափով: Ձեռնարկության վերաբացումից հետո այդ աշխատակիցները վերադարձան իրենց աշխատատեղերը:

Հայկական պանիր ընկերությունը տեղական տարբեր ֆիրմաների պանիրները համախմբելով միասնական ,Հայկական պանիրե բրենդի ներքո, դուրս կգա արտաքին շուկա: Այս մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտնել է Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը:

Նրա խոսքերի համաձայն, ուսումնասիրվում են Եկատերինբուրգի, Կալինինգրադի, Մոսկվայի, Վրաստանի եւ Իրանի շուկաները: Նախատեսվում է նաեւ ԱՄՆ շուկա արտահանել այծի պանիր, որի պահանջարկը մեծ է այդ երկրում: Ռոբերտ Հարությունյանն ավելացրել է, որ Հայաստանում այծի պանրի պահանջարկն ավելի քիչ է, քան «Լոռի» եւ «Չանախ» պանիրներինը, հետեւաբար նպատակահարմար է առաջին հերթին հենց այծի պանիր արտահանել:

Հայաստանի պանրագործների ընկերակցության տնօրեն Արմեն Գիգոյանն իր հերթին նշել է, որ Հայաստանում արտադրվում է 25 տեսակի պանիր, որոնց արտահանումը կախված է յուրաքանչյուրի պահանջարկից, մասնավորապես, այծի պանրի պահանջարկը մեծ է ԱՄՆ-ում, իսկ շվեյցարական պանիրների տեսականին` Իրանում: «Պարմեզանե տեսակի պանիրը նույնպես մեծ պահանջարկ ունի Իրանում, այդ պատճառով մենք նպատակ ունենք ձեռք բերել այդ պանրի արտադրման տեխնոլոգիան եւ այն արտադրել Հայաստանում», - ասել է նա: Արմեն Գիգոյանը նաեւ հայտնեց, որ Պանրագործների ընկերակցությունը մտադիր է 4 տարում պանրի արտահանման ցուցանիշները հասցնել մինչեւ 1000-1100 տոննա: Նա նշեց նաեւ, որ Պանրագործների ընկերակցությունը համագործակցում է միայն պանրագործների պաշտոնապես գրանցված խոշոր ընկերությունների հետ, որպեսզի միջազգային շուկաներ դուրս գա, ինչը տան պայմաններում պանիր արտադրող փոքր եւ միջին սուբյեկտներին հնարավորություն է տալիս բարձրացնելու իրենց մրցունակությունը երկրի տեղական շուկաներում:

Հայաստանի Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանն առաջարկում է գազի ընդունելի գներ սահմանել տնտեսության բոլոր ոլորտների համար: Նրա խոսքով, 1 խորանարդ մետր գազի համար 136 դրամ գինը, որն առաջարկել է «ՀայՌուսգազարդը», առաջ է բերել արդյունաբերողների դժգոհությունը, մասնավորպես, Նաիրիտ գործարանի եւ «Հրազդան» ցեմենտի գործարանի կողմից, քանի որ նոր գները ձեռնտու չեն ցեմենտի արտահանման համար: «ՀայՌուսգազարդն» առաջին տեղն է զբաղեցրել խոշոր հարկատուների ցուցակում, բայց դրա արդյունքում մնացած ոլորտները, ցավոք, հետ են մնում կամ էլ շահութաբեր չեն, ուստի հարկավոր է գազի ընդունելի սակագին սահմանել տնտեսության բոլոր ճյուղերի, մասնավորապես արդյունաբերության համարե,- ասաց նա այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում լրագրողներին:

Այդ կապակցությմբ Վազգեն Սաֆարյանը հաղորդեց, որ Միությունն առաջարկել է վերանայել Հասարակական ծառայությունների կարգավորման հանձնաժողովի կողմից հաստատված գազի գների առնչությամբ ծախսի հոդվածները եւ գազահամակարգի ներմուծման ծրագիրը, որի համար 31 մլրդ դրամի չափով ներդրումներ են նախատեսված: «Ներդրումային ծրագիրը չպետք է իր մեջ գազի սակագների փոփոխություններ ներառի, այլ պետք է ֆինանսավորվի այլ ծրագրերի միջոցով»,- ասաց նա:

Հայաստանում հանդիսանալով գազի մատակարարման ու բաշխման մենաշնորհատեր` «ՀայՌուսագազարդ» ընկերությունն անհիմն կերպով բարձրացնում է գները` դրանով ավելացնելով իր եկամուտները, գտնում է հայ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: «Ճգնաժամի պայմաններում ռուսական կողմը պետք է ըմբռնումով մոտենա գազի գնի բարձրացման հարցին: Եթե նավթի միջազգային գներն ընկնում են, ապա ինչո՞ւ են Հայաստանում գազի գներն աճում»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում նկատեց նա:

Հայաստանի գազամատակարարման ոլորտի փորձագետ Արթուր Ղազարյանն իր հերթին ավելացրեց, որ 2010 թվականի ապրիլի 1-ից գազի գնի բարձրացման կապակցությամբ տրանսպորտի եւ, համապատասխանաբար, ապրանքի գները նույնպես կաճեն: Իսկ ինչ վերաբերում էլեկտրաէներգիային, ապա, փորձագետի կարծիքով, էլեկտրաէներգիայի գնի աճ չի սպասում:

Այդ առիթով նա հաղորդեց նաեւ, որ Հայաստանի Հասարակական ծառայությունների կարգավորման հանձնաժողովը (ՀԾԿՀ) մտադիր է գազի գինը բարձրացնել 10%-ով, սակայն «ՀայՌուսգազարդն» առաջարկում է գների բարձրացում 40%-ով` 1 խոր. մետր գազի սակագինը ավելացնելով 96-ից մինչեւ 136 դրամ` վկայակոչելով, որ իրենք աշխատում են ի վնաս իրենց:

Հայաստանի կառավարությունը պետք է կանխի գնաճը: Նա պետք է արագացնի Իրանից գազի ներմուծման խնդրի լուծումը, ատոմակայանի եւ փոքր ՀԷԿ-երի կառուցման հարցը, որպեսզի կարողանա զսպել գազի թանկացումըե, ասել է Երեւանում կայացած մամլո ասուլիսում «Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը: Նա նաեւ ավելացրել է, որ գազի սակագնի աճը Հայաստանի բնակչությքան համար կարող է առաջացնել բնապահպանական եւ հիգիենիկ խնդիրներ:

Հայաստանը մտադիր է կառուցել նոր ԱԷԿ-ի բլոկ 1000 ՄՎտ հզորությամբ: Մասնագետների կարծիքով այդ նախագծի արժեքը մոտավորապես կկազմի 5 մլրդ դոլար: Շինարարական աշխատանքները նախատեսված է սկսել 2011 թ-ն:

2010 թվականի փետրվարի 1-ին Ծաղկաձորում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը հանդիպեց Ջուր օգտագործող (ՋՕԸ) եւ Ջրառ ընկերությունների ղեկավարների հետ։ Հանդիպմանը մասնակցում էր նաեւ ՀՀ ՏԿՆ ՋՏՊԿ նախագահ Անդրանիկ Անդրեասյանը, հաղորդում է նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում ամփոփվեցին 2009 թվականին կատարված աշխատանքների արդյունքները, ինչպես նաեւ նախանշվեցին ընթացիկ տարվա անելիքները։ Փոխվարչապետը կարեւորեց հատկապես օգտագործված ոռոգման ջրի դիմաց վարձավճարների հավաքագրման ցուցանիշի բարձրացման խնդիրը։ Քննարկվեցին 2010 թվականի ոռոգման սեզոնի նախապատրաստության հետ կապված հարցերը։

2010 թվականի փետրվարի 1-ին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում «ԱրմՖարմ», «Ֆարմ Գոհար», «Դեղաբազա Երեւան» եւ «Ալեքս Գրիգ» ընկերությունները տուգանվել են 500 000-ական դրամով` Հանձնաժողովի պահանջած տեղեկատվությունը սահմանված ժամկետում չներկայացնելու համար, հաղորդում է ՏՄՊՊՀ մամլո ծառայությունը:

Առաջին երեքը դեղորայքի շուկայում գործող ընկերություններ են, որոնց կողմից տեղեկատվության չտրամադրումը կամ ուշացնելը խոչընդոտել է դեղերի շուկայում հակամրցակցային համաձայնության կասկածանքով հարուցված վարույթի աշխատանքներին: Նրանց տրամադրած տեղեկատվությունն այժմ ուսումնասիրության ընթացքում է եւ հակամրցակցային համաձայնությանը մասնակից լինելու հանգամանքը պարզվում է:

Հայաստանի կառավարությունն իր 2010թ. փետրվարի 4-ի նիստում հավանություն է տվել 2006 թվականի նոյեմբերի 30-ի «Փոստային կապի ազգային օպերատորի կողմից իրականացվող գործունեության տեսակների ցանկը հաստատելու մասին» որոշման մեջ փոփոխությունների կատարմանը: Ներկայացնելով օրինագիծը կառավարության ճեպազրույցում, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը հայտնել է լրագրողներին, որ նախատեսվում է ընդլայնել «Հայփոսթ» ՓԲԸ-ի գործունեության ցանկը, որտեղ կներառվի նաեւ մաքսային միջնորդական գործունեությունը։

Արմենիան Փոստբանկի (Armenian PostBank) առաջին բաժանմունքները կսկսեն գործել 2010թ. գարնանը: Այդ մասին փետրվարի 4-ին կառավարական ճեպազրույցի ժամանակ լրագրողներին է հայտնել ՀՀ տրանսպորտի ու կապի նախարար Գուրգեն Սարգսյանը: «Արմենիան Փոստբանկ» ՓԲԸ-ին բանկային լիցենզիա տրամադրելու նախնական հավանություն էր տվել ՀՀ ԿԲ-ն 2008թ. սեպտեմբերի 19-ին:

Նախատեսվում է, որ նոր բանկը մասնագիտացված կառույց կլինի, որը կգործի «Հայփոստի» փոստային բաժանմունքների հիման վրա եւ ֆինանսական ու ապահովագրական ծառայություններ կտրամադրի Հայաստանի ողջ տարածքի, ինչպես նաեւ կկատարի դրամական փոխանցումներ, կընդունի ավանդներ, պլաստիկ քարտերի միջոցով հնարավոր կլինի կատարել տարբեր ֆինանսական գործողություններ, այդ թվում` կոմունալ վարձավճարների կատարում: Հայաստանում մասնագիտացած փոստային բանկի ստեղծումը կկատարվի ՀՀ փոստային հատվածի արդիականացման շրջանակներում, որի համար նախատեսվում է մինչեւ 2012թ. շուրջ 12 մլն դոլարի ներդրումներ կատարել:

Արարատբանկը ներկայացրեց Արարատբանկի Mifare տեխնոլոգիայով նոր DUAL քարտը եւ Արարատբանկի նոր քարտային ծրագիրը: Բանկի վարչության նախագահ, Արարատբանկի գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանի խոսքով, Արարատբանկի նոր CLASSIC-M- քարտը երկակի կիրառման (DUAL) քարտ է, որում համադրված են ԱՐՔԱ համակարգի վճարային բանկային քարտի եւ Երեւանի Մետրոպոլիտենում ուղեւորությունների համար վճարումներ կատարելու միջոց հանդիսացող Mifare (առանց կոնտակտի) տեխնոլոգիայով քարտի բոլոր հնարավորությունները:

Երեւանի կենտրոնում` մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում, բացվել է Արարատբանկի առաջին վաճառքի մինի-կենտրոնը՝ «Երիտասարդական» մասնաճյուղը: Այդ մասին 2010 թվականի փետրվարի 5-ին Երեւանում հաղորդեց Արարատբանկի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը:

Հունվարի 25-ից 31-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 15.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 19.3 մլն ԱՄՆ դոլար, հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---