Հայաստանի կառավարությունը որոշել է լրջորեն զբաղվել գյուղատնտեսությամբ

Նոր 21.3 մլն դոլար արժողությամբ ծրագրի շահառուներ կդառնան 80 հազար գյուղացիներ

Ցանկանալով լրացնել 2010-ին բաց թողնվածը՝ Հայաստանի իշխանություններն ակտիվ տեմպերով ձեռնամուխ են եղել գյուղատնտեսության ոլորտում ծրագրերի իրագործմանը՝ հայտարարելով այդ ոլորտն առաջնային ընթացիկ տարվա համար: Պետական պաշտոնյաներն աշխատանքային այցերով սկսել են մեկնել գյուղ՝ տեղում առկա խնդիրների հետ ծանոթանալու համար: Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է 16 միլիոն ԱՄՆ դոլար գումարով վարկ` Հայաստանի «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրի» (ՀԳՌԿՄԾ) համար: Ծրագրից կօգտվեն վեց մարզերի (Տավուշ, Շիրակ, Գեղարքունիք, Լոռի, Արագածոտն, Սյունիք) 55 գյուղեր` շուրջ 78,000 ընդհանուր բնակչությամբ: Ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը 21.33 միլիոն ԱՄՆ դոլար է, որից 5.33 միլիոն ԱՄՆ դոլարը ֆինանսավորելու է Հայաստանի կառավարությունը: ՄԶԸ վարկն ունի 20 տարվա մարման, այդ թվում` 10 տարվա արտոնյալ ժամկետ: Նոր 21.3 մլն դոլար արժողությամբ ծրագրի շահառուներ կդառնան 80 հազար գյուղացիներ, որի իրագործման արդյունքում ակնկալվում է, որ կբարձրանա 145 հազար հա արոտավայրերի օգտագործումը:

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Հայաստանի Արագածոտնի մարզի Ավան համայնք, որտեղ անասնաբուծության զարգացմանն ուղղված 75,6 մլն դրամ արժողությամբ լուրջ ծրագիր է մեկնարկում: Ծրագրի շրջանակներում կստեղծվեն կոոպերատիվներ Ավան համայնքում գործող 326 ֆերմերային տնտեսություններից 150-ի մասնակցությամբ: Տիգրան Սարգսյանի խոսքով, կառավարությունը կաջակցի` կոոպերատիվն ապահովելով գյուղատնտեսական տեխնիկայով և վերանորոգելով ենթակառուցվածքները: Ծրագրի ավարտից հետո սպասվում է, որ կոոպերատիվի մասնակիցների եկամուտը կկազմի 40,815 մլն դրամ, իսկ համայնքի բյուջեն արոտավայրերի վարձակալության համար կկազմի 3.367 դրամ: Ծրագրի իրագործման արդյունավետությունը գնահատվելու է 4 հիմնական գործոններով. կաթի և մսի արտադրողականության աճ, արոտավայրերի օգտագործման արդյունավետություն, մսի վաճառքից ստացված շահույթ, ինչպես նաև արոտավայրերի կառավարման ինդեքս, որը 0-ից պետք է դառնա 80 ըստ 100 բալանոց սանդղակի:

Արագածոտնի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի վարչապետը հանդիպել է ֆերմերների հետ և քննարկել մի շարք խնդիրներ: Մասնավորապես, գյուղացիները բողոքել են կաթի ցածր գնից, որը նրանց առաջարկում են կաթնամթերք արտադրողները: 2010-ին 1 լիտր կաթը մթերվել է 90 դրամով, և նրանք նշել են, որ «Հայաստանում կաթը ջրից էժան է»: Վարչապետն առաջարկել է գյուղացիներին երկարաժամկետ պայմանագրեր կնքել արտադրողների հետ, որին ի պատասխան գյուղացիներն ասել են, որ հնարավորություն չունեն ամբողջ տարին արտադրել կաթի բավարար քանակություն: Գյուղացիներն առաջարկել են, որպեսզի կառավարությունն ինքը մթերի կաթը, սակայն վարչապետը բացառել է հին համակարգին վերադառնալը, նշելով, որ այսօր գյուղացու համար պետք է կարևոր չլինի, թե ով է նրանից կաթ գնում, միայն թե լավ գին առաջարկեն: Գյուղացիները դժգոհել են նաև գյուղատնտեսական վարկերի բարձր տոկոսադրույքներից և ոռոգման խնդիրներից: 2011-ի ընթացքում գյուղացիներն ավելի հաճախ կտեսնեն պետության բարձրաստիճան այրերին՝ ի դեմս նախագահի, տարածքային կառավարման նախարարի, գյուղնախարարի, հնարավորություն կունեն բողոքել իրենց խնդիրներից, բայց ահա դրանք արդյոք լսելի կլինեն և կգտնեն արդյոք լուծումներ, ժամանակը ցույց կտա: Հայաստանի մարզերի հավասարաչափ զարգացումը կառավարության գերակայություններից է: «Երևանի գերկենտրոնացումը խանգարում է մայրաքաղաքի նորմալ զարգացմանը, ինչպես նաև մարզերի համաչափ զարգացմանը»,- նշել է վարչապետը և հավելել, որ նոր հայեցակարգը կարևոր է ինչպես մարզերի անհավասարաչափ զարգացումը որոշելու մեթոդաբանություն ստեղծելու, այնպես էլ կառավարության ֆինանսական ծախսերը որոշելու համար: Իր հերթին, Հայաստանում ՄԱԿ համակարգող, Հայաստանում UNDP մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան նշել է, որ Հայաստանի մարզերի անհամաչափ զարգացման հետ կապված մարտահրավերները և խնդիրներն առաջացրել են այդ հայեցակարգը ստեղծելու անհրաժեշտություն: Նա նշել է, որ պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն մարզերի և Երևանի անհամաչափ զարգացմանը, այլ նաև քաղաքների և գյուղերի կենսամակարդակի զարգացման անհամաչափությանը:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---