Արսեն Բազիկյան.

Մենք հոգ ենք տանում մեր լիզինգային պորտֆելի առողջության մասին

PanARMENIAN.Net - Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում գնալով առավել ակտուալ է դառնում այնպիսի ֆինանսական միջոցների որոնումը, որոնք թույլ կտան բարձրացնել ընկերությունների մրցունակությունը: Նման պայմաններում շահավետ են դառնում լիզինգային գործողությունները: Սակայն, բարդ փոխհաշվարկներն ու իրավական հարաբերությունները զսպում են լիզինգային ծառայությունների պահանջարկը: Հայաստանում լիզինգի զարգացման հեռանկարների եւ պահանջարկի վերաբերյալ PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցերին է պատասխանել ACBA Leasing ՓԲԸ վարկային կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալ Արսեն Բազիկյանը:
Հաջողվեց արդյո՞ք ACBA Leasing-ին դիմակայել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությանը: Ընկերությունն ինչպե՞ս` շահույթով թե վնասով փակեց 2008թ. եւ դիմավորեց 2009-ը:
Ղեկավարվելով մեր ընկերության ներքին ֆինանսական ծրագրերով, 2008 թվականը ACBA Leasing-ն փակել է շահույթով: Ընկերությունն արդեն երրորդ տարին է շահույթով է աշխատում: (Ընկերությունը հիմնադրվել է 2003թ. մարտի 30-ին, սա Հայաստանում գրանցված առաջին լիզինգային կազմակերպությունն է: ՀՀ ԿԲ 25.04.2003թ. թիվ 4 լիցենզիա): Կուտակված շահույթը միայն 2008թ. հասնում է 221 մլն դրամի, ինչը վկայում է այն մասին, որ մենք կատարել եքն անցյալ տարվա ֆինանսական ծրագիրը: 2009թ. առաջին եռամսյակը եւս փակվել է շահույթով` 82 մլն դրամ: Չեմ ժխտի, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն անդրադարձավ ինչպես ընդհանուր առմամբ մեր տնտեսության վրա, այնպես էլ մեր պոտենցիալ լիզինգ ստացողների հայտերի վրա: Սակայն ցանկանում եմ ասել, որ քանի որ հանրապետությունում ֆինանսավորվում է հիմնականում տնտեսության իրական հատվածը, եւ դրանք կապ չունեն ֆոնդային բորսաների, բաժնետոմսերի հետ կապված գործարքների կնքման հետ, ապա այս դեպքում ճգնաժամը խորապես չի ազդել մեր հանրապետության տնտեսության վրա: Մասնավորապես ACBA Leasing-ը, հաշվի առնելով յուրաքանչյուր նախագծի կենսունակությունը, ֆինանսավորում է փոքր ու միջին բիզնեսը, եւ, ըստ մեր ներքին կանոնակարգի, այս հարցի հանդեպ վերաբերմունքը բավականին պահպանողական է` դիվերսիֆիկացնել բոլոր ռիսկերը, կապված այս կամ այն սեկտորի ֆինանսավորման, լիզինգի առարկայի հետ: Այնպես է ստացվել, որ թեեւ ֆինանսատնտեսական ճգնաժամն այսպես թե այնպես անդրադարձել է մեր հանրապետության վրա, եւ մասնավորապես, մեր լիզինգային պորտֆելի վրա, այնուամենայնիվ, այդ ազդեցությունն ACBA Leasing-ի վրա աննշան է: Կարող են լինել ժամանակավոր ձգձգումներ եւ դժվարություններ, սակայն չկան այնպիսի պարտքեր, որոնք կարող են խնդրահարույց լինել:

Գործունեության ո՞ր ոլորտներն են առաջնային ընթացիկ տարում:
Առաջնային ոլորտներ, որպես այդպիսին, չկան, մենք իրականացնում ենք տնտեսության բոլոր ոլորտների ֆինանսավորում: Կան որոշակի ներքին ուղեցույցներ, որ մենք մեզ համար նշել ենք եւ պետք է իրականացնենք: Հիմնականում դա կլինի իրավաբանական ու ֆիզիկական անձանց այն հատվածհը, որը մենք ի սկզբանե մատնանշել էինք մեզ համար մեր գործունեության սկզբում` մենք հիմնականում աշխատում ենք փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ եւ կշարունակենք հրաժարվել շատ խոշոր նախագծերի ֆինանսավորումից, քանի որ այս պահի դրությամբ մենք դրանք ռիսկային ենք համարում: Մենք հոգ ենք տանում մեր լիզինգային պորտֆելի առողջության մասին: Ուստի մեզ համար առաջնային է շուկայի այն հատվածը, որտեղ հիմնական միջոցները նորացնելու անհրաժեշտություն կա եւ կա լիզինգի առարկաների եւ դրանց առաքիչների լայն սպեկտր: Ինչ վերաբերում է ոլորտներին, ապա, ըստ իս, հավանաբար այս տարի շահութաբեր կլինեն ինովացիոն նախագծերի, գյուղատնտեսության, վերամշակող ձեռնարկությունների ֆինանսավորումը, ինչպես նաեւ «ներքին» տրանսպորտի ոլորտը, այն ոլորտները, որտեղ գրանցվել են մեծ թվով մասնավոր ձեռնարկություններ: 2008թ. մեծ թվով գործարքներ են կնքվել ծառայությունների հատկացման ոլորտում, որը շատ լայն է եւ ներառում է բժշկությունը, զբոսաշրջային ընկերությունները, տրանսպորտային ու պրովայդերական ֆիրմաներն ու այն ընկերությունները, որոնք ներկայացուցչական են եւ այլն: Այս հատվածն առավել պահանջված է հաճախորդների շրջանում, իսկ ընդհանուր առմամբ առավելապես ֆինանսավորվել է արդյունաբերության ոլորտը: 2008թ. ի վեր եղել են շատ հետաքրքիր նախագծեր, որոնք հանրապետության տարածքում առաջին անգամ են ֆինանսավորվել: Դրանք նախագծեր էին, որոնք կապված են Հայաստանում բիզնեսի նոր տեսակի` փոքր ՀԷԿ-երի հետ, մասնավորապես, դրանց համար նախատեսված սարքավորումների հետ:

Ո՞րն է ACBA Leasing-ի առաջարկած ծառայությունների առավելությունը:

Քանի որ շուկայում լիզինգային ընկերությունները քիչ են, ապա, լինելով առաջինն իր տեսակում, ACBA Leasing-ը իշխող դիրք է գրավել: Ըստ իս, առաջին հերթին, մեր առավելությունն աշխատանքի ոճն է` գործող պորտֆելի ամենօրյա դիտարկումը, պոտնեցիալ հաճախորդների ներգրավմանն ուղղված միջոցառումները, երկրորդն այն է, որ հիմնադիրներն են ACBA CA բանկը, ֆրանսիական բանկային Cregit Agricol խումբը: Մենք հաճախորդների լայն շրջանակ ունենք ACBA բանկի 36 բաժանմունքներում, որոնց լիզինգային ծառայություններից օգտվում են երկրի բոլոր մարզերում` այսինքն դա հասանելի է ինչպես Երեւանում, այնպես էլ Գորիսում ու Սիսիանում: Երեւանում լիզինգային ծառայությունները տրամադրում է «ACBA Leasing» կենտրոնական գրասենյակը, իսկ մարզերում` ACBA բանկի բաժանմունքները: Մեր ընկերության հաջորդ առավելությունն այն է, որ ACBA Leasing-ի անձնակազմը վերապատրաստվել է Ֆրանսիայում, վարժանքների է մասնակցել Ռուսաստանում, այլ լիզինգային ընկերություններում եւ ունի կուտակված փորձ: Գրավիչը նաեւ այն է, որ մենք տրամադրում ենք ծառայությունների ողջ փաթեթը, ներառյալ բանակցություններն առաքիչի հետ, տեղափոխումը, մաքսազերծումը եւ այլն: Բացի այդ, կան որոշակի ներքին սկզբունքներ, որոնց հավատարիմ մնալով, կարելի է հասնել ամենահավակնոտ նպատակների:

Զարգացման ո՞ր փուլում է Հայաստանի լիզինգային շուկան:
Առաջինն, ինչ տրամադրում է աշխատել այդ ոլորտում, այն է, որ շուկայի 50 տոկոսը «թափուր է», եւ մեզ համար այս առումով առաջնահերթը պոտնեցիալ հաճախորդին իրազեկելն է: Ֆինանսական այլ միջոցների համեմատ, լիզինգի համար առավել շատ ժամանակ է պահանջվում, մեր հաճախորդին լիարժեք տեղեկատվություն տրամադրելու համար, քանի որ այս ապրանքը շատ նրբություններ ունի: Անհրաժեշտ է նախապատրաստել հաճախորդին, իրազեկել, որ դա ոչ թե վարկ է, այլ որոշակի նախագիծ, որի իրականացմանը նա պետք է պատրաստ լինի: Դա նշանակում է, որ մարքեթինգը լիզինգային ընկերությունում առավել կարեւոր է այլ ֆինանսական ապրանքների տրամադրման համեմատ եւ մեր PR- ռազմավարությունն ու ներքին կողմնորոշիչները դրան են ուղղված:

2008թ. դեկտեմբերին Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ 8 մլն դոլար ընդհանուր գումարի վարկային պայմանագիր է կնքվել, որով մենք արդեն ստացել ենք 4 մլն դոլարի առաջին մասնաբաժինն ու 85-90 տոկոսով բաշխել ենք այն: 10-15 օրվա ընթացքում մենք ակնկալում ենք նույն չափի երկրորդ մասնաբաժնի հատկացումը, հայտն արդեն ներկայացված է եւ ես կարծում եմ, որ այդ մասնաբաժնի զետեղումը բավականին ակտիվ կընթանա: Արդի պայմաններում մեր լիզինգային ընկերությունը ջանում է դիվերսիֆիկացնել իր գործունեությունը եւ աշխատել տարբեր աղբյուրների ռեսուրսների հետ, քանի որ նման խոշոր հիմնադրի, ինչպիսին է ACBA Credit Agricol Bank-ը, հովանավորությամբ մենք կարող ենք տարբեր ռեսուրսներ ներգրավել: Միաժամանակ մենք աշխատում ենք, որպեսզի ACBA Leasing-ն անկախ կազմակերպություն լինի եւ այդ նպատակով աշխատում ենք դիվերսիֆիկացնել մեր պորտֆելն ու մեր ռեսուրսների աղբյուրները:

Պահանջված է արդյո՞ք լիզինգը համաշխարհային ճգնաժամի ներկա պայմաններում:

Ի նկատի ունենալով լիզինգային գործունեության միջազգային պրակտիկան, ճգնաժամային ժամանակշրջաններում լիզինգն առավել պահանջված է, քանի որ չի պահանջում ուղղակի ֆինանսավորում եւ ֆինանսավորումն իրականացվում է մասերով` սկզբում հաճախորդը կանխավճար է մուծում իր նախագծի համար: Դա տեւական ծրագիր է, երկարաժամկետ եւ հաճախորդն, ակնկալելով, որ ճգնաժամը հավերժ չի տեւելու, վստահ է, որ կիրականացնի այն եւ պարտքների հետ կապված խնդիրներ չի ունենա: Զարգացած երկրներում առավելությունը տրվում է լիզինգին, քանի որ կա լիզինգի առարկայի արագացված ամորտիզացում եւ կան մի շարք այլ առավելություններ, որոնք թույլ են տալիս լիզինգ ստացողին այսպես թե այնպես արտացոլել լիզինգային գործողություններն իր ներքին ֆինանսական հաշվետվություններում: Մյուս կողմից, լիզինգային ծառայությունների ակտիվությունը շատ բարձր չէ օրենսդրական դաշտի անկատարելության պատճառով: Եթե մենք մեր գործունեությունը սկսեինք առանց օրենսդրական դաշտի փոփոխության, մենք չէինք կարողանա գործել: ACBA Leasing-ը օրենսդրական փոփոխությունների մի ամբողջ փաթեթ է մշակել, որն առավել դյուրին է դարձնում լիզինգային գործողությունների կատարումը, այդ թվում նաեւ Քաղաքացիական օրենսգրքում: ACBA բանկի, IFC-ին եւ այլ ընկերությունների շնորհիվ մենք կարողացանք փոփոխությունների հասնել գործող օրենսդրության մեջ եւ շարունակում ենք աշխատել այդ ուղղությամբ, քանի որ այն անբաժան է լիզինգային ապրանքից եւ նպաստում է նրա գրավչության ավելացմանը: Այժմ ավելանում է այն հաճախորդների թիվը, որոնք ցանկանում են աշխատել լիզինգով, քանի որ դա բավականին թափանցիկ գործողություն է, որը կարելի է արտահայտել ներքին ֆինանսական հաշվետվության մեջ: Շատերն են ցանկանում աշխատել թափանցիկ օրենսդրական դաշտում, ինչը առավել դյուրին է դարձնում մեր ֆինանսական վերլուծությունն ու բարձրացնում է վստահությունը կազմակերպության հանդեպ: Վերջում կցանկանայի նշել, որ մենք լավատեսորեն ենք տրամադրված, ճգնաժամը` ճգնաժամ, իսկ աշխատել պետք է: Դա ժամանակավոր երեւույթ է, այն կանցնի-կգնա, կմնան միայն հետքերը: Մենք կոչ ենք անում բոլոր բանկերի ու վարկային կազմակերպությունների հաճախորդներին բիզնեսում ունեցած յուրաքանչյուր անհաջողություն չբացատրել միայն ճգնաժամով, կան դեպքեր, որոնք կապ չունեն ճգնաժամի հետ եւ սխալ գործարարության, պլանավորման արդյունք են, հարկավոր է ուղղակի «սեղմել ատամներն» ու աշխատել բոլորիս համար այս դժվարին շրջանում:
---