Գուրգեն Նարիմանյան.

Փոթորիկից փրկված նավերն ավելի մեծ եկամուտ են ունենում

PanARMENIAN.Net - Ֆինանսական ճգնաժամը հնարավորություններ է բացում շատ ընկերությունների առջեւ: Այն մասին, թե ինչպես պահպանել եղած նշաձողը, PanARMENIAN.Net-ի թղթակցին է պատմել «Սթար» սուպերմարկետների ցանցի ֆինանսական տնօրեն Գուրգեն Նարիմանյանը:
Ինչպե՞ս եք գնահատում ներկայիս տնտեսական իրավիճակը Հայաստանում` կա՞ դրական շարժ, ակտիվացում:

Կարծում եմ, բոլորի համար պարզ է, որ համաշխարհային ֆինանսական ճգնաժամը կարող է խորը հետեւանքներ ունենալ շատ երկրների զարգացման համար: Հայաստանը եւս բացառություն չի կազմի, անկախ այն կարծիքից, թե մեր երկրի էկոնոմիկայի շատ հատվածների զարգացումը այս կամ այն կերպ մեկուսացած է գլոբալ գործընթացներից: Համաշխարհային ֆինանսական ճգնաժամն որոշակի անդրադարձ ունեցավ Հայաստանի վրա` 2008թ. նոյեմբերից ի վեր հայկական բանկերը խոշոր վարկեր չեն տալիս, հատկապես շինարարության ոլորտում: Ընդ որում անշարժ գույքի գների անկում է գրանցվում 40 տոկոսով 2008թ. կեսից, շինարարությունը կրճատվել է 50 տոկոսով, մանրածախ առեւտուրը կրճատվել է 15 տոկոսով:

Չեմ կարող խորը վերլուծություն անել, թե ինչպես է ազդում ֆինանսական ճգնաժամը մեր երկրի վրա եւ թե ինչ հետեւանքներ կունենա: Կարծում եմ, որ նման վերլուծությունը հասանելի կլինի այն ժամանակ, երբ կհրապարակվեն տնտեսության զարգացման վերաբերյալ փաստերը: Սակայն ճգնաժամի լուրջ հետեւանքների ակնհայտությունը խոշոր եւ փոքր երկրների տնտեսությունների վրա վկայում է այն մասին, որ մեր երկիրը եւս դա կզգա: Վաղ է խոսել դրական տեղաշարժի մասին, քանի որ շատ երկրներ, որոնք բոլոր հատկանիշներով հասել էին ճգնաժամի հատակին եւ նույնիսկ ակտիվացում են գրանցել, դեռեւս սպասում են ճգնաժամի երկրորդ ալիքին, որը, թեեւ չի ունենա զգալի ֆինանսական բաղադրիչ, քանի որ շատ ֆինանսական ինստիտուտներ արդեն անցել են առողջացման գործընթացներով, սակայն կունենա մեծ սոցիալական դրսեւորում` իրական հատվածի կրճատում, գործազրոկություն եւ այլն: Նման ալիքի հարկ է սպասել նաեւ Հայաստանում:

Ըստ Ձեզ, ե՞րբ մենք կզգանք այն ֆինանսական ներարկումների ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա, որն անում է կառավարությունը:

Ճգնաժամը մի շարք իրական խնդիրներ բացահայտեց Հայաստանի տնտեսության մեջ, որոնք տնտեսության ակտիվացման ժամանակ պատշաճ կերպով չեն ընկալվել ու հասցեագրվել: Չեմ կարող դատել արտաքին ներարկումների եւ տնտեսության մեջ դրանց ներդման արդյունավետության համամասնության մասին, դրա համար կառավարություն գոյություն ունի, որն, ըստ իս, գիտակցում է բացահայտված խնդիրների էությունը եւ, հաշվի առնելով իրավիճակի սրությունը, կձգտի հասնել առավելագույն արդյունավետության: Պետք է նշել նաեւ, որ ֆինանսական ներարկումներն ինքնին անբավարար են առավելագույն արդյունքի հասնելու համար, դա պետք է լինի leveraged համակարգված հարկային քաղաքականության հետ:

Համաձայն եք արդյո՞ք կառավարության այն կանխատեսման հետ, որ, ըստ ամենահոռետեսական սցենարի, ՀՆԱ-ի անկումը կարող է հասնել 20 տոկոսի: ՀՆԱ-ի ի՞նչ ցուցանիշ եք կանխատեսում:

Հուսով եմ, որ դա իրոք ամենավատ սցենարն է, ըստ իս անկումը կլինի 16-18 տոկոսի սահմաններում:

Ֆինանսական ճգնաժամը, ըստ շատերի, դա նաեւ հնարավորություն է: Կիսո՞ւմ է արդյոք ձեր ընկերության ղեկավարությունն այդ կարծիքը: Ի՞նչ հնարավորություններ են բացվել ձեր ընկերության առջեւ:

Ֆինանսական ճգնաժամը հնարավորություններ է բացում շատ ընկերություների, այդ թվում նաեւ մեզ համար: Բաց ծովում փոթորկի ժամանակ շատ նավեր են կործանվում, սակայն փրկվածները հետո ավելի մեծ եկամուտ են ստանում: Պետք է կարողանալ հարմարվել ներկա պայմաններին, անցնել սպառողների սպասարկմանն ավելի ցածր գներով, հարմարվել սպառողական զամբյուղի փոփոխմանը եւ ընդգրկել սպառողների ավելի մեծ շրջանակ, կողմնորոշվելով միջին եւ միջինից ցածր խավերի վրա, որոնք մեծամասնություն են կազմում մեր երկրում:

---