Ֆիլիպ Մորիսը մտադիր է ընդլայնել իր մասնաբաժինը Հայաստանի ծխախոտի շուկայում

Սարգիս Ծաղիկյան.

Ֆիլիպ Մորիսը մտադիր է ընդլայնել իր մասնաբաժինը Հայաստանի ծխախոտի շուկայում

PanARMENIAN.Net - 2010-ին ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկել Հայաստանում ծխախոտի շուկայի կարգավորման և ծխախոտի տեղական արտադրողների ու ներկրողների նկատմամբ նույն մոտեցումը ցուցաբերելու ուղղությամբ: Այդ և ապագայի մասին իր պլանների մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ հարցազրույցում պատմել է Ֆիլիպ Մորիս Մենեջմենտ Սերվիսիս Բ.Վ. Հայաստանի ներկայացուցչության մենեջեր Սարգիս Ծաղիկյանը:
Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ծխախոտի շուկան: Հայկական շուկայում ինչպիսի՞ տեղ է զբաղեցնում Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլը:
Հայաստանի ծխախոտի շուկան շատ մրցակցային է և դինամիկ: AC Nielsen մանրածախ առևտրի ուսումնասիրության տվյալների համաձայն, 2010թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ Ինկ. (ՖՄԻ) ապրանքատեսակների մասնաբաժինը Երևանի սիգարետի շուկայում կազմել է 19,5 տոկոս, ամենամեծը ծխախոտ ներմուծող միջազգային ընկերությունների շրջանում:

Սիգարետի ինչպիսի՞ տեսականի է ներկրում ՖՄԻ-ն Հայաստան: Ընկերության ո՞ր արտադրանքն է Հայաստանում առավել տարածված:
Ներկայիս ՖՄԻ տեսականին Հայաստանի շուկայում բաղկացած է 9 ապրանքային ընտանիքներից, որոնք ներառում են` Marlboro, Parliament, Virginia Slims, Muratti Ambassador, Assos Slims, Chesterfield, L&M, Bond Street and Red&White: L&M ապրանքանիշի ընտանիքն ամենաշատ վաճառվողն է ՖՄԻ ապրանքնիշերի տեսականու մեջ:

Բարենպա՞ստ է արդյոք Հայաստանի օրենսդրական դաշտը ծխախոտի շուկայի զարգացման համար: Ինչպե՞ս եք գնահատում «Ակցիզային հարկի մասին» օրենքում կատարված փոփոխությունները:
Հայաստանն ունի լավ սահմանված օրենսդրական կառուցվածք ծխախոտի արտադրանքը կանոնակարգելու համար, և մենք մեծ ցանկություն ունենք աշխատելու պետական մարմինների և հանրային առողջապահական մարմինների հետ`համաձայնության գալու արդյունաբերության համար կանոնների և կանոնակարգերի շուրջ: Կարևոր է, որ կանոնակարգումը լինի համապարփակ, ապացույցների վրա հիմնված, վերաբերվի բոլոր ծխախոտային արտադրանքների և բոլոր ծխախոտ արտադրողների վրա և համապատասխան ձևով կիրառվի: Ծխախոտի այսպիսի կանոնակարգումը կարող է օգնել կատարել հանրային առողջության հետ կապված կառավարության նպատակները:

Ֆիլիպ Մորիս Մենեջմենտ Սերվիսիս Բ.Վ. Հայաստանի ներկայացուցչությունը ողջունում է վերջին հարկային փոփոխությունները` հաշվի առնելով, որ այս փոփոխությունները կկատարվեն ժամանակին, առանց հետագա ձգձգման, և ողջունում է Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությունները փոփոխելու Ծխախոտային արտադրանքի հարկումը` այն համապատասխանեցնելով Առևտրի համաշխարհային կազմակերպության և Ազատ առևտրի համաձայնագրերում ամրագրված պարտավորություններին:

ՖՄԻ-ն միջազգային ծխախոտային առաջատար ընկերություն է, որի արտադրանքը վաճառվում է մոտ 160 երկրներում: 2009թ. ընկերությունը ուներ միջազգային ծխախոտային ընդհանուր շուկայի 15.4 տոկոս մասնաբաժին` չհաշված ԱՄՆ-ի շուկան, կամ 26.0 տոկոս մասնաբաժին` չհաշված Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և ԱՄՆ-ի շուկաները: 2010 թ.-ի տվյալները դեռ չկան:

2010 թ.-ի հոկտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության նախագահը ստորագրեց «Ակցիզային հարկի մասին» և «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» օրենքներում կատարված փոփոխությունները, ըստ որի, 2011թ.-ի հունվարի 1-ից նախատեսվում է ծխախոտի արտադրանքի ներմուծման և տեղական արտադրության համար նախատեսված հարկային դրույքաչափերի տարբերության տարեկան աստիճանական կրճատում: Նաև 2014թ.-ի հունվարի 1-ից նախատեսվում է անցում Ծխախոտի արտադրանքի հաստատագրված հարկերի լրիվ առանձնացման (անցում հարկման ընդհանուր համակարգ)` այսպիսով սահմանելով հավասար մոտեցում տեղական արտադրության և ներմուծված սիգարետների համար:

Չի՞ դիտարկում արդյոք ընկերությունը Հայաստանում սեփական հումքային բազան ստեղծելու և հայկական շուկայում ծխախոտի արտադրություն հիմնելու հնարավորությունը:
Ներկայումս չկա նման մտադրություն: Մենք չենք քննարկում մեր հետագա պլանները:

Հիմա շատ մարդիկ ողջ աշխարհում հրաժարվում են ծխելուց, ՖՄԻ-ն արդեն զգացե՞լ է դա իր արտադրության ծավալների վրա: Ինչպիսի՞ ակցիաներ և ծրագրեր է իրականացնում ընկերությունը Հայաստանում:
Ծխելը կախվածություն է առաջացնում և ծխողների մոտ լուրջ հիվանդությունների պատճառ է հանդիսանում: Մենք ընդունում ենք, որ անվնաս սիգարետ գոյություն չունի: Մենք համաձայն ենք հանրային առողջապահական մարմինների այն տեսակետին, որ ծխախոտի օգտագործման դադարեցումը պետք է լինի ծխախոտի համապարփակ քաղաքականության անքակտելի մասը: Մենք չենք ուղղում մեր գործողությունները անչափահասներին կամ չծխող անձանց: Մեր շուկայավարման գործունեությունը ուղորդված է չափահաս ծխողներին, որպեսզի նրանք ընտրեն մեր ապրանքատեսակները մրցակիցների ապրանքատեսակների փոխարեն: Մենք կարծում ենք, որ ծխախոտ արտադրողները կարող են և պետք է միջոցներ ձեռնարկեն անչափահասներին ծխելուց զերծ պահելու ուղղությամբ:

1999 թ. ի վեր ՖՄՀ-ն իրականացնում է անչափահասներին ծխելուց զերծ պահելու ծրագրեր, տեղեկացնելով առևտրային վաճառակետերին անչափահասներին սիգարետ վաճառելու կապակցությամբ օրենսդրական aրգելքի մասին և օրենքի խախտման դեպքում` պատասխանատվության մասին: 2010 թ. ծրագիրն ընդգրկում էր 2,500 վաճառակետ:

Պատմեցեք ընկերության պլանների մասին 2011-ին:
Մենք վստահ ենք, որ որպես ընկերություն մենք ունենք հզոր ներուժ և մենք կշարունակենք աշխատել աճեցնելու մեր շուկայի մասնաբաժինը Հայաստանում` ապրանքանիշային տեսականու և տեղաբաշխման ցանցի (դիստրիբյուցիայի) զարգացման, ապրանքատեսակների կատարելագործման և աշխատողների ունակությունների բարձրացմանն ուղղված ներդրումների միջոցով:

Հռիփսիմե Հայրապետյան / PanARMENIAN News
---